Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Բժշկություն հոգու և մարմնի օրհնված յուղով

Բժշկություն հոգու և մարմնի օրհնված յուղով
04.03.2016 | 08:59

«ՀԱՎԱՏՈՎ ԵՂԱԾ ԱՂՈԹՔԸ ԿՓՐԿԻ ՀԻՎԱՆԴԻՆ, ՈՒ ՏԵՐԸ ՆՐԱՆ ՈՏՔԻ ԿԿԱՆԳՆԵՑՆԻ»


Շաբաթ օրը՝ մարտի 5-ին, եկեղեցիներում, առավոտյան ժամերգության ժամանակ, հիշատակվելու է 40 զինվորյալ քրիստոնյաների նահատակության օրը՝ «Սրբոց Մանկանցն Քառասնից որք ի Սեբաստիա կատարեցան» եկեղեցական անվանումով։ Այդ օրը միակ հնարավորությունն է, որ յուրաքանչյուր քրիստոնյա եկեղեցում օրհնված մի շիշ ձեթը արարողությունից հետո տանի տուն, որը բուժիչ մեծ հատկություններ ունի։
Մեր ժողովրդի մեջ, ի դեպ, դեռևս պահպանվել է օրհնված ձեթով հիվանդությունների բժշկման սովորությունը: Եվ դա սովորական ժողովրդական ավանդապատում չէ, այլ Ավետարանից վերցված կենդանի իրողություն: Հնում էլ այդ նպատակի համար օգտագործում էին եկեղեցու կանթեղների ձեթը, որը աղոթքով օծում էին հիվանդին ու ստանում Տիրոջ խոստացած բժշկությունը։ Բայց ինչ-ինչ պատճառներով այդ խորհուրդը ժամանակի ընթացքում դադարեց գործել մեր եկեղեցում։ Մյուս առաքելահիմն եկեղեցիներում՝ կաթոլիկ և ուղղափառ մինչ այժմ էլ այն գործում է։ Աշխարհական քրիստոնյաները, հավատալով Տիրոջ խոսքին, շարունակում են օգտագործել օրհնված ձեթը իրենց հոգևոր ու մարմնավոր բժշկությունների ժամանակ ու հավատքով հրաշալի արդյունք ստանում։
Ծանոթանանք այդ քառասուն սրբերի վկայաբանության հետ։
Ըստ Շնորհք պատրիարքի «Համաքրիստոնեական սրբեր» գրքի, 316 թվականին երբ իմանում են, որ Կապադովկիայի կայսերական բանակում քրիստոնյաներ կան, հարցաքննության են կանչում նրանց և ստիպում ուրանալ Հիսուսին: Տանջալի կտտանքներից հետո էլ նրանք հավատարիմ են մնում Հիսուսին: Վճռվում է բոլորին գցել Սեբաստիայի սառչող լիճը, իսկ ափին բաղնիք տաքացնել, որ ով ուրանա Քրիստոսին, թույլ տրվի լճից դուրս գալ ու մտնել այնտեղ: Մեր շատ եկեղեցիներում այդ օրը հատուկ պատրաստված քառասուն կանթեղների մեջ լցնում են ժողովրդի ընծայաբերած ձեթից ու վառում պատրույգները՝ ի նշան այդ սրբերի ընտիր հավատի, ովքեր սառցե լճում ամբողջ գիշեր մնալով, համբերեցին մինչև մահ (ասենք որ, ըստ արդի բժշկագիտական տվյալների, սովորական մարդը սառցաջրում կարող է կենդանի մնալ տասը րոպեից ոչ ավելի), բացի մեկից, որը, լճից դուրս գալով, մտնում է տաք բաղնիք և իսկույն կնքում իր մահկանացուն: Իսկ այդ պահին նահատակների համար երկնքից իջնում էին քառասուն պսակներ: Հսկող պահակներից մեկը, տեսնելով այդ, կամավոր նետվում է սառցալիճը և իրեն նույնպես քրիստոնյա հայտարարելով, նահատակվում է մյուսների հետ՝ ստանալով քառասուներորդ պսակը: Ահա այս սրբերի տոնակատարության ժամանակ էլ օրհնվում է կանթեղների ձեթը, իսկ արարողության ավարտին բաժանվում է հավատացյալներին, որոնք տանում են իրենց տները՝ որպես հիվանդությունների բուժման միջոց:
Որպես նախնյաց պատմական մասունք, Սեբաստիայի Քառասուն մանուկների տոնակատարության մասին պահպանվել է այս հինավուրց վկայությունը, որն առնչվում է սուրբ հայրերից մեկին՝ Գրիգոր Նյուսացուն։ Նրա եղբայրն էր Բարսեղ Կեսարացին, որն այդ ժամանակ Կեսարիայի հոգևոր հոտի վերակացուն, այսինքն՝ եպիսկոպոսն էր, իսկ նրանց ընտանիքը, մանավանդ բարեպաշտ մայրը, Աստծուն անչափ սիրելով, իր զավակներին կրթել էր քրիստոնեական սիրով, իսկ իրենց ամբողջ ունեցվածքն ի նպաստ քրիստոնեության տարածման էր ծառայում։ Քառասուն մանուկների նահատակության լուրը հասավ նաև Կեսարիա։ Շուտով նրանց սուրբ մասունքները բերեցին Բարսեղի և Գրիգորի հայրական տուն և, հանդիսավոր տոնակատարության օր նշանակելով, հրավիրեցին բոլոր բարեպաշտ քրիստոնյաներին հավաքվելու և սաղմոսներով ու աղոթքներով գիշերային հսկում կատարելու։ Այդ ժամանակ Գրիգոր Նյուսացին մի հեռու քաղաքում էր, ու նրան էլ կանչեցին այդ տոնակատարությանը։ Նա չմերժեց առաջարկը։ Չնայած զբաղվածությանը, երկար ճանապարհ կտրեց ու հասավ հայրական ոստան։ Ճանապարհին շատ էր հոգնել։ Հետևաբար որոշում է ավելի ուշ մասնակցել գիշերային հսկմանը։ ՈՒ այդպես քնեց տանը։ Երազում նա տեսավ, իբր ինքն ուզում է գնալ այդ հսկմանը, բայց իրենց այգու դռան մոտ կանգնած ահեղատեսք զինվորն իրեն արգելում է ներս մտնել, քանի որ ուշացել է բուն արարողությունից։ Գրիգորը վեր թռավ քնից և շտապ-շտապ հագնվելով գնաց հայրական տան այգին, որտեղ ճրագների ու ջահերի լույսի ներքո արդեն սկսել էին սրբերի տոնահանդիսությունը։ Մի կերպ խցկվելով ծնկաչոք հավատացյալների արանքներում, ամեն գնով աշխատում էր մոտ լինել սրբերի մասունքներին, հասկանալով, թե ինչ մեծ սխրանք են կատարել Քրիստոսի այդ հավատարիմ զինվորականները, իսկ ինքը չէր կարողացել իր փոքր-ինչ հոգնածությունը հաղթահարել, որ սրբերին պատվեր։ Հսկման ողջ ընթացքում դեռ երիտասարդ Գրիգորի աչքերից զղջման ու ապաշխարանքի արցունքներ էին հոսում, քանզի իր տկարություններն ու մեղքերն էր տեսնում։ Դրանից հետո նրա կյանքն այլ ընթացք ստացավ, իսկ սիրելի եղբոր՝ Բարսեղի անժամանակ մահից հետո, դարձավ նրան փոխարինող ու իր աստվածաբանական աշխատություններով լրացրեց այն, ինչ եղբայրը չհասցրեց կատարել։
Օրհնված ձեթը՝ որպես մարդկանց զանազան հիվանդությունները բժշկելու միջոց, օգտագործում են Հակոբոս առաքյալի ուղերձի այս տողերով. «Ձեզնից մեկը վշտի մե՞ջ է ընկել, թող աղոթի. մեկը բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի. հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի։ Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է (Հակոբոս 3.13-16):
Միմյանց ներելով ու խոստովանելով մեր մեղքերը, միմյանց համար աղոթելով և օգտվելով օրհնված ձեթից, ինքներս էլ կարող ենք բժշկություն ստանալ։
Նաև ավելացնենք, որ այդ ձեթը մարմնի ցավոտ մասերին (իհարկե, ոչ ծածուկ ու անհարիր տեղերին) օծում են խաչանիշ ձևով։ Այդ ձեթից կարելի է մի փոքր ավելացնել սովորական կերակուրներին։

ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ՁԵԹԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Յուղի (ձեթի) հոսքի հրաշագործ ու զարմանալի խորհուրդը շարունակվում է մեր օրերում ևս, երբ աշխարհի զանազան վայրերում, լինի եկեղեցում, թե բարեպաշտ քրիստոնյայի տանը, հանկարծ Տիրոջ կամ Տիրամոր պատկերներն ու արձանիկները յուղ են դուրս տվել՝ որպես վկայություն և բժշկության միջոց հավատավոր անձանց համար:
Օրինակ, մեր եկեղեցու ծիսարանում, բացի մատաղի, աղի ու հացի, այգու և պտղի օրհնական խոսքերից, կան նաև հատուկ կանոններ սաստիկ ամպրոպի, կարկտի կամ տարերային այլ աղետների դեմ, անպտղաբեր այգու, նույնիսկ ջրհորի, թոնրի, հավի ու անասունի օրհնության կանոններ, որոնց շարքում է նաև ձեթի օրհնության կանոնը (Մայր մաշտոց, կանոն 67, տե՛ս նաև Նորայր արք. Պողարյան, Ծիսագիտություն), որտեղ կա «Տէ՛ր, ողորմութեամբ եւ գթութեամբ Քո բժշկեա՛ զամենայն բեկումն հոգւոց եւ մարմնոց մերոց» աղոթքը: Այս արտասանելով և կանթեղի ձեթն առնելով՝ քահանան օծում է հիվանդին: Թեև սա մոռացության է մատնվել, բայց մեր հավատավոր ժողովրդի մեջ դեռևս պահպանվել է օրհնված ձեթով հիվանդությունների բժշկման սովորությունը վերոհիշյալ 40 մանկանց նվիրյալ օրվա առավոտյան ժամերգության ընթացքում:
Ասեմ, որ Երուսաղեմում եղածս ժամանակ առաքելահիմք եկեղեցու իմ տեսած բոլոր հավատացյալներն անխտիր օգտվում էին եկեղեցիների կանթեղների ձեթից և, հատկապես, Սուրբ Հարության տաճարում գտնվող մեր Տեր Հիսուսի Սուրբ գերեզմանի կանթեղների ձեթից, որոնց թիվն անցնում է հարյուրից:

ՓՈՔՐԻԿԻ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ
Մեկ տարեկան թոռնիկս ամբողջ գիշեր անհանգիստ էր: Տնային բուժման բոլոր մեր իմացած միջոցները գործադրեցինք, բայց ապարդյուն. երեխան միալար գոռում էր որովայնային ինչ-որ ցավից: Երբ այլևս ճար չկար, ծնողները որոշեցին շտապօգնություն կանչել: Ես աղոթում էի, որ Տերը թույլ չտա այդ միջոցին դիմել, որովհետև բոլորս էլ լավ գիտենք մեր հիվանդանոցներում տիրող անմխիթար վիճակը: Ճիշտ այդ ժամանակ հիշեցի (ու կարծում եմ Աստված հուշեց), որ տանը սրվակով Քառասուն մանկանց հիշատակության տոնի ժամանակ օրհնված ձեթ կա: Իսկույն բերեցի ու ասացի, որ երեխայի շապիկը վեր բարձրացնեն: Եվ մտքումս Տիրոջ օգնությունը խնդրելով՝ փորիկին օրհնված ձեթով Խաչի նշան դրեցի: Ապա լացող թոռնիկիս գրկեցի ու ննջասենյակում կախված փայտե Խաչի դիմաց կանգնեցի, նախապես ասելով, որ բոլորս «Հայր մեր» աղոթքը պետք է ասենք: Եվ ո՜վ զարմանք, առաջին բառերը չարտասանած, երեխան ձայնը կտրեց ու դեռ մեր աղոթքը չավարտված, հանգիստ քնեց բազուկներիս վրա: Բոլորս ուրախացած միմյանց նայեցինք ու միաբերան փառք տվեցինք ամենակարող Աստծուն, որ այդքան արագ ուղարկեց Իր բժշկարար օգնությունը օրհնած ձեթով:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ