Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մահճակալն» ընդհանուր է, «բարձը»` ոչ

«Մահճակալն» ընդհանուր է, «բարձը»` ոչ
26.02.2016 | 01:50

«Հարսանիքը» տեղի ունեցավ անաղմուկ, բայց ոչ առանց կոդավորման. ՀՀԿ-ՀՅԴ «պատմական» փաստաթուղթը ստորագրեցին նրանք, ովքեր «ամենաշատն» էին տուժել այդ համագործակցությունից՝ պաշտոն չստացած ընկեր Աղվանն ու պաշտոնազրկված Արմեն Աշոտյանը, ինչն առաջին հերթին ապացույցն էր երկարաձգված Հուշագրի «մարդասիրության», երկրորդ հերթին ազդակ էր, որ խաղը բոլոր մակարդակներում փոխվում է:
Ոչինչ չասող, ընդհանուր տերմինների մեջ խեղդված Հուշագիրն իր լինելությամբ ամրագրեց` խաղի մոդերատորն սկսել է վերկուսակցական նոր պարտիա, որի քայլերը միայն ինքը գիտի: Եվ Հուշագիրը ոչ այնքան ՀՅԴ-ի, որքան ՀՀԿ-ի համար էր կերտված, Մելիք-Ադամյանում առկա հետագա «կոնտուրներն» ապահովելու համար պետք էր քանդել կարծրատիպերը, խուսափել միակուսակցական, ՀՀԿ-ական փտախտից, ընդ որում, էական չհամարելով, որ փտախտը փոխարինվում է այլ փտախտավորով. կարևորն էներգետիկայի բաշխումն էր, նոր էներգետիկ դաշտ ստանալու համար զի ՀՀԿ-ՀՅԴ էներգետիկաների հավասարեցումն էլ այն բանալին էր, որով հնարավոր է բացել-լուծել ներքին-արտաքին մարտահրավերները: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն բովանդակությամբ առավել ռուսական-ԵԱՏՄ-ական թեքվածության ուժեր են, բայց առաջինը ԵԺԿ անդամ է նաև, ու այս օրերին անհամբեր սպասում է ԵՄ հարևանության «համար» Հայաստան ժամանող տիկին Մոգերինիին:
Իր հերթին ՀՅԴ դրսի կառույցներից շատերը խիստ ծանրակշիռ են բավականին առանցքային երկրներում։ Կարծում եք` հենց այնպե՞ս էին «ըմբոստանում» ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ՀՅԴ կոմիտեները` ընդդեմ այդ «ամուսնության»: Ո՛չ ամենևին: Նրանք հասկանում էին, որ արևմտյան «ճակատում» իրենք են դառնում հայոց «պաշտպանությունն» իրականացնողները` ԵԱՏՄ-ական ճակատագիր ընտրած Հայաստանի համար, ինչը չանել չեն կարող: Արտքաղաքական հաջորդ նուրբ հանգամանքն էլ, անշուշտ, Թուրքիայի գործոնն է և «Ստամբուլն արյան ծով» դարձնելու ոչ ֆուտբոլային-դաշնակցական թեզը` Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների սրման ֆոնին (չնայած ժամանակին հենց դաշնակցությունն էր, որ ոչ թե ֆուտբոլ, այլ «տանգո» էր խաղում-պարում նույն Թուրքիայի հետ` Էնվեր փաշային գրելով, որ Անդրանիկ Զորավարին պատժի` իր հայրենասիրական պայքարի ու ձեռնարկների համար): Հաշվարկն «ամենեքյան» է, չբացեմ բոլոր փակագծերն այս պահին, դեռ վաղ է:
Սակայն դավադրական մեկ հավելում, բոլոր դեպքերում, պետք է կատարել. նույն Քաջազնունին, Վրացյանը եղել են համաշխարհային մասոնական ամենաբարձր օթյակների անդամ, և քանի որ «հին ընկերները չեն դավաճանում», ասում են` միտումն առկա է, իսկ դա այսպիսի խաղում այնքան էլ փոքր մանրուք չէ: Ինչևէ:
ՀՀԿ-ՀՅԴ ամուսնությունն ուղղակի այն դեպքն է, երբ «մահճակալն» ընդհանուր է, «բարձը»` ոչ, ինչն էլ հնարավորություն է տալիս արտաքին խաղացողներին ցուցանելու սեփական` ներհայաստանյան լիբերալիզմն ու հավատարմությունը Սահմանադրությանը, խորհրդարանական հանրապետության` ոչ միակենտրոն իշխանության դրույթների մասով:
Հուշագիր-ամուսնությունը, անշուշտ, շարունակություն էլ կունենա` ներքաղաքական-կառավարական նոր դասավորություններով և նոր նշանակումներով` այլ «տարածքներից», ինչի ձայնը կլսվի այսօր-վաղը, վավերացնելու հին «աստղաբույլը» (Տեր-Պետրոսյան, Քոչարյան և «հարակից» կառույցներ) շախմատային տախտակից «իջեցնելուց» հետո սկսվում է նոր խաղ, որի էներգետիկան արտաքուստ բաշխվում է ոչ ՀՀԿ-ականների վրա, սակայն կառուցվող բուրգի բուն էներգետիկան, ինչ գիտեին անգամ հին Եգիպտոսում, մնում է բացառապես բուրգի ներսում, եթե ավելի կոնկրետ` նրա գագաթում` դեպի իրեն քաշելով մնացած բոլոր էներգետիկ «կոնտուրները»։
Սա էր այս «ամուսնության» ողջ էությունը, մնում է մնացածները կարողանան հասկանալ բուրգի էֆեկտը և ճիշտ տեղավորվել նրա անկյուններում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ