«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Կյանքն ու վկայությունները

Կյանքն ու վկայությունները
19.02.2016 | 09:07

«ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ ԳԼՈՒԽԸ ԴՆԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԻ»


Սունդարի ներքին խաղաղությանը հաջորդեց արտաքին կռիվների և հալածանքների բուռն ժամանակաշրջանը։ Ընտանիքից բացի, նրա վարքի փոփոխությունը նկատեցին նաև նրա դասընկերները, ուսուցիչները։ Դպրոցում կատարվող բոլոր անկարգությունների հեղինակը դարձել էր մարդկանց դեպի Քրիստոս առաջնորդող համարձակ վկա, Աստվածաշունչն այրողը դարձել էր Ավետարանը ձեռքին շրջող նվիրյալ, քրիստոնյա ուսուցիչների ոխերիմ թշնամին դարձել էր նրանց մտերիմ բարեկամը։ Ընտանիքն ու ոչ քրիստոնյա ընկերներն ամեն ինչ արեցին, որպեսզի Սունդարին հետ դարձնեն բռնած ճանապարհից, բայց նա անդրդվելի էր։ Զարմանալի տոկունությամբ դիմակայում էր ծաղր ու ծանակին, անարգանքին, մերժում տարբեր խոստումներն ու գայթակղիչ առաջարկները։ Սունդարի ամենամեծ թշնամին հարազատ եղբայրներն էին, հատկապես իրենից ավագը, որ սարսափելի լուտանքներով ու հայհոյանքներով օրնիբուն հալածում էր նրան։ Սունդարի ընտանիքին միացավ նաև գյուղի կրոնապաշտ ժողովուրդը։ Հալածում էին ոչ միայն Սունդարին, այլև բոլոր քրիստոնյաներին։ Քրիստոնյա հնդիկները սկսեցին ընտանիքներով այլ բնակավայրեր տեղափոխվել, գյուղում գործող միսիոներների կայանը ժամանակավորապես փակվեց, իսկ Սունդարին արգելեցին դպրոց գնալ, և «բանտարկեցին» մեծ ապարանքի սահմաններում։
Սունդարի հետ կատարվածն անպատվություն էր ընտանիքի համար։ Հայրը, տեսնելով, որ որդու վրա չեն ազդում ո՛չ իր, ո՛չ եղբայրների, ոչ էլ ընկերների հորդորներն ու սպառնալիքները, օգնություն հայցեց գերդաստանի ղեկավարից` Սունդարի մեծ հորեղբորից։ Սինգհերի մեջ այդ նշանավոր ծերունին հայտնի էր ոչ միայն իր հարստությամբ, այլև խորագիտությամբ և կրոնասիրությամբ։ Սունդարը շատ էր սիրում հորեղբորը և միշտ երկյուղածությամբ էր ներկայանում նրան։
Մի օր հորեղբայրը Սունդարին իր պալատ հրավիրեց և կարճ զրույցից հետո նրան առաջնորդեց դեպի պալատամերձ գետնափոր մի գաղտնաշենք։ Սունդարը մտածում էր, թե իրեն պատժավայր է տանում, բայց երբ ներս մտան, հասկացավ, որ դա հորեղբոր գանձարանն էր` լի գոհարեղենով, ոսկով և դրամով։ Ծերունին ծնկի իջավ Սունդարի առաջ և պաղատագին ձայնով արտաբերեց. «Սունդա՜ր, որդի՜ս, խնդրո՜ւմ եմ, մի՛ խայտառակիր մեր գերդաստանը, այս ամենը հենց հիմա իմ նոտարի միջամտությամբ կդառնա քո սեփականությունը, եթե հրաժարվես քրիստոնեությունից։ Դու այս հարստությամբ կարող ես մինչև կյանքիդ վերջը շրջել աշխարհի բոլոր անկյուններում, վայելել կյանքը։ Դու կարող ես դառնալ իմ փոխանորդը, այսինքն` մեր տոհմի գլխավորը, եթե միայն մնաս մեզ հետ»։ Սունդարը կարկամել էր ոչ թե գանձերի փայլից, այլ որ ծերունին` ամենամեծը, ծնկի է իջել իր` ամենափոքրի առջև։ Սունդարը հասկացավ, թե իր հանդեպ ինչպիսի սեր է տածում ողջ գերդաստանը։ Ակնածանքով նայեց արծաթազարդ ծերունուն, կամացուկ, բայց անհողդողդ ձայնով ասաց. «Ո՛չ, հորեղբա՛յր, ես չեմ կարող թողնել Քրիստոսին։ Նա է հիմա իմ ամենաթանկ գանձը»։
Հիշյալ միջադեպը վերջ դրեց Սունդարի հանդեպ մի քանի ամիս ձգձգվող ընտանեկան խրատների, անարգանքի ու ծաղրի շարանին։ Նրան սպասում էր կրոնական խորհրդի որոշումը։ Մի քանի օր անց Սունդարը տեղեկացավ, որ գյուղացիներն իր դեմ մահափորձ են ծրագրում։ Գիշերը փախավ տնից և պատսպարվեց Լուտանիա գյուղաքաղաքում գործող քրիստոնեական առաքելությունում։ Մի քանի ամիս ապրելով իրեն հատկացված կացարանում, ավելի սերտ հարաբերություններ հաստատեց քրիստոնյաների հետ։ Առիթ ունեցավ բախվելու նաև կեղծ քրիստոնեությանը։ Չհաշտվելով նրանց գործելակերպի հետ` ստիպված տուն դարձավ։ Ընտանիքն ու ազգականները գրկաբաց ընդունեցին նրան` կարծելով, թե հրաժարվել է Հիսուսից, բայց կարճ ժամանակ անց համոզվեցին` Սունդարը ոչ միայն չի հրաժարվել, այլև ավելի է խորացել քրիստոնեության մեջ։
Նրա հարցը դրվեց կրոնական քննարկման։ Սունդարը կանգնեց սինգհ առաջնորդների ու ծերերի առջև։ Խոնարհությամբ, բայց աներկյուղ պատասխանեց նրանց տեղատարափ հարցերին։ Աստիճանաբար հարցերը քչացան։ Հավատաքննիչները լուռ լսում էին երիտասարդ Սունդարի վկայությունը, նրա աչքերում նկատում իրենց անծանոթ Աստծո հանդեպ խանդավառ սերը և ափսոսանքով գլուխներն էին շարժում։ Նրանք, որքան էլ ափսոսում էին կատարվածի համար, բայց նաև հարգանքով լցվեցին վտիտ պատանու հանդեպ, ով հստակ մեկնաբանություններով ցույց էր տալիս դարերով իրենց հասած կրոնի կեղծությունն ու փաստում քրիստոնեության ճշմարիտ լինելը։ Մի քանի ժամ տևած քննության վերջում բոլորը սպասում էին կրոնական միության ղեկավար Մահարաջա Սինգհի խոսքին։ Վերջինս հանդիսավոր հայտարարեց վճիռը. «Շերի որդի Սունդար սինգհառյուծասիրտը դարձավ դասալիք»։
Նույն օրը երեկոյան Սունդարը կտրեց սինգհերի պատկանելությունը խորհրդանշող երկար մազերը։ Կարևոր այդ քայլով նա վկայեց ընտանիքից բացի նաև կրոնական համայնքից բաժանվելու փաստը։ Երբ հայրը տեսավ Սունդարի կտրած մազերը, ցասումով աղաղակեց. «Դու այսօր մեռար մեզ համար, դու մեռար իմ, մորդ և եղբայրներիդ համար, դու մեռար քո ազգակիցների համար, դու այլևս մեզ չես պատկանում, և այս տանը գիշերելու քո վերջին օրն է։ Տեսնեմ, թե քո այդ Քրիստոսը ինչպես պիտի պահի քեզ»։ Նրան` որպես բորոտի, պատշգամբում մի փոքրիկ տեղ հատկացրին, տոհմական հանդերձները հանել տալով` մի հասարակ հանդերձ ու ծածկոց տվեցին, իսկ առավոտյան կերակուրի մի փոքրիկ կապոց ձեռքը տալով` հրաժեշտ տվեցին ասես օտարականի։ Սունդարն իր հետ վերցրեց նաև անբաժան ընկերոջը` Աստվածաշունչը։


Հրապարակման պատրաստեց
Գայանե ԱԹԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 12872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ