«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մոռացված վարդապետի արձագանքը

Մոռացված վարդապետի արձագանքը
26.02.2016 | 10:55

. Կենդանի մարդը բարոյական գերեզմանում ապրել չի կարող...

. Պատմական ժամանակների մեջ չկա մի շրջան, ուր իրական առաջադիմության հետ զուգընթաց չարշավի և հետադիմությունը։ Սբ Սահակ Պարթևը հայոց փառքն էր, և խավարասեր հայը գահընկեց արեց նրան։

Մի բան միայն անժխտելի է և կմնա իբրև օրենք, որ հետադիմության և առաջադիմության մաքառման մեջ վախճանական հաղթանակը միշտ պատկանում է վերջինին։

Արդի լուսավոր գաղափարների հետ մեկտեղ մենք տեսնում ենք և խավար, առաջադիմության հետ` հետադիմություն։ Արդի բարքերի անկումը մեր մեջ, կրոնական գաղափարների անկումը մի խոշոր հետադիմական քայլ է։ Բարքերով, առողջ բարքերով, մաքուր կրոնական զգացմունքով մաշված ազգին ծնծղայի պես հնչող մտքերն ու քաղաքական ազատությունը չեն փրկի։ Բայց փառք այն մարդկանց, որոնք կրոնական զգացմունքով լի` անկրոն հետադիմության ամպերը պատռտում են և նրա միջով Աստված ցույց տալիս։ Սահմանափակ մտքերը Աստուծո գաղափարը իրենց փոքրությամբ են ըմբռնում, ուստի առաջադիմությունը անաստվածության հոմանիշ է դավանում։ Մինչդեռ տիեզերքի գաղտնիքները թափանցող բոլոր բնագետները անհուն երկյուղածությամբ են ծնկի իջնում այն գերագույն Էակի առջև, ով իրենով լցնում է տիեզերքը։

Մեր օրերում արհամարհանքը դեպի եկեղեցին անկրոնությանը դարձնում է մի խոշոր հետադիմական քայլ։ Օտար ազգերի լուսամիտ եկեղեցականությունը կրոնական խորհրդածություններով, գրականությամբ, դասախոսություններով, լրագրերով, կրոնական համերգներով մաքառում է բարքերի անկման և աստվածուրացության դեմ` կրոնից, հարկավ, հանելով նախապաշարմունքներն ու անմտությունները, որոնք նսեմացնում են մաքուր կրոնը։

. Ծիծեռնակները, երբ մի անգամ որևէ գյուղական տան գերանի վրա իրենց բույնն են հյուսում, այնուհետև տարիներ շարունակ գարնան հետ վերադառնում են նույն բույնը, նույն օթևանը։ Շատ անգամ մի անագորույն ձեռք քանդում է նրանց բույնը, բայց ծիծեռնակը` վերստին դառնալիս, էլի իր ավերված բույնն է վերահյուսում, ուրիշ օթևան չի որոնում։ Մարդն էլ գեթ ծիծեռնակի չափ կապված պիտի լինի իր սիրած վայրի հետ, այցելի նրան, թեկուզ` ավեր լինի։

1908 թ.

. Հազարավոր են բարոյական փիլիսոփայության (этика) և քաղաքակրթության պատմության օրինակները, թե ինչպես մի ընդհանրացած նվիրական բարք, սովորություն, երևույթ իր արհամարհելի ծերության օրերին սրբության, պիտանիության վերարկուն իր վրայից հանում ու դնում է մի նոր ստեղծված բարքի, սովորության թարմ, երիտասարդ ուսերին, իսկ ինքն շտապում դեպի այն մթին աշխարհը, որ անուն ու հիշատակ չունի, ուր գնալ կա, գալ չկա։

Այս բոլոր փոփոխությունների մեջ անփոփոխ են միայն գաղափարների էությունը, ավելի ճիշտ` բացարձակ գաղափարները, որոնք նոր ձևեր են ընդունում։ Զորօրինակ, վսեմի, ազնիվի, բարու, գեղեցկի, սրբության, սիրո, կատարելության գաղափարները բոլոր փոփոխությունների մեջ կան ու կմնան, դրանք մարդու հոգու պահանջն են, ինչպես սնունդը` մարմնի։ ՈՒստի և ոչ մի երկյուղ չկա, թե երևույթների, հաստատությունների ձևերի բարեփոխումները կամ փոփոխությունները կարող են կյանքից սպանել-հանել լավագույն գաղափարները։

. Որևէ հաստատություն, իբրև կառուցվածք և մեն մի բարեփոխության սկիզբ, երկու ծայր ունի` վարի ու վերի։ Եթե հաստատության բարձունքում նստած իշխանությունը կամ ղեկավար ուժը իր հոգու թարմությամբ ըմբռնում է ժամանակի պահանջը, հոտոտում նորոգության մեծ կարիքը, տեսնել է կարողանում ժողովրդի դեռ կիսագիտակցական որոնումները, ընդառաջ գնում նրան և շտապում թարմացնել հաստատությունը հնի բարեփոխությամբ, նոր լավագույնի ներմուծմամբ, ապա նա փրկում, բարձրացնում է հաստատությունը, նա դառնում է հանճարեղ վարիչ, իմաստուն հայր և սիրելի` ժողովրդին։

Իսկ երբ բարենորոգության պահանջն արդեն բուռն գիտակցական է դառնում ներքևում` ժողովրդի մեջ, որի հախուռն ցանկության առջև պատնեշ է դնում վերը` իշխանությունը, այնժամ ինքը` ներքին զորեղ հոսանքը, ժողովուրդը, եթե մշակութապես բարձր է, կամ կործանում է իշխանությունը և հաստատությունը իր ուզած ձևով կազմակերպում ¥ինչպես այժմյան Տաճկաստանն ու սուլթան Համիդը¤ և կամ, եթե մշակութապես ստոր կամ մաշված, հոգեպես ցնցոտի ժողովուրդ է` խոտում, մերժում է հինը, այլասերում, ընկնում է, կորցնում հաստատությունը և օտար հաստատությունների մեջ է որոնում իր հոգու հանգիստը, միաժամանակ` իր ինքնության գերեզմանը։

. Սիրտ կրթող վարժարաններից ամենագերազանցն է թատերական բեմը, իսկ արտիստը` ավերակ սրտերը վերաշինող ճարտարապետը, ուսուցիչներից` ամենալավ վարժապետը։

. Կուզեի ասել` հայեր, ա՜յ օտարասեր խրոխտ դուք հայեր, ձեր քաջալերությամբ հայ հանճարը վառեցեք։ Ով չի քաջալերում, նա հանճարի, շնորհքի, տաղանդի դահիճն է։

1909 թ.

. Աստղեր կան, որոնք մեզ տեսանելի երկնակամարի վրա երևում են տասնյակ տարիներից, նույնիսկ դարերից հետո։ Նրանք մեր գլխի վրա պսպղացող, միապաղաղ ցոլքերով խաղացող աստղերի ընկերը չեն։ Նրանք եկվոր են, հյուր։

Տիեզերքի Տերը իր գաղտնարաններից հանում է նրանց և մերթընդմերթ ուղարկում մեր աստղերի աշխարհը։

Նրանց հանդես գալը աննկատելի չէ ո՛չ տիեզերական մարմինների, ո՛չ մարդկանց, ո՛չ բնության համար։ Ինչպես արքայական այցելություն, որ իրարանցում է առաջացնում ժողովրդի մեջ։

Այդպես են և այն հազվագյուտ մեծ մարդիկ, որոնք մարդկային կյանքի մեջ երևում են իրենց ծննդյամբ, փայլուն գործունեությամբ, անսովոր հանճարեղությամբ և նույնչափ անսովոր մահվամբ։

Նրանց ճակատին աստվածային մի փունջ ցող է ծաղկած լինում։

. Մեր ժողովրդական հավատալիքների մեջ, որոնք, անշուշտ, հեթանոսական ծագում ունեն, մի այսպիսի բան կա։ Երբ փայտահատները կուսական անտառներում կտրում-սղոցում են ամպածրար կատարով հսկայական, դարավոր ծառը, նրա անկման որոտը լցնում է անտառ, սար ու ձոր, արձագանքներ ծնում, ցնցում ստեղծում։

Այդ որոտը միայն ծառի անկման որոտը չէ, այլև նրա մեջ ապրող ոգու ճիչը, մեծ ոգու ճիչը։

. Բերանաբաց գերեզմանն ու թարմ հողը թերություն չեն ընդունում։

. Հայ ազգը առաջադեմ ազգ է. այդ կարծիքը դեռ տիրող կարծիք է։ Ամեն մի նորություն ցնցում է նրան, ամեն ձայնի նա զորեղ արձագանք է տալիս։

Թո՛ղ փորձեն մի օտար երկրում ազատության դրոշակ պարզել։ Նրա տակ մտնող առաջին շարքերը հայերը կլինեն, թեև իրենց երկրում, իրենց բնակավայրում, իրենց տանը չեն քաշվի բռնավոր լինել։

. Եթե մի զորեղ ձայն, կամ ուժի, կամ նորաձևության ձայն հնչի, թե պետք է այսինչ բարիքն անել, նյութապես օգնել, որ նույնիսկ գուցե պետք չէ անել, հայկական քիսան լայնաբերան է բացվում, և ոսկին չի հաշվվում, այլ հոսում է այնտեղից, թեկուզ իր աչքի առաջ սովից ցամաքեն, ցրտից կարկամեն կարեկցության և օգնության արժանի անձինք ու հաստատություններ, որոնք նորաձևության օրակարգում չեն։

Այդպես հայը միաժամանակ կարող է լինել և՛ առատաձեռն, և՛ գծուծ, և՛ գթոտ, և՛ անգութ։

. Միապետության վարչակարգի ժամանակ հայն ընդունակ է հող ու մոխիր դառնալու իր այն իսկական մեծ մարդու առաջ, որը նրա արցունքներն է սրբել։ Փոխվեց վարչակարգը` հայն ընդունակ է ոտքերի տակ առնելու և տրորելու իր մեծ մարդուն, իր բարերարին և ծափերի որոտով մեծ հռչակելու որևէ լարախաղացի, որի ոստյունների տակ ափիբերան է մնացել։

Հայն ընդունակ է, դիցուք, մի ուրիշ մեծ մարդու անօրինակ թափորով և աշխարհասասան աղմուկով իր գիրկն ընդունել, իր սրբություն սրբոցը, իսկ վաղը կարող է հայհոյել. երբ նա մեռնի` նրա թաղումը մեծ հանդիսավորությամբ պատվել, իսկ մեկ տարի անց մի խոսք իսկ չգտնել պատվելու մեծի հիշատակը նրա գերեզմանի վրա։

Հայը կարող է որևէ նոր հողմի շարժումով հասարակ, մահկանացու, անցողական մի փոքրիկ գրչակի մեծ վիպասան, մեծ բանաստեղծ, մեծ գեղարվեստագետ հռչակել։ Նա կարող է նաև մոռացության մեջ թաղել այնպիսի բանաստեղծի, հեղինակի, որ դարերով չպիտի մեռնի։

Այսպես երերուն է հայը, այսպես հողմավար, այսպես անհաստատ, այսպես դյուրավառ։

Պակասում են ինքնաքննությունը, հոգու անկախությունը, պարզ գիտակցությունը և անկեղծությունը։

. Սերն ու վիշտը երկվորյակներ են, նրանց հոգեբանությունը նույնն է։

Վիշտն էլ անձայն, անբարբառ ու համր է սիրո պես, լռությունը խորունկ վշտի իսկական արտահայտությունն է և զարդարում է թե՛ ողբացյալին, թե՛ ողբացողին։

1910 թ.

. Ժողովուրդը դարերով ապրել է իր անգիր բանահյուսությամբ, իր հոգու բանավոր, բերնեբերան անցնող արտադրություններով։ Նորագույն ժամանակի հեղինակները փոքրիշատե միայն ժողովրդի կյանքը ուսումնասիրության ու գրականության նյութ դարձրին։ Նրանք` եվրոպական գիտության և լուսավորության հրապույրով արբեցած, պահանջեցին միայն եվրոպականը մտցնել հայոց մեջ։ Այդ շահավետ, անտարակույս ազնիվ կոչն անելով հանդերձ, միակողմանիության մեջ ընկան` մոռացության տալով մի բան, այն է` հայ ժողովուրդն ինքը ուսումնասիրության, գիտության, արվեստի աղբյուր կարող է լինել։

1912 թ.

. Բարեխղճությունը բարեկրթության և ազնվության ամենալավ նշանն է։ Կարճ ասենք` բարեկրթությունը քաղաքակրթության նշան է։

Հանձն առած պարտականությունը ճշտությամբ կատարելը, ուրիշի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելը, բարիքը բարիքով փոխադարձելը բարեխղճություն է։ Ամեն տուն, հաստատություն, ազգ, պետություն բարեխղճությամբ է միայն հաստատուն։

Անցյալում ես մի պարոնի հետ ճանապարհորդում էի։ ՈՒղեկիցս գերմանական կյանքից մի դեպք պատմեց։ Նա այսպես սկսեց.

-Տարիներ առաջ Բեռլինում էի։ Մի օր մոռացել և մի շատ կարևոր նամակ ժամանակին չէի հասցրել ուր հարկն է։ Փոստն արդեն նամակները բաժանում էր, իսկ հաջորդ փոստով նամակս կուշանար։ Շտապեցի հրապարակ, որ մի սուրհանդակ վարձեմ և նամակս նրա ձեռքով տեղ հասցնեմ։ Պատահեցի փոստի նամակաբաշխին, որ գնում էր այն տունը, ուր նամակ պիտի ուղարկեի։ Հայկական սովորությամբ, հանգամանքից օգտվել կամենալով, նամակաբաշխին առաջարկեցի քսան պֆենինգ վարձ, եթե նա հոժարի նամակս տեղ հասցնել, մանավանդ հենց այն տունը տանելու նամակներ ուներ։

Գերմանացի նամակաբաշխը զարմացած նայեց ինձ և դժգոհությամբ ասաց.

-Իմ պարոն, Դուք ինձ գողություն եք սովորեցնում, Դուք ձեր նամակն ուզում եք առանց նամականիշի իմ ձեռքով ուղարկել և վնաս տալ փոստի հաստատությանը։ Միաժամանակ դուք ինձ առատ կաշառք եք խոստանում, որ փոստի նամականիշը կորչի։ Դա անբարեխղճություն է, ես այդ բանը չեմ անի։

Զարմացած ու շփոթված` ես ներողություն խնդրեցի։

-Բայց եթե այդքան անհետաձգելի նամակ է, պարոն, ես ձեզ մի լավություն կարող եմ անել առանց վարձատրության` ես նամականիշ կկպցնեմ և կտանեմ։

Եվ նա իմ ներկայությամբ մի նամականիշ հանեց գրպանից, կպցրեց նամակիս ու տարավ։

Այդպիսի բարեխղճությունը մեզ` հայերիս համար դեռ իդեալ է։

. Մեռելոց աշխարհը` գերեզմանոցները և տաճարների գավիթները, շատ ճոխ, շատ փայլուն արձաններ ունեն, որոնք լոկ զարդ են մի մեռած մարդու, լոկ տապանագիր, որ իմացվի, թե ով է նրա տակ ամփոփված։ Դրանք լոկ արձաններ են, որոնք հուշ չունեն, որոնք այցելուներին շշնջալու, պատմելու բան չունեն, խրատելու ու ոգևորելու բարբառ չունեն. դրանց գետինը դրամն է գնել, արձանը դրամն է կառուցել։ Դրանց մեջ ինքը մահն է ապրում։

Այդպես չեն սակավ ընտիրների արձանները, որոնք հուշարձաններ են, անբարբառ` բայց խոսուն, անշարժ` բայց ոգևորություն շարժող, անձայն` բայց այցելուին խրատ կարդացող։ Դրանց մեջ անմահությունն է ապրում, Ինքն անմահ Աստվածը` գաղափարների կենդանի տաճարում։

Սովորական մահկանացուի համար կյանքը վայելք է, իսկ ընտրյալների համար` տանջանք ու զոհաբերություն։ Գալիս է հատուցման օրը. մահն իր ձեռքերով հատուցումն է բերում, վայելողներին` հավիտենական մոռացություն, զոհին ու զոհաբերողին` հավիտենական անմահություն։

1913 թ.

Հրապարակման պատրաստեց

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԸ

Դիտվել է՝ 2043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ