Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Տիրամայրն արդյոք ընդունե՞լ է սուրբ Հաղորդությունը

Տիրամայրն արդյոք ընդունե՞լ է սուրբ Հաղորդությունը
22.03.2016 | 00:05

Քրիստոնեության մեծագույն խորհուրդը սուրբ Հաղորդությունն է, քանզի առանց դրա կյանք չունի մահկանացու մարդը՝ ով էլ լինի, քանզի այդ մասին անձամբ Հիսուս Քրիստոսը բարբառեց վերջին ընթրիքի ժամանակ. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ Մարմինը»։ Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար» (Մատթեոսի Ավետարան 26.26-28)։ Եվ վերջում ավելացրեց. «Այս արեք Իմ հիշատակի համար»։

Իսկ մինչ այդ Հիսուս Իր քարոզներից մեկում ասաց հրեաներին. «Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։ Այս է երկնքից իջած Հացը, որպեսզի ով որ սրանից ուտի, չմեռնի։ Ես եմ կենդանի Հացը, որ երկնքից է իջած, թե մեկն այս Հացից ուտի, հավիտյան կապրի, և այն Հացը, որ Ես կտամ, Իմ Մարմինն է, որը Ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհաննեսի Ավետարան 6.49-52)։ Ահա այդ զատկական վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը իրագործեց հենց այդ խոսքերը՝ Իր Մարմնի փոխարեն անթթխմոր բաղարջ Հացը տալով, իսկ Իր Արյան փոխարեն՝ անապական Գինին։ Այս կոչվում է սուրբ Հաղորդություն, որը հանդիսանում է բոլոր առաքելահիմք եկեղեցիների յոթ խորհուրդներից մեկը (որոնք են՝ 1. Մկրտություն, 2. Դրոշմ, 3. Ապաշխարություն, 4. Հաղորդություն, 5. Ձեռնադրություն, 6. Պսակ ամուսնության, 7. Կարգ հիվանդաց)։ Մկրտությունից ու սուրբ Մեռոնով դրոշմվելուց հետո յուրաքանչյուր քրիստոնյա ընդունում է քահանայի ձեռքից իր առաջին սուրբ Հաղորդությունը, իսկ եթե մկրտվողը կաթնակեր է, ապա սուրբ Հաղորդությունը միայն դիպցնում են երեխայի շուրթերին, ապա տալիս նրան կերակրող մորը։
Այս մասին այսքանը, իսկ հիմա մանրամասնենք ընտրված վերնագրի խոսքերը. «Արդյո՞ք Տիրամայրն ընդունեց սուրբ Հաղորդություն»: Շաբաթներ առաջ «Իրատեսում» մի նյութ հրատարակվեց, որտեղ արծարծվում էր կարևոր մի խնդիր. արդյոք Հուդան ընդունե՞ց սուրբ Հաղորդություն, քանզի մասնակից էր վերջին ընթրիքի հավաքին: Եզրակացությունը մեկն էր. ո՛չ, Հուդան չի արժանացել սրբության կյանքին, քանզի նա կամովին մահվան ճանապարհն էր ընտրել և երեսուն արծաթով համաձայնել էր մատնել մեր Տիրոջը:
Ավետարաններից և ոչ մեկում չկա ակնարկ՝ Տիրամայրն ընդունե՞լ է սուրբ Հաղորդություն, թե՞ ոչ: Հիրավի անքննելի են Տիրոջ խորհուրդները, որոնք միայն Սուրբ Հոգու միջոցով են բացահայտվում: Իսկ երբ մեր տկար իմացությանն ենք ապավինում, ապա բազում մեղքերի մեջ ենք հայտնվում մեծախորհուրդ հարցերը քննելիս: Օրինակ, ավետարաններում գրված է՝ Հիսուսն Իր հրաշափառ հարությունից հետո երևաց Մարիամ Մագթաղինացուն, հետո մեկտեղ հավաքված առաքյալներին, Պետրոսին, ապա Էմմավուսի երկու ճամփորդ աշակերտներին և այլն: Իսկ այն մասին, որ Հիսուսը հարությունից հետո այցելել է Իր սիրելի ու տառապած մորը, ոչ մի տեղ չկա գրված: Բողոքական շարժման քրիստոնյաները, որոնք միայն Աստծո խոսքի գրված տողերի վրա են հիմնվում, ապա իրենց ենթադրությունները անում, կարող են ասել, որ եթե գրված չէ, ուրեմն Հիսուսը հարությունից հետո Իր մորը չի այցելել: Իսկ Սուրբ Հոգով առաջնորդվողները չգրված տողերի մեջ հասկանում են, որ այդ մասին նույնիսկ գրելն է ավելորդ, քանզի որդեկորույս ու անարգ խաչի վրա տառապած Որդու մահը ողբացող մորը հենց առաջինն է այցելել հարուցյալ Որդին, որ սրբի Իր սիրասուն մոր արցունքները և ուրախության ավետիս տա նրան, ով առաջինն ընդունեց Աստծո Որդու ծննդյան ավետիսը Գաբրիել հրեշտակի միջոցով: Եվ դարձյալ նույն բողոքական հարանվանությունները կարդալով, ավետարանները, որտեղ գրված է Հիսուսի եղբայրների մասին, իրենց փուչ մարդկային եզրակացությամբ ասում են, ուրեմն Մարիամը Հովսեփից հետո երեխաներ է ունեցել: Իսկ առաքելական բոլոր եկեղեցիները անխտիր, Սուրբ Հոգու զորությամբ հաստատում են, որ Մարիամը նույնիսկ Հիսուսին ծնելուց հետո մնաց կույս ու անարատ մինչ իր մահը: Իսկ Նարեկացի սուրբը մեծարեց Տիրամորը, բարբառելով այսպես. «Աղաչում եմ սուրբ Աստվածածին, հրեշտակ մարդկանցից, մարմնատեսիլ քերովբե, երկնային արքայուհի, եթերի պես ջինջ, լույսի պես մաքուր, անշաղախ ինչպես բարձրյալ արուսյակի պատկեր, երանելի խոստումնավայր, շնչավոր Եդեմ, բոցեղեն հրով պաշտպանված Անմահության Կենաց ծառ, Հորից զորացյալ ու հովանավորյալ... ընդունի՜ր քեզ դավանողից մաղթանքներն այս աղերսալի...» (Մատյան ողբերգության, Բան Ձ.ա):
Այնուամենայնիվ, փորձենք եզրակացնել՝ Տիրամայրն արժանացա՞վ սուրբ Հաղորդության մեծագույն խորհրդին։ Ի վերջո, դրանով է պայմանավորված յուրաքանչյուր քրիստոնյայի հավիտենական կյանքի սկիզբն ու ընթացքը: Ավետարաններում ոչ մի տող չկա այդ մասին, ու այդ հարցը կդառնա հարց միայն նրանց համար, ովքեր տառից ու բառից կախված կմնան, իսկ Տիրոջ Հոգով առաջնորդվողները կխորհեն, որ անհնար է, որ Հիսուսն Իր մորը զրկեր այդ մեծագույն խորհրդից: Ահա այսպես էլ ես էի խորհում ու հավատում, մինչև որ տարիներ հետո կարդացի երանելի Վալտորտայի միջոցով ստացված երկնային պատգամները, որտեղ վերոհիշյալ հարցի պատասխանը կարդացի և այժմ էլ ուրախությամբ եմ ուզում կիսել այդ տողերը նաև մեր ընթերցողների հետ, որպեսզի նրանց ուրախությունն էլ կատարյալ լինի, քանզի այս զատկական Ավագ շաբաթվա հինգշաբթի օրը, մեր եկեղեցին սուրբ Պատարագի արարողությամբ հիշատակելու է սուրբ Հաղորդության հենց այդ խորհուրդը:
Իսկ ըստ կարդացածս պատգամի, երբ Հիսուսն Իր աշակերտների համար օրհնեց հացն ու գինին, ու հրամցրեց նրանց որպես Նոր ուխտի Իր Մարմին ու Արյուն, դրանից հետո վեր կացավ ընթրիքի սեղանից, ու այդ սրբության խորհրդի բաժակն ու օրհնված հացից հետը վերցնելով, սենյակից դուրս եկավ, քանի որ Իր մայրը կողքի սրահում էր, ու նրան էլ տվեց այդ սուրբ Հաղորդության մասից, որպես նոր և հավիտենական Կյանքի սկիզբ: Իսկ ըստ մեր եկեղեցու ավանդության, մեր սուրբ Տիրամայրն իր ննջումից առաջ վերջին անգամ սուրբ Հաղորդություն է ստանում սուրբ Հովհաննես առաքյալի միջոցով։
Քանի որ առաջիկա հինգշաբթի օրը սուրբ Հաղորդության խորհուրդն է կատարվելու մեր եկեղեցիներում, ապա պետք է իմանալ։
Սուրբ Հաղորդության նշխարքը՝ ցորենի պարզ հացը, մինչ սրբագործությունն ընդամենը անթթխմոր հաց է, որը թխվում է սուրբ Պատարագի օրը և Խաչի կնիքով դրոշմվում։ Արարողության ժամանակ աղոթքներով ու Սուրբ Հոգու միջոցով հրաշապես փոխակերպվում է Հիսուս Քրիստոսի Մարմնի, իսկ գինին, որ պատրաստում են անպայման որթատունկի, այսինքն՝ խաղողի բերքից, նույնպես փոխակերպվում է Հիսուսի Արյան. եկեղեցին այն անվանում է Գոյացափոխություն։ Սա այն հրաշքի նորոգումն է, որ Հիսուս Քրիստոսը կատարեց, երբ վերջին ընթրիքի ժամանակ հացն ու գինին Իր երկրպագելի Մարմնին ու Արյանը փոխարկեց։ Ամբողջ այդ արարողությունը կոչվում է սուրբ Պատարագ, կամ անարյուն զոհաբերություն։ Այդ սրբագործությունը կատարվում է միայն օծյալ քահանայի միջնորդությամբ և աղոթքներով, որի ընթացքում երիցս կրկնելով. «Երկրպագում, աղաչում ու խնդրում ենք Քեզնից, բարերար Աստված, առաքիր Քեզ մշտնջենակից և էակից Սուրբ Հոգիդ մեր և մեր առջև դրված այս ընծաների վրա։ Որով օրհնելով այս հացը, այն ճշմարտապես դարձրու մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի օրհնյալ Մարմինը։ Եվ գավաթն այս ստուգապես դարձրու մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի օրհնյալ Արյունը։ Որպեսզի այս ամենը լինի մեզ՝ մերձեցողներիս անդատապարտություն, մեղքերի քավության և թողության համար»։ Իսկ վերջում ավելացնում է. «Ճաշակենք սրբությամբ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի սուրբ և պատվական Մարմնից ու Արյունից, որ իջնելով երկնքից բաշխվում է մեր մեջ։
Սա՛ է կյանքը, հույսը, հարությունը, մեղքերի քավությունն ու թողությունը»։
Եթե ընթերցողը ծանոթ է Աստվածաշնչին, ապա կհիշի, որ Ադամն ու Եվան եդեմում մեղանչելուց հետո դուրս արվեցին դրախտից, որովհետև Կենաց, այսինքն՝ Կյանքի ծառը կար այնտեղ, որի պտուղը եթե հանկարծ նրանք ուտեին, ապա հավիտյան մեղավոր կմնային։ Ահա Աստված Հիսուսի զոհաբերությամբ վերականգնեց Կենաց ծառի պտղի ճաշակումը ադամորդիներիս համար, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ անձամբ Հիսուսը Խաչի վրա կախված։ Այսինքն՝ Տիրոջ Խաչը դարձավ հենց այն Կենաց ծառը, իսկ պտուղը՝ Հիսուս Քրիստոսը, ՈՒմ Մարմնի և Արյան ճաշակումով մենք Կյանքի անմահությունն ենք ընդունում։ Այդ պատճառով մեր խաչքարերի վրա Տիրոջ Խաչը տակի մասում տերևակալած՝ ծաղկած են քանդակում։
Եվ այսպես, սուրբ Հաղորդությունը մեր հոգու ճշմարիտ կերակուրն է, որ «Հայր մեր» աղոթքի ժամանակ ասում ենք՝ տուր հանապազօր հացը մեզ այսօր, որ պահում և աճեցնում է հոգու կյանքը, ինչպես որ նյութական հացն է պահում մարմնի կյանքը։
Քանի որ ասացինք առաքելահիմն եկեղեցիները մկրտում և հաղորդություն են տալիս դեռ մանուկ հասակից, ուրեմն երեխաների սուրբ Հաղորդության հարցը թող չանտեսեն ծնողները և ստեպ-ստեպ իրենց մկրտված զավակներին տանեն պատարագների և մասնակից դարձնեն Կյանքի Հացին։
Սուրբ Հաղորդությունը քրիստոնյային Հոգու մխիթարություն և զորություն է տալիս, տկարացնում է կրքերն ու մեղավոր ցանկությունները, աճեցնում է սերն ու եռանդը Աստծո հանդեպ և օգնում դեպի մեր մերձավորը ներողամիտ ու համբերատար լինելուն։ Ինչպես նաև երկնային արքայության փառքին ու մեր մարմնի հարության առհավատչյան՝ գրավականն է տալիս այն։
Այդ պատճառով քահանան բարձրացնում է հաղորդության սկիհը, ասում է. «Սրբությամբ ճաշակենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ու պատվական Մարմնից ու Արյունից, որ երկնքից իջնելով բաշխվում է մեր մեջ։ Սա՛ է Կյանք, հույս, հարություն, քավություն և մեղքերի թողություն»։
Ասենք նաև, որ այս սուրբ Պատարագից անմասն չեն մնում նաև մեր ննջեցյալները, որովհետև նրանց համար աղոթում են՝ ասելով. «Հոգի Աստծո, որ երկնքից իջնելով, մեր միջոցով կատարում ես ծառայակցի Քո խորհուրդը. Նրա արյան հեղումով, աղաչում ենք Քեզ, հանգստացրու մեր ննջեցյալների հոգիները»։
Իսկ չափահաս քրիստոնյաները պարտավոր են առնվազն եկեղեցու տարեկան հինգ տաղավարահարաց տոների ժամանակ սուրբ Հաղորդություն ընդունել։ Այդ հինգ տոները հետևյալն են՝ 1. Սուրբ Ծնունդ և Հայտնություն (հունվարի 6-ին), 2. Սուրբ Զատիկ՝ Հիսուսի Հարության օրը, 3. Վարդավառ, կամ Տոն Այլակերպության, 4. Վերափոխումն սուրբ Աստվածածնի (խաղողօրհնեքի տոնը, օգոստոսի 15-ից հետո մոտ կիրակին), 5. Սուրբ Խաչի տոն (Խաչվերաց)՝ սեպտեմբերին։
Տեր Հիսուսը թող ամենքիս արժանացնի սուրբ Հաղորդությամբ անդատապարտորեն ընդունելու Իր Մարմինն ու Արյունը, որպեսզի Իր խոստացած հավիտենական Կյանքին արժանանանք: Ամեն:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ