«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մոռացված վարդապետի արձագանքը

Մոռացված վարդապետի արձագանքը
01.03.2016 | 02:10

Հայրենասիրությունը, ճշմարիտ ժողովրդասիրությունը իդեալ է մարդկության համար, լավագույն պատգամն է Գողգոթայի նահատակներից տրված. նրան պետք է մոտենալ հոգու անձնվիրությամբ, սրտի հեզությամբ, քրտնաթոր աշխատությամբ` առանց անձնական ակնկալությունների, մարմնի զոհաբերությամբ։
Այս խաչը շատերն իրենց ուսն առնելու փորձն արին` առանց իմ շեշտած բարեմասնություններն ունենալու, ուստի և դյուրությամբ աղավաղեցին իդեալը, հետ մղեցին ժողովրդին իրենցից, նրանց կոպիտ ձեռքերի մեջ թոշնեց ծաղիկ-իդեալը, որ պահել էին ուզում։
Սրանք իդեալի աղավաղողներն են։
1914 թ.

. Կովկասն իր բնությամբ հարթ-հավասար, միապաղաղ դաշտավայր չէ, այլ ամպածրար կատարներով իր երկինքը քերող լեռների, անդնդախոր ձորերի, պտղավետ գողտրիկ հովիտների, ցամաք ու դաժան բարձրավանդակների մի երկիր է, որի բարձունքում վրանաձև փռված երկինքը սիրում է իր գույնը, իր հանդերձանքը, իր շունչը շուտ-շուտ փոխել. մերթ` ջինջ ու հստակ, ինչպես հյուսիսային աշխարհում ծնված մանկան կապուտակ անուշ աչիկները, մերթ` մութ ամպերից քող առած, որոտ ու կայծակով կուրծքը լի մի չար Արհմն, որ պատրաստ է իր ցուրտ, կարկամեցնող շնչով, իր սոսկատարափ կարկուտով բույսն ու ծաղիկը վերացնելու, մերթ` շոյող մայր, մերթ` դաժան թշնամի։
Այս երկրի վրա, այս երկնքի տակ ապրող ժողովուրդներն ու ազգերը հարազատ որդիներն են իրենց աշխարհի բնության, արձագանքներն այդ բնության։
Ոչ միայն ազգերն իրարից տարբեր են իրենց հոգեկան աշխարհով, այլև նույնիսկ միևնույն ազգի լեռնաբնակ և դաշտաբնակ, հովիվ ու երկրագործ, թափառական ու նստակյաց դասերը, որոնց մտածողության, բարքերի ու վարքերի, կազմվածքի ու խառնվածքի ¥ՑպՎտպՐՈՎպվՑ¤ մեջ ոչ միայն նույնություն չկա, այլև նմանությունն իսկ պակասում է։
. Ի՞նչ կասեք. դատողություններ անելու ժամանակն անցել է, եթե սխալ` արդեն եղել է, վտանգի ճամփեն բռնելով հայն արդեն խորն է գնացել, ուրիշ շեղ ճամփա չկա, հետ դառնալն անհնար է։ Այժմ փրկությունը ձեր ձեռքում է, հայեր, հայրենիքի փրկությունը։ Պետք է լռեն բոլոր դատողությունները, ճշմարիտ հայրենասիրության առջև դատողությունները համրանում են, մեծահոգությունը` զորանում. պետք է ազգովին լիառատ բռերով օգնության հասնել։
Մեր փրկությունը այժմ Բարձրյալ Աստուծուց և մի քանի միլիոն արծաթից է կախված, իսկ հայության մեջ տասնյակ միլիոնների տեր հարյուրավոր անձինք կան։
Կարդացել եք, անշուշտ, ազգերի ազատության պատմությունը` հունաց, բուլղարների, Իտալիո. այդ օրերում միլիոնատերերն իրենց ամբողջ ունեցածը նվիրաբերեցին ազգային սուրբ սեղանին, աղքատացան, բայց ազատության լուսաբացին ազատության անուշ օրորով ննջեցին։ Եվ ազատագրված ազգը` նրանց զավակներին դիրք ու պատիվ տալով, երախտահատույց ու հավիտենական երախտապարտ մնաց։
Դուք էլ, հայեր, այդ ճամփեն բռնեցեք, եթե հայրենասիրությունը ձեզ համար մետաղից ավելի է, եթե ստրկության շղթաները ձեզ սիրելի չեն։
Մի կարծեք, թե աշխարհիս վրա արդարություն չկա, հատուցում չկա։ Տիեզերքի ամեն մի անկյուն արդարությամբ լի է. դա Տիրական օրենքն է` բարուն բարի, չարին չար հատուցել։
Ի՞նչ կլինի ձեր հոգեվիճակը, եթե կործանվող ժողովուրդը, որի աչքը ձեզ է հառած, անօգնական մնալով` լքյալ մեռնի. նրա խղճուկ մնացորդը` գազան դարձած ձեզ կուլ կտա, ձեզ, ում ոտքերին փարելով՝ այսօր օգնություն է աղերսում։
Ի՞նչ կասեն ձեզ հարևան ազգերը. չե՞ն ասի` դատարկ ու չարչի ազգ, հայրենիքի ազատությունը ոսկով փոխարինեց, ոսկե շղթաներն ու արծաթի դեզերն ավելի սիրեց։ Ինչպե՞ս կդիմանաք այս սոսկալի արհամարհանքին...
. Քրիստոնեությունը արևելքի բռնության դեմ խոյացող առյուծ եղավ. նա բռնավորների աչքերը փորեց, կուրացրեց նրանց և աշխարհին անհատական ազատություն ավետեց, որ աճում է հավասարության ու եղբայրության մաքուր հողի վրա։ Քրիստոնեությունը անհատի անձը իսկական ու սուրբ տաճար քարոզեց, ուր տեղափոխեց Աստուծո աթոռը, հետևաբար անձը` անմատչելի բռնությանը. անձը սուրբ է, ոչ ոք իրավունք չունի քանդելու այս սուրբ տաճարը։
. Մեռելոց աշխարհը` գերեզմանոցները և տաճարների գավիթները, շատ ճոխ, շատ փայլուն արձաններ ունեն, որոնք լոկ զարդ են մի մեռած մարդու, լոկ տապանագիր, որ իմացվի, թե ով է նրա տակ ամփոփված։ Դրանք լոկ արձաններ են, որոնք հուշ չունեն, որոնք այցելուներին շշնջալու, պատմելու բան չունեն, խրատելու ու ոգևորելու բարբառ չունեն. դրանց գետինը դրամն է գնել, արձանը դրամն է կառուցել։ Դրանց մեջ ինքը մահն է ապրում։
Այդպես չեն սակավ ընտիրների արձանները, որոնք հուշարձաններ են, անբարբառ, բայց խոսուն, անշարժ, բայց ոգևորություն շարժող, անձայն, բայց այցելուին խրատ կարդացող։ Դրանց մեջ անմահությունն է ապրում, Ինքն անմահ Աստվածը` գաղափարների կենդանի տաճարում։
Սովորական մահկանացուի համար կյանքը վայելք է, իսկ ընտրյալների համար` տանջանք ու զոհաբերություն։ Գալիս է հատուցման օրը. մահն իր ձեռքերով հատուցումն է բերում, վայելողներին` հավիտենական մոռացություն, զոհին ու զոհաբերողին` հավիտենական անմահություն։
Այդ դատաստանը մարդկանց դատաստանը չէ, այլ վերին անաչառ Դատավորինը, որի դատաստանն է արդար։
. Սա մի նոր փաստ է և մշտական ճշմարտություն, որ անկեղծ ոգևորության, գաղափարներին բոլորանվեր անձնվիրության առաջ մոռացվում են մարդկային մյուս մանր թերություններն ու մոլորությունները, որ մահկանացու են և մեռնում են. միայն վսեմ գաղափարն ու ոգևորությունն են անմահ մնում և անմահացնում։
1915 թ.
. Մարգարեներին ծաղրում էր անմիտ ամբոխը, «քաչալ, կաղ, հիմար, խենթ, դիվահար» էր կոչում նրանց, երեխաները քարերով էին հալածում, մեծերը` տանջում, ապա` կոտորում։
Առաքյալներին անվանում էին «մոլորվածներ, ժողովուրդ պղտորողներ, հարբածներ, դիվահարներ, մեղավորների բարեկամներ», նրանց բանտ էին դնում, ապա գլխատում, խաչում, սղոցում։
Իմաստուններին անվանում էին անհավատներ, Աստված հայհոյողներ, բարքեր ապականողներ, նրանց խաչում էին, եկեղեցուց վռնդում, թունավորում։
Մինչև ե՞րբ մեր մարգարեներին կոտորենք, առաքյալներին քարկոծենք, իմաստուններին սովամահ մեռցնենք։ Մեր ազգը մինչև ե՞րբ չհասկանա, որ մարգարեների և առաքյալների արյունը զուր չի կորել ու չի կորչում, այլ վերջիվերջո թափվում է անխրատ ազգի ու նրա որդոց գլխին։
Մի՞թե բաբելական գերության գուշակությունները անհետևանք անցան մարգարե կոտորող ազգի համար։
Մի՞թե անկատար մնաց վեհագույն մարգարեի վերջին խոսքը. «Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ մարգարեներին կոտորում և առաքյալներին քարկոծում ես, քանի՞ անգամ կամեցա քո ցաքուցրիվ որդիներին հավաքել, ինչպես հավը իր սիրո թևերի տակ է հավաքում իր ձագերին, բայց չկամեցար. արդ, այսուհետև քո տունը քո գլխին բրիշակ պիտի դառնա»։
Ի՞նչ է հայ ազգն այժմ. տնավեր, բնավեր, շուրջը` արյուն, չորս կողմը` ատելություն, որպես եղբայրասպան Կայեն «երերեալ և տատանեալ», որ հանգիստ չունի։
Մի՞թե այս վիճակը մեր իմաստունների, մարգարեների, առաքյալների անպարտ մահվան և արյան վրեժը չէ։
Մի՞թե այսպես կլինեինք, եթե նրանց լսեինք, նրանց սիրեինք ու նրանց ցուցումներից օգտվեինք։ Չէ՞ որ, երբ իմաստունին չես լսում, հիմարին ես լսում, հիմարությունը այդպես չարաչար է պատժում անխրատ ազգին։
1916 թ.

. Վերջապես եկան մեր լեզվի կապանքն արձակելու, մեր սրտից դողն ու սարսափը վտարելու ցանկալի ազատության օրերը։ Ազատ ենք մենք սիրտ բացելու, որ աշխարհը տեսնի, թե որքան սև է նա, ազատ ենք մենք մեր դարդը պատմելու, որ թեթևանանք և թեթևություն ակնկալենք նոր աշխարհից, նոր կարգերից, որոնք ազատության սուրբ շողերով են ցողված։
Հայ բազմաչարչար ազգը դարերով ստրուկ էր պես-պես, իրար հաջորդող տիրողներին, գերի` իր իսկ հայրենիքում, լոկ բանվոր ու ջրկիր` բռնացողների դռանը, ինչպես մի նոր Իսրայել նոր փարավոնների մտրակների տարափի տակ տառապելիս։
Դարավոր ստրկության կապանքներից ազատվելու այրող տենչանքը ի հնուց անտի հայի համար ստեղծեց մի սուրբ նշանաբան, մի առաջնորդող աստղ, մի սրբազան դրոշ, որի վրա երկաթե գրչով գրված էր.«Աստված, հայրենիք, ազատություն»։
Այս նշանաբանը գրկած ու նեղության խաչը շալակած` դանդաղ քայլերով, հևիհև ու կորաքամակ շարժվում էինք առաջ դեպի անհատական և ազգային ազատություն, հույսներս` ազատն Աստուծո վրա։
Անցանք արևակեզ անապատներով, անցանք արյան կարմիր ծովերով, և մեզ, ինչպես լուսեղեն մի ամպ, առաջնորդում էր մեր տենչանքը, մեր սուրբ դրոշակը։
. Մեր աչքի առաջ կատարված բարբարոսությունները որակելու համար անզոր է լեզուն, անզոր` գրիչը։
Ահա հայոց անօրինակ նահատակության երեք օրինակ։
Ահա հոգու կյանքով լի խոհական Սմբատ եպիսկոպոսը` Կարինի առաջնորդը, իր ժողովրդի հետ քշված Երզնկա. նրան տանում են գերեզմանոց, առաջարկում հավատն ուրանալ կամ մեռնել։ Ընտրում է վերջինը. խնդրում է իր աչքի առաջ փորել իր գերեզմանը, ապա մտնում է մեջը և մրմնջում իր աղոթքը։ Կտրտում են ականջները, քիթը, լեզուն, ճղակոտոր եղած կաղնուն տալիս վերջին հարված, և նա մեռնում է, մեռնում իր հավատի, իր ազգի ազատության համար։
Ահա Շավարշ երիտասարդ վարդապետը. քշվում է իր ժողովրդի հետ, իբրև պատասխան իրեն առաջարկված ուրացության։ Հոգու արիությամբ նախատում է բռնավորներին և արնաներկ ընկնում տաճկական յաթաղանների տակ։
Ահա և Գնել ծայրագույն վարդապետը. բոկոտն ու քաղցած` ժողովրդի հետ քշվում է Միջագետքի անապատները։ Տաճիկ արնախում գայլերը նրան պատիվ են անում. «Քեզ` իբրև Քրիստոսի փոխանորդի, պետք է պատիվ տալ, կոշիկ պետք է հագցնել, որ ոտքերդ խճերի վրա չցավեն»։ Եվ բերում են պայտ, ձիու պայտ ու պայտում են ազնիվ նահատակին, որ սոսկալի տանջանքներով ավանդում է հոգին` մատաղ բերելով կյանքը հայ ազգին, մարմինը` գիշակեր թռչուններին թողնելով։

1917 թ.

Հրապարակման պատրաստեց
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԸ

Դիտվել է՝ 1782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ