Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Բայց գիտեմ, մի օր գալու եմ հեռվից...»

«Բայց գիտեմ, մի օր  գալու եմ հեռվից...»
22.03.2016 | 11:49

Կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի կյանքը և ստեղծագործական ուղին կարելի է բնորոշել որպես «անավարտ սիմֆոնիա, անավարտ կյանք»։ Նա ծնվել է 1956-ին և անմահացել 2001-ին։ Անմահացել, քանզի նրա սիրտը շարունակում է բաբախել իր ստեղծագործություններում` կոնցերտներում, սոնատներում, իր երգերում («Զինվորի երգը», «Նոր Հայաստանը», «Հայոց լեզուն», «Երանին», «Ես մի նոր պանդուխտ եմ», «Տրիոլետները») և այլն։ «Պիոներական քայլերգից» մինչև «Գողգոթա»՝ ահա այն վերընթաց ճանապարհը, որը Լուսիկյանն անցել է իր երկրային կյանքի 45 տարում։ Այսինքն, առաջին գործից, որ նա հորինել է 12 տարեկանում, մինչև մեծակերտ ստեղծագործությունը՝ «Գողգոթա» դաշնամուրային կոնցերտը։
Ի դեպ, մինչ այդ դեպի հավատ նման ճանապարհ անցել էին նրա ավագ արվեստակիցները, օրինակ, Էդգար Հովհաննիսյանը՝ «Կոմերիտական քայլերգից» մինչև կյանքի վերջում գրված «Գողգոթա» սիմֆոնիկ պասսակալիան և «Գրիգոր Նարեկացի» աղոթերգությունը (օրատորիա)։ Ըստ Թոմաս Մանի, արվեստը կերպարների վերաձուլված կարոտն է։ Ճապոնացի պոետ Իսիկավա Թաքուբոքուն գրել է.
Յուրաքանչյուր մարդու սրտում,
Եթե իրոք նա մարդ է
Իսկական,
Տնքում է թաքուն մի կալանավոր,
Մի անձայն կարոտ։
Ահա այդ կարոտն է արվեստագետը վերաձուլում կերպարների։ Այդ «անձայն կարոտն» էր հնչեցնում իր երկերում։ Ասում են՝ հայերը կարոտում են նույնիսկ այն բանին, ինչը չեն տեսել, ինչպես Լուսիկյանը, որ չէր տեսել Կիլիկիան, սակայն նրա «Կիլիկիա» չքնաղ երգը համակ կարոտ է։ Լսում ես և զգում քեզ Կիլիկիայում և Կիլիկիան քո մեջ: Նույնը և «Կորսված դրախտ» ֆիլմի, «Կապույտ դրախտի» երաժշտությունը։ Եվ դա իր խոր արմատներն ունի։ Ստեփանի նախնիներն ապրել են դրախտը ոռոգող Եփրատ գետի ափին՝ Տիվրիկ և Քեմախ քաղաքներում։ Ցեղասպանությունից մազապուրծ՝ նրանք ապաստան գտան Հունաստանում։ Այստեղ է, որ Ստեփանի ծնողները՝ Սարգիսն ու Եվան, հանդիպեցին, ամուսնացան և տուն դրեցին։ Բայց օսմանցիների դամոկլյան յաթաղանը ճոճվում էր նաև Հունաստանի գլխին։ Եվ արձագանքելով հայրենադարձության կոչին՝ 1947-ին նրանք բազում հայերի հետ ներգաղթեցին, այսպես ասած, «ապահով» Հայաստան։ Այստեղ էլ հանգիստ չգտան՝ մոլեգնում էր ստալինյան ահաբեկչությունը։ Մեկուկես տարի անց՝ 1948-ի հունիսի 13-ի չարաբաստիկ գիշերը, հազարավոր հայերի հետ Լուսիկյանների ընտանիքն աքսորվեց Ալթայի երկրամաս։ Նրանց, որպես մեղադրանք, կպցնում էին «ժողովրդի թշնամի» պիտակը։
Միայն 1956-ին նրանք ազատվեցին և վերադարձան Երևան, հետագայում արդարացվեցին։ Երևանում էլ նույն թվին ծնվեց Ստեփանը։ Վաղ մանկությունից տղան դրսևորում էր երաժշտական հակումներ։ Նրա առաջին նվագարաններն էին թմբուկը և ծնծղաները։ Ռիթմիկ հետաքրքիր նախշերը գրավեցին Ստեփանի հոր ուշադրությունը, և որպես խրախուսանք նա տղային նվիրեց մի մեծ գնդակ։ Դա Ստեփանի առաջին «մրցանակն» էր երաժշտության ասպարեզում։ Շուտով նրան ընդունեցին Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, այնուհետև Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց։ Նրա դաշնամուրի դասատուն պրոֆեսոր Գեորգի Սարաջևն էր, իսկ կոմպոզիցիան ուսանում էր Ստեփան Ջրբաշյանի դասարանում։ Հայրը Ստեփանին արժանացրեց հաջորդ մրցանակին. այս անգամ ռոյալ էր, իսկական։ Այն տարիների սովորական մահկանացուների համար դժվար էր նման շքեղ գործիք ձեռք բերելը։ Ստեփանի քույր Մառան չի մոռանում այդ դեպքը. հայրն ասել էր. «Ստյոպան երբևէ հազիվ թե կարողանա փող կուտակել ռոյալ կամ մեքենա առնելու համար, ոչ էլ կգնա քաղաքական կամ տնտեսական գծով...»։ Ապագան ցույց տվեց, որ հայրը ճիշտ էր։ Ծնողները, ինչպես ասում են, «դողում էին» Ստեփանի վրա, ամենայն պատասխանատվությամբ հետևում դասերին։
Վկայությունը հետևյալ դեպքն է։ Մի անգամ մայրը «շտապօգնություն» էր կանչել։ Պարզվեց, որ Ստեփանի մատը մնացել էր սառնարանի դռան ռետինե փափուկ մեղմոցի տակ։ Ի զարմանս բժշկի, հուզված մայրը պատասխանել էր. «Բայց չէ՞ որ տղաս պիտի դաշնակահար դառնա»... Այստեղ մենք մեզ թույլ կտանք մի փոքրիկ «քնարական զեղում»։ 1970-ականների սկզբին Մստիսլավ Ռոստրոպովիչի համերգը Երևանում ցնցեց երաժշտասերներին։ Ըստ էության, դա հրաժեշտի համերգ էր։ 1974-ին հանճարեղ թավջութակահարին, որպես այլախոհի, արտաքսեցին Խորհրդային Միությունից։ Նույն ժամանակաշրջանում (1973 թ.) «Արարատը» դարձավ ֆուտբոլի Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր։ Այս հաղթանակից ոգևորված, մեծանուն թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը, որը շատ էր սիրում հայերին, հաճախ ելույթներ ունենում Երևանում, ասել էր. «Армении нужны руки Ростроповича и ноги Иштояна»։ (Հայտնի է, Լևոն Իշտոյանն էր խփել հաղթական գոլը)։ Այսպիսով, Ռոստրոպովիչը կարևորում էր մշակույթը և սպորտը, ոգեղենը և մշակույթը պահպանող ուժը։ Եվ Ստեփանի մայրը, փայփայելով իր զավակի մատները, կարող էր ասել. «Հայաստանին պետք են ոչ միայն Ռոստրոպովիչի ձեռքերը և Իշտոյանի ոտքերը, այլև Լուսիկյանի մատները»։ Բախտի ժպիտով այդպես էլ եղավ։ Տարիներ անց Ստեփան Լուսիկյանը նշանակվեց Հայաստանի մշակույթի և սպորտի փոխնախարար։ Սակայն մինչ այդ Ստեփանը դեռ պիտի ավարտեր իր ուսումը, նվաճեր իր հերթական մրցանակները։ Այս մասին երաժշտագետ Արաքսի Սարյանը գրել է. «Անցյալ դարի 70-ականներին ստեղծագործական սերնդի մեջ Ստեփան Լուսիկյանն իր յուրաքանչյուր նոր երկով իր վրա սևեռեց երաժշտական հասարակության լուրջ ուշադրությունը։ Մեկը մյուսի հետևից նա Հայաստան էր բերում երիտասարդ կոմպոզիտորների մոսկովյան հեղինակավոր մրցույթների մրցանակներ և դիպլոմներ (1978, 1981, 1983)։ Հիշարժան է նրա կոմպոզիցիայի ուսուցչին՝ Ղազարոս Սարյանին, մոսկովյան ճանաչված կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանի նամակը. «Շտապում եմ կիսել քեզ հետ իմ ուրախությունը, որն ունեցա երեկ, Հայաստանի կոմպոզիտորների համերգում։ Այն անմիջական կապ ունի քեզ հետ։ Խոսքը Ստեփան Լուսիկյանի մասին է։ Նա շատ տաղանդավոր երիտասարդ է։ Մաքուր, նուրբ, թարմ և խոր։ Նրա երկու երգն ավելին արժեին մյուսների սիմֆոնիաներից և օրատորիաներից։ Նրան պետք է պահպանել և ներդաշնակ զարգացման հնարավորություն տալ։ Կարծում եմ՝ նա մեծ ապագա ունի։ Շնորհավորում եմ քեզ, թանկագին ընկեր» (Դանիել Երաժիշտ, Ստեփան Լուսիկյան, Ե., 2012, էջ 4)։


Լուսիկյանի «մատները» և սիրտը պետք եկան նաև 1980-ին տեղի ունեցած համերգին, երբ նա նվագեց իր դաշնամուրային 1-ին կոնցերտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Դավիթ Խանջյանի ղեկավարությամբ։ Դրանով Լուսիկյանն ավարտեց կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը։ Իսկ որպես դաշնակահար, նա ավարտական դիպլոմը ստացավ հաջորդ տարի։ Նույն 1981-ին Ստեփանը դարձավ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։ Իսկ 1984-ին ավարտեց կոնսերվատորիան և սկսեց դասավանդել կոնսերվատորիայում։ Կոմպոզիտորը շարունակում է ստեղծագործել, ընդլայնելով ժանրային շրջանակը՝ սոնատներ, մանրանվագներ, երգեր։ «Նրա ամեն մի գործը, անկախ ժանրից, միայն և միայն ուրախացրել է»,- գրել է Էդվարդ Միրզոյանը (անդ, էջ 3)։ Այնուամենայնիվ երգի ժանրը առավել հոգեհարազատ էր Լուսիկյանին։ Գուցե այն պատճառով, որ նա օժտված էր բանաստեղծական տաղանդով, ինչը վկայում են իր իսկ խոսքերով գրված երգերը։ Նույն հաջողությամբ Լուսիկյանը երգեր էր հորինում Վահան Տերյանի, Վահան Թեքեյանի, Հակոբ Մովսեսի, Էդվարդ Միլիտոնյանի խոսքերով։ Եվս մի փայլատակում կոմպոզիտորն ունեցավ 1990-ին. նրա «Կանգնիր, Գյումրի» երգը ճանաչվեց տարվա լավագույն երգ։
Լուսիկյանը միայն իր ստեղծագործություններով չէր տարված։ 1990-1991 թթ. Ստեփանը, լինելով «Երաժշտական ընկերության» փոխնախագահ, կազմակերպում էր համերգներ։ Հիշարժան է նաև 1991-ին, հայ կոմպոզիտորների խմբերգային գործերի մրցույթը, որը կազմակերպել էին Ստեփան Լուսիկյանը, նրա գործընկեր Դավիթ Ղազարյանը, իսկ դրանք ներկայացնում էր Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախումբը։
Նույն 1991-ին տեղի ունեցավ Լուսիկյանի «Ճպուռն ու մրջյունը» բալետի պրեմիերան` մաեստրո Աթանես Առաքելյանի ղեկավարությամբ:
1992-ին, ինչպես նշվեց, Ստեփան Լուսիկյանը նշանակվեց ՀՀ մշակույթի և սպորտի փոխնախարար։ Համագործակցելով նախարարներ Հակոբ Մովսեսի և Արմեն Սմբատյանի հետ՝ նա իր լուման ներդրեց մշակութային կյանքի աշխուժացման գործում։ Տեղի ունեցան համերգներ, բեմադրվեցին նոր ներկայացումներ, այդ թվում՝ Լուսիկյանի «Մեծապատիվ մուրացկաններ» մյուզիքլը, կազմակերպվեցին փառատոներ՝ մեզանում և արտասահմանում՝ «Բռավո, Հայաստան» (ԱՄՆ), «Հայաստանի շավիղներ» (Ֆրանսիա)։ Բացի այդ, նա Երևանի և Գյումրու թատրոնների 30 ներկայացումների համար գրեց երաժշտություն։ Իսկ 1996-ին Գերմանիայում կայացած փառատոնում խամաճիկների թատրոնում բեմադրված «Փարաջանով» ներկայացման երաժշտության համար Լուսիկյանն արժանացավ մրցանակի։
Սակայն նա երկար չէր կարող պաշտոնավարել, ինչպես ինքն էր ասում, «այս դժվարագույն ժամանակներում», քանի որ կազմակերպչական աշխատանքը շեղում էր ստեղծագործական գործունեությունից։ Շուտով Լուսիկյանի սրտում «ապստամբեցին» կոմպոզիտորը, արտիստը, մանկավարժը, և նա վերադարձավ «ի շրջանս յուր»։ Թողեց փոխնախարարի պաշտոնը և հիմնադրեց «Հոգևոր երաժշտության կենտրոնը»՝ նույն նախարարության հովանու ներքո։ Կենտրոնի նպատակն էր ուսումնասիրել, վավերացնել և տարածել հայ հոգևոր երաժշտությունը։ Նա հեռատեսաբար աշխատանքի էր հրավիրել այնպիսի բարձրակարգ երաժշտագետների, որպիսիք են Աննա Արևշատյանը, Մհեր Նավոյանը, Աստղիկ Մուշեղյանը։ Իսկ կազմակերպչական հարցերում շատ պետք եկավ Աննա Օհանյանի փորձառությունը։ Շուտով կապեր հաստատեց արտասահմանի անվանի երաժիշտների, կրթօջախների հետ։ Լուսիկյանը հրավիրվեց Գերմանիա։ Հենդելի ծննդավայր Հալլեում տեղի ունեցած փառատոնում «Opernhaus» նվագախմբի հետ նա կատարեց և ձայնագրեց իր վերջին դաշնամուրային կոնցերտը՝ «Գողգոթան» (դիրիժոր՝ Ռոլանդ Կլյուտիգ)։ Համերգի բուկլետում կոմպոզիտոր Թոմաս Բուխոլցը «Գողգոթայի» երաժշտությունը բնորոշել է որպես «աղոթքային» և ավելացրել. «Ստեփան Լուսիկյանը հատուկ ուշադրության է արժանացնում հայ պատմական հոգևոր երաժշտությունը։ Այդ ոլորտում արված բազմաթիվ դիտարկումներն անմիջապես ներհոսում են նրա ուրույն երաժշտական լեզվի մեջ» (անդ, էջ 88)։ Իսկ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը «Գողգոթայի» մասին գրել է. «Կոնցերտը գլուխգործոց է, իր (Լուսիկյանի) «ոսկեվարդը», որը նա դրեց երաժշտության պատվանդանին» (անդ, էջ 56)։ Ինչպես տեսնում ենք, Լուսիկյանի «մատները» պետք եկան նաև Գերմանիայում։ Կենտրոնի հրավերով, փոխադարձ այցով Երևան ժամանեց կոմպոզիտոր Թոմաս Բուխոլցը, որը ի թիվս այլ գործերի, ներկայացրեց Հայոց ցեղասպանությանը նվիրված իր «Ողբք Հայաստանի» կանտատը։ Այն կատարեց Երևանի կամերային երգչախումբը՝ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, ընդ որում, գերմաներեն տեքստը կարդում էր հեղինակը՝ Բուխոլցը։
Լուսիկյանից հետո «Կենտրոնը» ղեկավարել են Զավեն Վարդանյանը, Մհեր Նավոյանը։ Այսօր «Կենտրոնի» աստեղային ժամն է, և դա շնորհիվ Մհեր Նավոյանի, Անահիտ Պապյանի ու նրանց գործընկերների։
Եթե մեր օրերը Լուսիկյանը բնորոշում էր որպես «դժվարագույն ժամանակներ», ապա Բուխոլցն անվանում էր «Մոմի լույսի և ատոմային ռեակտորի ժամանակ»։ Իսկ «մոմի լույսը» չէր հերիքում, որ Լուսիկյանն իրականացնի իր մտահղացումները, ուստի նա 1999-ին ստիպված եղավ մեկնելու Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Լոս Անջելես: «Երգով» էր գնացել՝ վավերացնելու, ձայնագրելու, գոնե իր երգերը փրկելու, մանավանդ մանկական երգերը։ Կարծես ուզում էր իր մանկությունը հետ բերել։ Իր առաջին թմբուկն ու ծնծղաներն էր հիշում ու հնչեցնում դրանք զանգ ու զանգակների հետ «Տոտիկ-տոտիկ» մանկական երգաշարում, որը ձայնագրեցին «Լարկ» դպրոցի երեխաների կատարմամբ՝ Վաչե Պարսումյանի ղեկավարությամբ։ Ստեփանը պիտի վերադառնար Հայաստան հարուստ «ավարով»։ «Ես մի նոր պանդուխտ եմ» երգում նա ասում էր. «Չգիտեմ, թե ուր բերեց այս կյանքն ինձ,/Բայց գիտեմ, մի օր գալու եմ հեռվից...»։ Երգով էր գնացել, «վերքով եկավ»... Ստեփան Լուսիկյանի վերջին խոսքն էր՝ ՀԱՅԱՍՏԱՆ։


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Հ.Գ. Նախքան Ստեփան Լուսիկյանի կյանքին և ստեղծագործությանը նվիրված գիրքս գրելը հանդիպեցի Էդվարդ Միրզոյանի հետ։ Զրույցի ընթացքում հիշեցինք մեծն Գարեգին Նժդեհի հետևյալ ասույթը. «Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց եւ այնպէս լաւ հայ լինել, չի կարելի անկատար մարդ, բայց կատարեալ հայ լինել» (Ռ. Համբարձումեան, Գարեգին Նժդեհ, Ե., 2003, էջ 67)։ Այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք վատ մարդը լավ երաժշտություն ստեղծել, Էդվարդ Միրզոյանը պատասխանել է. «Ես համոզված եմ, որ վատ մարդը լավ երաժշտություն չի կարող ստեղծել...» (Դանիել Երաժիշտ, Ստեփան Լուսիկյան, Ե., 2012, էջ 3)։

Դիտվել է՝ 3021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ