ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«Երբ բիզնեսի զարգացմանը մոտենում ես ստեղծագործաբար, հաջողությունը երաշխավորված է»

«Երբ բիզնեսի զարգացմանը մոտենում ես ստեղծագործաբար, հաջողությունը երաշխավորված է»
15.03.2016 | 11:07

«Ayvazyan & Partners» բիզնեսի կառավարման ընկերության հիմնադիր, բիզնես-փորձագետ ՎԱՀԵ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ մեր զրույցը գրքի բիզնեսի, լայն տարածում գտած բիզնես-դասընթացների, պահանջարկի և մարքեթինգի օրինաչափությունների, հայաստանյան բիզնես-դաշտի առանձնահատկությունների մասին է:

«ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼՈՒ ՄԵՐՕՐՅԱ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ»


-Գրքի նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին աճել է: Ընդունված է ասել, որ մենք ընթերցասեր ազգ ենք: Կարծում եք` վերագտնո՞ւմ ենք գիրք կարդալու ավանդույթը, թե՞ գովազդի, մարքեթինգային քաղաքականության շնորհիվ է փոքր-ինչ աշխուժացել դաշտը: Անգամ նորաձև է համարվում գիրք կարդալը:
-Կարծում եմ` գրքի նկատմամբ հետաքրքրության աճը կապ ունի նորաձևության հետ: Բայց նորաձևությունը, գիրք կարդալու մշակույթն ինքն իրեն չի ձևավորվում: Շահույթ հետապնդող ընկերությունները, նրանց շուրջը հավաքված գրողները կարողացան աշխուժացնել այդ դաշտը, ինչին նպաստեցին և՛ գիրք գովազդող ցուցապաստառները, և՛ ֆեյսբուքյան գրական խմբերը, և՛ օգտատերերը, որ ցուցադրում էին իրենց կարդացած գրքերը: Երբեմն մարքեթոլոգները անընդունելի, վիճահարույց լոզունգներ են տարածում, բայց, ընդհանուր առմամբ, գիրք կարդալու մերօրյա քարոզարշավը կարելի է հաջողված համարել:
-Այսօր մեծ է հետաքրքրությունը նաև բիզնես դասընթացների, թրեյնինգների նկատմամբ: Սա նո՞ւյնպես լավ գովազդի արդյունք է, թե՞ ժամանակի պահանջն է:
-Հաճախ լավ առաջարկի դեպքում է ձևավորվում պահանջարկը: Իբրև օրինակ, Sony ընկերության տնօրենն իր աշխատակիցներին պատվիրում է այնպիսի մագնիտոֆոն արտադրել, որ ականջակալներ ունենա ու միշտ իր հետ վերցնի: Եվ մարքեթինգային ընկերություններից մեկին հանձնարարում են ուսումնասիրել` արդյո՞ք նման նվագարկիչը պահանջարկ կունենա: Արդյունքը բացասական է լինում: Այնուամենայնիվ, տնօրենը պատվիրում է արտադրել: Նա շատ էր սիրում գոլֆ խաղալ և ուզում էր հետը ման տալ մագնիտոֆոնը: Արտադրում են և աննախադեպ հաջողություն ունենում: Նույնը այֆոնը, մենք կշարունակեինք կոճակներով հեռախոսից օգտվել, եթե Սթիվ Ջոբսը մեզ չառաջարկեր սենսորային հեռախոս: Բիզնես դասընթացների պահանջարկը պայմանավորված է առաջարկով: Շուկան ձևավորում, աշխուժացնում են թրեյներները, թեև նրանց թվում շատ են նաև ոչ պրոֆեսիոնալ, պրակտիկ աշխատանքի փորձ չունեցող թրեյներները, բայց դա նորմալ է: Եթե լիներ ընդամենը մեկ թրեյներ, մենք չէինք իմանա՝ նա լա՞վն է, թե՞ վատը: Լավ է, երբ կա ընտրության հնարավորություն: Վստահ եմ, որ աստիճանաբար շուկան ինքնակարգավորվելու է:
-Ի՞նչ է տալիս մասնակիցներին բիզնես թրեյնինգը` բացի տեսական գիտելիքից:
-Բիզնես թրեյնինգը ոչ ֆորմալ կրթություն է և մեծ մասամբ պրակտիկ գիտելիք պետք է տա: Որովհետև թրեյնինգ նշանակում է մարզում, ինչը տեսականի հետ քիչ կապ ունի: Իհարկե, որոշ դասընթացներում ավելի շատ տեսական նյութն է գերակշռում: Ժամանակ է պետք, որ հղկվի շուկան: Իմ հիմնական գործը խոշոր և միջին բիզնեսի կառավարումն է, իսկ բիզնես թրեյնինգներ քիչ եմ անցկացնում, այն էլ՝ հիմնականում կորպորատիվ: Վարպետության դասերին ներկայացնում եմ կոնկրետ հայկակական շուկայի խնդիրներն ու առանձնահատկությունները, նաև անձնական փորձս: Այսինքն` բիզնես կառավարման պրակտիկ կողմը: Իհարկե, օգտվում եմ նաև լուրջ գրականությունից և սովորում այլ թրեյներներից:
-Մեծ հետաքրքրություն են վայելում բիզնեսին վերաբերող մերօրյա գրքերը, դրանք ավելի շատ դրսի՞ փորձն են ներկայացնում, թե՞ հայաստանյան իրողությունը:
-Գրքերը, որ կան մեր գրաշուկայում, հիմնականում տեսական, պատճենահանված (քոփիփեսթային) բնույթ ունեն: Որոշակի փորձ արվում է` սեփականը ներկայացնելու կամ ուրիշինը սեփականացնելու: Սկզբի համար նորմալ է: Ավելի լավ է լինեն նման գրքեր, քան ընդհանրապես չլինեն: Բացի այդ, եթե այդ գրքերի մասին հասարակությունը տեղյակ է, ուրեմն թե՛ հեղինակը, թե՛ հրատարակիչը հասկանում են վաճառքից ու մարքեթինգից, ինչն արդեն իսկ գնահատելի է:
-Ինքներդ գիրք գրելու նպատակ ունե՞ք:
-Գրում եմ և չեմ շտապում հրատարակել: Ներկայացնում եմ իմ և իմ պատվիրատու բիզնեսմենների ձախողումներն ու հաջողությունները: ՈՒզում եմ գիրքս լեցուն լինի փորձով, բովանդակային վերլուծություններով: Կարծում եմ` դեռ տարիքս ու փորձս թույլ չեն տալիս գրքով ներկայանալու:
-Գիտեմ, որ բանաստեղծություններ եք գրում, տպագրվում եք հայաստանյան և սփյուռքի գրական մամուլում: Բանաստեղծական գրքով ներկայանալ նո՞ւյնպես չեք պատրաստվում:
-Բանաստեղծական գրքի պատրաստի շարք ունեմ, բայց այս դեպքում էլ, կարծես, դեռ ժամանակը չէ հրատարակելու:
-Զբաղվում եք նաև գեղանկարչությամբ, անգամ Գերմանիայում մրցանակի եք արժանացել: Ստեղծագործական, պոետիկ մտածողությունը չի՞ խանգարում բիզնես գործընթացին:
-Ընդհակառակը` օգնում է: Ես բիզնես խորհրդատու չեմ, բիզնես ինժեներ եմ ինձ համարում. ինքս եմ իրականացնում կառավարման ամբողջ ընթացքը՝ ձեռքս անընդհատ բիզնեսի զարկերակի վրա պահելով և ստեղծագործելով: Իսկ ստեղծագործելու համար անպայման էնտուզիազմ ու էներգիա է պետք: Երբ բիզնեսի զարգացմանը մոտենում ես ստեղծագործաբար, հաջողությունը երաշխավորված է: Շատ թանկարժեք պատվերներ մերժել եմ, եթե չեմ հավանել գործարարին կամ բիզնես-առաջարկը, որովհետև չէի կարող ստեղծագործաբար մոտենալ, ինչպես ասում են` մուսան չէր գա:


«ԴՈՒ ՀԱՍՆՈՒՄ ԵՍ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ, ԵՐԲ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՍ, ՈՐ ԹԻՄՆ Է ՀԱՍՆՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ»


-Ըստ որոշ հետազոտությունների` աշխարհի ամենախոշոր ընկերությունների ղեկավարները փոքր հասակում կարդացել են ֆանտաստիկ և գիտաֆանտաստիկ գրականություն: Հետաքրքիր է` ինչպիսի՞ն կլիներ պատկերը, եթե նման հետազոտություն անցկացնեին հայաստանյան հաջողակ ձեռներեցների շրջանում: Դուք ինքներդ ի՞նչ գրականությամբ եք հետաքրքրվել:
-Արդեն 22 անգամ կարդացել եմ «Փոքրիկ իշխանը» ու դեռ կկարդամ: «Փոքրիկ իշխանը» Հայաստանում, առհասարակ աշխարհում ամենավաճառվող գրքերի շարքում է: Ինչու ոչ, այն կարելի է համարել նաև ֆանտաստիկ: Այսպիսով` ոչ միայն հաջողակ ձեռներեցները, այլև երկրագնդի բնակչության զգալի մասը անցել են Էքզյուպերիի ֆանտաստիկ պատմության միջով: Իսկ այն, որ բիզնեսմենները սիրում են ֆանտաստիկ գրականություն, շատ բնական է: Որովհետև բիզնեսմենը հասնում է երկարաժամկետ ու կայուն հաջողության, եթե ունի երևակայություն, ինտուիցիա, կառուցողական և երկարաժամկետ մտածողություն:
-«Ժեստերի լեզու և ազդեցության միջոցներ» թեմայով դասընթաց եք անցկացրել ոչ միայն բիզնեսմենների, նաև ՀՀ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների համար: Սովորաբար այս կամ այն շարժումը ենթագիտակցաբար ենք անում: Արդյո՞ք ինքնարտահայտվելու, դիմացինին հասկանալու համար պետք է որոշակի դասընթացներ անցնել:
-Ես անցկացնում են հիմնականում վաճառքի և սպասարկման, բանակցությունների, հռետորության և նմանատիպ այլ թրեյնինգներ: Ժեստերի լեզուն պետք է, առաջին հերթին, մեր խոսքն ավելի համոզիչ դարձնելու համար: Մենք ենթագիտակցաբար ենք շատ շարժումներ անում, բայց կարող ենք նաև կառավարել դրանք, մարդկանց դրական տրամադրել մեր նկատմամբ, նաև բացահայտել դիմացինի ենթագիտակցաբար արած ժեստերը: Օրինակ, հռետորության ժամանակ պետք է բաց լինեն ափերդ ու պարզած գոտկատեղից վերև` մինչև հոնքերի հատվածը: Ինչպես փոքր հասակում, երբ ինչ-որ մեկի մասին խոսելիս մատով ես ցույց տալիս, ծնողդ ասում է` մատով մի արա, այս կերպ փոքր հասակից ժեստերի լեզուն են սովորեցնում քեզ: Մեծ տարիքում նույնպես պետք է անընդհատ սովորես, ճանաչես ժեստերի լեզուն:
-«Ինչպես պահպանել ամուսնությունը» գրքի հեղինակը ԱՄՆ-ում սպանեց իր կնոջը և նկարները տեղադրեց ֆեյսբուքում։ Դեյլ Քարնեգին մահացավ մենության մեջ (ասում են` ինքնասպանություն գործելով)։ Մանկավարժ, հումանիստ Մոնտեսորիի սեփական երեխային որդեգրել էր ուրիշ ընտանիք։ «Երեխան և նրա խնամքը» գրքի հեղինակ Բենջամին Սփոքին իր որդիները որոշել էին հանձնել ծերանոց։ Այս և նման փաստերի մասին տեղեկացել եմ Ձեր ֆեյսբուքյան էջից: Ինչպե՞ս կբացատրեք այս հակասությունը: Ոչինչ չարժե՞ն լայն տարածում ստացած գրքերն ու թեզերը:
-Եթե մեկ-երկու շաբաթ միասին ուսումնասիրություն կատարենք նույն Google-ում, կարող ենք գտնել մեծ թվով մարդկանց, ովքեր Քարնեգիի խորհուրդները կարդալով հասել են հաջողության, Բենջամին Սփոքին կարդալով` ունեցել են լավ ընտանիք և այլն: Երբ ես վաճառքի թրեյնինգ եմ անում, մասնակիցները մտածում են, որ իրենցից լավ կարող եմ վաճառել ասենք` ավտոյուղը, շինանյութը: Բայց ես միշտ ասում եմ` դուք վաճառող եք, ես սովորեցնում եմ ինչպես վաճառել, հետևաբար դուք ինձից լավ կարող եք վաճառել:
-Հաջողության բանաձևը` ըստ Ձեզ:
-Դու հասնում ես հաջողության, երբ հասկանում ես, որ թիմն է հասնում հաջողության, ոչ թե անհատը, երբ ընդունում ես, որ պետք է կիսես քո աշխատանքի արդյունքը մեկի կամ շատերի հետ: Երբ անառողջ մրցակցությանը զոհ չես գնում, որովհետև շուկայում բաժին չկորցնելու, մրցակիցներից առաջ անցնելու մոլուցքը թույլ չի տալիս սթափ մտածել և ճիշտ քայլեր անել: Ագահությունը քեզ դուրս է մղում շուկայից: Հաջողությունը մրցակիցների մեջ չէ, որ խանգարում են քեզ կամ չեն խանգարում, հաջողությունը Հայաստանի մեջ չէ, հաջողությունը Հայաստանի օրենքների մեջ էլ չէ, հաջողությունը քո ներսում է: Այսպիսի արտահայտություններ կան. «Քարից հաց է քամում», «Անապատում էլ լինի մի բան կաճեցնի»: Ժողովրդական նման խոսքերը ժամանակի ընթացքում զտվում են ու պահպանվում: Այսպես ասեմ` հաջողակ մարդուն չեն կարող խանգարել ո՛չ փոքր շուկան, ո՛չ քաղաքական հարաբերությունները, ո՛չ ճգնաժամը:
-Բայց այսօր գործարարները բողոքում են հենց շուկայից, ճգնաժամից, անառողջ մրցակցությունից:
-Ես խոսեցի այդ խնդիրներից, բայց հավելեցի, որ դրանք չեն կարող խանգարել, եթե դու հաջողակ ես: Եթե միլիոն դոլար էիր աշխատում, կաշխատես 60 հազար դոլար, բայց չէ՞ որ կան շատ մարդիկ, որ 60 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Ի վերջո, երջանկությունը փողի քանակի մեջ չէ, այլ ինչ-որ բան ստեղծելու, ինչ-որ բան արարելու: Շատ միլիարդատերեր ունեցել են փառք, կարողություն, լավ ընտանիք, բայց, մի փոքր անհաջողության հանդիպելիս, ինքնասպան են եղել: Որտե՞ղ է հաջողությունը: Հաջողությունը փողի քանակով չեն չափում: Եղե՛ք լավատես, եղե՛ք հաջողակ:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ