Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞վ կդառնա իշխանության «սիրելի» ընդդիմությունը

Ո՞վ կդառնա իշխանության «սիրելի» ընդդիմությունը
01.04.2016 | 01:46

Մինչ թվում էր, թե Ընտրական օրենսգրքի քննարկումները բավարար հարթակ էին` ընդդիմության մեկտեղման, կրկին ապացուցվեց` ուզում են լավ, ստացվում է` ինչպես միշտ: Իշխանությունն էլ իր հերթին յուր «նրբագեղ» ձեռամբ աննկատ տարանջատում-միակցում, միակցում-տարանջատում է ընդդիմությանը, վերջինիս էլ այլ բան չի մնում, քան թմրադեղ ընդունածի ենթագիտակցությամբ գլուխը դնել իշխանության ուսին ու մոլագարի ենթարկվածությամբ խաղալ այն կանոններով, որ «առաջարկում-թելադրում» է իշխանությունը:
ՈՒ խաղը «մոմի գինը չի հանի», որովհետև այլ տարբերակով, գոնե ասպարեզում եղած ընդդիմությունը չի կարող հայտնվել «ցանկալի» վայրում` «Կոզեռնի գերեզմանոցում»: Իսկ բացակա «դրվել» այնտեղ, նշանակում է բացակայել քաղաքական դաշտից հաջորդ հինգ ու, Աստված գիտե, քանի տարիների ընթացքում: ՈՒստի չպետք է ռիսկի դիմել ու «շամպայն» խմել, մանավանդ խաղացողներից գլխավորը` ՀԱԿ-ը, շատ լավ գիտե շամպայնի «հետևանքների» մասին` 1996-ից սկսյալ:
ՈՒստի պետք է առարկայական շերտում ցուցանել, թե իրենք կաթոլիկն են աշխարհի բոլոր կաթոլիկներից առավել, իսկ ներքին շերտում առաջանցիկ ու ինքնամոռաց նետվել իշխանության գիրկը և սպասել, որ նույն «իշխանը» հայտարարի` ընդդիմադիր դաշտում յուր սիրելին հատկապես ինքն է: Ինչն էլ իշխանությունը չի շտապում անել, թողնում է, որ ընդդիմությունն ինքնադրսևորվի, ինքնայրվի, բմբուլները քամուն տա, մոխիրը լցնի գլխին` ըստ ամենայնի:
Ասացինք` ամենամեծ անհանգստությունն այս առումով ունի ՀԱԿ-ը: Օսկանյանի կուսակցության ստեղծումը ուշանում է: «Նոր Հայաստանը», որի հետ ՀԱԿ-ը մշտապես «համադրումների» խնդիր է ունեցել, մանավանդ որ հասկանում է` «Նոր Հայաստանն» իրականում սպասում է Օսկանյանի «երևութացմանը», այդ պատճառով «բրոնյա» է արել Ազատության հրապարակը։ Նույն այդ պատճառով էլ Լևոն Զուրաբյանը փորձում է ստանձնել ԸՕ-ի մոդերատորի դերն ընդդիմադիր դաշտում, ինչը ոչ մի կերպ չի ստացվում, որովհետև դա չի ցանկանում իշխանությունը, դա չի ցանկանում ընդդիմությունում որևէ մեկը:
Ընդ որում, այս ամենում մի «նրբագեղ» շերտ ևս կա. 2008-ից սկսած քաղաքական խաղեր ու «մաստեր-կլասներ» ցուցանած ՀԱԿ-ը, որ վարպետորեն խաղաց այն օրերի իշխանության` Ռոբերտ Քոչարյանի հետ, հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, հայտնվեց նույն «գծում» Վարդան Օսկանյանի հետ, հավերժաբար իր ծառայությունները «մատուցանեց» ԱԺ նախագահ Հովհաննես Արգամիչին` ընդդեմ վարչապետ Տիգրան Սարգսյանի, այսօր հասկանում է, որ Օսկանյանը «խիստ ի թուլացված», Արգամիչը չունի նախկին էնտուզիազմն ու ժամանակավոր է` բոլոր ժամանակավորներից, ուստի ՀԱԿ-ն ուզում է ևս մեկ անգամ «խոսեցվել», առավել ստույգ` երկխոսել Սերժ Սարգսյանի հետ:
Սակայն, դատելով ԱՄՆ այցի ելած Սերժ Սարգսյանի ու յուր իշխանական ներկայացուցիչների «կացութաձևից», իրենք ամենևին չունեն մեկ և ընդմիշտ մարտի մեկին տուն գնացած, այնտեղից այլևս «չվերադարձած», յուր սատելիտներին ԱԺ ուղարկած ՀԱԿ-ի առաջնորդի և նրա «մնացորդացի» հետ որևէ բան կիսելու` երկխոսելու, էլ չենք ասում` «սիրելու» ցանկություն:
ՈՒ «4+4+4» ձևաչափի հետ «ժամադրությունից» առաջ իշխանությունը հանդիպում է «միայնակ գնացող» Նիկոլ Փաշինյանի, արևմտյան վեկտոր համարվող Խաչիկ Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Թևան Պողոսյանի հետ: Հիշեցնենք ևս մեկ անգամ` այդ պահին Սերժ Ազատիչը ԱՄՆ-ում էր: Ի դեպ, այնտեղ` միջուկային «անցուդարձին» մասնակցելու էր գնացել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ներկայացուցիչը նույնպես չմասնակցեց «4+4+4»-ի հանդիպմանը:
Բացատրե՞նք, թե՞ հասկացաք` ինչու:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ