«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Անցյալի քաղաքական սխալները երկսայրի սուր են

Անցյալի քաղաքական սխալները երկսայրի սուր են
23.02.2016 | 00:34

Ռուսաստանը հերթական անգամ սկսել է «ղումար խաղալ» հայոց հարցի և հայոց հողերի վրա։ Մենք պիտի չափազանց զգույշ լինենք և չտարվենք սին պատրանքներով ու երազանքներով, թե այսօր Ռուսաստանի շահերի հետ համընկնում են մեր շահերը, ուրեմն նա իր քաղաքական և ռազմական հզորության «բարձունքից» կկարողանա «լուծել» մեր հողային հարցերը: Երկու հարյուր տարի է` Ռուսաստանը «մուկնուկատու» է խաղում հայոց հողերի հետ: Իր արևելյան առաջխաղացումների` պատերազմների ժամանակ, որոնց ճակատամարտերը հիմնականում հայոց հողերի վրա էին տեղի ունենում, Ռուսական կայսրությունն իր կայսերական նկրտումները առերես ներկայացնում էր որպես մարդասիրական-ազատագրական հայերիս համար: Մենք էլ հավատացել ենք` հայերիս բնորոշ ազնվությամբ, որ մեզ օգնության ձեռք մեկնողն արդարի ու հալածվածի կողմն է, որովհետև շատ էինք ուզում ազատվել թուրք-պարսկական բռնատիրությունից: Պետականությունը կորցրած հայ ժողովուրդը, սակայն, չէր կորցրել ռազմարվեստի իր ունակությունները և իր բնատուր տաղանդը դրսևորելու միջավայր էր փնտրում ու գտնում հեռու և մոտ երկրների բանակներում։ Ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակ ռուսական բանակում ծառայում էին բավականին թվով հայազգի գեներալներ, որոնք մինչ այդ իրենց ռազմական հաջողություններով աչքի էին ընկել Ղրիմում և Արևմտյան ճակատում։ Հայ գեներալների գործոնը որոշիչ է դառնում նաև Արևելյան ռազմաճակատ բացելու գործում, և ռուսները ձեռնամուխ են լինում նոր արշավանքների դեպի հարավ-արևելք` Օսմանյան կայսրություն և Պարսկաստան, որտեղով անցնում էր Հնդկաստան տանող ճանապարհը: 1826-28 թթ. սկսվում են ռուս-պարսկական, իսկ 1829-30 թթ. ռուս-թուրքական պատերազմները:
Ռուսական բանակը, մի քանի հայազգի գեներալների հրամանատարությամբ ու տեղաբնիկ հայերի օժանդակությամբ, գրավում է թուրքական և պարսկական տիրապետության տակ եղած և պայմանականորեն Արևելյան և Արևմտյան Հայաստան կոչվող բուն հայկական ահռելի տարածքներ: Այս պատերազմների ժամանակ հայերս բնական մղումով օժանդակում ենք քրիստոնյա ռուսներին` հույս ունենալով, որ եվրոպական մի քանի հավատակից ազգերի թուրքական լծից ազատագրվելուն օգնած ռուսական հզոր կայսրությունը կազատագրի նաև մեր երկիրը պարսկական և թուրքական բռնատիրությունից։ Բայց պատմությունն ապացուցել է, որ կրոնական գործոնով դաշնակից ընտրելը քաղաքական և ռազմական տեսակետից չի արդարացել: Դա մեզ ծանոթ էր դեռևս 451 թվականից, երբ պարսից դեմ պատերազմելիս հավատով քրիստոնյա Բյուզանդիան չկատարեց իր «դաշնակցային» պարտականությունները: Այ, եթե մենք ա՛յն ժամանակ հասկանայինք դա, դաշնակից չէինք ընտրի քրիստոնյա Բյուզանդիային։ Ասում են` պատմության մասին «եթե»-ով դատողություններ չեն անում, որովհետև պատմությունն անցած-գնացած բան է, և անցածի սրբագրումներ չես անի։ Այո՛, անցյալի առումով սրբագրումներ չես անի, բայց այսօրվա ու վաղվա քաղաքականության մեջ կարող ես սխալների ուղղում կատարել:
Դառնանք ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմներին: Պատմությունը պահպանել է հայ կամավորական ուժերի հարաբերակցության մասին թվեր, որոնք շատ խոսուն են և պայմաններ առաջադրելու համար զորավոր: Օրինակ, 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում ռուսական բանակն ունեցել է 52000 զինվոր, իսկ հայկական կամավորականները թվով եղել են 40000, որոնք ռուսական բանակին միացել են իրենց զենքով ու հեծելազորով: Հայ կամավորականների մասնակցությունը Ռուսական կայսրության աշխարհաքաղաքական և տնտեսական շահերի համար մղվող պատերազմին, որը սոսկ արտաքնապես էր համընկնում հայ ժողովրդի քաղաքական շահերին, միամիտ և չարդարացված վստահություն էր կայսրության հանդեպ: Այդ «միամտությունը» հայի ազնիվ, զինակցին ու դաշնակցին հավատարիմ լինելու էությունից էր բխում: Սակայն քաղաքականության մեջ ազնվությունը դիվանագիտական հասկացություն չէ։ Ցավոք, այդ ժամանակ հայ իրականության մեջ չկային ձևավորված քաղաքական և գաղափարական ուժեր, որոնք Ռուսական կայսրության առաջ քաղաքական պայման դնեին, այսինքն` հայերը տեղում կօժանդակեն ռուսներին, եթե պաշտոնապես Ռուսաստանը ճանաչի Հայաստանի անկախությունը ազատագրված տարածքների վրա: Հակառակ դեպքում ո՞րն էր ռուսներին` իրենց ծավալապաշտական նկրտումներին օժանդակելու հայերիս նպատակը… մի գերիշխողի բռնատիրությունը փոխել մյուսի թեթև «լծով»։ Ճիշտ է, այդ ժամանակ հայ իրականության մեջ չկային քաղաքական ուժեր, սակայն կային մտավորականներ, ովքեր կարող էին ու պարտավոր էին մշակել հայրենիքի ազատագրման ու անկախության մի ծրագիր և ապա իրականացնել դա: Ինչպե՞ս: Իրեն` մեզ քաղաքական դաշնակից հայտարարած կայսրությանն օժանդակելու գնով ու պայմանով անկախություն ձեռք բերել, ինչպես դա արեցին բուլղարներն ու սերբերը։ Վերջապես կար հայոց եկեղեցին` որպես ժողովրդին համախմբող ուժ, որն իրեն դարեր շարունակ հայտարարում է հայոց պետականությանը փոխարինող լիիրավ ուժ: Հենց նա էլ պիտի կայսրության առաջ դներ այդպիսի պայման։
Այսօր մենք դարձյալ առանց պայմանի, առանց մեր շահն ակնկալելու ու արժանապատվությունը պահելու, դուրս ենք գալիս ու մտնում տնտեսական միավորումների մեջ, որոնք նույնպես, ըստ էության, քաղաքական են։
Ահա՛ այսպես կարող ենք անցյալի պատմության «եթե»-ի պատասխանն ու սրբագրումն այսօր անել, եթե զուգահեռներ անցկացնենք անցյալի ու ներկա քաղաքական իրադրության միջև։ Մինչդեռ մենք դարձյալ քաղաքական ու դիվանագիտական ոչ մի արդյունավետ քայլ չենք անում, թեև ունենք պետություն, իշխող և այլ քաղաքական կուսակցություններ, մտավորականներ, ԱԳ նախարարություն և եկեղեցի, որոնց գլխավոր նպատակը պիտի լինի հայրենիքի և պետության պաշտպանությունն ու հզորացումը, ժողովրդի անվտանգությունը։
Այսօր քաղաքական անցուդարձը մեզ համար գրեթե չի տարբերվում մեկ-երկու դար առաջվա քաղաքական իրադրությունից։ Ինչո՛ւ եմ այսպես մանրամասն անդրադառնում պատմությանը, որպեսզի մենք դաս քաղենք այն «եթե»-ներից, որ այսօր ենք ասում, ու որպեսզի վաղը մեր սերունդները նույն «եթե»-ները չկրկնեն մեր թույլ տված սխալների պատճառով։
Եվ այսպես, ռուս-պարսկական պատերազմում հաղթանակից հետո Ռուսաստանը Թուրքմենչայի պայմանագրով պարսիկներին է զիջում Խոյը, Սալմաստը, Մակուն և Պարսկահայք կոչվող այլ տարածքները, որոնց գոյությունը` որպես պատմական հայկական տարածքներ ոչ թե մոռացել ենք, այլ պարզապես մեզ թույլ չեն տալիս հիշել։ Պայմանագիրը կնքելուց հետո բնիկ հայերին գաղթեցրին արդեն ռուսական գերիշխանությանն անցած Արևելյան համարվող Հայաստան: Այդ գաղթյալներից էր, ի դեպ, Եղիշե Չարենցի հայրը, որ Կարս էր գաղթել Մակու քաղաքից: Նույն ճակատագրին արժանացան թուրքական տիրապետության տակ եղած Կարսը, Էրզրումն ու այլ հայկական տարածքներ, որոնք ռուս-թուրքական պատերազմների ժամանակ գրավել են ռուսները` ռուսական բանակի հայ գեներալների հրամանատարությամբ և տեղի հայ կամավորականների ռազմական օժանդակությամբ ու բնակիչների նյութական օգնությամբ: Բայց հետո քաղաքական ու ռազմական տեսակետից մեզ` հայերիս համար անհասկանալի ու անըմբռնելի գործարքով այդ տարածքները ռուսները, ամեն հաղթանակից հետո, վերադարձրել են թուրքերին` իբր եվրոպական պետությունների դիվանագիտական և ռազմական ճնշումնների պատճառով: Քաղաքական այդպիսի անհեռատես, թե միտումնավոր գործարքի պատճառով Էրզրումի նահանգի հայերին` թվով 12000 մարդ, տեղափոխում են ռուսական կայսրության տիրապետության տարածք: Հիմա պատկերացնենք, որ եթե հայերս, դիցուք, եկեղեցու առաջնորդությամբ, պայմանագիր կնքեինք առ այն, որ ոուսներին օժանդակելու դիմաց ստանանք այդ ազատագրված տարածքները և վերականգնեք մեր պետականությունը, հավատացնում եմ, ռուսներն այդպես հեշտ տեղի չէին տա «եվրոպական ճնշումներին»:
Պատմականորեն մեզ ավելի մոտ ժամանակներում`1920-21 թթ., Ռուսաստանը հերթական «ռուսսկայա ռուլետկան» մեջտեղ բերեց ու հայկական պատմական հողերը բաժանեց բուն թուրքերին և անհեռատեսորեն իրենց հորինած ադրբեջանական հանրապետոթյունը: Գործի դրվեցին նախ Կարսի, ապա Մոսկվայի պայմանագրերը: Հայաստանին առնչվող նախորդ և հետագա պայմանագրերը, դրանց հետ նաև այս վերջին երկու պայմանագրերը, ապօրինի են նախ բարոյական տեսակետից, որովհետև Ռուսաստանը կռվել է ինչ-որ մի պետության դեմ, բայց զիջել կամ փոխանակել է մի երրորդ ազգի պատմական տարածքները: Իսկ Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, ի հավելումն, նաև ապօրինի են միջազգային իրավունքի տեսակետից, քանի որ Կարսի պայմանագիրը ստորագրել են այդ ժամանակ միջազգայնորեն չճանաչված անդրկովկասյան երեք հանրապետությունները` Խորհրդային Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը ¥Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա քաղաքական ճնշման կոտոշները պարզ երևում են¤, որոնք միջազգային իրավունքի սուբյեկտ չէին, քանի որ ճանաչված չէին այլ պետությունների կողմից` որպես անկախ պետական միավորներ: Մոսկվայի պայմանագիրը ստորագրվեց Կարսի պայմանագիրը «ամրապնդելու» համար: Այս պարագայում նույնպես բոլշևիկյան Ռուսաստանը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովը միջազգային իրավունքի սուբյեկտ չէին համարվում: Հետևաբար և՛ Կարսի, և՛ Մոսկվայի պայմանագրերը միջազգային իրավունքի տեսակետից անօրինական են:
Այսօր, երբ Թուրքիան տրորել է Ռուսաստանի ոտքը, և դրված է Ռուսաստանի քաղաքական ու դիվանագիտական ինքնասիրության ու հեղինակության հարցը, Ռուսաստանն ուզում է դարձյալ հայկական հողերի հարցը շահարկելով` քաղաքական շահ ստանալ: Բայց այդպես չի լինում։ Դրսում ո՛չ 19-րդ դարն է, ո՛չ էլ նույնիսկ 20-րդ դարը։
Եթե իսկապես Ռուսաստանն ուզում է «ցավեցնել» Թուրքիային` զրկելով նրան իր իսկ թեթև ձեռքով նրան նվիրած հայկական հողերից և վերականգնել իր միջազգային հեղինակությունը, իսկ մեզ` բարեկամաբար գոհացնել, ապա նա նախ պետք է խոստովանի, որ այդ պայմանագրերն ու «Կովբյուրոյի» որոշումը միջազգային իրավունքի տեսակետից անօրինական են, ապա, որպես նախկին Անտանտի պետություն, ճանաչի Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը և չխոչընդոտի Միջազգային դատարանում ՀՀ-ի հայցը` Իրավարար վճիռը իրավական դաշտ բերելու գործում: Մեզ պետք չէ նաև, որ Ռուսաստանը միակողմանիորեն վեր հանի հայոց հողերի հարցը, քանի որ դրան անմիջապես կհետևի Արևմուտքի հակազդեցությունը, որն ատամներով կպաշտպանի Թուրքիայի «տարածքային ամբողջականությունը»: Մենք` հայերս, լավ գիտենք ու չենք մոռացել, որ երբ բախվում էին ռուսների ու Արևմուտքի շահերը` Թուրքիայի վրա ազդեցությունը մեծացնելու գործում, ինչ էին անում նրանք. նրանցից յուրաքանչյուրը միակողմանիորեն «մարդասիրաբար» վեր էր հանում «Հայոց հարցը», իսկ մյուս կողմը խոչընդոտում էր։ Մեջտեղում շահում էր Թուրքիան։ Մենք դա չպիտի թույլ տանք ու այդպիսով խոչընդոտենք այն բնական ընթացքին, որի մեջ հայտնվել է Թուրքիան. դա նրա կազմալուծումն է: Չլինի այնպես, ինչպես եղավ 20-րդ դարի սկզբին, երբ ստեղծվեցին Եվրոպայի և Ռուսաստանի քաղաքական հակասությունները` հիմքում ունենալով Թուրքիայի տիրապետությունից Իրավարար վճռով Հայաստանին վերադարձվող տարածքների հարցը: Ռուսաստանը չէր կարող հանդուրժել, որ այդ տարածքներն անցնեն դեմքով դեպի Եվրոպա շրջված Հայաստանին, այդ պատճառով էլ 1920 թ., դաշնակցելով Թուրքիայի հետ, կործանեց Հայաստանի Հանրապետությունը, իսկ Եվրոպան չէր կարող հանդուրժել, որ ռուսական քաղաքական դաշտում բռնի հայտնված Հայաստանին տրվեն այդ տարածքները: Դա կնշանակեր թույլ տալ, որ ռուսական ազդեցության ոլորտներն ընդարձակվեն… Եվ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը Հայաստան չհասավ. պատճառաբանությունն այն էր, թե «հասցեատերը»` անկախ Հայաստանի Հանրապետությունը, չգոյ է։
Այսօր Ռուսաստանը կրկին փորձում է շահարկել հայոց հարցը և հայոց պահանջատիրությունը։ Հայե՛ր, ճիշտ ժամանակն է հիշելու չարաբաստիկ «եթե»-ները։ Ես ուզում եմ հիշեցնել նախ մեզ` հայերիս, որ երբ պատմությունը կրկնվում է, ապա կրկնվում է ֆարսի ձևով։ Մենք արդեն մի քանի անգամ «ճաշակել ենք» դրա դառնությունը։ Այդ ֆարսը նաև ռուսներին է սպառնում։ ՈՒզում եմ հիշեցնել նաև մեր «ռազմավարական դաշնակից» ռուսներին, որ անցյալ դարի Ռուսաստանի քաղաքական սխալները երկսայրի սուր են, որը մինչև հիմա պատյան չի դրվել ու մի օր կարող է գործել իր տիրոջ դեմ։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 4568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ