Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լեյկեմիայով հիվանդ ավելի քան 500 առողջացած երեխա կա

Լեյկեմիայով հիվանդ ավելի քան 500 առողջացած երեխա կա
18.03.2016 | 10:39

Տարբեր կազմակերպություններ պարբերաբար անցկացնում են բարեգործական ակցիաներ՝ օգնելու արյան հիվանդություններ ունեցող երեխաներին։ ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն ՍՄԲԱՏ ԴԱՂԲԱՇՅԱՆԻՆ հանդիպեցինք նման ակցիաներից մեկի ժամանակ։
Պարոն Դաղբաշյանը նկատեց, որ արյան համակարգի չարորակ հիվանդությունների, ինչպես նաև ապլաստիկ սակավարյունության և հեմոֆիլիայի բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում, սակայն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ուռուցքային հիվանդությունների բուժումը, մասնավորապես լեյկեմիան, շատ ծախսատար է, նոր դեղորայքներ են ի հայտ գալիս, և պետությունը երբեմն չի կարողանում հայթայթել այդ նոր դեղորայքը։ ՈՒստի հիմնադրամներ են ստեղծվում, որոնք օգնում են հիվանդներին, հիվանդանոցներին նորագույն դեղորայքի ձեռքբերման գործում։ Այդպիսի հիմնադրամներ կան ամբողջ աշխարհում և Հայաստանում։ Մեր երկրում «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը շատ ակտիվորեն օգնում է լեյկեմիայով հիվանդ երեխաներին, անցկացվում են բարեգործական միջոցառումներ։
Սմբատ Դաղբաշյանը նկատում է, որ հիվանդությունը ծանր խնդիր է, որ հարվածում է ընտանիքին, և անհրաժեշտ է աշխատանքներ տանել ինչպես հիվանդ երեխայի, այնպես էլ ընտանիքի հետ։ Մանավանդ ծնողները գտնվում են այնպիսի հոգեվիճակում, որ նրանց համար շատ դժվար ընկալելի են բոլոր այն երևույթները, որ գտնվում են հիվանդ երեխայի շուրջը։ Արյունաբանական կենտրոնում գործում է հոգեբանի ծառայություն, հոգեբանները՝ որպես սոցիալական աշխատող, նաև շփվում են ընտանիքների հետ, բացատրում առկա խնդիրները։
Ըստ պարոն Դաղբաշյանի, բազմաթիվ երեխաներ՝ ի պատիվ մեր առողջապահական համակարգի, առողջացել են։ «Այսօր լեյկեմիայով հիվանդ ավելի քան 500 առողջացած երեխա կա, և այդ երեխաներն են այն հույսը, համատեղ աշխատանքի արդյունքը, որ մեզ՝ բժիշկներիս, հիվանդի հարազատներին, հասարակությանը, աջակցություն ցույց տվող հիմնադրամներին աշխատելու ուժ են տալիս։ Սա վկայում է, որ մենք օրեցօր ունենալու ենք առողջացող երեխաների ավելի մեծ թվեր»,- ասում է Սմբատ Դաղբաշյանը։
Արյունաբանական կենտրոնում այսօր ստացիոնար բուժում է ստանում մոտ 20 երեխա, և մոտ 200 հիվանդ էլ դիսպանսեր ծառայության մեջ է գտնվում և պարբերաբար այցելում է արյունաբանական կենտրոն։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ