Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անտեր շունը

Անտեր շունը
04.03.2016 | 02:08

Ոտքս կախ գցեցի մինչև կտակի բաժնետերերի ու վերջին հյուրի հեռանալը, ու մնացի մեն-մենակ ծերունու շիրմաթմբի հետ: Բացակայությունս այդպես էլ ոչ ոք չնկատեց, քանի որ ամեն մեկն իր մտքերի հետ էր, իր մեռելն էր լացում: Մեռածի հետ հարևանությամբ էի ապրել, գիտեի, որ վաղուց էր «մեռել», այսօր ուղղակի մահվան վկայական ստացավ, միակ փաստաթուղթը, որ գոնե կունենա հիմա: Մինչ այդ ունեցածը սովետական հին-կարմիր անձնագրերից էր, որի մեջ երկրորդ նկարը այդպես էլ չէր փակցվել, ու կնոջ մահից հետո այն երբեք չէր տեսել: Աղջիկներից ամենափոքրը, որ նաև ամենազորեղն էր, ճանկել էր այն, պահել որպես հաղթաթուղթ, մյուսների նկատմամբ իր գերազանցությունն ու առավելությունը ընդգծելու համար, քանի որ հենց ինքն էր եղել անցյալ տարվա մայիսի 17-ի սպաս եփողն ու սիրասուն հայրիկին բերողը: Այդ պատմության մասին բոլորը գիտեին, բազմիցս էր գրվել: Սպասի պատմությունը, առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումից հետո, բեկանվել էր, ուղարկվել վերաքննիչ դատարան՝ լրացուցիչ լսումների: Բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես հայրական տան դիմաց, մի տուփ շոկոլադով հոգին ավանդած թաղային լիազորի, սուրճի մրուրից լավ հասկացող հարևանուհիների, արիստոտելյան մտքերը գերազանց սերտած, բայց եղբորը 15 սմ հողատարածքի համար դանակահարած ու 15 տարի կալանավայրերում պատիժը կրած հարևանների ներկայությամբ իր հարազատների հանդեպ ընդդիմադիր կեցվածք ընդունած այս մսե գունդն ի՜նչ պանծալի ու սրտաճմլիկ ելույթներ էր ունենում: Եղբոր ու քրոջ քանի ազիզ բալա է թաղվել այդ օրերին, է՜...
Հիշողություններս ու մտքերս վարգում էին: Մտքերով տարված, չնկատեցի անգամ, որ մթնում է: Մեռելին առանց այդ էլ ուշ էին հանել տնից, սպասել էին, մինչև թոռների պարապմունքներն ավարտվեն: Շրջակայքում ոչ ոք չկար, գերեզմանային լռություն էր: Մայրամուտի արևն էլ ասես լրիվ ձևերի մեջ լիներ, կարծես ուզում էր ասած լինել՝ այսքան էլ սպասեցի հեռանալուդ, հետո մուննաթ չգաս վրաս, որ ընդամենը մի կարճաթև վերնաշապիկ կա հագիդ: Հեռվից մի անտեր շուն, մի կերպ քարշ գալով, առաջանում էր դեպի ինձ: «Երևի մսի հոտ է առել»,- անցավ մտքովս: Բաց դեղնագույն մորթով էր շունը՝ անհայտ ծագման ու տեսակի: Ողբալի էր վիճակը, խնամք ասվածն ուղղակի շեմքել-անցել էր վրայով: Մեծ ջանքերի գնով էր շարժվում, համարյա սողալով: Առաջացա ու նոր միայն նկատեցի, որ հետևի աջ ոտքը լրիվ ջնջխված էր, ծալված համարյա մինչև փորատակը, իսկ ձախը կարծես ձևականորեն ամրացված լիներ մարմնին՝ մի կերպ ծանրությունը պահելու համար: Բռնելով առջևի թաթից, օգնեցի, որ գա տեղավորվի գերեզմանաթմբի մոտ՝ մի բաժակ օղորմաթաս «խմելու» և մի պատառ հաց ծամելու: Ոչ մի դիմադրություն, խոսելն անգամ ավելորդ է: Նայեցի նրան՝ իսկական դիակի տեսք ուներ: Արևի թույլ լույսն ավելի էր ընդգծել գունատությունը, անսովոր կերպով սրված քիթը, սառը, անկենդան ու չռված աչքերը, որոնց մեջ մի ամբողջ ողբերգություն կարելի էր կարդալ: Ցավ կար դրանցում: Մսի մի մեծ կտոր դրեցի ուղիղ շան դիմաց: Վայրկենապես առավ բերանն ու, ժանգոտած ատամների արանքում թռվռացնելով, սկսեց ախորժակով ծամել: ՈՒտում էր ագահաբար ու վայրկյաններ անց կրկին նայում աչքերիս՝ հաջորդ պատառի սպասումով: Տվեցի այնքան, ինչքան սիրտն ուզեց: Շան հետ հանդիպումը, առավոտ շուտ մեռելատանը սոված փորիս մի քանի բաժակ կոնծելը, ծխախոտի դառնահամը խառնվել էին խաշլամայի ճենճահոտին ու մի անտանելի սրտխառնուք առաջացրել: Վերցրի օղու փակ շշերից մեկը, բացեցի ու հենց շշից էլ մի քանի կում արեցի: Ճաշարանային բաժակներից մեկն էլ ողողեցի, բերնեբերան լցրի ու դրեցի շան առաջ: Չհրաժարվեց: Մռութը մոտեցրեց, լեզվով մի քանի անգամ չփչփացրեց: Օղորմաթաս էր: Մսի վերջին կտորը չկերավ, վերցրեց բերանը, մի կերպ, հազիվհազ, իմ օգնությամբ վեր կացավ, կանգնեց, հայացքով համբերություն մաղթեց ինձ ու ինչպես անհավես եկել էր, այդպես անհավես էլ հեռացավ: Երկար չնստեց, գիտեր, որ հոգեհացի սեղանի շուրջ երկար չեն նստում: Նայում էի հետևից, կարծես քարշ էր տալիս ոչ թե իրեն, այլ իր դիակը: Գնում էր, շեղոտն, անհասկանալի գռմռոցով և քիչ անց ձուլվեց մթությանը: Չգիտեմ՝ ինչքան էր անցել նրա հեռանալուց, վեր կացա, մի քանի բան մտքումս մրմնջացի ծերունուն ու քայլերս ուղղեցի դեպի գերեզմանատան մուտքը:
Մեքենան կանգնած էր գերեզմանատան դիմացի մայթին, կարծես հոգնել էր ինձ երկար ու անիմաստ սպասելուց: Աչքիս՝ տեղաշարժվել էր մի քիչ: Դիմացից եկող մեքենայի լույսերը ստիպեցին, որ արագացնեմ քայլերս: Փողոցն արդեն անցել էի, երբ ինձնից տասը-տասնհինգ մետրի վրա ինչ-որ շարժվող բան նկատեցի: Առաջացա, ու երանի տեսած չլինեի՝ իմ նոր բարեկամն էր՝ Շունը, որ այդպես էլ չէր հասել հանդիպակաց մայթին: Նայեցի, խեղճը արյուն էլ չուներ... Նրան շատ նման երեք շան լակոտներ էին, երկուսը հեռվից դիտում էին, իսկ ահա մեկը, որ մեջների զոռբան էր, քաշքշում էր շան մարմինը: Ձեռքիս կտրուկ շարժումից վախեցած փախավ, միացավ մյուսներին: Թաթից քարշ տալով շանը բերեցի խոտերին: Իմ տված մսի կտորը, որ հեռանալիս պինդ բռնել էր ատամներով, արդեն չկար: Ծանր տեսարան էր, խղճի խայթը այրում էր հոգիս... «Չէ, օգնել չէ, որ ուզում էր շան լակոտը, օգնելու համար հաստատ երեքը միաժամանակ կմոտենային»,- անցավ մտքովս: Անսպասելի կռացա ու գետնից վերցնելով ձեռքս ընկած պատահած քարը, նետեցի լակոտների ուղղությամբ: Վնգստոց լսվեց, ու սուրացին նետի պես:
-Է՜յ, դուք, հանգիստ թողեք Շանը, նա վաղուց անձնագիր չունի, չի էլ ունեցել: Նրանը՝ ծնված օրվանից, մահվան վկայական է եղել...
Դիմացից եկող բեռնատարի շարժիչի ձայնը խլացրեց աղաղակս, տարավ ձուլելու գիշերային խավարին:


Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 188882

Մեկնաբանություններ