«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մոռացված վարդապետի արձագանքը

Մոռացված վարդապետի արձագանքը
19.02.2016 | 09:26

Հասկացել էր, վաղուց էր հասկացել, որ անաստված խորհրդային իշխանությունն իրեն պարզապես օգտագործել էր: Վերհիշեց Սուքիաս արք. Պարզյանցի խոսքերը. «Այստեղ եմ ապրել, այստեղ աշխատել, տանջվել ու վիրավորվել, այստեղ եմ աղոթել, այստեղ եմ սիրել, այստեղ` Էջմիածնի ծոցում էլ պիտի մեռնեմ ու թաղվեմ. սա իմ մայրն է», և 1945 թ. զղջագրով դիմեց կաթողիկոսին, որպեսզի վերացնի 1924-ից իր կարգալույծ վիճակն ու վերադարձնի Մայր Աթոռ: Մերժվեց: Չներեցին նրա հոդվածները, մերկացնող գրվածքները, «Ազատ եկեղեցի» պարբերականը խմբագրելը: Բայց, ախր, դեռևս 1906 թ. պարզորոշ շարադրել էր. «Եկեղեցին ազգի համար վնասակար հռչակող թեթևամիտները կարծեցին, թե մենք էլ իրենց հետ համաձայն ենք, երբ համարձակ լեզվով դատափետում ենք եկեղեցականության աչքի ընկնող թերությունները, եկեղեցականներն էլ ատելությամբ լցվեցին` մեզ իրենց թշնամի կարծելով։ Մեր անձնական բարեկամներն էլ` կամենալով խնայել մեզ, զգուշացրին հոգևոր բարձր իշխանությունից, ասելով. «Ախր քեզ կհալածեն, եպիսկոպոս չեն դարձնի» և այլն։
Այս կարծիքները մոլորություններ են։ Ճշմարտությունն այս է. մենք հոգու խորությամբ, զգացմունքների թափով սիրում ենք հայոց ազգային եկեղեցին, որպես քրիստոնեական վսեմագույն գաղափարների վարդապետարան, որպես հայ ազգի պատմական անցյալից մնացած միակ պատկառելի հաստատություն։ Մենք համոզված ենք, որ առանց քրիստոնեական գաղափարների և առանց ազգային եկեղեցու հայ ազգը ո՛չ հոգեկան և ո՛չ ազգային մխիթարություն չունի։ ՈՒստի այն ամենը, ինչ եկեղեցու վարկը կարող է նսեմացնել, կսկծագին ցավ է պատճառում մեր սրտին, մենք այդ ցավից աղաղակում ենք։ Ահա թե ինչ աղբյուրից են սկիզբ առնում մեր հոդվածները»։ Սակայն հիշող չկար:
Ամբողջ կյանքում Աստծուց մեղքերի թողություն էր հայցել, բայց հոգևոր իշխանությունը թողություն չտվեց: Ծնկի իջավ, ոսկրոտ ծնկներն արյունոտելով Երևանից շարժվեց Սբ. Էջմիածին: Կաթողիկոսը ճամփի կեսին վրա հասավ, ոտքի կանգնեցրեց, բայց կրկին մերժեց:
Դա ողբերգական ավարտն էր. 1952 թ. 88-ամյա Բենիկ վարդապետը` Բենիկ Տեր-Ղևոնդի Տեր-Դանիելյանը, հոգին ավանդեց, և մարմինը հողին հանձնվեց ծննդավայրում` ներկայիս Արագածոտնի մարզի Արագած գյուղի գերեզմանատանը:
Եթե հայոց հավաքական Միտքը պատկերացնենք որպես ասույթների մի պահատուփ, ապա այդտեղ պիտի լինեն նաև Բենիկ վարդապետի մտքերը:
Լինելով իր ժամանակի ամենահեղինակավոր անձանցից մեկը, ում անունը հանրահայտ էր Մայր Աթոռում, Երևանում, Բեսարաբիայում, Շուշիում, Թիֆլիսում, նա ոչ միայն հոգևորական էր, այլև մտածող, մտավորական, հանրային կարծիքի վրա ահռելի ներազդող:
Նրա ավելի քան յոթ տասնյակ հոդվածներից, դամբանականներից, գրախոսություններից քաղվածքներ ենք կատարել և ներկայացնում ենք ընթերցողին: Թեպետ դրանք ընդգրկում են 1906-1917 թթ. ժամանակաշրջանը, սակայն ասես այսօր գրված լինեն, այսօրվա, մեր ժամանակների համար:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

. Հայերս զարմանալի ազգ ենք։ Խելոք ¥գոնե այդպես է մեր կարծիքը մեր մասին¤, ճարպիկ, բայց միևնույն ժամանակ անհետևողական, անխոհեմ, հակասությունների մեջ դեգերող, բռնկուն և իսկույն հանգչող, երբեմն էլ` տղայի չափ միամիտ։ Մի խոսքով, յուրատեսակ ազգ ենք` երեսով ու աստառով։
. Ինչը կատարյալ մարդու ձեռքում շինարար է` անկատար, տհաս մարդու ձեռքում` հիմնականում ավերիչ։
Ինչը գիտակցությամբ զորեղ, մշակված ժառանգական հատկություններով վսեմ քաղաքակիրթ ազգերի մեջ շահավետ է ու խրախուսելի, նույնը շատ անգամ անօգուտ է և քաջալերության իսկ անարժան տկարամիտ և անգիտակից ազգի մեջ։
Կատարյալ մարդը, լուսամիտ ազգը գիտակցության մեջ իր ձեռաց գործը գնահատելու մի կշիռ ունի։
Թերակատար մարդը, կիսակիրթ ազգը իր հոգու աշխարհում այդ կշիռը չունի. նա գործում է լոկ արտաքին նմանությամբ` անխտիր և ամեն տեղ։
Տկար մտքի, թեթևամիտ ազգի համար խաբուսիկ իրն ու երևույթն են հիանալի, իրականը` աննկատ։
Դժբախտաբար, հայ ժողովուրդն այժմ այդ անբնական վիճակի մեջ է գտնվում։ Բորբոք զգացմունքների ամպերի հետևում ծածկվել են նրա պայծառ գիտակցության աստղերն ու լուսինը։
Նա ամեն օր, ամեն տեղ ծափ է տալիս... փծունին ու անարժանին, նա ոտնահարում է իսկական բարին ու գեղեցիկը և հիանում... մանրուքներով։
Նա այժմ անարգում է իր հերոսական անցյալը, որի անշշուկ իմաստությամբ դեռ կանք այսօր, է՛լ հիացմունքի բան չկա նրանում, և ծափահարում է... ապագային, որ դեռ գազաններով լեցուն մի մթին անտառի է նման։
Նա արհամարհում է լրջությունն ու փորձառությունը և թեթևամտությանն է ծափահարում։
Խոհական և անշշուկ հերոս գործիչներին ոտնահարելով, ինքզինքը ներբողող ու շողոքորթող դատարկաբաններին է ծափահարում։
Իր կոչմանն ու ուխտին հավատարիմ, իր հովվական և առաջնորդական գավազանը կրծքին պինդ սեղմած հոգևոր հորն արհամարհելով` իր կոչումն անարգող, իր գավազանը դյուրությամբ ձեռքից նետող վարձկանին է ծափահարում։
Նա մոռացության փոշի մաղելով գաղափարների գրանիտներ բացող շնորհաձիր հայ բանաստեղծի վրա` «յարի հոլանի պորտն» ու թևերը ներբողող հանգագրողին է ծափահարում։
Նա իսկական, հոգու և մտքի ազատությունն ուրանալով` կրքերի բացարձակ ազատությանն է ծափահարում։
Նա մաքուր գաղափարները վայելչական լեզվով քարոզող եղբոր առաջ իր լսելիքը փակելով` անարգանքի, կշտամբանքի, հայհոյանքի հեղեղ վազեցնող ճառախոսին է ծափահարում։
Նա իսկական հերոսին մոռանալով, որ հայրենիքի պաշտպանության համար դիակնաթավալ ընկավ, եղբայրասպան Կայենին է ծափահարում։
Շինարար ձեռքն արհամարհելով` ավերիչ բահին ու քլունգին է ծափահարում։
Փառավոր ապարանքն արհամարհելով` լափող հրդեհի բոցերին է ծափահարում։
Հայրենի տաճարը կործանելով` բարվոք օրերի ցնորքին է ծափահարում։
Եվ ամբոխի ծափերին կարոտ նորաձև հերոսները շողոքորթում, քծնում են ծափահարողներին, գնում հոսանքով, գրգռում ծափերի որոտը, «որ տանի ի կորուստ»։


Իսկական ծափեր չեն դրանք, այլ կռուփներ, որ անձրևատարափ տեղում է նա իր իսկ գլխին ու մարմնին` հանճարը հանգցնելով, պատկառանքն սպանելով, սերն արհամարհելով։
Սխալ ծափահարության այս որոտմունքը շանթ ու կայծակ կարող է դառնալ մեր ազգի գլխին։ Եվ ես այդ վտանգից սարսափահար, սրտի մրմուռով հեկեկում եմ. «Երանի՜ թե մեկ ձեռք ունենայիր, հա՛յ մարդ, որպեսզի ծափ չտայիր, վասնզի քո մեկ ձեռքի թերին առավել փոքր չարիք է, քան քո սխալ ծափերի մահաշունչ արձագանքը»։
Հայե՜ր, հայե՜ր, ծպտյալ անարժանության սխալ ծափերը ձեր հայրենիքի ավերն է, ձեր կյանքի անկանգնելի ավերակը, որի ցաքուցրիվ բեկորների վրա օտար անցորդի ձեռքը գրելու է. «Ծափերի ավեր»։
. Նեղությունը փրկարար է, նեղությունը կյանք է, նեղությունը լույս է, հույս է և անմահություն։
Այս է նեղության, ապաշխարանքի գաղափարը։
Այսպես է վարդապետում սրբազան առաքյալը նեղության մասին. «Այլև պարծիմք ևս ի նեղութիւնս մեր, քանզի գիտեմք եթէ նեղութիւնք զհամբերութիւն գործեն. համբերութիւն` զհանդէս, հանդէս` զյոյս, իսկ յոյս ոչ երբէք ամաչեցուցանէ»...
Փափկության անկողիններում փարթամացած մարդկանց և ազգերի մոռացության գերեզմանը կուլ գնաց, հղփացած զորությունների փայլն ու փառքը թոթափվեց, նեղության առաքինի որդեգիրները հսկայի պես ընկան, հրեշտակի պես ելան։
Հավատա՛, տառապյալ ժողովուրդ, հավատա՛, որ քո կրած խաչը քեզ ո՛չ մահ, այլ անմահություն կբերի. խաչակրությունը բարոյական մեծ ուժի նշանակ է, քաշած նեղությունը, ապաշխարանքը առաքինություններիդ համար դուրս կլինի աշխարհի անիրավության երեսից։ Միայն արդար նեղյալին է փրկում Աստված. «Բազում նեղութիւնք են արդարոց, յամենայն է փրկէ զնոսա Տէր. մահ մեղավորի չար է, բայց որ ատեաց զարդարն` զղջասցի»։
. Մեր երազած ազատությունը մեղմ անձրևով չցողեց մեզ վրա, այլ շանթ ու կայծակով, կարկտով ու հեղեղով։ Իբրև բարձր սարի լանջից պոկված կատաղի հեղեղ, ահեղ թափով, փրփրած բերնով իջավ մեր կյանքի դաշտը, անդունդներ բացեց, ծաղիկն արմատից, ճյուղն իր ծառից, հարազատը հարազատից կորցրեց ու տարավ. եղանք ձագակորույս հավք բնավեր։
Մտքերի շփոթություն տիրեց մեր հոգուն, ատելության տիղմը թանձր շերտով նստեց մեր գեղազուրկ կյանքի վրա։
Ինչո՞ւ, ինչո՞ւ այս ամենը... Մենք հաց էինք խնդրում` մեզ քար տվին, մենք ձուկ էինք խնդրում` մեզ օձ տվին։ Ինչո՞ւ։ Վասն զի «չարաչար խնդրեմք»։
Հա՛յ ժողովուրդ, որ ցանկացար ոսկե հորթին ու եգիպտացոց սպառազինության, բաց արա աչքդ, փակիր ականջդ մոլար ձայների առաջ, միայն դրանցով դու չես փրկվի։ Կարոտիր Քրիստոսի սիրո ձայնին, կարոտով կանչիր հովիվներիդ, որ հալածական վիճակից, թաքստոցներից ելնեն, առ քեզ գան, Աստված, հայրենիք և միացյալ հայրենիք քարոզեն։
. Առանց անցյալի ոչ ներկա կա և ոչ ապառնի, երկուսն էլ միայն անցյալի համեմատությամբ են ըմբռնելի։
Ներկային և ապագային հավատ ընծայել չի կարելի. առաջինը կրքով, անձնական կամ կուսակցական շահերով է լի կամ շաղախված, երկրորդը սև քողով վարագուրված է մտքի տեսությունից և մատչելի է միայն մարդու երևակայությանը, որը մեծ մասով ցնորք է։
Հավատի և վստահության արժանի է միայն անցյալը։ Անցյալի ծոցում այլևս վխտացող կիրք ու մթություն չկա։ Մարդիկ ու գործերը արձանանում են ու հավիտյան մնում այնպես, ինչպես իսկապես եղել են և ոչ այնպես, ինչպես երևացել են ներկայի մեջ։ Այդ պատճառով է, որ իմաստասերներից շատերը կենդանի ու հետնորդ սերունդներին խրատ ու հորդոր են կարդում չհրապուրվել որևէ գրքով, անձնավորությամբ կամ գործով, քանի դեռ դրանք անցյալի խորքերը չեն թևակոխել։
. Կենդանության օրոք ամբոխի գովքով կերակրվող, ծափահարությամբ սննդվող անձինք, որոնք իրենց ճակատին Մեծության ցուցանակ են բևեռել, պատմության առջև արձանանում են սև երեսով, գծուծ մարմնով, ցուցանակ ու զարդարանք կողոպտածի մերկությամբ։ Սրանք մեռնում են աչքը նոր բացած կենդանի սերնդի նզովքի և անեծքի տարափի տակ այն օրը, երբ իսկական Մեծ մարդիկ ծնվում են գերեզմանական կյանքում։
. Տխմար են այն անհատն ու ազգը, որոնք պատմությունից հրաժարվում են, անցյալի փորձառու խրատը մերժում և իրենց կրքերն ու նյութապաշտությունը զենք դարձնելով` փակ աչքերով նետվում մթին ապագայի դաշտերը` փառքի և աշխարհակալության ցնորքով, ազատության ու բարվոք օրերի խաբուսիկ երազանքով։
Անլույս խավարի մեջ փառք չկա, և անդունդների մեջ ազատություն չկա։
. Մեր պատմությունը արարչագործության առաջին օրվա քաոսին է նման։ Նրա դրոշմը այսօր մնացել է հայ ազգի հոգու վրա։ Ոչ դարերի մաշող ձեռքը, ոչ քաղաքակրթության լույսը չեն կարողացել մաշել կամ դալկացնել այդ դրոշմը, որ հայի համար ժառանգական բնազդ, մարմին և արյուն է դարձել։
. Օտար ազգերը քաղաքակրթական կապերով միացել, սարսափեցուցիչ միություն, ուժ, թագավորություն են կազմել, պետական կյանքով ապրել, աշխարհակալության հետևից ընկել։ Նրանց զորությունից սարսափահար հայը ստիպված է եղել նահապետի և նախարարի իրավունքների մի մասը թագավորին զիջել։ Հայը թագավորություն է ստեղծել, բայց իր ներքին կյանքում մնացել է նույն բաժանասեր հայը։ Ազգային ազատասիրություն չի եղել, ինչպես և ազգային միություն չի եղել հայոց մեջ։ Այս կորստաբեր ոգին վերջիվերջո դաշնակից մնաց օտարներին, որոնք նախ պառակտեցին հայոց թագավորությունը` մեկ գահի փոխարեն մի քանի գահ տնկելով մեր երկրի որոշ կետերում, ապա կործանեցին ընդմիշտ։
Իր այս բնավորության պատճառով, որը մասամբ, հարկավ, աշխարհագրական դիրքի հետևանք է, հայը թե իր թագավորության օրոք և թե օտարների լծի տակ միշտ ձգտել է անհատական քաղաքակրթական սահմանափակ ազատության, նրա համար տանելի չեն եղել ոչ ներսի և ոչ դրսի բռնությունը և անտանելի` օտարների ձուլման քաղաքականությունը։
. Հեռու մոլորությունից, հայեր, հայոց եկեղեցու ավանդական, միարար, սիրազեղ, ավետարանական քաղաքականությունն է ձեր փրկությունը. այդ փրկությունը մի՛ ոտնահարեք, պատմության հողից մի՛ կտրվեք, դարերի ձայնը ձեզ առաջնորդ ընտրեցեք, որպեսզի ապրեք հավիտյան։
. Հայ քրիստոնյա եղբայրնե՛ր, մեր հոգու մեջ նսեմացել է Քրիստոսի պատկերը, կրքերի կրակը, բռնության մտրակը մեր պաշտամունքի առարկա են դարձել, և կյանքը խույս է տվել մեզնից։

Դիտվել է՝ 2582

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ