Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երեսուներեքի տիեզերախորհուրդ գաղտնիքը

Երեսուներեքի տիեզերախորհուրդ գաղտնիքը
01.04.2016 | 11:20

Մի քանի օր առաջ` մարտի 27-ին, սուրբ Զատիկը՝ Տիրոջ հարությունը, տոնեցինք ազգովին։ Դրանից երեք օր առաջ էլ երեսուներեքամյա Հիսուսի խաչելության օրը հիշեցինք: Հիմա էլ մարդկությանը ամենահայտնի թվագումարի (ոչ թե թվի)` ամենախորհրդավորի՝ երեսուներեքի մինչ այժմ չբացահայտված աստվածամերձ գաղտնիքների մասին փորձենք գրել մեր անկատար իմացությամբ, ընթերցողների առջև բացելով այս մեծախորհուրդ թվի անհայտ էջերից մի քանիսը, իսկ մնացածը թող Տիրոջից իմաստնացածներն անեն, ըստ իրենց ստացած երկնային շնորհի մեծության։

Նախաբանում շեշտեցինք, որ Արարիչ Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքը Խաչի մահով վերջ գտավ երեսուներեք տարեկանում։ Եթե նորից կարդանք այս նախադասությունը, ապա գրվածքի մեջ անիմաստություն կգտնենք, քանզի Արարիչ Աստծո Որդին, Որով են կյանքն ու ամեն բան, ինչպես կարող է ինչ-որ ժամանակի ու մահվան իշխանության տակ լինել, այն էլ այդքան վաղ՝ ընդամենը երեսուներեքերորդ տարում։
Այս անբացատրելի հակասության մեջ է հենց այն տիեզերախորհուրդ գաղտնիքը, որ պարփակվեց այդ գերախորհուրդ երեսուներեք տարիների մեջ։ Քանի որ ամեն ճշմարտություն ավետարանի մեջ է, քանզի այն միակ Ճշմարտության՝ Հիսուսի կյանքն ու մահը, ապա հարությունն է հաստատում, ուրեմն մեր խոսքը ճիշտ հունով առաջ տանելու համար նախ դիմենք ավետարանի խոսքին:
Ավետարանական ճշմարտությունից հայտնի է, որ Հիսուսն Իր ապրած երկրային տարիներից մինչև երեսունը ոչնչով չի բացահայտել Իր ապագա առաքելության մասին։ Թերևս բացառություն է մանուկ Հիսուսի երեք օրով խորհրդաբար մնալը Աստծո Տաճարում, երբ Նա Մարիամի ու Հովսեփի հետ Նազարեթից ուխտի էր եկել Երուսաղեմ. «Արդ, նրա ծնողները ամեն տարի, Զատկի տոնին, Երուսաղեմ էին գնում: Եվ երբ Նա տասներկու տարեկան եղավ, տոնի սովորության համաձայն՝ Երուսաղեմ ելան: Եվ երբ տոնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Հիսուսը մնաց Երուսաղեմում, և Նրա ծնողները այդ չիմացան: Կարծում էին, թե Նա իրենց ուղեկիցների հետ է. մի օրվա չափ ճանապարհ եկան և Նրան փնտրեցին ազգականների ու ծանոթների մեջ: ՈՒ երբ չգտան, Երուսաղեմ վերադարձան՝ Նրան փնտրելու համար: Եվ երեք օր հետո Նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ Նա լսում էր նրանց և հարցեր էր տալիս: Եվ բոլորը, որ Նրան լսում էին, զարմանում էին Նրա իմաստության և պատասխանների վրա: Երբ ծնողները Նրան տեսան, հիացան. իսկ մայրը Նրան ասաց. «Որդի՛, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահավասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»: Եվ Նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք Ինձ փնտրում, չգիտեի՞ք, թե Ես Հորս տանը պետք է լինեմ»: Բայց նրանք չհասկացան այն խոսքը, որ Նա իրենց ասաց: Եվ Հիսուս նրանց հետ իջավ ու Նազարեթ գնաց. և Նա հնազանդ էր նրանց: Եվ Նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտում: Իսկ Հիսուս զարգանում էր իմաստությամբ, հասակով և շնորհով Աստծո ու մարդկանց առջև» (Ղուկաս 2. 41-51)։ Այս մասին պատշաճ ընդարձակությամբ գրեցի, քանի որ Հիսուսի երեսուն տարիների գաղտնիությունը չարաշահելով գործածում են արևելյան կրոնների, հատկապես կրիշնայականության մեջ, որ իբր մեր Տերը մինչև Իր երեսուն տարեկանը կրթվել ու երկնային իմաստությանը հաղորդ է եղել Հնդկաստանում` գուրուների մոտ: Մինչդեռ Ավետարանում կարդացինք, որ Նա դեռ տասներկու տարեկանում արդեն զարմացնում էր փորձառու ռաբբիներին Իր իմաստությամբ: Միայն այս նախադասության համար կարող ենք համարձակաբար ասել, որ արևելյան կրոնների մնացած ուսմունքը նույնպես մարդկային ունայն ու փուչ իմացության վրա է հիմնված, քանզի Աստծո Որդին մեղքով ապականված մարդկանցից ոչինչ չուներ վերցնելու, այլ եկել էր ադամորդիներին հավիտենական կյանքի խոսքեր տալու:
Իսկ հիմա նախ երեսուն թվի, ապա երեքի մասին խորհրդածենք, քանի որ երեսունը սուրբգրային յուրահատուկ թվագումարից է, քանզի այն բաղկացած է երեք կատարյալ թվից, այսինքն` երեք տասից, որը կատարյալ է կոչվում նրա համար, որ պարունակում է բոլոր թվերը, այսինքն, 0-ից մինչև ինը թիվը, որոնց միջոցով կատարվում են բոլոր մնացած հաշվարկները: Այս էլ իմանանք, որ եկեղեցու սուրբ հայրերը հավաստիացնում են, որ Աստված Ադամին արարեց երեսուն տարեկան կատարյալ հասունության տարիքում, իսկ Եվային` Ադամի կողից: Այսինքն, մեր նախածնողները կաթնակեր ու մանուկներ չեն եղել ու դայակներ չեն ունեցել, ինչպես ոմանք են պատկերացնում մարդկային տկար իմացությունից առաջնորդված, այլ ստեղծվել են երեսնամյա կատարյալ տարիքում, մեր երկրային եղանակներից՝ գարնանը: Աստծո պատվիրանի խախտումից հետո ադամական սերունդը մահ ճաշակեց ու մտավ մահվան ձմեռվա իշխանության տակ (իսկ ձմեռը Տաթևացին թարգմանում է որպես ձյունամեռ, երբ ողջ բնությունը ձմեռվա ժամանակավոր քնով է մեռած), չնայած մեղավոր մարդկությանը Տիրոջից ողորմածաբար տրվեց ապրել ու վայելել ամռան և աշնան բարիքները: Այդ պատճառով սովորաբար մարդկային կյանքի մոտ մեկդարյա տարիները բաժանվում են աստիճանական մահվան փուլերի՝ մանկություն, պատանեկություն, երիտասարդություն, հասունություն, ծերություն, ապա զառամյալ տարիք: Կյանքի այս ժամանակահատվածներից ամենակատարյալը հասունության տարիքն է համարվում, և այն սկսում է երեսուն տարեկանից ու համընկնում է գարնան զարթոնքին, երբ ոչ պատանեկական տհասություններն ու ավելորդ կրքերն են իշխում, ոչ էլ ծերունական տկարությունները կաշկանդում: Գիտությանն էլ է հայտնի, որ ամենաշատ գիտական բացահայտումները կատարվում են այդ տարիքում:
Հիմա մի քանի հիշեցումներ Սուրբ գրքից երեսուն թվագումարի մասին. «Նոյան տապանի բարձրությունը երեսուն կանգուն էր» (Ծննդոց 6.15), «Եթե մեկի եզը մի ուրիշ մարդու պոզահարի, ապա եզի տերը պարտավոր է տուժածին երեսուն սիկղ արծաթ վճարել» (Ելից 21.32), «Մովսես մարգարեի մահվան համար ժողովուրդը երեսուն օր սուգ արեց» (Օրինաց 34.8), «Սողոմոնի մեկ օրվա ռոճիկը 30 նաշիհ էր» (Գ Թագ. 4.22), «Ով որ 30 օր, բացի թագավորից, մեկ ուրիշից բան խնդրի, մահապարտ է» (Դանիել 6.7), «Վարձքիս 30 արծաթը բրուտին նետեցի» (Զաքարիա 11.12): Այս վերջին մարգարեությունը բառիս բուն իմաստով կատարվեց Հուդայի միջոցով, ով Հիսուսին 30 արծաթով մատնեց, հետո զղջալով` այն վերադարձրեց փարիսեցիներին, որոնք դրանով բրուտի արտը գնեցին, որպես օտարությունց եկած մարդկանց համար գերեզմանատեղի: Այսքանը Սուրբ վերքից: Իսկ ըստ սուրբ հայրերի մեկնաբանության, երեսունը բաղկացած է մարդու վեց շարժման ու հինգ զգայարանների համադրումից, որոնք Սուրբ Հոգու շնորհով մեր հոգին մաքրում և ուղղում են դեպի Երկինք։ Այդ պատճառով Հին ուխտից հայտնի է, որ երեսուն տարեկաններին են վստահվում ամենակարևոր առաքելությունները:
Երեսուն և երեք տարի Դավիթը թագավորեց Իսրայելի վրա: Իսկ Դավիթ թագավորը խորհրդանշում է Հիսուսին, քանզի մարդիկ Նրան Դավթի որդի էին անվանում, դեռևս Նրան Աստծո Որդի չճանաչելով: Իսկ ավետարանում Հիսուսի համար նշվում է միայն երկու մարդու անուն. «Գիրք ազգաբանության Հիսուս Քրիստոսի՝ Դավթի որդու, Աբրահամի որդու» (Մատթեոս 1.1): Իսկ արդար Հովսեփը, ով արժանացավ Մարիամ կույսի ամուսինը դառնալու և Հիսուսին խնամելու, ըստ եկեղեցիների տարբեր ավանդույթների, այդ ժամանակ հայր Հովսեփը եղել է մեծահասակ, մոտ հիսուն տարեկան, և ունեցել է որդիներ ու դուստրեր: Ես չգիտեմ, թե ինչ աղբյուրից են օգտվել նման բան պնդողները, բայց միշտ էլ հոգիս մերժել է նման մարդկային մոտեցումը, մինչև որ մի օր ձեռքս ընկան երանելի Մարիա Վալտորտայի տեսիլային գրառումները, որտեղ սքանչելի ձևով նկարագրում է արդար Հովսեփի մեծ առաքելությունը: Նա երդվյալ նազովրեցի է եղել, այսինքն` կույս տղամարդ, ով ուխտի երդումով իրեն Աստծուն և մարդկանց ծառայելուն է նվիրաբերել: Իսկ երբ Իսրայելի սահմաններով մեկ լուր են ուղարկում, որ տաճարական կույսին՝ Մարիամին են ուզում ամուսնացնել, քանի որ տասնչորս տարեկան դառնալուց և արբունքի շրջանը սկսելուց հետո տաճարի կույս աղջիկներին ամուսնացնում էին արժանի հրեա տղամարդկանց հետ, ահա Հովսեփը հենց դրանցից մեկն էր, բայց արդեն երեսուն տարեկանում բոլորովին միտք չուներ ամուսնանալու ոչ մեկի հետ, սակայն հնազանդվելով ռաբբիների հորդորին, մի չոր մրտենու ճյուղ առած (քանի որ ձմեռվա ամիսներից մեկն էր), գալիս է Երուսաղեմ, որտեղ ապագա փեսացուներն էին հավաքվել Տիրոջ տաճարի գավթում: Բոլոր նրանց բերած չոր ճյուղերը համարակալելով ու անունները գրելով` մի գիշեր թողնում են տաճարի Սրբություն սրբոցի վարագույրից ներս, որպեսզի աղոթքով ու երկնային հրաշքի նշանով իմանան Աստծո կամքը Մարիամ կույսի փեսացուի հարցում: ՈՒ երբ հաջորդ օրը դուրս են բերում բոլոր ճյուղերը, տեսնում են, թե ինչպես է ծաղկել արդար Հովսեփի բերած մրտենին, ու հենց նրան էլ նշանում են Մարիամ կույսի հետ: Կարդացածս գրառության մեջ նաև այս մի գեղեցիկ տեսարանն եմ հիշում. երբ մոտիկից ծանոթանալու համար Մարիամն ու Հովսեփը մնում են մենակ, Մարիամը ամոթխածությամբ խոստովանում է, որ տաճարում իր մնալու տարիներին Աստծուն ուխտ է արել, որ կուսությամբ շարունակի իր ողջ կյանքը: Այս լսելով Հովսեփը համակվում է մեծ ուրախությամբ, քանի որ նույն ուխտը նաև ինքն էր արել, ու հավաստիացնում է, որ այդպես էլ անարատ կուսության մեջ իրենք կծառայեն Աստծուն, և իր կուսության ուխտը պահպանիչ կնիք կլինի Մարիամի կուսության ուխտի վրա: Ահա այսպես երեսնամյա կատարյալ տարիքում արդար Հովսեփը սկսեց իր ծառայությունը Հիսուսի փրկագործության առաքելության գործում, պահելով, պահպանելով ու մեծացնելով Նրան որպես երկրավոր հոր պաշտոնում: Իսկ աղանդավորական սրբապղծության հասնող մեկնությունները, որ իբր կույս Մարիամը Հովսեփից հետագայում երեխաներ է ունեցել, բխում են մեղսավոր մարդկանց փուչ ու ապականված մտքերից:
Իսկ Հիսուսը պետք է աճեր ու զորանար հոգով ու իմաստությամբ, մինչև որ գար իր երեսնամյա առաքելության սկիզբը: Եվ Նա Իր քարոզությունները սկսեց հենց երեսուն տարեկանից հետո, երբ մկրտվեց Հորդանանում` Հովհաննես Մկրտչի ձեռքով: Այդ պատճառով մեր առաքելական եկեղեցում այդ երկու իրադարձությունները մեկ օրվա մեջ են կատարում և կոչում. «Ծնունդ և Աստվածհայտնություն», այսինքն, Հիսուսի մկրտությունը երեսուն տարեկանում կատարվեց հենց Իր ծննդյան օրը` հունվարի վեցին: Եկեղեցական ավանդությունից հայտնի է, որ մեր քաղցր Տիրամայրը Հիսուսի համբարձումից հետո ևս երեսուն տարի ապրեց, ապա վերափոխվեց դեպի երկինք:
Շարունակենք մեր խորհրդածությունները. ըստ Գրիգոր Տաթևացու, Աստված հրեշտակի միջոցով Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ բաժանեց լեզուները, ասելով. «Եկե՛ք իջնենք և բաժանենք նրանց լեզուները»: Աստված հողմին հանձնարարեց ավերել աշտարակը, իսկ նրանցից ոչ ոքի չսպանեց, քանի որ նրանց չկործանեց, այլ ցրեց, նրանց 72 տարբեր լեզուներ բաժանելով: Իսկ այդ ամենի աստիճանականության մեջ երեսուներեքերորդը հայերենն էր, յոթանասուներկու լեզուների շարքում:
Երեսուներեքի խորհրդաբանական մեծությունն այնքան կարևոր է միստիկ-հոգևոր աշխարհում, որ դրանից աշխատում են օգտվել նաև չարին ծառայություն մատուցողները: Միգուցե ձեզնից շատերն են եղել զանազան գրբացների, գուշակների, թուղթուգիր անողների «աշխատասենյակներում», որտեղ կախված են եղել սրբապատկերներ, խաչեր, մոմեր, կանթեղներ և հավատի հետ կապված այլ առարկաներ, ու միամտաբար կարծել են, թե այդ բոլորը Աստծո հետ «կապի» համար է, բայց իրականում դրանք միամիտ կամ անգետ այցելուների աչքին թոզ փչելու նպատակով են արված, որ առանց քննելու հանձնվեն մոլորեցնողի կամքին։ Երևի շատերն են հիշում, որ տարիներ առաջ դրանցից մեկը՝ Կաշպիրովսկին, հեռուստասեանսների ժամանակ դանդաղ ու հատ-հատ հաշվում էր մինչև երեսուներեքը, այսինքն, մեր Տեր Հիսուսի տարիքը, որ դրանով մարդկանց կասկածները փարատեր ու անարգել զոհերի հոգիներում և սրտերում սարդի նման իր մոլորության թույնը ներարկեր։ Կաշպիրովսկու «քաջագործությունների» մասին գրել ենք ¥«Իրատես», 06.11.2015¤, իսկ հիմա գրենք, թե ինչպես պիտի խուսափենք նման մոլորություններից և ինչպե՞ս կարող ենք սուտը բացահայտել, եթե ճշմարիտը չգիտենք։ Այս չար ժամանակներում սատանան իր 6000 տարվա փորձառությամբ այնպիսի նրբությունների է հասել, որ նույնիսկ ընտրյալներին է ուզում մոլորեցնել։ Այդ պատճառով, երբ Հիսուսին Իր աշակերտները հարցրին, թե որոնք են լինելու վերջին ժամանակների նշանները, Նա Իր խոսքը սկսեց մեկ բառով. «Զգո՛ւյշ եղեք», ապա շարունակեց. «Որ չխաբվեք», այսինքն` վերջին ժամանակների ամենամեծ իմաստությունը պետք է լինի զգուշությունը, քանզի խաբող ու մոլորեցնող զորություններ են գործելու, որ մարդկանց ճշմարտությունից հեռացնեն: Եթե լավ նայենք մեր շուրջը կատարվող իրադարձություններին, ապա կհամոզվենք, որ Տիրոջ ասած հենց այդ վերջին ժամանակներում ենք ապրում: Մտաբերենք մասոնական կառույցների մոլորեցուցիչ գործունեությունը համայն աշխարհում, որոնք բարեգործությունների անվան տակ չարագործություններ են անում: Հատկապես մասոնականությանը վկայակոչեցի, քանզի նրանց հիերարխիկ աստիճանականությունը նույնպես մինչև 33-րդ է հասնում, և վերջինը բարձրագույն օթյակն է համարվում:
Այժմ երկու անհամեմատելիների համեմատական զուգահեռների մասին. երեսուներեք տարեկանում, բնական է, մահացել են բազում մարդիկ, բայց նրանցից ամենահայտնիները երկուսն են՝ մինչ Հիսուսի ծնունդը Ալեքսանդր Մակեդոնացին (մ.թ.ա. 356-323 թթ.), ապա Հիսուս Քրիստոսը, Որի ծննդով էլ այս մեր թվարկության հաշվարկը սկսվեց ու Իր գալուստով էլ ավարտվելու է։ Այն էլ շուտով, քանզի Նրա ասած մարգարեությունները կատարվում են, բառիս բուն իմաստով, մեր աչքի առաջ։
Որ Ալեքսանդր զորավարը մեծ էր ու հանրահռչակ, բոլորին է հայտնի, քանի որ նրանից առաջ և նրանից հետո այլևս ոչ մի մահկանացու իր քաջությամբ ու իր զենքով ավելի մեծ երկրներ ու շատ տարածքներ չգրավեց, քանի որ նրա թագավորության իշխանությունը տարածվում էր Եվրոպայից մինչև Հնդկաստանի խորքերը՝ մինչև օվկիանոս։ Եվ այն, որ նա իսկապես ամենաքաջ ու իմաստուն զորավարն է եղել բոլոր եղածներից, փաստում են նրա մասին հնարավորինս անաչառ պատմիչները։ Նույնիսկ նրա մասին վկայում էին, որ Ալեքսանդրի վրա ավելի շատ մարտական սպիներ կային, քան իր զինվորներից ցանկացածի։ Բայց նույն պատմիչները փաստում էին, որ նա չափազանց փառամոլ, գինեսեր ու կրքոտ է եղել, և նրա տղամարդկային ցանկությունները միայն կանանցով չեն բավարարվել, այլև իր «հարեմի» գեղեցիկ պատանիներով։
Պատմիչներից մեկը (Արիանոս Փլաբիոսը) Ալեքսանդրի մահվան օրն այսպես է նկարագրում. «Ալեքսանդրը աստվածներին սահմանված զոհեր մատուցեց և հետո սեղան նստեց «ընկերների» հետ։ Խրախճանքը ձգվեց մինչև ուշ գիշեր։ Հետո նա քեֆ արեց Մեդիոսի հետ, հետո դուրս գալով նրա մոտից գնաց լվացվելու ու պառկեց քնեց։ Նորից վեր կացավ, կրկին ճաշեց Մեդիոսի մոտ և կրկին մինչև ուշ գիշեր խմեց։ Խնջույքից հեռանալով, նա լվացվեց ու մի քիչ կերավ և միանգամից քնեց, քանի որ տենդով հիվանդացավ։ Հաջորդ օրը նա իրեն վատ զգաց, բայց կատարեց աստվածների զոհաբերություններն ու այլևս չէր կարողանում խոսել. նա կորցրել էր ձայնը։
Բոլորովին անուժ վիճակում, մահճում պառկած, միայն աչքերով էր կարողանում ողջունել եկողներին։
Ալեքսանդրը մեռավ, ու զինակիցները հայտարարեցին, որ մահը նրա համար լավագույն վիճակն էր»։
Իսկ հաջորդ պատմիչը (Ռուֆուսը) մանրամասնում է արքայի թաղման արարողությունը. «Յոթ օր է` արքայի մարմինը դրված է դիակառքի վրա, բայց բոլորի հոգսերը նրա խնամքից ուղղված էին պետության կազմակերպման հարցերի լուծմանը։ Երբ ընկերները վերջապես ի վիճակի եղան տրվելու անշունչ մարմնի հոգսերին, նրանք մտան դահլիճ, որտեղ եգիպտացիներին ու խալդերին հրամայված էր նախապատրաստել մարմինը իրենց սովորույթների համաձայն։ Նրանք սկզբում չէին համարձակվում ձեռք տալ նրան, կարծելով` թե այն շնչում է. այնուհետև աղոթելով, որ իրենց՝ մահկանացուներին, թույլ տրվի դիպչել աստվածությանը, նրանք մաքրեցին մարմինը, անուշահոտություններ լցրին և դրեցին ոսկե մահճի վրա, գլուխը զարդարելով աշխարհակալի նրա փառքի աստիճանի տարբերանշաններով»։ Ահա այսպես պատվեցին ու մեծարեցին երկրային աստված համարվող Մեծն Ալեքսանդրին:
Իսկ սուրբ ավետարանիչները Հիսուսի մահը այսպես են նկարագրում. «Եվ Նրան տարան Գողգոթա, մի տեղ, որ թարգմանվում է կառափնատեղի: Զմուռսով խառնված գինի տվեցին Նրան, բայց Նա չվերցրեց:
Եվ Նրան Խաչը հանեցին: Եվ Նրա հագուստները բաժանեցին՝ դրանց վրա վիճակ գցելով, թե ով ի՛նչ պիտի վերցնի: Առավոտյան ժամը ինն էր, երբ Նրան խաչեցին: Եվ կար Նրա դատապարտության մասին գրություն՝ գրված այսպես. «Հրեաների թագավորն է»: Եվ Նրա հետ խաչեցին երկու ավազակների, մեկը՝ Նրա աջում, և մյուսը՝ ձախում: Եվ կատարվեց գրվածը, թե՝ «Անօրենների հետ դասվեց»: Եվ ովքեր անցնում էին, հայհոյում էին Նրան, շարժում իրենց գլուխները և ասում. «Վա՜հ, որ քանդում էիր տաճարը և երեք օրում շինում, ազատի՛ր ինքդ քեզ և իջի՛ր այդ խաչից»: Նույնպես և քահանայապետերը, իրենք իրենց մեջ, օրենսգետների հետ միասին, ծաղր էին անում ու ասում. «ՈՒրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել: Այդ Քրիստոսը՝ Իսրայելի այդ թագավորը, թող այժմ իջնի խաչից, որ տեսնենք և հավատանք դրան»: Եվ նրա հետ խաչվածներն էլ նախատում էին նրան:
Երբ կեսօր եղավ, խավար պատեց ամբողջ երկիրը, մինչև ժամը երեքը: Եվ ժամը երեքին Հիսուս բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Էլի՜, էլի՜, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է՝ Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ: Եվ նրանցից ոմանք, որ Նրա շուրջն էին կանգնել, երբ լսեցին այդ, ասացին. «Եղիային է կանչում»: Եվ մեկը առաջ վազելով՝ սպունգը թաթախեց քացախի մեջ, անցկացրեց եղեգի ծայրին, տվեց Նրան, որ խմի, ու ասաց. «Թողե՛ք տեսնենք, արդյոք Եղիան կգա՞ Նրան իջեցնելու»:
Եվ Հիսուս բարձր ձայն արձակեց ու հոգին ավանդեց:
Եվ տաճարի վարագույրը վերևից մինչև ներքև երկուսի պատռվեց: Եվ այնտեղ կանգնած հարյուրապետը տեսնելով, թե ինչպես Նա աղաղակեց և հոգին ավանդեց, ասաց. «Իրոք այս մարդը Աստծո Որդի էր» (Ավետարան ըստ Մարկոսի 15.21-40)։
Այս երկու մահվան նկարագրությունները՝ երկրային ամենափառավոր արքայի՝ Ալեքսանդրի և թագավորների Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի վերջին օրվա մասին էին։ ՈՒ ինչպես կարդացիք, մարդիկ չճանաչելով Աստծուն, աստվածացրել էին մարդուն, ով շվայտությամբ հարբելով մեռավ, և նմանապես. չհավատալով՝ մարդիկ «մարդացրել» էին Աստծո Որդուն (ինչպես այժմ «Եհովայի վկաները»)։ Երկրային արքային՝ Ալեքսանդրին, անուշահոտություններով զմռսելով, ոսկե մահճում պառկեցրին, գլխին փառքի դափնիներ դրեցին, իսկ Երկնային Թագավորին փշե պսակով թագադրեցին, ապա անարգաբար խաչելով` սպանեցին, ապա քաթանե կտավի մեջ փաթաթելով` ուրիշի համար փորված գերեզմանը դրեցին, և մահը թագավորեց թագավորների վրա. բայց երկրավոր թագավորի վրա հավիտենապես, իսկ Երկնավոր Թագավորն Իր մահով մահվանը հաղթեց հավիտենապես, քանզի Ինքը Կյանքն էր։ Եվ ոչ միայն. «Արդարև, մեր բոլորի համար, մեղքերի պատճառով, մեկ անգամ մեռավ և Ինքը Քրիստոս՝ Արդարը՝ անարդարների համար, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն. նա թեպետև մարմնով մեռավ, բայց կենդանի է Հոգով, որով և գնաց-քարոզեց բանտում եղած այն հոգիներին, որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինվում» (Ա Պետրոս 3.18)։ Այսինքն, մեր Տերը Հոգով դժոխք իջավ և ավերեց այն, արդարներին վեր հանեց ու դրախտի ուրախություն տեղափոխեց:
Նաև ընթերցողներին ասենք, որ անդենական՝ անդրաշխարհային Կյանքում (այո, կյանքում, ոչ թե մահվան, քանզի մեր այս կարճ կյանքը այն՝ հավիտենական Կյանքը ժառանգելու և նախապատրաստվելու համար է տրված, ինչպես երեխան է մոր որովայնում ինն ամիս նախապատրաստվում այս կյանքում ապրելու համար), նույնպես հոգևոր աճ կա, բայց խիստ տարբերվող մեր իմացությունից: Օրինակ, այս վկայության մեջ, որ քաղել եմ «Անդեն» գրքից, գրված է, թե ինչ են լինում մանուկ հասակում մահացած երեխաները: Երկինք գնացած մի հոգի, տեսնելով դրախտում գտնվող փոքրիկներին, հարցնում է իրեն ուղեկցողին. «Իսկ այդ ինչպե՞ս է, որ սրանք առանց ծնողների են այստեղ», հարցրի ես։ «Հենց այդպես, պատասխանեց ուղեկցուհիս, նրանք այստեղ պետք է աճեն աղջիկների հսկողության տակ, մինչև որ բոլորը կդառնան երեսուներեք տարեկան»։ Մենք դրանից հետո սկսեցինք բարձրանալ աստիճաններով. դա արդեն դրախտն էր, որտեղ կային տարբեր աստիճանակարգություններ, ինչին ամեն մեկը արժանանում է ըստ իր ապրած երկրային կյանքի»։ Նաև կան անդենական այլ վկայություններ, որ մեծահասակներն ու զառամյալ տարիքում ննջածները նույնպես պետք է վերափոխվեն, մինչև որ իրենք էլ արժանանան երեսուներեք կատարյալ տարիքին հասնելուն: Այնպես որ, երբ արժանանանք երկինք գնալու, ապա մեր սիրելի մեծահասակ պապիկներին, տատիկներին, հայրերին ու մայրերին արդեն կատարյալ տարիքում կհանդիպենք ու միայն Սուրբ Հոգով նրանց կճանաչենք: Թող հավատացյալ ընթերցողներից ոչ մեկի կարոտը իր ննջեցյալ հարազատի համար չխամրի, քանզի Աստված իրենների համար մեծ անակնկալներ է նախապատրաստել, ինչպես մեր սիրելի ծնողներն են սիրում մեզ ուրախացնել զանազան նվերներով, միայն թե այստեղ Աստծո պատվիրանների համաձայն քայլենք:
Իսկ այժմ մի զարմանալի հրաշապատումի մասին կարդանք, որ տեսել եմ համացանցի տեսահոլովակներից մեկում: Եթե դուք էլ անգլերեն գրեք «հրեշտակներ», ապա գուցե ձեզ էլ հաջողվի այդ ամենը ձեր աչքերով տեսնել: Այն նկարահանված է Չինաստանի քաղաքներից մեկի փողոցի տեսախցիկով: Կեսգիշերվա զրո ժամ երրորդ րոպեն է: Հատուկենտ մեքենաներ են անցնում չկառավարվող մի խաչմերուկով: Դիմացի փողոցից մի բեռնատար է թափով անցնում, իսկ ճիշտ այդ պահին հատող փողոցով երեքակնանի մոտոցիկլն է ուզում հատել նույն խաչմերուկը: ՈՒ ճիշտ մեջտեղում, երբ բախումը անխուսափելի էր, հանկարծ կայծակնային արագությամբ մի անտեսանելի էակ է հայտնվում, նույն արագությամբ բեռնատարի առջևից խլում է այդ մոտոցիկլը իր վարորդի հետ ու տանում դնում դիմացի մայթի կողքը: Ոչինչ չհասկացած բեռնատարի վարորդը արգելակում է մեքենան ու ծնկի գալով նայում իր մեքենայի անիվների տակ, մտածելով, որ հիմա ջախջախված դիակն ու մոտոցիկլը պետք է տեսնի, բայց, ի զարմանս իրեն, ոչինչ չի գտնում:
Իսկ երբ նույն տեսանկարահանումը ցույց են տալիս դանդաղեցրած կադրերով, հստակորեն երևում է, թե ինչպես է մի հրեշտակ բեռնատարի ճիշտ անվադողերի տակից խլում մոտոցիկլը իր վարորդի հետ: Պահապան հրեշտակների հերթական հրաշքներից մեկը: Հիմա կասեք, թե ինչ կապ ունի այս դեպքը երեսուներեքի հետ: Եթե ուշադրություն դարձրիք, վկայության սկզբում նշեցի, որ կեսգիշերվա երրորդ րոպեն էր, իսկ ես երբ դանդաղեցրած տարբերակով էի դիտում, ապա աչքս ընկավ նաև վայրկենացույցին ու ապշած տեսա, որ այս հրաշքը տեղի է ունեցել ճիշտ ու ճիշտ գիշերվա 03.33-ին: Չգիտեմ` ինչքանով է համընկնում դա երեսուն ու երեքի հետ, բայց փաստը ակնհայտ էր և, ըստ իս, Տերը ողորմածաբար այդ խորհրդակիր րոպեին թույլ չի տվել աշխատանքից հոգնած, իրենց ճակատի քրտինքով հաց վաստակած ու տուն վերադարձող մարդիկ մահվան դառնություն ճաշակեն:
Այս խորհրդածություններին էլ ավելացնենք նաև այն, որ, ըստ որոշ մեկնաբանությունների, մեր Տեր Հիսուսը հարություն է առել կիրակնամուտի գիշերվա երեքին: Եվ ուրախությամբ նշեմ, որ Երուսաղեմի մեր սուրբ Հակոբյանց միաբանությունը իրավունք ունի ամեն օր, գիշերվա երեքին Սուրբ պատարագ մատուցելու Հիսուսի սուրբ Գերեզմանին, և միգուցե երեք անց երեսուներեքին՝ Տիրոջ հարության ժամին քահանան բարձրացնում է անարյուն Պատարագի Մարմինն ու Արյունը ի քավություն և ի թողություն մեղաց մերոց: Իսկ մեր շարականների մեկնաբանություններից տեղեկանում ենք, որ այն պահին, երբ Ադամը կերել է արգելված պտուղը ու մահ ճաշակել, ճիշտ այդ պահին էլ Հիսուսն է խաչի վրա մահը համտեսել ու Իր մահով մահվանը հաղթել:
Իսկ երեք թվի մասին արդեն շատերս ենք տեղյակ, որ այն մեծափառ է, քանզի Աստված սուրբ Երրորդություն է՝ ՀԱՅՐ, ՈՐԴԻ, ՍՈՒՐԲ ՀՈԳԻ, եռանձն մեկ անքննելի Աստվածություն: Ըստ Հին կտակարանի, Ծննդոց գրքի երրորդ օրը երկիրը զարդարվեց պես-պես բույսերով, տունկերով ու ծաղիկներով: Երրորդ դարում խափանվեց մեղավոր մարդկային խորհուրդը ու փլվեց Բաբելոնի աշտարակը: Տեր Հիսուսը խաչվեց նիսան ամսվա (ապրիլի) երեքին (այն օրը, երբ Ադամը չարի ու բարու գիտության ծառի արգելված պտուղն է ճաշակել), գերեզմանում մնաց երեք օր, ապա հարություն առավ, քանզի մահվան ամենակուլ զորությունը ընդամենը երեք օր կարողացավ իր մեջ պարփակել Կյանքի Իշխանին, Ով Հոգով իջավ դժոխք, երեք օր մնաց այնտեղ, ապա ավերեց այն ու արդարներին դրախտ տեղափոխեց:
Վերջում նաև չիմացողների համար գրենք, որ մարդ արարածն էլ է բաղկացած երեք՝ հոգի, շունչ, մարմին արարչագործ եռամիասնությունից: Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում այս իրողությանը, ինչպես որ աթեիստներն էին խեղաթյուրելով մոլորեցնում միլիոնավորներին ու մարդուն կենդանական մակարդակին իջեցնում, այսինքն, լոկ շունչ ու մարմին վերագրելով մեզ, անտեսելով հավիտենական հոգին:
Իհարկե, այսքանով չեն ավարտվում խորախորհուրդ երեսուներեք թվի գաղտնիքները, քանզի արարչագործությունից մինչև ժամանակների վախճանը, մարդկությունը երեսուներեք փուլերով է անցնում, մինչև վերջին երեքօրյա կրակով մաքրագործությունը, որից հետո, ըստ Պետրոս առաքյալի մարգարեության, շատ շուտով պիտի լինեն Նոր երկիր ու Նոր երկինք, որտեղ արդարությունը կբնակվի: Իսկ ահագնացող ապականությամբ գահավիժող մարդկությանը նայելով, կարծում եմ, որ այդ ժամանակները մեզնից բոլորովին էլ հեռու չեն. նույնիսկ այս սերնդին է վիճակված հրեղեն փորձությունը անցնելու:
Աստված բոլորիս արժանացնի նորոգված ստեղծագործության բնակիչ լինելու երանությանը: Ամեն:
Իսկ «ամեն» բառն օգտագործում են երեք կրոնները, որոնք առնչվում են Հիսուսի անվան հետ (մովսիսականություն, քրիստոնեություն ու մահմեդականություն), և ամեն բառի թվային արժեքը կազմում է 99, այսինքն, երեք անգամ երեսուներեք:
Այս ամենից հետո իմանանք որպես տեղեկություն, որ գալիք կիրակի օրը (ապրիլի երեքին), որ մեր առաքելական եկեղեցին անվանում է Նոր կիրակի, Երևանի Մատենադարանից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի պետք է տանեն Շուրիշկանի հրաշագործ ավետարանը, որը հայտնի է իր բազմաթիվ բժշկությունների վկայություններով: Խորհուրդ ենք տալիս մեր ընթերցողներին խոստովանությամբ ու հավատքով այդ օրը մասնակցել սուրբ Պատարագին և ընդունել Նոր կիրակիի անմահարար պտուղը՝ Տիրոջ Մարմնի ու Արյան սուրբ Հաղորդությունը:
Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ