Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ի վերջո, ի՞նչ կարելի է քարոզել այս աշխարհում, որտեղ մարդիկ ամենուր իրենց անապահով են զգում»

«Ի վերջո, ի՞նչ կարելի է քարոզել  այս աշխարհում, որտեղ մարդիկ ամենուր իրենց անապահով են զգում»
25.03.2016 | 08:39

Ռեժիսոր ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «Վերջին բնակիչը» ֆիլմը հետարտադրական փուլում է: Հայկական գյուղի տեղահանությունից հետո ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին լիամետրաժ խաղարկային ֆիլմը ստեղծվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է: Նկարահանումները կատարվել են Արցախում` ռեժիսորի հայրական Խաչմաչ գյուղում:

«ՌԵԺԻՍՈՐԸ ՖԻԼՄԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԿՐՈՂՆ Է»


-«Վերջին բնակիչը» ֆիլմն ի՞նչ ընդհանրություններ ունի նախորդ ֆիլմերի` «Թևանիկի», «Ընդհատված մանկության» հետ և ինչո՞վ է առանձնանում:
-Ընդհանուրը մեկն է` Արցախը: Անդրադարձ կա արցախյան ազատամարտին, արցախյան շարժմանը, Խորհրդային Միության փլուզմանը: Բայց Արցախը բազմաբովանդակ, բազմաշերտ տարածք է: Դուք «Թևանիկում» չտեսաք «Ընդհատված մանկության» հերոսներին, նրանց ճակատագրերը, նոր ֆիլմը նույնպես բոլորովին այլ պատմություն է: Այն մարդու ողբերգության մասին է` մեկ այլ տեսանկյունից: Եթե ես չորրորդ, հինգերորդ ֆիլմը նկարահանեմ Արցախի մասին, դարձյալ կրկնություն չի լինի, քանի որ բազմազան են Արցախի թեմաները, դրվագները, դեմքերը:
-Ի՞նչ կասեք դերասանական կազմի մասին:
-Հայաստանում կան ֆանտաստիկ դերասաններ, որոնց հետ ես աշխատում եմ իմ բոլոր ֆիլմերում` Բաբկեն Չոբանյան, Նարինե Պետրոսյան, Գրետա Մեջլումյան, Սոս Ջանիբեկյան և այլք: Մի դատեք նրանց մասին շոուներում, սերիալներում խաղացած դերերով: Իրականում շատ խոր, եզակի դերասաններ են:
Ֆիլմում գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է, կան նաև օտարազգի դերասաններ՝ իրանցի դերասան Հոմայուն Էրշադին, ով նկարահանվել է Աբաս Քիառոստամիի «Բալի համը» (արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին) և այլ հայտնի ֆիլմերում, Լիտվայի ամենահայտնի դերասանուհիներից Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն, Արմեն Գրեյգը` Ռուսաստանից, Դիմիտրա Խատուպին` Հունաստանից։ Փորձել եմ ընտրել դերասանների, որոնք իրենց խաղով ուղղակի փայլելու են ու ֆիլմն առաջ են տանելու:
Բեմադրող նկարիչներն են Անտոն Քեշիշյանն ու Նահապետ Սարգսյանը (վերջինս նկարահանման հրապարակում ուղղակի հրաշքներ է գործել): Երեսուն տարվա վաղեմություն ունեցող, աներևակայելի գեղեցիկ ու ճիշտ միջավայրի է վերածել տունը, բակը, փողոցը և այնպես հմտորեն, որ օտարերկրյա մասնագետներին թվում է` տաղավարում է նկարահանված: Նույնը կարող եմ ասել նաև օպերատոր Տիգրան Խաչատուրյանի աշխատանքի մասին. ֆիլմի ցանկացած երեքրոպեանոց դրվագ նայելիս կարող ես արդեն իսկ հասկանալ օպերատորի բարձր ճաշակը։ Էլ չեմ ասում լուսավորողների՝ Նարեկի և Անդրանիկի մասին, ովքեր մեծ պրոֆեսիոնալիզմով էին աշխատում։ Կամ, օրինակ, հագուստի ձևավորումը, որն սկսեց Նաիրա Մուրադյանը և շարունակեց Հովսաննա Պետրոսյանը: Ռեժիսորը ֆիլմի ճակատագրի կրողն է, սցենարից սկսած՝ մասնակցում է բոլոր աշխատանքներին, բայց կարող եմ ասել, որ այս ֆիլմը ստեղծագործական խմբինն է: Նրանք սիրտ ու հոգի են դրել ֆիլմի մեջ, անմնացորդ նվիրվել:


«ԹԵՎԱՆԻԿԸ» ԱՐԴԵՆ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՀԱՐԹԵԼ «ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉԸ» ՖԻԼՄԻ ՀԱՄԱՐ»


-«Թևանիկը» ցուցադրվել է ավելի քան 24 երկրում, 10-ից ավելի մրցանակ ունի: Կարելի՞ է ասել, որ այն ճանապարհ է բացելու «Վերջին բնակիչը» ֆիլմի համար:
-«Թևանիկը» արդեն իսկ ճանապարհ է հարթել «Վերջին բնակչի» համար: Եթե մենք այսօր նոր ֆիլմ ունենք, դրանում մեծ ներդրում ունի «Թևանիկը»: Օտարերկրյա դերասանները, «Թևանիկը» դիտելով, վստահել ու համաձայնել են խաղալու ֆիլմում, Սոսն ու Բաբկենը, ինձ վստահելով, խաղացել են նաև «Վերջին բնակիչը» ֆիլմում։ Փորձել ենք այս անհամեմատ մեծ աշխատանքը կրկին միասին հաղթահարել: Ինչո՞ւ ոչ, կարող եմ ասել նաև, որ «Թևանիկից» ստացած ֆինանսական եկամուտը ուղղել ենք նոր ֆիլմի ստեղծմանը:
-Ի՞նչ է պետք ֆիլմը միջազգային կինոշուկայում ներկայացնելու համար:
-Առաջին հերթին պետք է ֆիլմը լավը լինի` բովանդակային, դրամատուրգիական, դերասանական, օպերատորական, նկարչական բոլոր լուծումներով: Ֆիլմերը Հայաստանից դուրս տանելու դժվարություն ունենք մենք, որովհետև չկան համապատասխան կազմակերպություններ, որոնք պետք է սկսեն ու ավարտին հասցնեն այդ գործընթացը, խոսքս դիստրիբյուտորների, վաճառքի գործակալների մասին է։ Հայաստանում պակասում է այդ օղակը։ Այժմ իմ ֆիլմի համար ես ինքս եմ զբաղվում այդ գործով: Բայց պետք է քայլեր անել։ Ֆիլմն ավարտելուց հետո ներկայացնելու եմ այն փառատոների, հանդիպելու եմ դիստրիբյուտորական ընկերությունների, վաճառքի գործակալների հետ: Բոլոր այս հարցերում` ֆիլմի ստեղծումից սկսած, ինձ շատ են օգնում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Ասեմ նաև, որ ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում` «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության համատեղ արտադրությամբ, աջակցել են նաև շվեդական «Apricot Stone», ամերիկյան «Alpha Dogs INQ», «Mosaics Arts & Cultural Foundation», Հայաստանի «Դոմինո Փրոդաքշն» ընկերությունները և Լիբանանի պետական համալսարանը:
-Այն հանգամանքը, որ երաժշտության հեղինակը աշխարհահռչակ ռոք երաժիշտ-երգահան Սերժ Թանկյանն է, կարո՞ղ է յուրովի նպաստել ֆիլմի հանրահռչակմանն ու տարածմանը:
-Իհարկե, Սերժ Թանկյանի մասնակցությունն այս գործում դեր կխաղա: Նա ֆանտաստիկ երաժշտություն է գրել ֆիլմի համար, որն անմիջապես գրավում է հանդիսատեսին: Ձայնագրությունը կատարվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) և «Հովեր» պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան) մասնակցությամբ: Դերասանական կազմն էլ իր հերթին կնպաստի, որ ֆիլմը դուրս գա Հայաստանի սահմաններից` արցախյան թեման ներկայացնելով հնարավորինս լայն աշխարհագրությամբ:

«ԱՐՎԵՍՏՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ Է ՄԱՐԴՈՒՆ ՀՈՒՇԵԼ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԲԱՐԻ ՈՒ ԼԱՎԸ ԼԻՆԵԼ»


-Կինոյի, առհասարակ մշակութային երկխոսության միջոցով, թվում է, շատ հարցեր պետք է լուծվեն, հարթվեն, բայց Ձեր ֆիլմերը ադրբեջանցիների շրջանում բացասական արձագանք են գտնում, ավելի սրում հարաբերությունները: Թեև, օրինակ, «Ընդհատված մանկություն» ֆիլմում ադրբեջանցի կինը դրական լույսի ներքո է ներկայացված:
-Գիտե՞ք, պետք է նրանց ասել՝ դուք կարող եք նաև լավը լինել: Բացասական արձագանքն ինչպե՞ս է արտահայտվում՝ սոցցանցերում արված մեկնաբանությունների, հոդվածների ձևով և քանի՞ տոկոս է կազում: Եթե 20-50 հոգի հայհոյանք են գրում, դեռ չի նշանակում, որ դա համընդհանուր մոտեցում է: Ես խաղաղություն եմ քարոզում, և եթե նույնիսկ առերևույթ ցույց չեն տալիս, միևնույն է, ընկալում են այդ հղումը: Արվեստում կարևոր է մարդուն հուշել, որ կարող է բարի ու լավը լինել: Ես վստահ եմ, որ ֆիլմը մարդկանց, առավելապես ադրբեջանցիների մեջ, շատ բան է փոխում: Օտար երկրում ապրող ադրբեջանցին ինձ ասել է՝ մեծ ֆիլմ ես ստեղծել, թեև, եթե Ադրբեջանում ապրեր, գուցե և բացասական գրառումներ թողներ Youtube-ում` մեկնաբանությունների դաշտում:
Ի վերջո, ի՞նչ կարելի է քարոզել այս աշխարհում, որտեղ մարդիկ ամենուր իրենց անապահով են զգում: Գիտեմ, որ արվեստով չենք կարող կանխել պատերազմը, հակասությունները լուծել, բայց կարող ենք դրական դերակատարում ունենալ, թեկուզ փոքր՝ 0,1 տոկոսով, բայց դա էլ դերակատարման չափ է: Մեր նպատակն էլ հենց դա է, որ այդ փոքր տոկոսներն ամբողջացնելով՝ մեզ տարիներ ի վեր անհանգստացնող հարցի լուծումն ունենանք՝ ձեռք բերենք Լեռնային Ղարաբաղի ճանաչումը։ Եվ իհարկե, այս ամենը գիտակցելով, ադրբեջանցիները հնարավոր է նաև բացասական արձագանք հնչեցնեն իմ ֆիլմերի մասին։
-Ե՞րբ է նախատեսվում ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
-Ես ցանկանում եմ, որ պրեմիերան կայանա «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Հայտ եմ ներկայացնելու, եթե ընդունվի, ըստ այդմ կորոշվի ֆիլմի հետագա ճակատագիրը:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ