«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Մարդեղացման յուրատիպ կոչ և ավելացող հավատ»

«Մարդեղացման յուրատիպ կոչ և ավելացող հավատ»
11.03.2016 | 11:40

Ամեն ողորմածության համար Տերը տեղ կանի,
յուրաքանչյուր ոք հատուցում կգտնի իր
համբերության համար (Սիրաքի իմաստություն 17-14):

Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆԻ «Աղոթարան» գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էին ՀԳՄ-ն, ՀՀ Ազգային գրադարանը և Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը։
Աղոթարանը նվիրված է հունահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր ԽՈՐԵՆ արքեպիսկոպոս ՏՈՂՐԱՄԱՋՅԱՆԻՆ։ Միջոցառման օրը՝ մարտի 4-ը, պատահականորեն չէր ընտրված, այդ օրը Խորեն սրբազանը նշում էր իր 50-ամյա հոբելյանը։
Օրհնելով հանդիսությունը, Նաթան սրբազանը «Հայր մերից» հետո փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի «հայրապետական օրհնությունն ու ողջույնները» այդ բարեբաստիկ առիթով։

«ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԻՆ ՄԵԶ ՈՒՂՂՎԱԾ ՀՈՎԱՆՆԵՍ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՑ ԵՎ ԽՈՐԵՆ ՍՐԲԱԶԱՆԻՑ»


Քանի որ անչափ կարևոր այս միջոցառումը վարողի (նրա մասին՝ վերջում) խոսքը շատ էր գորշ, տարտամ ու անհետաքրքիր, այդ պատճառով «անցուդարձին» ընդհանուր պատկերացում տալու համար վկայակոչեմ ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԻ ելույթը.
«Դեռ 1990-ականների սկզբից երջանկահիշատակ Հրանտ Մաթևոսյանը շեփորում էր.
-Գրականության բոլոր ժանրերի գլուխգործոց սյուժեներ են թափված փողոցներում, այնպիսի սյուժեներ, որ Շեքսպիրն անգամ երանի՜ կտար, բայց վերցնելու համարձակություն ոնց որ թե չկա մեր մեջ:
Անցել են այդ օրերը, Հրանտն էլ է անցել չգրված այդ գրականությունն իրենց կենսագրությամբ կրողներից շատերի հետ: Եվ ահա այսօր մեր ձեռքին է 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի քավարանով անցած մեր ժամանակակցի, մերօրյա Հոբի՝ բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի տառապանքի ու ապաշխարանքի պատմությունը, նարեկյան շնչով կերպավորված, և պատմությունն այդ այնպիսին է, որ չգիտենք՝ հետընթա՞ց ենք ապրել, թե՞ հակառակը, որովհետև ասված է՝ անքննելի են Տիրոջ գործերը, անքննելի են, այո, բայց Նա ի սկզբանե երկխոսելու և քննելու թույլտվության իրավունք տվել է բանաստեղծին, միմիայն բանաստեղծին և նրա միջոցով հայելի է դարձրել մեր կյանքը, որպեսզի տեսնենք ու հավատանք, սիրենք ու ներենք, տոկանք ու մաքառենք, աղոթենք ու ապաշխարենք:
Արդեն 1715 տարի մենք գնում ու հետ ենք դառնում մեր սուրբ հայրերի արյամբ ու կյանքերով բացված արահետով, ընդունում, սերտում ու խախտում ենք պատվիրանները, որովհետև ոչ տաք ենք, ոչ սառը, վախենում եմ բարձրաձայնել, բայց պետք է ասեմ, գաղջ ենք, սարսափելի գաղջ, նաև չկամ ու անկարեկից, և մեր փրկությունը պոետների շնչով հնչեցված ու գրված ապաշխարության սաղմոսներն ու աղոթքներն են, այսօր նույնպես Հովհաննես Ղազարյանի հոգով ու ձեռամբ հնչեցվել է առ Աստված և կամուրջ կապել բոլոր դարերի վրայով մինչև մաշտոցյան առաջին շարականներ:
Գրական-գեղարվեստական շրջադարձի առիթը, ոգեշնչման աղբյուրը, Տիրոջ խոսքի և էության թարգմանն ու խոստովանահայրը բանաստեղծի համար եղավ բարձրյալի գործերով Միջերկրականի ափին, հին ու նոր Հունաստանում հայոց թեմի առաջնորդ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանը:
Փառք ու պատիվ Բարձրյալին, որ համախմբեց մեր շնորհալի եղբայրներին և մեզ համախբման ու աստվածահաճո գործեր անելու օրինակ տվեց, և թող Երկնայինը նաև այս եղբայրության խոսքով ու աղոթքով մեզ դարձի բերի դեպի շրջանս հին, երբ մեր պատվախնդիր նախարարները և արժանապատիվ ազնվական տները, հոգևոր դասի ուղեցույցով մեզ կտակի ու պատգամի պես իրենց պատմական հրովարտակ-նամակը թողեցին (Եղիշեի շնչով պատված), և այն արդեն այսօրվա ընկալմամբ բնավ Շապուհին չէր ուղղված, այլ մեզ, միմիայն մեզ…
-Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն:
Իսկ ի՞նչ է հուշում այսօրվա խորհուրդը խորին մեզ ուղղված Հովհաննես բանաստեղծից և Խորեն Սրբազանից: Այսօր, երբ կինովավերագրող Հարություն Խաչատրյանի լեզվով ասած, անվերջ փախուստ է և հավերժ վերադարձ:
Չմոռանալ ոչինչ, արագ գնալ առանց հետ նայելու, չկտրվել արմատներից մեր հին ու նոր գրիչների գրչով գրված և մեզ հասցրած շղթայական պատմությունից:
Բանաստեղծներն այդ շղթան և հոգևոր դասն այդ կամուրջը ի վերուստ կոչված են միշտ պինդ պահելու և անաղարտ, շատ դեպքերում, ցավոք, կյանքի գնով:
Սիրեք բանաստեղծներին, նրանք տիրոջ խոսքի թարգմաններն են եղել ի սկզբանե, հոգին արծաթով չփոխած բանաստեղծները, Սուրբ գրքի Հոբ Երանելու կենսագրությունը իրենց մաշկի վրա տարած և մեր հոգու փրկության համար խորհող բանաստեղծները»։

«ՄԵՆՔ Ե՛Վ ԾՆԵԼՈՎ, Ե՛Վ ԱՐԱՐԵԼՈՎ, Ե՛Վ ՍՏԵՂԾԵԼՈՎ ՊԻՏԻ ՀԱՍՆԵՆՔ ՀԶՈՐ, ՈՒԺԵՂ ԵՎ ԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ»


ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, խոսելով Հովհաննես Ղազարյանի գրքի մասին, այն երկթև համարեց. լուսանկարներով՝ Խորեն սրբազանին նվիրված, պոետական իմաստով՝ բանաստեղծի ոգորումների խտացում որպես՝ նարեկացիական շնչով արված։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Խորեն սրբազանի հոգևոր գործունեությունը «բարդ, բայց շատ կարևոր հունահայ թեմը խելացի և սիրով ղեկավարելու» գործում, իր զարմանքն ու հիացմունքը հայտնեց Հովհաննես Ղազարյանի քայլի նկատմամբ, «քանզի ոգևորվել հոգևոր առաջնորդից, արքեպիսկոպոսից և «Աղոթարան» ստեղծել՝ շատ էական է», ապա կարծիք հայտնեց, որ բանաստեղծը ներշնչվել, ոգևորվել է Հռոմի պապի նախաձեռնությունից, երբ վերջինս Նարեկացուն հռչակեց տիեզերական վարդապետ, և «գիտնական, հոգևորական, մարդ, քաղաքացի, փիլիսոփա Նարեկացուն գնահատելով՝ գնահատեցին նաև մեզ»։ Եվ նարեկացիական տողերով ավարտելով իր խոսքը՝ հույս հայտնեց, որ «մենք և՛ ծնելով, և՛ արարելով, և՛ ստեղծելով պիտի հասնենք հզոր, ուժեղ և կայացած պետության»։ Սփյուռքի նախարարությունը Խորեն սրբազանին պարգևատրեց «Հակոբ Մեղապարտ» մեդալով։
ԿԳ նորանշանակ նախարար, պատմաբան Լևոն Մկրտչյանն էլ «Հայրենիքից, տեսակից չհեռանալու, երկարատև, լուրջ և հետևողական աշխատանքի համար» սրբազանին պարգևատրեց նախարարության հուշամեդալով, հավելելով. «Հունահայ համայնքն ավանդական, բազիսային, հենքային համայնքներից է հայ իրականության համար, որտեղ միշտ եղել են պրոբլեմներ, առայսօր կան մեծ խնդիրներ, և այդպիսի տարածքում աշխատելը, հոգևոր ծառայություն իրականացնելը ենթադրում են ոչ միայն ուժեղ, բարոյական և հոգևոր հատկանիշներ, այլև ճկունություն։ Խորեն սրբազանը կարողացավ կատարել ամենակարևորը. ինքը ոչ միայն հոգևոր կամուրջ է հայրենիքի և սփյուռքի միջև, այլև հատկապես կրթության բնագավառում շատ մեծ դերակատարում ունի»։
Ասմունքող Սիլվա Յուզբաշյանը պոեմից հատվածներ ընթերցելուց առաջ այն անվանեց «ծնկածալ աղոթք՝ տաղանդավոր գրչով գրված։ Այն յուրատիպ կոչ է մարդեղացման, և խոստովանենք, որ մարդը շատ է հեռացել ինքն իրենից, բնությունից, Աստծուց»։ Իսկ խոսելով Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանի մասին՝ փաստեց, որ «նրանից լույս և բարություն է ճառագում։ Մտավորականի իր կեցվածքով սրբազան հոգևորականի պատկերն է հառնում քո դեմ, և այդ շփումից... հավատդ ավելանում է»։


Դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը նմուշներ ներկայացրեց Հովհաննես Ղազարյանի պոեզիայից, իսկ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախումբը (խմբավար՝ Անուշ Հարությունյան) հոգևոր երգեր կատարեց Խորեն սրբազանի հետ։
Բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի շնորհակալանքի խոսքը հակիրճ էր, Խորեն սրբազանինը՝ ծավալուն. սկսած իր ուսուցիչ Գևորգ Գանտահարյանից մինչև Հունաստանում ՀՀ նախկին դեսպան Վահրամ Կաժոյան, Մեծի Տանն Կիլիկիո և Ամենայն հայոց կաթողիկոսներ և միջոցառման կազմակերպիչներ։

ՆԵՌՆ ԷԼ ԻՐ «ՏԱՂԱՆԴԱՎՈՐ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ԷՐ ԱՌԱՔԵԼ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ


Սրանով շնորհանդեսը, ցավոք, չավարտվեց առանց տհաճ միջադեպի. բեմական միջոցառմանը հաջորդեց կուլիսային գաղջ «ներկայացումը», քանզի, եթե հանձին Խորեն սրբազանի Աստծո լուսավոր սպասավորն էր ներկա, Նեռն էլ իր «տաղանդավոր» ներկայացուցչին էր առաքել շնորհանդեսին. միջոցառումն ապաշնորհ կերպով «վարող» մեկին։ Երբ Խորեն սրբազանին հարցազրույցի հրավիրեցինք «Իրատեսի» հետ, վերը նշածս արարածը դիվահարի պես սկսեց ձեռքերը թափահարել. «Իմ անունը հանկարծ էդ թերթում չլինի, իմ անունը չտաք էդ թերթում»։ Քանի որ շատ դժգոհ էի (և ոչ միայն ես) նրա ամաչկոտ հարսի ձայնածավալով կատարած գորշ «աշխատանքից», փորձեցի ճշտել.
-Իսկ ի՞նչ է Ձեր անունը։
-Ես անուն-ազգանուն չունեմ,- հայտարարեց նա։
Հավաքվածներից մեկը հուշեց.
-Յուրա Խաչատրյան։
Անմիջապես մտաբերեցի ռուսական ասացվածքը. «морда напрашивается на кирпич» կամ՝ «морда просит кирпича»:
Ընթերցողին ասեմ, որ այս «морда»-ն երկու կյանք է ունեցել, ինչպես կասեր ռուսը՝ «до» и «после»: Կյանքի «до» ժամանակահատվածում սրան կոչել են Յուրա (գուցե և Յուրի) Խաչատրյան: Իսկ «после» ժամանակահատվածում ինքն իրեն կոչել է Երվանդ Տեր-Խաչատրյան: Նպատակը հավանաբար «до» հատվածի սուբյեկտին թաքցնելն է եղել:
Ինչպես գրում է Սերգեյ Սարինյանը (բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս) «Մի նմուշ բացառիկ օրագրից» («Իրատես», թիվ 61) հրապարակումում. «Երվանդ կոչված սույն քննադատը ոչ այլ ոք է, եթե ոչ տխրահռչակ Յուրա Խաչատրյանը: Թե ինչ միտումով է կատարվել անվանափոխությունը, թողնում ենք նրա խղճին, սակայն երևույթը, այնուամենայնիվ, առիթ է հանդիսացել որոշ մեկնությունների: Որպես թե անվանափոխության հոգեբանական շարժառիթը եղել է կենսագրության արատավոր անցյալի նզովքներից սահմանազատվելու և նոր շարունակություն տալու «բարությամբ» վերածնված իր կենսագրությանը: Ավա՜ղ, փոխեց անունը, բայց անփոփոխ մնաց վարձկանի սոցիալական վիճակը»:
Թերթի անունն ինչո՞ւ «կարմիր կտորի» ազդեցություն գործեց Յուրա, նույն ինքը՝ Երվանդ, նույն ինքը՝ անանուն սուբյեկտի վրա, ինձ համար այդպես էլ անհայտ մնաց։ Մինչ կփորձեի ինչ-որ բան հստակեցնել, վերջինս ճողոպրեց լուտանքներ թափելով։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 15375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ