Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ինչ կպատասխանի Իրանը Սիրիայի առնչությամբ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի սպառնալիքներին

Ինչ կպատասխանի Իրանը Սիրիայի  առնչությամբ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի սպառնալիքներին
01.03.2016 | 00:25

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Սիրիայի առնչությամբ Ռուսաստանի ներկայացրած բանաձևի նախագծի քննարկման պայմաններում, որով նախատեսվում էր հաստատել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ բացառելով երրորդ երկրների տարածքից նրա դեմ ուղղված զինված գործողությունները, նորից օրախնդիր է դառնում այն հարցը, թե ինչ են մտադիր ձեռնարկել Դամասկոսի մերձավոր դաշնակիցները։ Արևմուտքը վերադարձել է Սիրիայի երկնքում «անթռիչք գոտիներ» սահմանելու մտքին, ինչը հետևում է թե՛ ԱՄՆ-ի ներկայացուցիչների, թե՛ Ֆրանսիայի նախագահ Օլանդի խոսքերից։ Նկատի ունենալով այն տեղեկությունները, որ Սաուդյան Արաբիան զինվորականներ ու ավիացիա է նետում թե՛ Թուրքիա, թե՛ Հորդանան, և որ արդեն արևմտյան մամուլում «քննարկում են», թե ինչպես պետք է թուրքերը հյուսիսից, իսկ սաուդցիները՝ հարավից ներխուժեն Սիրիա, կարելի է պատկերացնել, որ այդ երկրները իրապես ձգտում են սրել լարվածությունը կամ էլ միջնորդավորված պատերազմը։ Բայց արդյո՞ք Սիրիայի հետ։ Այս հարցն էլ ավելի տեղին ու օրինաչափ դարձավ այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հաստատել են Սիրիայում հրադադարի կանոնները։
Հրապարակավ Արևմուտքը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ «փայ մտած» պահանջում է. 1) դադարեցնել Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ավիահարվածները, 2) դադարեցնել սիրիական բանակի և նրա դաշնակից ցամաքային ուժերի հարձակումները։ Ըստ էության, այդ «կոալիցիան» Սիրիայից ու նրա դաշնակիցներից պահանջում է... անվերապահ կապիտուլյացիա։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը հետ է կանչում իր ռմբակոծիչ ավիացիան Սիրիայից ու Իրաքից, և տեղեկություններ են ստացվում, թե ՆԱՏՕ-ն չի աջակցի Թուրքիային՝ «Ռուսաստանի հետ ընդհարման» դեպքում։ Ավաղ, Արևմուտքն առաջվա նման զբաղված է Ռուսաստանի ու նրա պետական ղեկավարության «դիվայնացմամբ», այստեղ անգամ Սիրիան կապ չունի, և արևմտյան, իսկ հիմա նաև թուրքական ու սաուդյան քաղգործիչների ճամարտակությունները կոչված են ուռճացնելու նախապատրաստական գործողությունների իրական չափերը։ Բայց հազիվ թե այն բանի համար, որ Թուրքիային և Սաուդյան Արաբիային «քսի տան» Ռուսաստանի վրա։ Ոչ ոք չի ցանկանա, որ ՆԱՏՕ-ի անդամ կամ ԱՄՆ-ի դաշնակից երկիրը հարձակվի մի տերության վրա, որն օժտված է նույնիսկ կանխիչ միջուկային հարվածի իրավունքով։ Հետևաբար, իրականում բացառված չէ, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի պատերազմական պատրաստությունների նպատակը նույնն է. իբր արևմտյան պատժամիջոցներից ազատված Իրանը։ Առավել ևս, որ շուտով Իրանում հերթական խորհրդարանական ընտրություններն են։ Դրանք հսկայական գին ունեն. կկարողանա՞ն, արդյոք, իրենց դիրքերն ուժեղացնել «պահպանողականները» կամ «բարեփոխիչները», որպիսիք Արևմուտքի համար ավելի շուտ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Մոհամմադ Ջավադ Զարիֆան են։ Իսկ հրապարակավ թուրքերն ու ամերիկացիները ձևացնում են, թե ամբողջ խնդիրն այն է, որ Անկարան ու Վաշինգտոնը տարբեր կերպ են վերաբերվում սիրիացի քրդերին։ Համապատասխանաբար, շարունակվում են նաև սիրիացի քրդերի գնդակոծությունները թե՛ Հալեպի ուղղությամբ, որին, իբր, նետվում է «փրկելու» Թուրքիան, թե՛ Այն-Էլ-Արաբի, Էլ-Էամշլի և Դեյր Էզ-Զորի ուղղությամբ։ Եվ միայն սաուդցիները չեն թաքցնում, որ իրենց նպատակը հենց Իրանն է։ Էր-Ռիադը հասել է այնտեղ, որ իր ագրեսիվ իրանատյացությունը տարածում է մերթ մարզական ոլորտի վրա (պահանջելով չեղարկել ֆուտբոլի Ասիական համադաշնության խաղերը Իրանում), մերթ ամերիկյան լրատվամիջոցներում (թագավորության արտգործնախարար շեյխ Ադել ալ-Ջուբեյրայի ստահոդ մեղադրանքները «Նյու Յորք թայմսում», որտեղ սաուդյան հերթական արքայազնը Իրանն անվանել է «ահաբեկչության գլխավոր հովանավորն աշխարհում», մատնանշելով Եմենն ու Սիրիան)։ Նման է, չէ՞, վերջերս Թեհրանի հասցեին Արևմուտքի և Իսրայելի հնչեցրած մեղադրանքներին։
Հին հնարք է և արտացոլված է դեռ «Գողը առաջինն է գոռում՝ բռնիր գողին» կամ «Գողի փափախը վառվում է» ասացվածքներում։ Չէ՞ որ սուննիական ահաբեկչական կազմակերպությունների հետ սաուդցիների կապը և ինչպես Եմենում, այնպես էլ Սիրիայում այդ խմբավորումներին ցուցաբերվող խոշորաչափ ֆինանսական և այլ օգնությունը ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Բայց, այսպես թե այնպես, Իրանի առաջին խորհրդարանական ընտրությունների և Սիրիայում լարվածությունը սրելու Արևմուտքի, Թուրքիայի և սաուդցիների մտադրությունների միջև ինչ-որ կապ կա։ Եվ այդ բանը Թեհրանում գիտեն։ Պատահական չէ, որ փետրվարի 17-ին և 19-ին Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին իր հայտարարություններում ոչ միայն «սովորության համաձայն» ընդգծեց, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և ԵՄ շատ անդամների քաղաքականությունը «թելադրում է սիոնիզմի համապարփակ ցանցը», այլև վերապահություն արեց, թե ԱՄՆ-ը ծրագրում է կասկածի տակ առնել այն որոշումները, որ կկայացնի Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը՝ Մեջլիսի և Իրանի փորձագետների ընտրությունները հռչակելով ապօրինի։ Իսկ ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զոլֆաքարին հայտարարեց, որ Իրանի սահմանապահ ծառայությունները ձերբակալել են հակահեղափոխական խմբավորումների մի քանի ներկայացուցիչների, որոնք ծրագրել էին ձախողել առաջիկա ընտրությունները։ Ինչպես ընդգծել են իրանական լրատվամիջոցները, ավելի վաղ Զոլֆաքարին հաղորդել էր, որ Իրանի անվտանգության ուժերին հաջողվել է կանխել օտարերկրյա լրտեսների ներթափանցման փորձը, որոնք ծրագրում էին հետախուզական գործողություններ իրականացնել Իրանում։ Իրավիճակն այնքան վճռորոշ է թվում, որ իրանական իշխանություններն ակտիվորեն աշխատում են ազգային և կրոնական փոքրամասնությունների հետ: Այսպես, ինքը այաթոլլահ Խամենեին հանդես է եկել Արևելյան Ադրբեջանում, որն առավելապես թուրքախոս նահանգ է։ Իսկ Իրանի հայ համայնքի անունից Օրումիյեի (ՈՒրմիա) նահանգի հայերի առաջնորդ Փայլակ Սահակն ընդգծել է, որ հայերը մտադիր են զանգվածաբար մասնակցել առաջիկա ընտրություններին, և որ Իրանի հասցեին հնչող արևմտամետ մեղադրանքները, թե իբր որոշակի տարրեր, ներկայանալով որպես մարդու իրավունքների պաշտպաններ, խախտում են կրոնական փոքրամասնությունների իրավունքները, «Իրանը վարկաբեկելու փորձեր են»։
Այսինքն, ԱՄՆ-ի գլխավորած հակաիրանական ուժերի ամբողջ խումբը վերադառնում է, ասենք, «սուննիական քարտի» կամ բազմազգ Իրանի ներքին ազգային գործոնի խաղարկման փորձերին։ Այլ խոսքով, վերադարձ 2002-2006 թթ. իրավիճակին, երբ ուզում էին հրահրել թրքախոս հյուսիսային նահանգները, ինչպես նաև արաբախոս Խուզեստանը և Սիստան-Բելուջստանի նահանգը։ Սակայն Թեհրանը պատրաստ է, պատրաստ են նաև Իրանի ազգային ու կրոնական փոքրամասնությունները։ Օրինակ, անցյալ տարվա աշնանը հենց իրենք՝ Դեզֆուլ քաղաքի արաբախոս բնակիչները, իշխանություններին հանձնեցին այն «հեղափոխականներին», որոնք հետո խոստովանել էին, որ իրենց պատրաստել են ամերիկացիները՝ Իրաքի տարածքում, և այլն։ Իսկ ինչ-որ արտաքին ագրեսիվ գործողությունների նախապատրաստումը, հնարավոր է, սոսկ ֆոն է, որպեսզի թուրքերի ու սաուդցիների միջոցով Իրանը «հեղափոխականացնեն ամերիկյան ձևով»։ ՈՒստի և հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս է պատրաստվում Թեհրանը Արևմուտքի և սուննիական խամաճիկ պետությունների այդ ամբողջ խժդժոցին։ Դա ակնբախորեն ցուցադրվեց Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանի վերջերս Ռուսաստան կատարած այցի ընթացքում։ Այդ այցի և, ինչպես նշեցին իրանական լրատվամիջոցները, քաղաքական և պաշտպանական բարձր մակարդակի բանակցությունների առանձնահատուկ դերի մասին է վկայում նաև այն փաստը, որ բացի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուից, Իրանի ամբողջ պատվիրակությանը Կրեմլում ընդունեց նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Իրանցիների հետ Պուտինի բանակցությունների նրբությունների մասին մենք հազիվ թե որևէ բան իմանանք։ Բայց ընդհանուր առմամբ հայտնի է, որ «Ռուսաստանն ու Իրանը բախվում են տարածաշրջանային ընդհանուր մարտահրավերների ու սպառնալիքների, որոնք պահանջում են համատեղ ջանքեր»՝ այսպես բնութագրեցին պաշտպանության երկու նախարարները իրավիճակն ու ռազմական և ռազմաքաղաքական ոլորտներում ռուս-իրանական հարաբերությունների դինամիկան։
ՈՒշադրության առնենք այն, ինչ մատնանշել են Իրանի առաջատար լրատվամիջոցները, սկսած IRNA-ից, Պուտին-Դեհղան հանդիպման կապակցությամբ։ Թեհրանում նշել են, որ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը գոհունակություն է արտահայտել պաշտպանության և անվտանգության ասպարեզում Թեհրանի ու Մոսկվայի համագործակցության ընդլայնման ու խորացման կապակցությամբ, այդ համագործակցությունը համարելով բնական ու անխուսափելի՝ երկու երկրների ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակներում։ Պուտինը բարձր է գնահատել Իրանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները տարածաշրջանային ճգնաժամերին դիմակայելու և դրանք զսպելու հարցում, ասելով, որ տարածաշրջանում կայուն անվտանգության ստեղծման գործում երկու երկրների դերը կարևոր նշանակություն ունի, ինչպես նաև ողջունել է Իրանի մուտքը համաշխարհային շուկաներ՝ գործողությունների համատեղ համալիր պլանի իրացման հետքով, դա համարելով Իրանի բնական իրավունքը։ Բրիգադային գեներալ Դեհղանը, իր հերթին, փոխանցելով Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի և նախագահ Ռոհանիի ջերմ ողջույնները, պաշտպանության և անվտանգության ասպարեզում երկու երկրների հարաբերությունները գնահատել է որպես լավ ու կառուցողական, և ասել է. «Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները ռազմավարական են ու երկարաժամկետ»։ Իրանի պաշտպանության նախարարը նշել է Ռուսաստանի նախագահի արդյունավետ դերը, ռազմավարական ու բախտորոշ որոշումները տարածաշրջանային բարդ ճգնաժամերի լուծման գործում, և հայտարարել, որ ահաբեկչությունը տարածաշրջանում անհրաժեշտ է արմատախիլ անել սերտ համագործակցության և գործողությունների համակարգման միջոցով։ Այդ հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաև Ռուսաստանի վարչապետն ու ՌԴ պաշտպանության նախարարը, Դեհղանը մատնանշել է երկու երկրների ղեկավարության կամքը՝ զարգացնելու և խորացնելու իրենց բազմակողմ հարաբերությունները, և հայտարարել է. «Այս գործընթացը կարող է հարմար մոդել դառնալ տարածաշրջանային համագործակցության համար»։ Իրանի պաշտպանության նախարարի և «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավարի միջև կայացած հանդիպման ժամանակ ռուս պաշտոնյան հայտարարել է. «СУ-30 կործանիչ ինքնաթիռների նոր սերունդը և օդանավագնացային համակարգերի տեխնոլոգիաների ձեռքբերումը այն բնագավառներն են, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Իրանի հետ համագործակցության հարցում»։
Հենց այս ամենից հետո էլ Իրանի և Ռուսաստանի լրատվամիջոցներում տեղեկություններ երևացին այն մասին, որ կողմերը սկզբունքորեն պայմանավորվել են Ռուսաստանի կողմից Իրանին 8 մլրդ դոլարի սպառազինություն վաճառելու մասին։ Իսկ ինքը՝ Դեղհանը Մոսկվայից մեկնեց Աստրախան, որտեղ փակ միջոցառման շրջանակներում մասնակցեց С-300 ПМУ տիպի առաջին զենիթահրթիռային համալիրներն Իրան ուղարկելու արարողությանը։ Իսկ արդեն փետրվարի 18-ին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի օգնական Մուստաֆա Այզադին հաստատեց Կասպից ծովով առաջին С-300-ների առաքումը։ Ռուսական բազմանպատակ СУ-30 СМ կործանիչների գնման պայմանագիրը Իրանի կողմից կարող է ստորագրվել ընթացիկ տարում։ Իրանական և ռուսական լրատվամիջոցները հաղորդել են նաև, որ, բացի СУ-30 СМ-ից, կողմերը քննարկել և համաձայնեցրել են ՌԴ-ից Իրան ЯК-130 ուսումնավարժական ինքնաթիռների, Ми-8 և Ми-17 ուղղաթիռների և արդիական գերձայնային «Яхонт» հրթիռով զինված «Երկիր-երկինք» տիպի «Бастион» հրթիռային համակարգերի մատակարարումները, ինչպես նաև Т-90С տանկերի, «Фрегат» դասի ռազմանավերի, դիզելային սուզանավերի և որոշ այլ զինատեսակների ստեղծման գործում համագործակցելու հարցերը։ Ի դեպ, հանված չէ նաև ՌԴ-ից Т-90С տանկերի ուղղակի մատակարարումների հարցը, թեև իրանցիները պնդում են, որ իրենց հաջողվել է մշակել Т-90-ի իրենց տարբերակը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ դեռ մինչև Դեհղանի Մոսկվա գնալը մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում էին, որ Թեհրանն անհրաժեշտության դեպքում կարող է Մոսկվայից գնել С-400 «Триумф» տիպի զենիթահրթիռային համակարգեր, և որ այդ հարցն այժմ իբր քննարկվում է, ապա մոտավոր պատկերացում կունենանք, որ Թեհրանը, ինչպես Ռուսաստանից վերադառնալուց հետո հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարը, լրջորեն «մտադիր է առավելագույն ուշադրություն նվիրել երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը, քանի որ դա կհանգեցնի ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանի անվտանգության բարձրացմանը»։ Ի դեպ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության համաձայն, Վաշինգտոնը դարձյալ հավանություն չի տալիս Իրանին С-300 ПМУ համակարգերի մատակարարմանը, և «ԱՄՆ-ը իրեն իրավունք է վերապահում միակողմանի պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ՝ Թեհրանի կողմից երկրի պաշտպանական ծրագրերի զարգացման կապակցությամբ»։

Սերգեյ
ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ