Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սադհուի առաջին ճամփորդությունները

Սադհուի առաջին ճամփորդությունները
01.03.2016 | 02:13

1906-ի վաղ գարնանը Սադհուն Շիմլայից սկսեց իր միսիոներական առաջին ճամփորդությունը Տիբեթի սարահարթի հնդկական գյուղեր։ Մինչ դեպի հյուսիս բարձրանալը նա որոշեց «հետախուզական» նպատակով շրջագայել Փենջաբի արևմտյան տարածքներով։ Անընդհատ դեպի արևմուտք ճամփորդելով և Խայբերի լեռնանցքը կտրելով` նա վերջապես անցավ Աֆղանստանի սահմանը և տեսնելով, որ տեղի ժողովուրդը հոգեպես ավելի սարսափելի վիճակում է, քան հնդիկները, որոշեց որոշ ժամանակ մնալ այնտեղ և ավետարանել։ Նա ավետարանչի հաստատուն քայլերով շրջում էր հեթանոս աֆղանների չքավոր գյուղերով և վերջապես հասավ Ջելալաբադ։ Մի քանի օր ավետարանելուց հետո նրան լրտես հայտարարեցին և դուրս վռնդեցին քաղաքից։ Մի քանի երիտասարդներ որոշեցին գիշերը ճանապարհին սրախողխող անել նրան, բայց բնիկներից մեկը, պատահաբար իմանալով այդ մասին, զգուշացրեց Սադհուին, որովհետև նրա մեջ միայն անկեղծություն ու մաքրություն էր տեսել։ Սադհուն հեռացավ քաղաքից և մոտակա առաջին գյուղը հասնելով` ապաստան փնտրեց, բայց գյուղացիները նրան գիշերելու տեղ չտվեցին։ Գյուղից դուրս գալով` նա տեսավ ճամփեզրի խարխուլ, դատարկ ու անբնակ պանդոկը և այնտեղ հանգրվանեց։ Երբ առավոտյան դուրս եկավ պանդոկից, անցնող գյուղացիները, նրան տեսնելով, զարմացած աղաղակեցին. «Դու ո՞ղջ ես մնացել... ուրեմն իսկապես Աստծո ընտրյալն ես»։ Պարզվեց, որ այդ պանդոկը օձերով, կարիճներով, թունավոր միջատներով, մեռածների ոսկորներով ու հիվանդություններով լցված որջ էր, և այնտեղ մտնող անտեղյակ օտարականներից դեռ ոչ ոք դուրս չէր եկել։ Գյուղացիները նրան բարեկամաբար գյուղ բերեցին, հյուրասիրեցին և խնդրեցին, որ իրենց գյուղում մնա։ Օրեր անց նրանք Սադհուին առաջնորդեցին դեպի հարևան գյուղերը` վկայակոչելով նրա հետ կատարված հրաշքը և բարեպաշտ վարքն ու բարքը։ Կարճ ժամանակից աֆղաններն այնպես սիրեցին ու կապվեցին երիտասարդ Սադհուին, որ խոստացան մտածել Քրիստոսի առաջարկած կյանքի մասին, իսկ նրանք, ովքեր իրենց սրտերը Հիսուսին տվեցին, Սադհուին առաջարկեցին ընդմիշտ մնալ իրենց մոտ։ Մի քանի ամիսների ընթացքում գրագետ գյուղացիներից ոմանք գրեցին Քրիստոսի մասին Սադհուի պատմած առակներն ու հրաշքները, իսկ ոմանք ուղղակի արտագրեցին Ավետարանը` փոխադրելով աֆղաներենի։ Շատ հուզիչ էր Սադհուի հետդարձի օրը։ Բազմաթիվ գյուղացիներ, նրա աղոթքով բժշկվածներ ու նորադարձ քրիստոնյաներ հավաքվել էին հրաժեշտ տալու իրենց տարածք մտած առաջին առաքյալին։ Սադհուն մերժեց նրանց նյութական բոլոր աջակցությունները, բայց չկարողացավ կոտրել քրիստոնյա քույրերի սերը, ովքեր իրենց ձեռքերով Սադհուի համար բրդյա տաք ծածկոց էին գործել ու հնդկական գլխարկ-փաթթոց կարել։ Սադհուն միշտ մեծ համակրանքով ու ջերմությամբ էր պատմում Ջելալաբադում անցկացրած իր շաբաթների մասին։
Սադհուն Ջելալաբադից հետո կարճ ժամանակով հանգիստ առավ Փենջաբի Շիմլայի ¥որտեղ մկրտվել էր¤ մոտ գտնվող Քոտկար գյուղաքաղաքում, որը հետագայում դարձավ իր ավետարանչական ճամփորդությունների կենտրոնը, հանգիստ առնելու և նոր ծրագրեր մշակելու գլխավոր կայանը, որովհետև այն գտնվում էր դեպի հյուսիս` Տիբեթ ու Հիմալայներ, և դեպի հարավային դաշտավայրեր տանող ճամփաբաժանի վրա։

Շիմլայի Սաբաթուում Սադհուն անակնկալի եկավ` ծանոթանալով ամերիկացի մի միսիոների` Սթոքսի հետ, ով խոշոր հարստության և գործարանների տեր լինելով հանդերձ` նաև նվիրյալ քրիստոնյա էր։ Մեկ-երկու անգամ Հնդկաստանով շրջագայելուց հետո նա իր հարստության գերակշիռ մասն ընծայել էր Արևելքի, հատկապես Հնդկաստանում գործող քրիստոնեական առաքելություններին և հնդիկի հանդերձ հագած` շրջում էր Հնդկաստանով` Քրիստոսի լույսը տարածելով խավարի մեջ բնակվողներին։ Նրանց ծանոթությունը ոգևորիչ էր երկուսի համար էլ, որովհետև նրանք նման ճակատագրեր և միանման տեսիլքներ ունեին։ Նրանք` նախկին ազնվատոհմիկ հնդիկ երիտասարդն ու նախկին մեծահարուստ և կյանք տեսած փորձառու ամերիկացին, երկուսն էլ ռադհուի դեղին հանդերձով, սկսեցին միասին շրջել` համոզվելով, որ իրենց միասնությունը Աստծո կամքով էր։
Դեպի Տիբեթ տանող լեռնալանջերին փռված գյուղերից մեկում քարոզելուց և բնակավայրից դուրս գալուց հետո Սադհուն հանկարծ սկսեց խիստ ջերմել, իսկ կարճ ժամանակ անց ուշագնաց եղավ և գետնին փռվեց։ Սթոքսն իր ուսի վրա առավ նրան և մի քանի կիլոմետր քայլելուց հետո մի եվրոպացու ապարանք հասավ, ով թանկարժեք քարերի, կտորների և համեմունքների առևտրով էր զբաղվում։ Սթոքսը եվրոպացուն հակիրճ պատմեց երիտասարդի մասին և նրա հանդեպ հոգածություն խնդրեց։ Նա խստասիրտ, անտարբեր և նյութապաշտ անձնավորություն լինելով հանդերձ` չկարողացավ մերժել Սթոքսին` հնդիկի հանդերձ հագած ամերիկացուն։ Սադհուի` մոտ երկու շաբաթ տևող ապաքինման ընթացքում եվրոպացին առիթ ունեցավ լսելու ճշմարիտ ու անկեղծ քրիստոնեության մասին և Քրիստոսին ընդունեց իր սրտի մեջ` ապաշխարելով և ճշմարիտ արժեքների հանդեպ հավատք ձեռք բերելով։ Այդ ժամանակ երեքն էլ հասկացան Սադհուի հանկարծակի ջերմի և ճանապարհից թեքվելու աստվածային նպատակը։
Դրանից հետո Սադհուն և Սթոքսը կրկին անցան իրենց առաքելությանը` շրջելով Տիբեթի ստորոտում գտնվող հնդկական անառիկ գյուղերում և անտանելի հալածանքներ կրելով։ Պողոս և Բառնաբաս առաքյալների նման նրանք ճեղքում էին հոգևոր թանձր խավարը և Ավետարանի լույսը սփռում նույնիսկ ամենավտանգավոր ու ամենակրոնամոլ վայրերում։ Քարոզչությունից բացի, նրանց ամենօրյա ուրախալի զբաղմունքն էին դարձել հիվանդների ու աղքատների համար աղոթելը, բորոտներին խնամելը, մերժվածներին քաջալերելը։
Քարոզչությանը զուգահեռ` նրանք մոտ մեկ տարի ծառայեցին Սաբաթուի և Լահորի հիվանդանոցներում պառկած անհույս և հարազատներից մերժված հիվանդներին` նրանց համար դառնալով իսկական ընկեր ու բարեկամ, չխորշելով անգամ նրանց փտած ու գարշահոտ մարմիններից։ Նրանց հավատքն ու սերը տեսնելով` հիվանդներն իրենց սիրտը տալիս էին Քրիստոսին։
Սադհուի հետ հանդիպելուց մեկուկես տարի անց Սթոքսը որոշեց կարճ ժամանակով Ամերիկա գնալ` քայքայված առողջությունը վերականգնելու և նորից Հնդկաստան վերադառնալու մտադրությամբ։ Սադհուն կրկին մենակ մնաց` ինչպես միշտ վայելելով Հայր Աստծո, Քրիստոսի և Սուրբ Հոգու մխիթարիչ ներկայությունը։
Սադհուի սրտի մեջ մի գաղտնի ու սիրասուն երազանք կար. ոտքով հասնել Պաղեստին` այցելելու Քրիստոսի քայլած սուրբ վայրերը։ Բայց մինչ այդ նա որոշել էր ոտքով շրջել նախ` Հարավային Հնդկաստանի քաղաքներով, ուստի Սթոքսի հեռանալուց երկու-երեք շաբաթ անց նա ճամփա ընկավ դեպի Բոմբեյ։ Նա ոչ այդ տարածքների տեղական բարբառը գիտեր, ոչ էլ նրանց սովորությունները, բայց անկոտրում հավատքով սկսեց ճամփորդությունը` գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, տասնյակ կիլոմետրեր դեպի հարավ իջնելով։ Մինչև Ջայպուր հասնելը ¥Դելիից մոտ 200 կիլոմետր դեպի հարավ¤ նա կանգ առավ մի գյուղաքաղաքում։ Նրա բոլոր խնայողությունները, վերջին կերակուրն ու մանրադրամները վերջացել էին։ Ոտքերը կոշտացել ու արյունոտվել էին։ Կոտրտված անգլերենով անցորդներից մի կերպ հարցրեց քրիստոնեական կայանի տեղը։ Երբ այնտեղ հասավ, դեռ հեռվից նկատեց, որ մուտքի առջև փոստատար մեքենայից դռնապանը ստանում էր փոստը` ծանրոցներն ու նամակների տուփերը ներս տանելով։ Երբ մեքենան հեռացավ, Սադհուն մոտեցավ և ապաստան խնդրեց դռնապանից` հայտնելով իր լրիվ անունը և մի փոքր պատմելով իր մասին։ Դռնապանն ասաց, որ նա մի փոքր սպասի, մինչև նրա մասին տեղեկացնի միսիայի ղեկավարին։ Միսիոները նույնիսկ նրան տեսնել չցանկացավ` մտածելով, որ երիտասարդը աղքատ թափառաշրջիկ է և ուղղակի կեղծ պատմություն է հնարել, որպեսզի ապաստան գտնի։ Նա մերժեց խնդրանքը։ Սադհուն, ինչպես միշտ, քաղաքավարի, բարյացակամ և օրհնելով շնորհակալություն հայտնեց ու շուրջը նայելով` դեպի մոտակա այգին քայլեց։ Թեև նվաղած, բայց ոչ նեղացած` նա մի մեծ ծառի ստվերի տակ նստեց` հանգիստ առնելու և ամեն ինչի համար գոհացավ Աստծուց։ Նույն պահին նկատեց, որ դռնապանը շնչակտուր դեպի իրեն է վազում։ Սադհուն մի կերպ ոտքի կանգնեց` մտածելով, որ միսիոները հավանաբար փոխել է իր որոշումը։ Երբ դռնապանը Սադհուին հասավ, նրան մեկնեց մի փոքրիկ ծանրոց և ասաց. «Մեր ղեկավարը ներում է խնդրում Ձեզ մերժելու համար և խնդրում է, որ վերադառնաք` գիշերը մեզ մոտ ապաստանելու։ Մենք շատ զարմացած ենք, որովհետև այսօր` Ձեր գալուց վայրկյաններ առաջ, առանց հետադարձ հասցեի մի ծանրոց ստացանք, որի վրա գրված էր Ձեր անունը, և փակցված Ձեր փոքրիկ նկարը։ Երբ Ձեր հեռանալուց հետո ղեկավարը ստուգեց փոստը և ինձնից կրկին հարցրեց Ձեր անունն ու ճշտեց նկարի հետ Ձեր նմանությունը, այս ծանրոցը Ձեզ ուղարկեց և մեզ մոտ ապաստանելու հրավեր տվեց»։ Սունդարը սիրալիր հրաժարվեց հրավերից` ասելով. «Ձեր միսիոներին հայտնեք իմ շնորհակալությունը, նաև օտարականներին այլևս չմերժելու և կոչմանը հավատարիմ մնալու հորդորը»։ Երբ Սադհուն արդեն մենակ էր, բացեց ծրարը և այնտեղ, չոր ուտելիքներից բացի, կենտրոնում թղթով փաթաթված ոսկե դրամներ գտավ։ Նա անսահման գոհունակությամբ փառաբանեց Տիրոջը հայրական սիրո համար, որովհետև միայն Նա գիտեր իր տեղը, միայն Նա կարող էր ճիշտ ժամանակին հասնել իրեն և հոգալ իր կարիքները։
Այսպիսի հրաշքներ հաճախ էին կատարվում Սադհուի կյանքում։ Նրա համար ասես սովորական էր դարձել մարդկանցից հեռու` ամայի վայրերում արթնանալն ու կողքին հաց ու սափորով ջուր գտնելը։
Հաջորդ օրը նա կազդուրված շարունակեց իր ճամփորդությունը, բայց այս անգամ ոչ թե Բոմբեյ իջնելով, այլ ուրիշ ճանապարհով կրկին դեպի հյուսիս բարձրացավ։ Նա հասկացավ, որ դեռ կգա Հարավային Հնդկաստանում քարոզելու ժամանակը։ Հետդարձի ճանապարհին մահմեդական հնդիկների գյուղերից մեկում նա որոշեց ավելի երկար մնալ` զգալով տեղի կրոնական բուռն հակառակությունը, որը գլխավորում էր գյուղի մոլեռանդ մոլլան։ Նա հանգրվանեց իրեն բարյացակամորեն ընդունող մի մահմեդականի տանը և ամբողջ գիշեր նրա ընտանիքի հետ խոսեց Քրիստոսի մասին` համեմատելով Ղուրանը և Ավետարանը։ Առավոտյան Սադհուն գնում էր գյուղի կենտրոնում գտնվող շուկան և քարոզում առնող-ծախողներին, անցորդներին։ Շուտով լուրը հասավ մոլլային։ Նույն օրը մոլլան հեռվից հետևեց Սադհուի` արդեն զանգվածային քարոզչությանը, և երբ լսեց Քրիստոսի աստվածության մասին խոսքերը, կատաղությամբ բազմությունը ճեղքելով մոտեցավ Սադհուին, ուժգին ապտակեց նրան և քարկոծելու հրաման տվեց։ Ամբոխն ասես սթափվեց և մոլեգնորեն սկսեց ծեծել Սադհուին։ Նույն պահին մոլլայի տնից մարդ եկավ և լուր բերեց, որ նրա միակ որդին կտուրն է բարձրացել խաղալու, այնտեղից վայր է ընկել և մահամերձ վիճակում է։ Ամբոխը, այդ լուրը լսելով, մի փոքր հանդարտվեց, իսկ Սադհուին հյուրընկալած մահմեդականը նրան դուրս քաշեց ամբոխի միջից և տուն տարավ։ Հաջորդ առավոտյան, լույսը դեռ չբացված, մոլլան մարդ ուղարկեց Սադհուին հյուրընկալած մահմեդականի տուն և Սադհուին խնդրեց, որ շտապ իրենց տուն գա։ Մոլլան երկյուղածությամբ ներս հրավիրեց Սադհուին և պատմեց. «Որդիս ամբողջ գիշեր կենաց-մահու պայքարի մեջ էր, իսկ ես, երբ մի պահ փակեցի աչքերս, երազ տեսա. Քրիստոսը, ամբողջովին լույսի մեջ, ասաց. «Ինչո՞ւ եք հալածում Իմ ծառային։ Եթե նա որդուդ համար չաղոթի, որդիդ կմեռնի. ընտրությունը քոնն է»։ Երբ արթնացա, զգացի, որ կինս ինչ-որ բան է ուզում պատմել ինձ։ Ես չէի համբերում, և երբ իմ երազի մասին սկսեցի պատմել կնոջս, նա անմիջապես լրացրեց խոսքս` ասելով, որ ինքն էլ նույն երազն է տեսել... Հիմա, խնդրում եմ, աղոթի՛ր որդուս համար»։ Մոլլայի որդին, իհարկե, բժշկվեց և նույն օրը վեր կացավ անկողնուց, իսկ հաջորդ առավոտյան մոլլան և Սադհուն դուրս եկան գյուղի հրապարակ, ուր մոլլան ներողություն խնդրեց Սադհուից և պատմեց կատարված հրաշքի մասին։ Սադհուն մի քանի օր ևս մնաց գյուղում, այնուհետև շարունակեց ճամփորդությունը դեպի հյուսիս։

Հրապարակման
պատրաստեց
Գայանե ԱԹԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 13306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ