«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Երբ հաղթահարեմ մեր քաղաքի չվերջացող խնդիրները, այն ժամանակ կմտածեմ «գեներալ» դառնալու մասին»

«Երբ հաղթահարեմ մեր քաղաքի չվերջացող խնդիրները, այն ժամանակ կմտածեմ «գեներալ» դառնալու մասին»
25.03.2016 | 01:10

«Իրատեսի» զրուցակիցն է Հրազդանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:


Հրազդան տանող տաքսու վարորդը հրազդանցի էր, տևական ժամանակ աշխատել էր Ռուսաստանում, ապա վերադարձել։ «Ռուսաստան գնացինք մութ ու ցուրտ տարիներից հետո. էնտեղ եմ եղել Սասունի քաղաքապետ եղած ժամանակ, չգիտեմ` նրա ժամանակ ոնց էր, բայց արդեն քանի տարի է` հետ ենք եկել. բակում` կարուսել, ասֆալտ, ջուրը` շուրջօրյա, լուսավորություն, փոքրիս վարձի մի մասը քաղաքապետարանն է տալիս, հա, բա, իրեն եմ ընտրելու անպայման, ուրիշ ո՞ւմ»,- մեր «հետախուզական» հարցին ի պատասխան ասաց տաքսու վարորդը:

-Պարոն Դանիելյան, մենք հանդիպել ենք չորս տարի առաջ, երբ Դուք կրկին քաղաքապետի թեկնածու էիք, ու ինչպես կասեր Վանոն` «մանրամասն սիրել»-խոսել եք Հրազդանի հոգսերից. ի՞նչ է փոխվել այս ընթացքում։ Դուք բավականին լուրջ խոստումներ էիք տվել հրազդանցիներին։ Կատարեցի՞ք: Եվ արդյոք հրազդանցին իր մաշկի վրա զգա՞ց այդ «խոստումը»:
-Հրազդանը յուրահատուկ քաղաք է և «կանգնած» է յոթ գյուղերի վրա, ասել է` մեզանում քաղաքային ու գյուղական կոլորիտները միախառնված են: Գիտեք նաև, որ քաղաքն ունի 25 կմ ձգվածություն, 1200 նրբանցք, բավականին թվով բազմաբնակարան շենքեր: Այո, մեզ հաջողվեց այս չորս տարում նախորդ ընտրաշրջանում տված խոստումներն ամբողջությամբ կատարել: Ասֆալտապատվել է 192 կմ գլխավոր ճանապարհ, նախատեսել էինք երկրորդական ճանապարհների և թաղերի ասֆալտապատում` արվել է: Ասֆալտապատվել են յոթ գյուղերի երկրորդական ճանապարհները ևս: Ընդ որում, գիտեք, որ մենք ունենք մեկ նուրբ խնդիր` գյուղերում անասնապահությամբ են զբաղվում, և ասֆալտը շատ շուտ է շարքից դուրս գալիս` նախիրը տանել-բերելու պատճառով: Փորձել են հնարավորինս «պինդ» ասֆալտ անել: Ի դեպ, ջրամատակարարման և լուսավորման աշխատանքներ են կատարվել բոլոր յոթ գյուղերում, այդ թվում` Սասուն Միքայելյանի հարազատ գյուղում` Վանատուրում, այս տարի էլ այնտեղ ասֆալտապատում պետք է իրականացնենք: Ի դեպ, այն ներդրումները, որ կատարվել են Հրազդանում այս չորս տարիներին, եթե կատարվեին ֆիզիկական աշխարհագրություն ունեցող մեկ այլ կոմպակտ քաղաքում, շատ ավելի տեսանելի կլինեին, բայց մեր պարագայում ոչ միայն խնդիրներն են շատ, այլև բրգացումն է դժվար:
-Իսկ ի՞նչ եք արել հրազդանցու կյանքը սոցիալապես համեմատաբար ապահով դարձնելու ուղղությամբ և արե՞լ եք արդյոք:
-Սոցիալական առումով քաղաքապետի իրավասությանը ենթակա երկու տիպի խնդիրներ կան։ Առաջինը նախադպրոցական հիմնարկների պահպանությունն է. այս պահին մեզ մոտ երեխաների թիվը 2500 է, և նրանց հիսուն տոկոսի ծախսերը հոգում է քաղաքապետարանը: Հաջորդը աշխատողների-աշխատատեղերի պահպանման, ավելացման խնդիրն է, ինչը փորձել ենք լուծել հետևյալ եղանակով. հրազդանցիներին հողեր ենք հատկացրել, նրանք էլ ներդրումներ են արել, հասարակական օբյեկտներ են կառուցել, մի կողմից` կապվել են հող ու ջրին, մյուս կողմից` փոքր և միջին ձեռնարկատիրությունն է զարգացել, աշխատատեղեր են բացվել հրազդանցիների համար: Տեղյակ եք` խորհրդային տարիներին Հրազդանն արդյունաբերական կենտրոն էր, «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ բլոկը, ցեմենտի գործարանը աշխատատեղեր են ապահովում հրազդանցու համար նաև այսօր:
-Պարոն Դանիելյան, իսկ ի՞նչ եք անելու հաջորդ չորս տարիներին, եթե հրազդանցին կրկին Ձեզ ընտրի, ի՞նչ նիշ եք վերցրել:
-Քաղաքապետը, գիտեք, տնտեսության կառավարիչ է, մեզանում էլ քաղաքաշինական խնդիրներն Աստված տվել, չի խնայել, անվերջ առկա են` չորս գումարած չորս ու գումարած չորս տարի շարունակ: Քաղաքում ջրամատակարարումը երկու ժամից դարձրել ենք 18-24 ժամ. 480 կմ ջրագիծ է փոխվել այս ընթացքում. այսօր արդեն անհրաժեշտություն կա լուծելու ջրահեռացման, կոյուղու խնդիրը, ինչը, այսպես ասած, բավականին թանկ հաճույք է` արժե մոտ 15 միլիոն դրամ: Պետք է անպայման միջոցներ գտնել այն իրականացնելու համար: Տանիքների, երկրորդական ճանապարհների վերանորոգման աշխատանքները պետք է ավարտուն տեսք ստանան, նոր աշխատատեղերի խնդիր կա, որ աքիլլեսյան գարշապար է դարձել ողջ հանրապետության համար, պետք է անպայման այլընտրանքային լուծումներ գտնենք նաև այդ ուղղությամբ: Տեղեկացնեմ, որ հունիսին մեզ մոտ կսկսվեն հանրապետությունում իր տեսակի մեջ առաջին ժամանակակից աղբավայրի կառուցման աշխատանքները` 8 միլիոն դոլար արժողությամբ. գումարը տրամադրել է Ասիական բանկը:
-Ասացիք, որ քաղաքապետը տնտեսական կառավարիչ է, սակայն Հրազդանի ընտրությունները վերջին տարիներին վերածվել են «զտարյուն» քաղաքական ընտրությունների, լուրջ պայքար է գնում ոչ միայն Հրազդան քաղաքի համար, այլև քաղաքական մատրիցան է երևակվում, կոդավորում ստանում: Բացառություն չեն նաև այս ընտրությունները: Հիշեցնեմ, որ նախորդ անգամ ողջ ՀԱԿ-ն ու նրա առաջնորդ ԼՏՊ-ն էին «ոտքի վրա»` հանուն Սասուն Միքայելյանի: Այս անգամ Նիկոլ Փաշինյանն է բուն մոդերատորը: Արամ Դանիելյանը, ի վերջո, պայքարում է Սասունի՞, թե՞ Նիկոլի դեմ:
-Հրազդանի քաղաքապետի ընտրություններն ընդամենը տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են, ու եթե ոմանք ուզում են քաղաքական հարթակ ունենալ` ի դեմս Հրազդանի, դա իրենց խնդիրն է` մեկ վերջնական նկատառմամբ. քաղաքի տերը հրազդանցին է, ինքն էլ տարիներ շարունակ ցույց է տվել, թե ինչպիսին է իր մոտեցումը:
-Եթե Դուք հաղթեք, համարելու եք, որ Նիկոլի՞ն եք հաղթել, այո՞:
-Ես այլ մրցակից, քան մեր քաղաքի խնդիրներն են, չունեմ. ես պիտի հաղթահարեմ իմ քաղաքի խնդիրները: Թող Նիկոլը մտածի իր պարտության մասին: ՈՒրիշ ոչինչ:
-Ասում են` «կոնկուրենտ ֆիրման» լուրջ, ընդհուպ մինչև արևմտյան, քաղտեխնոլոգիաներ է կիրառելու այս ընտրություններում, պատրա՞ստ եք դիմագրավելու:
-Ասեմ, որ 2012-ին էլ նրանք բավականին լուրջ, ծանրակշիռ ու մեծ թիմով էին այստեղ պայքարում: Ե՞վ…
-Դե, ասում են` ՀՀԿ-ի խախտումները «հավերժ» են»:
-Հրազդան քաղաքի ընտրությունների ժամանակ ոչ մի կեղծարարություն, ոչ մի խախտում չեն եղել: Դա փաստվեց 2012-ին, երբ հանրապետության բոլոր կարկառուն ընդդիմադիր ուժերի ղեկավարները գտնվում էին Հրազդան քաղաքում, և տեղամասերում վստահված անձինք էին Դավիթ Շահնազարյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը, Գուրգեն Եղիազարյանը։ Ոչ մի վստահված անձ որևէ խախտման մասին դիմում չներկայացրեց ընտրական հանձնաժողով:
-Ի դեպ, նախորդ անգամ Սասունի թեկնածությունն առաջադրել էր ՀԱԿ-ը, դրանից առաջ` ՀՀԿ-ն, այսօր` «Քաղաքացիական պայմանագիրը»։ Տեսնո՞ւմ եք` ինքը բավականին կայուն-շարժական է, իսկ Դուք` ՀՀԿ, հա՛ ՀՀԿ. ինչո՞ւ չեք ուզում «գեներալ» դառնալ, պարոն Դանիելյան, այն է` պատգամավոր կամ գոնե նախարար:
-Նախ`«գեներալը» զգացողության խնդիր է. իսկ եթե լուրջ, ես փոփոխական մարդ չեմ: Երկրորդ` երբ հաղթահարեմ մեր քաղաքի չվերջացող խնդիրները, այն ժամանակ կմտածեմ «գեներալ» դառնալու մասին: Եվ վերջապես, մեր կուսակցությունը` ՀՀԿ-ն, այսօր իշխող կուսակցություն է, ինքս էլ տարածքային կառույցի ղեկավարն եմ և հպարտությամբ եմ կրում մեր կուսակցության անունը, որովհետև մեր քաղաքի ամենալուրջ խնդիրները լուծվել են նաև մեր կուսակցության լուրջ աջակցության շնորհիվ` նույն ջրագծի խնդիրը` հիսուն տարվա վաղեմության խողովակների տեսքով, ինչպես նաև գլոբալ այլ ծրագրեր:
-Եվ վերջին հարցը. ինչպե՞ս է վերաբերվում Արամ Դանիելյանը մնացյալ թեկնածուներին:
-Մրցակցային:
-Ընդամե՞նը:
-Ընդամե՛նը:


Զրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ