Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մոռացված վարդապետի արձագանքը

Մոռացված վարդապետի արձագանքը
23.02.2016 | 09:58

. Հայ բազմաչարչար ազգն իր վիճակի բարվոքում է խնդրում։
Բարվոքման խնդիրն արծարծելու համար նախ և առաջ պետք է քաջ գիտենալ կարիքները։
Հայ ազգի կարիքները լավ չըմբռնող հայը, այդ կարիքների էականն ու երկրորդականը շփոթող հայը բարոյապես զրկվում է ազգային դատը պաշտպանելու իրավունքից։
Ազգային դատը ազգային կյանքի հմուտ ճանաչողություն է պահանջում։
. «Եկեղեցի» բառը նշանակում է ժողով, ժողովուրդ։ Քրիստոնեական եկեղեցիներից և ոչ մեկն այնքան հարազատ չէ այդ իմաստին, որչափ հայոց եկեղեցին։ Հայոց եկեղեցին և հայ ժողովուրդը նույնանիշ են, միևնույն ազգի երկու տարբեր անուններ։ Այդ է պատճառը, որ երբ վշտանում է մեկը, վշտանում է և մյուսը։
Մեր ամբողջ գրականությունը, գիրը, կրթական գործը, որոնց մեջ հայի դեմքն անայլայլ պահվեց, զուտ եկեղեցու արտադրություն է, հայոց ազգին վանականության նվիրաբերած գանձ։ Մարդ կույր պետք է լինի մտքով, խուլուհամր սրտով, որպեսզի չտեսնի ու չզգա, որ նաև այսօր նույն ոգին են կրում հայոց եկեղեցին ու հայրապետությունը։ Վկա է ինձ արյունով ու արցունքով գրված հայոց պատմությունը։
Հայոց եկեղեցու այս հրաշագործական ուժը նրա ժողովրդականության մեջ է։
. Արդարության գաղափարն այլ խոսքով հատուցման գաղափարն է. արժանիքի համեմատ գնահատելը, առաքինության համեմատ վարձատրելը և չարիքի համեմատ պատուհասելը արդարություն է, հատուցում է։ Մարդկային կյանքն իր տարերքների ու բարդությունների մեջ արդարությամբ է կանգուն։ Ընտանեկան կարգապահությունն ու խաղաղությունը, դպրոցական դաստիարակությունը, հասարակական հաստատությունների խաղաղ դերակատարությունը և այլն, բոլորն էլ միայն արդարությամբ են հնարավոր։ Արդարությունը բարոյական և դրական օրինաց հիմքն է։
. Մեր նվիրապետության մեջ արդարությունը ոչ միայն պակասել է, այլև գրեթե չքացել։ Ոչ միայն արժանիքի գնահատում չկա, անարժան գործերի արդար հատուցում չկա, այլև ավելին` արժանավորության դեմ հալածանք կա, չարության համար, անարժանության համար վարձատրում կա։ Այսպիսի երևույթը կարող է հանդես գալ միայն բարոյական անկման շրջանում։
. Մեր կյանքի արդի օրերը ժամանակի այն վայրկյաններից են, երբ մարդկային ճշմարիտ կյանքը աղավաղվում, պղտորվում է և, իբրև մի ծանր թախիծ, ճնշում մարդու հոգին։
Թախծալից այդ երևույթներից սևագույնը հայ ժողովրդի կյանքում հանդես եկող հակակրոնականությունն է, հակաքրիստոնեությունը։
Քրիստոնեության ավազանում մկրտված, հայ քրիստոնյայի անունով դրոշմված, Աստվածորդուն որդեգրված մեր համարյուն եղբայրներից ոմանք սկսել են կրոնի դեմ խոսել, քրիստոնեությանը բռունցքներ ցույց տալ, հայոց եկեղեցուն` Քրիստոսի վարդապետության այդ մաքուր, անորոմն սերմնարանին, ոտնակոխ անել ու հալածել։
Կրոնը բթացնող է, հավատը` կուրացնող, քրիստոնեությունը բռնության բարեկամ է և ազատության թշնամի, եկեղեցին խավարասեր է ու լույսին հակառակ, ուստի եկեղեցականությունը` որպես աղոթքների բուրվառն ու կանթեղը վառ պահող, դատապարտության և հալածանքի է արժանի։ Այս բովանդակությամբ և միայն այդ բովանդակությանը վայել անարգական ոճով շատ ճառեր լսեցինք, շատ բան կարդացինք մամուլի էջերում։
Եվ նման ճառերին ու ճառախոսներին միայն սազական, իր կոչման բարձրությունից իջած մամուլը իր թևերով տարածեց ու տարածում է հակաքրիստոսյան այս մոլորությունները` առանց խղճահարության, առանց բարոյական պատասխանատվության գալիք սերնդի և պատմության առաջ, ազգի և Աստծո առաջ։


Հայ քրիստոնյայի հոգում Հիսուսի վարդապետության չնաշխարհիկ շենքը խորտակելով` ի՞նչ են այնտեղ կառուցում այդ անիմաստ իմաստունները, ի՞նչ հոգեկան զարդերով զարդարում այդ դատարկ տարածությունը, որպեսզի հայ մարդն իրեն առավել երջանիկ զգա։
Եղան նույնիսկ այնպիսիք, որ քարոզեցին, թե` հին հայոց հեթանոսական կրոնին վերադառնանք, նա մեզ կփրկի։ Իրենք իրենց ազատության որդեգրող այս նոր առաքյալները սիրո երկնավոր Քարոզչի փոխարեն հայ մարդուն թավազա են անում որոտացող Արամազդին, իր կրակներով այրող Միհրին։ Առաջադիմության այս նոր տեսակի կարապետները ուզում են երկրպագել Տիրին, որ իր ճակատագրական արձանագրություններով մարդու հոգու մեջ կաշկանդում է առաջադիմության ընձյուղները։ Իրենց իսկ հոգու ամպոտ եթերքում մոլորված կռունկներ, որոնք նորագույն ժամանակների ջերմ հարավն են կամենում, բայց դեպի խավար հնության ցուրտ հյուսիս թռչում։ Սակայն չեն էլ դանդաղում հայ եկեղեցականության երեսին նետել, թե` հնասերնե՛ր, մենք առաջ ենք գնում, իսկ դուք կպած եք հին ժամանակին։
Կան այնպիսիք, որ ասում են, թե քրիստոնեական կրոնը ազատության արգելք է։
Ո՜վ մոլորություն. մի՞թե քարկոծող բռնավորներից չարատանջ կնոջն ազատող և «երթ ի խաղաղութիւն, թողեալ իցին քեզ մեղք քոե գեղգեղող ավետարանը», «ազատութիւն եղբարց մերոց գերելոց» աղաղակող հայոց եկեղեցին հակառակ են ազատության։ Եվ որտեղի՞ց է եկեղեցահալածների գլխում ծագում այս մոլորությունը։
Նախ, ավետարանի բովանդակությանը և քրիստոնեական կրոնի ոգուն անծանոթ լինելուց։
Երկրորդ, «ազատություն» բառի իմաստը և նրա իսկական նշանակությունը չարաչար աղավաղելուց։ Ազատությունն իր էությամբ նախ և առաջ միտք է, մտածողության այն բարձր տեսակը, որով մարդ կարողանում է առանց ներքին և արտաքին կաշկանդումների մտածել, իրերն ու երևույթներն ըմբռնել այնպես, ինչպես դրանք կան, անկախ կրքերի ազդեցությունից, անկախ ուրիշների բռնի կամ ակամա ներշնչումներից։
Ազատությունը նաև կամք է, ազատ միտքը գործ դարձնելու կամեցողություն, բարձր խոհականությունը գործողությամբ արդյունավորելու հակամետություն։
Բայց առավել ևս զգացմունք է ազատությունը. բուռն փափագներով ու վսեմ մտքերով ապրել ցանկալը, ազնիվ գործեր կատարելը, արհամարհելն ամենայն արգելք` կիրք, նյութական բարիք, իշխանություն, որոնք կարող են խանգարել անկախ մտքի թռիչքը, որոնք կարող են խեղդել ազատ գործելու հակամետությունը, ամենաբարձր ազատությունն են։
Ազատություն բառը դրական եզր է, բացասական իմաստ չունի, իր բովանդակությամբ իդեալ է, արտահայտությունը կամ անունն էլ միայն բարոյական եզր է։ Ազատ լինել նշանակում է միայն բարին մտածել, բարին կամենալ, բարին ցանկալ ու ձգտել։ Ազատությունն ազատ չէ այլ կերպ խորհել, այլ կերպ գործել, այլ կերպ փափագել։ Մի սահման, որից այն կողմ ազատությունն էլ անազատ է։
Ազատության իդեալը մարմնանում, կյանք է ստանում, կյանք է դառնում հավատով, ինքնուրացությամբ և անձնվիրությամբ։
Մարդու ազատ հոգին կաշկանդող են եսականությունը, բռնությունը, իշխանությունը, նյութապաշտությունը։ Քրիստոնեական կրոնը մերժում է այս ամենը, որովհետև նա ինքը ազատությունն է։
Արդ, ճշմարիտ լուսավորություն, բարոյականություն, ազատություն սիրող մարդը կարո՞ղ է ընդդեմ քրիստոնեական կրոնի ու եկեղեցու խոսել։
Բայց մեզանում ոչ միայն խոսում, այլև ճառում, գործում, գրում են ընդդեմ եկեղեցու և այն էլ` հանուն... ազատությա՜ն։
Որքան բարձր ու վսեմ է գաղափարը, նույնքան էլ դյուրին աղավաղելի` տհաս կամ պակասավոր մտքերի համար։ Եվ ազատության սուրբ գաղափարը ծայրահեղապես է աղավաղվել մեզանում։ Նա կորցրել է իր բարոյական իմաստը, դարձել է կիրքը, եսը, բռնությունը սրբագործող մի անուն, նա համազոր է սանձարձակության։ Երբ կամենում ես արբենալ և անարգել, երբ կարող ես գողանալ ու ստել, երբ ցանկանում ես զրպարտել ու հալածել, անարգել ծերություն, ծնող, ոտնահարել երախտավորին, հայհոյել անմեղին, բռնանալ տկարի վրա, պահանջել` առանց տալու, ոտնահարել այլոց զգացմունքը, սրբությունը, կյանքից պատկառանքը կողոպտել և այլն, և այլն, և այլն, ահա՛ այժմյան նորածիլ ազատության առատ հունձը։
Այս տեսակի ազատասերները կրոնից հեռանալով մեծ մարդ չդարձան և ոչ եկեղեցին անարգելով` փիլիսոփա։
Մասնավորելով մեր խոսքը քրիստոնեական կրոնի շուրջ, հարցնում ենք` Քրիստոսի վարդապետությունը կարո՞ղ է ժամանակավոր լինել, կարո՞ղ են հնանալ սերը, լույսը, հավատը, գթությունը, արդարությունը, ազատությունը, հավասարությունը, անձնուրացությունը, որոնք այդ վարդապետության բովանդակությունն են կազմում, Փրկչի էության մասերն են, նրա նման հրաշագործ և մարդկային հոգու պահանջ։ Ո՛չ, երբեք. Քրիստոսը երբեք չի հնանա, նրա վարդապետությունը երկու հազար տարի չի անցել ու երբեք չի անցնի, երկինքն ու երկիրը կանցնեն, բայց նրա խոսքերը չեն անցնի։ Նա անմահ է և հավիտենական, որովհետև Նա Աստված է։
Վայրենի եվրոպացիների հողեղեն մարմնին նա շունչ տվեց ու լուսավոր դարձրեց նրանց։ Իրենց վայրենության խոթությունից ապաքինվեցին այդ նորագույն վայրենիները` ավետարանի Պրոպատիկե ավազանում լողանալով։ Նույնիսկ այն երջանիկ ու հզոր երկրները, ուր Քրիստոսը չի քարոզել, պարտական են Փրկչական գաղափարներին, որոնք քրիստոնյաների ձեռքով` առևտրի, նավագնացության, գրականության, ճանապարհորդության միջոցով ներշնչվեցին։
Երկու հազար տարվա փիլիսոփայությունը` բարոյական կյանքի իդեալներ տալիս, ցայսօր Փրկչի վարդապետության շուրջ է պտտվում, և ոչ ոք այդ գաղափարներից բարձր բան չի ասել ու չի կարող ասել։
. Հաստատություններն անուժ են դառնում, ընկնում են հիմնականում հետևյալ ճանապարհով։
Նախ, երբ հաստատության գլուխը կամ գլուխները մտքով տկար են, տգետ և իրենց մտավոր կուրությամբ անզոր` դեպի լույս առաջնորդելու այլոց, խախտում են կարգապահությունը, խախտում են կոչման սրբությունը` հաչս հետևողների։
Երկրորդ, երբ նույն գլուխների մեջ անձնական բարեկեցության, փառասիրության միտքն է զորանում, որ հաճախ բռնության կերպարանք է ստանում։ Այս դեպքում ընդհանուր շահերը զոհ են բերվում եսական զգացմունքին, արդարությունը եղծվում է, կոչումը` նսեմանում։ Իսկ հաստատության մեջ երբ վերջանում է արդարությունը, այսինքն` խախտվում է պարտքի և իրավունքի հավասարակշռությունը, սկսվում է անկարգություն և անկում։
Երրորդ, երբ նոր-նոր մտքերը նոր իդեալների, նոր աստվածների հետևից ընկնելով, կյանքի նոր պահանջներով առաջ են վազում, իրենց հետևում թողնելով հաստատության հնացած կարգ ու սարքը, դեպի որոնք հավատը կորել է, իսկ հաստատության գլուխները շնորհք չեն ունեցել հաստատության կարգապահությունը նոր կարիքներով ու գաղափարներով թարմացնելու, զարդարելու և հրապուրիչ դարձնելու, անկումն անխուսափելի է։ Այս դեպքում կարգապահությունն ընկնում է, հաստատությունը` խորտակվում։
Հաստատության անկման օրինակներում ևս հանցանքը, ինչպես նկատում է ընթերցողը, միշտ գլուխների կամ առաջնորդողների վրա են բարդում։
Չեմ զարմանա, եթե մեկը ապացուցի, թե կարգապահության կամ հաստատության անկումը ներքևից էլ կլինի։ Ես գոնե չգիտեմ մի պետություն, մի եկեղեցի, մի հաստատություն, մի տուն, որի ավերը ստորին խավերից սկսվեր։ Խոսքիս ապացույցն է հայ ժողովրդի իմաստալի ասացվածքը, թե` «ձուկը գլխից է հոտում»։
Եվ, հիրավի, ինչպե՞ս կարող է, դիցուք, ոչխարի հոտը հանգիստ ու խաղաղ չարածել ջրարբի դալար արոտներում, եթե հովիվը իր կոչման ըմբռնումով նրան դեպի այդպիսի արոտն առաջնորդի։ Բայց երբ հովիվն իր հոտին քար ու քոս է տանում, ապա հոտից իսկույն ջոկվում են, նախ, ըմբոստ այծերը, թռչում քարաժայռերի գլուխը, վազում հեռուն և իրենց հետևից սպառնական հևոցով վազեցնում հովվին, որի բացակայությունից հոտը ցրվում է և շատ անգամ գայլերին կերակուր դառնում։
. Բարոյական օրենքը ազատ, անկաշկանդ խղճմտանքի օրենք է. սա իր էությամբ բացասում է չարիքը և հակառակ է թե իշխանության և թե իրավաբանական օրենքին։ Եթե բարոյական օրենքը, որ այլ խոսքով կոչվում է Աստվածային օրենք, բացարձակ թագավորեր մարդկանց սրտերում, այն ժամանակ հանցանք չէր լինի, չէին լինի իշխանություն և ստորադրելիություն, ուրեմն և` իրավաբանական օրենք։ Բայց որովհետև անկատար մարդու համար դա անկարելի է, ուստի և իրավաբանական օրենքը անհրաժեշտ է։
Բարոյական օրենքը ազատ ներշնչում է, դաստիարակություն, իրավաբանականը` խրատիչ մտրակ։
. Կաշառք տվողը, անշուշտ, նաև պիտի ստանա, որպեսզի ինքն էլ ապրի։
. Շահամոլության երկու անբաժան հատկություններն են ուսումնատյացությունը և նախանձը։
. Կաշառակեր իշխանավորը զրկվում է հրամայելու իրավունքից, կաշառատու ստորադրյալը` հնազանդվելու պարտականությունից, տգետ առաջնորդը` վարդապետելու իրավունքից, բանիբուն քահանան` հնազանդվելու պարտականությունից։
. Թերուսության հետ սերտ կապված են շահամոլությունը, թունավոր նախանձը, կեղծիքը, ստրկական շողոքորթությունը` ուժեղների առաջ, բռնակալական ճնշումը` ստորադրյալների ու տկարների նկատմամբ։
. Անպատկառությունն ու ապերախտությունը` ամոթխածության քողը պատռելով իրենց դեմքից, մրցության հանդիսարան են սարքել։
Եվ Դուք լռո՞ւմ եք։
Հիսուսին փոխարինեց մամոնան, քրիստոնեական ազատությանը` բիրտ ուժն ու բռնությունը, Ավետարանին` խիղճը վաճառած նյութապաշտ մամուլը, սուրբ Հաղորդությանը` ատելությունն ու հոսող արյունը։
Եվ Դուք լռո՞ւմ եք։
Ձեր առջև կանգնած է մարդախոշոշ Բահաղի` բռնության ու մամոնայի նշանակի, շիկացած արձանը։ Հին հեթանոսության նոր երկրպագուները պար են բռնել նրա շուրջը, փրփրած բերանով աղաղակում եմ. «Բահա՜ղ, լո՛ւր մեզ, Բահա՜ղ, լո՛ւր մեզ», և ձեզնից պահանջում են կամ ուրանալ Տիրոջն ու խառնվել իրենց, կամ Եղիայի հանգույն Տիրոջ զորությամբ ամաչեցնել Բահաղի երկրպագուներին։
Եվ Դուք լռո՞ւմ եք։
1906 թ.


Հրապարակման պատրաստեց
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԸ

Դիտվել է՝ 2017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ