Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Գնացի մարդի, ունեցա որդի...»

«Գնացի մարդի,  ունեցա որդի...»
22.03.2016 | 01:06

Ընտրական օրենսգրքի քննարկմանը զուգընթաց քաղաքական վերադասավորություններ են տեղի ունենում. վերջնական պատկերը դեռ չկա, սակայն հիմնական ուրվագծերը գրեթե պարզ են, և նոր անակնկալներ պետք չէ սպասել ընդդիմադիր դաշտում, ուր ամենամեծ անակնկալը, թերևս, բոլորի միավորումը կլինի, իսկ դա արդեն Լեմի ժանրից է, չնայած անգամ այդ ֆանտաստիկան իրականության վերածվելու ներուժ ունի: Բայց` ոչ հայոց համար:
Անակնկալ ավելի շատ պետք է սպասել իշխանական «վեկտորից», ուր նույնպես «դասավորություններ» են, սակայն խորքում, բայց քանի որ չկա մի բան, որ հայտնի չդառնա, հասկանալի է դառնում` այնտեղ անհանգստությունները առավել խոր են, քան ընդդիմադիր դաշտում: Ընդ որում, օրինաչափորեն այդ մասին ոչ թե «օճորքն» ու «քարերն» են աղաղակում, ինչպես հավաստում է Աստվածաշունչը, այլ անհանգստացածներն «անձամբ են ճանաչում», և նրանց ներկայացրած «հայտի» առնչությամբ առաջացած տարակուսանքները ոչ այնքան նրանց հավակնություններին են առնչվում, որքան ադեկվատությանը:
Ահա և Հայաստանում էր Ռուսաստանի աղետների հետևանքների վերացման նախարար պարոն Պուչկովը: Վերջինս եկել էր «աղետների» և «հետևանքների» գործով, սակայն ստացվեց` ինչպես միշտ: Հովիկ Աբրահամյանին հանդիպելուց, Արմեն Երիցյանին «պաչ-պռոշտիից» հետո (չէ՜, հո չենք ասում «տղա» էր բերվել վերջին «հետևանքները» վերացնելու համար), և ուրեմն, համատեղ «ջանք»-միջոցառումների շրջանակում այդպես էլ սուպերնախարար չդարձած, «կաստինգը» կիսատ թողած պարոն Երիցյանը նոր «կաստինգի» ելավ:
Բայց քանի որ ամեն նոր լավ մոռացված հինն է, առանց նրա էլ հիշեցինք, որ ժամանակներ առաջ աղետների հետևանքների վերացման նախարարին հանդիպած Հովիկ Աբրահամյանը տեսակետ ուներ, որ պետք է ստեղծել ներքին գործերի նախարար... կներեք, նախարարություն` իր «հետևանքներով» հանդերձ: Էն ոչինչ, որ պարոն Երիցյանը մի պահ մոռանում է, որ ՏԿ-ն արդեն տարել են իր «տակից», և ներկայացնելով յուր տեսլականը ապագա «ներքինի» մասին, նախատեսում է, որ այն պետք է բաղկացած լինի մի քանի ծառայություններից և պետք է ղեկավարվի «մեկ կետից»։ Չէ, հո չե՞նք ասում` «մեկ կետ» ասելով նա նկատի ունի ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Հովիկ Աբրահամյանին, այլ ասում ենք` բա գեներալ մարդն այդքան «մերկ» կլինի՞` չեղած բանի մասին այդքան երկար, հաստ ու բարակ «ինքնահաստատմամբ» գոտեպնդվելու համար:
Հաջորդող մտքերն ընդհանրապես կշշմեցնեին ծերուկ Ֆրոյդին` իրենց ենթագիտակցական «շատրվանումներով». հարցին` «կգնա՞ք մարդի, կունենա՞ք որդի` անունը Կիկոս, գդակը պոպոզ», ասել է թե` ձեզ տեսնո՞ւմ եք ներքին գործերի նախարարի պաշտոնում, պարոն Երիցյանը պատասխանել է. «Չեմ կարող ասել, դա ինձնից կախված չէ… Եթե նշանակեն` կաշխատեմ»: Հասար` իջիր:
Չնայած կարծում ենք` սա այն դեպքն է, երբ ծերուկ Ֆրոյդը նույնպես անզոր կլիներ. սա Լամբրոզոյին առնչվող վիճակ է:
Ավարտենք քաղաքական «վերադասավորությունների» թեման` հավելմամբ. այն ժամանակ, երբ ողջ ընդդիմադիր ճամբարը գրեթե ոտքի կանգնած զարմանում է Օսկանյանի ստեղծելիք կուսակցության վրա, վերջինիս հիշեցնում մարտի մեկը, երբ իշխանությունից «մեկը» վեր-վեր է թռչում խոր ուրախությունից և ասում` ողջունում եմ Օսկանյանի այդ քայլը` «կեցցե, հիփ-հիփ` ուռա», դա դեռ ոչինչ: Իսկ երբ իշխանությունում եղող պարոն Լամբրոզոն... օյ, կներեք, պարոն Երիցյանը, ով այդպես երկար-բարակ խոսում է չեղած «ներքինի» մասին, բայց կրիմինալի դեմ պայքարին առնչվող հարցի մասով ասում, թե ինքը չի կարող պատասխանել, «հասցեատիրոջը» պետք է հարցնել, այ այստեղ ոչ թե կլինիկայի ու Լամբրոզոյի մասին կարող է խոսք լինել, այլ…
Հասկացա՛ք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ