Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չկա նախկին «նոստալգիան»

Չկա նախկին «նոստալգիան»
18.03.2016 | 00:55

Մեկ ամիս հետո Հրազդանում քաղաքապետի ընտրություններ են, իսկ հրազդանցիների վեջն էլ չի: Թե՛ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն է իր թեկնածությունը կրկին առաջադրել, թե՛ ընդդիմադիր ճամբարը ներկայացնող Սասուն Միքայելյանն ու Արթուր Միսակյանը, սակայն լուրջ մրցակցություն, մեկ է, չի ուրվագծվում, և քաղաքում էլ նախընտրական պայքարի ո՛չ շունչ կա, ո՛չ շորշոփ: Խնդիրն ամենևին էլ այն չէ, որ իշխանության ներկայացուցիչն ավելի կազմակերպված ընտրարշավ է անցկացնում կամ ազդեցության առավել գործուն լծակներ ունի, պարզապես ռեալ այլընտրանք չի առաջադրվել նրան:
Եվ այսպես, այլընտրանք առաջին՝ Սասուն Միքայելյան: Ինչո՞ւ, այնուամենայնիվ, նա չի դիտարկվում որպես քաղաքապետի ռեալ թեկնածու: Շատ պարզ պատճառով՝ հրազդանցիները լավ հիշողություն ունեն, իսկ հիշողությունն այդ հօգուտ Սասունի չէ և «նոստալգիկ» ելևէջներ էլ չի պարունակում: Հրազդանի քաղաքապետ նա մեկ անգամ արդեն եղել է (1996-1999 թթ.), Ազգային ժողովի 3-րդ և 4-րդ գումարումների պատգամավոր էլ է եղել (1999-2007 թթ.), բնականաբար, որպես իշխանության ներկայացուցիչ, ինչը մեզանում, ցավոք, արդեն իսկ հանրային բացասական վերաբերմունքի «բույն» է: Սասուն Միքայելյանի նկատմամբ վստահություն չի տածում նաև ՀԱԿ-ը, և բնավ էլ պատահական չէ, որ Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում չի սատարելու նրան: Կոնգրեսը լուրջ կասկածներ ունի, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Սասունի թեկնածությունն առաջադրած «Քաղաքացիական պայմանագիրը», Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իշխանությունների «հաճախորդն» է: Այլ խոսքով, քաղաքական երկարամյա գործունեության ընթացքում մի քանի ճամբար փոխած այս գործիչը լավ մոռացված այն հինն է, ում մասին հրազդանցիներն այսօր չեն էլ ուզում հիշել, ուստի մտածել, թե նա կարող է լուրջ այլընտրանք լինել առաջիկա ընտրություններում, ոչ ավել-ոչ պակաս քաղաքական հավկուրության ժանրից է:
Այլընտրանք երկրորդ՝ Արթուր Միսակյան՝ Արթուր Բաղդասարյանի վերջերս ձևավորած «Հայկական վերածնունդի» թեկնածու, ում միակ «արժանիքը», թերևս, տեղացի լինելն է: Ո՛չ ավելին: Դե, իսկ եթե չմոռանանք, որ «Հայկական վերածնունդն» էլ շատ մեծ վերապահումներով է դիտարկվում որպես ընդդիմություն, այդ թվում՝ հրազդանցիների կողմից, արդեն չարժե նաև պատասխանել մեր իսկ առաջադրած հարցին, թե ինչու քաղաքապետի այս թեկնածուն ևս ռեալ այլընտրանք չի կարող համարվել:
Այս պայմաններում դե գնա ու հետաքրքրություն ցուցաբերիր սպասվող ընտրությունների նկատմամբ, «խեղճ» հրազդանցի: Կցուցաբերի՞: Չի ցուցաբերի, է՛լի:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 12571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ