Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Դիզայնը քաղաքաբնակների կյանքը առավել հարմարավետ է դարձնում»

«Դիզայնը քաղաքաբնակների կյանքը առավել հարմարավետ է դարձնում»
15.03.2016 | 11:38

«Իրատեսի» հյուրն է նկարիչ-դիզայներ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:


-Արթուր, Երևանի դիզայն-կերպարն անհասկանալի է և շատ է համահունչ մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրին, ուր խոշոր կապիտալի կամայականությունն է իշխում։
-Այդպես էլ պիտի լիներ, քանի որ չկա որևէ մշակված հայեցակարգ, չեն գործում կարգավորիչ մեխանիզմները։ Նախ անհայտ է, թե ինչ զարգացում պետք է ունենա մեր քաղաքը դիզայնի տեսանկյունից։ Այնինչ ոչ վաղ անցյալում Երևանն ուներ իր դեմքը։ Խորհրդային տարիներին այս խնդիրը կարգավորվում էր քաղաքաշինարարների և ճարտարապետների կողմից, գլխավոր ճարտարապետի, նկարչի և դիզայների կողմից, համահունչ տվյալ ժամանակին։ Ժամանակակից Երևանը շատ բան է ընդօրինակում, շատ հաճախ` մեխանիկորեն։
-Այսինքն։
-Առաջատար քաղաքներում ինչ-որ բան են տեսնում, հրապուրվում են և փորձում դա տեղայնացնել Երևանում։ Դրա համար ներդրումներ են արվում, գումարներ են շրջանառվում և այսպես կոչված ատկատներն են դառնում «գործող անձ»։
-Այսինքն փո՞ղն է իշխում գաղափարին։
-Գուցե և այդպես։ Սովորաբար ճարտարապետությունն է թելադրում դիզայնի զարգացումը, մեզ մոտ դա բացակայում է։
-Երևանն ունի գլխավոր ճարտարապետ, գլխավոր դիզայներ, բայց չունի գլխավոր նկարիչ։ Բայց հարցս հետևյալն է` դիզայնի ընդհանրական դերը քաղաքի կյանքում։
-Դիզայնը քաղաքաբնակների կյանքը առավել հարմարավետ է դարձնում, գործառույթի տեսանկյունից։ Սա թերևս ամենակարևորն է։ Առհասարակ դիզայն հասկացությունը բավականին լայն ընդգրկում ունի։ Տրանսպորտի շահագործում և շենքերի ճակատների հարդարում, լուսավորություն և վահանակների տեղադրում։ Սա մի ամբողջ կենդանի օրգանիզմ է։
-Դիզայնը և տրանսպորտը ի՞նչ առնչություն ունեն։
-Ճանապարհային բոլոր ցուցանակները, վահանակները, ճանապարհային նշանները, նրանց չափը, գույնը, ընտրության վայրը կազմակերպում են քաղաքային տրանսպորտի անխաթար աշխատանքը։ Կարող եմ ամփոփել այս սահմանումով` դիզայնը առարկայական միջավայրի էսթետիկական կազմակերպումն է։ ՈՒ եթե տվյալ միջավայրը ոչ պրոֆեսիոնալ է կազմակերպված, որևէ գործունեություն այնտեղ անթերի լինել չի կարող։
-Տարիներ առաջ Երևանով մեկ կանգառներ տեղադրեցին, որոնք այսօր էլ կան։ Վստահեցնում եմ, որ այդ կանգառի և՛ նախագծողին, և՛ տեղադրման հրահանգը իջեցնողին պիտի անարգանքի սյունին գամել, որպես քաղաքի և քաղաքացու թշնամու։ Շոգ օրերին այս կանգառներում հնարավոր չէ ապաստան գտնել, արևը հասնում է կանգառ-տաղավարի խորքը, շիկացնում է մետաղյա նստարանները, և կանգառը դառնում է հնոց։ Տեսարանը զավեշտալի է, քաղաքում արևը կրակ է թափում, սակայն մարդիկ լքում են կանգառ կոչվածը և ստվեր են փնտրում շրջակա ծառերի տակ։
-Այսինքն` խախտվել է դիզայնի կարևորագույն չափորոշիչներից մեկը` հարմարավետությունը։ Գուցե նման կանգառ նախագծողի պրոֆեսիոնալիզմն է կաղում, կամ էլ նա անտարբեր է գտնվել պատասխանատու այս գործի հանդեպ։ Ավելացնեմ, որ կանգառ-տաղավարները հաճախ չափերով անհարմարորեն մեծ են և չեն համապատասխանում այն միջավայրին, որտեղ տեղադրված են։ Կանգառ-տաղավարը, անշուշտ, նախ գործնական նշանակություն ունի։ Սակայն ոճական իմաստով էլ այն պիտի ներդաշնակվի քաղաքային միջավայրի հետ։
-Նույն կանգառ տաղավարն է և՛ ՀԱ զանգվածում, և Սայաթ-Նովա փողոցում։ Սա անձամբ ինձ վրա ինչ-որ «զորանոցային կոմունիզմի» տպավորություն է թողնում։
-Գուցե։ Դրանք տեղայնացման խնդիր ունեն, և, իհարկե, չի կարելի Սայաթ-Նովայի կամ Աբովյան փողոցներում տեղադրել այն նույն տաղավարները, որոնք տեղադրվում են երկրորդական փողոցներում։ Սա ևս դիզայներական պրոֆեսիոնալ լուծումների անտեսում է։
-Մայրաքաղաքում անհասկանալի բաներ են կատարվում։ Այսպես, կենտրոնական, պատմամշակութային հատվածների կանաչ տարածքների մեջ մեկ էլ հայտնվում են գութան և արոր, կուժ ու կուլա, ինչ-որ անհեթեթ-գլամուրային կենդանիներ։ Այսպես է, ի մասնավորի, Կարապի լճի շրջակայքում։ Ի՞նչ է սա։
-Գավառական մոտեցում է։ Քանի որ ամեն բան ինքնահոսի է թողնված, ի հայտ են գալիս նման բաներ։ Դրանք կախված են տվյալ միջավայրը ձևավորող դիզայների քմահաճույքից։ Այստեղ բացակայում են գաղափարախոսությունը, հայեցակարգը։ Քաղաքը, առավել ևս մայրաքաղաքը, չի կարելի նման ձևով «զարդարել»։ Սակայն չմոռանանք մի շատ կարևոր հանգամանք. քաղաքի այս կամ այն հատվածը այս կամ այն կերպ ձևավորելով, առարկայականից բացի (և նրանից առաջ), մենք հոգևոր միջավայր ենք ձևավորում։ Մասնավորապես քանդակը հոգևոր միջավայրի ձևավորման կարևոր տարր է։ Նույնը վերաբերում է դիզայներական ձևավորումներին։
-Մոսկվայում ինչպե՞ս է գործերի վիճակը։
-Լուժկովի կառավարման տարիներին ամեն բան զարգանում էր խառնիխուռն։ Վերջին տարիներին իրավիճակը արմատապես է փոխվել, և այս բնագավառը ևս լուրջ հսկողության տակ է գտնվում։ Մոսկվայում մշակութային արժեքների պահպանման հետ կապված մեծ շարժում կա, լուրջ համագործակցություն է ձևավորվել պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների միջև։ Մասնավորապես պահպանում են նախորդ դարում ի հայտ եկած կոնստրուկտիվիզմի և մոդեռնիզմի շրջանի շենքերը։ Նման մոտեցում չկա մեր իրականությունում, վերացվեց այդ շրջանի հիանալի նմուշ «Սևան» հյուրանոցը, ինչ-որ անհասկանալի ձևով պճնվել է նախկին «Մանկական աշխարհը» և այլն։
-Դիզայներական ձևավորման տեսանկյունից ամե՞ն բան է խաթարված։
-Բարեբախտաբար, ոչ։ Մաշտոցի պողոտայում, Աբովյան և Թումանյան փողոցներում կան ձևավորման հաջող նմուշներ, երբ դիզայնը համահունչ է ճարտարապետությանը։
-Երևանում հրաշալի տուֆի շարվածքը ոմանք առնում են ներկի շերտի տակ, փորձելով իրենց օբյեկտն առանձնացնել միջավայրում։
-Անհեթեթություն է, տուֆն իր տեսակով արդեն իսկ յուրօրինակ գեղագիտություն է։ Դե, դա էլ է կապված ընդհանուր բարձիթողի վիճակի հետ։


Զրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ