Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կյանքն ու վկայությունները

Կյանքն ու վկայությունները
05.04.2016 | 00:12

ԿՐԿԻՆ ԱՆՄԱՏՉԵԼԻ ՏԻԲԵԹՈՒՄ


1913-ի մարտին Սադհուն կրկին շարունակեց քարոզչությունը` նախ անցնելով իր հարազատ վայրերով։ Բայց հասկանալով, որ մարգարեն իր հայրենիքում տեղ չունի, զգաց, որ Աստված իրեն այլ նպատակների համար էր նախապատրաստել։ Նա բարձրացավ Չինաստանին սահմանակից հյուսիսային տարածքները` ծովի մակարդակից 2500-3500 մետր բարձրության վրա գտնվող անառիկ ու վայրենաբարո գյուղերը։ Տիբեթի սահմանագլխին գտնվող Ֆոյ գյուղաքաղաքում ծանոթացավ Հեռնհութ ազգանունով գերմանացի Մարքս և Կոնիք միսիոներ եղբայրների հետ։ Նրանք արդեն մի քանի տարի հանգրվանել էին Ֆոյում, խանդավառ քարոզչություն էին արել Տիբեթի բարձրավանդակում և քաջածանոթ էին բնիկների վայրագ բարքերին։ Մանրամասն տեղեկանալով Սադհուի կյանքին` նրանք մի քանի շաբաթ հյուրընկալեցին նրան` սովորեցնելով տեղաբնակների լեզվի կարևոր արտահայտություններն ու նրանց հետ շփվելու խորագիտության գաղտնիքները։ Երբ Սունդարը պետք է հեռանար, նրանք իրենց օգնականին` քրիստոնյա դարձած բնիկներից մեկին, հանձնարարեցին որոշ ժամանակ ընկերակցել Սադհուին` նրան բնիկներին ներկայացնելու և հնարավոր վտանգներից զերծ պահելու համար։ Օգնականի հետ Սունդարը շուրջ երեք ամիս «լրտեսեց» Տիբեթի բարձրավանդակի հարավային տարածքը։ Ֆոյ վերադառնալուց և կարճատև դադար առնելուց հետո գերմանացի եղբայրներին ասաց, թե հիշյալ տարածքի խորքերն է մտնելու` արդեն «գրավված» տարածքները թողնելով եղբայրներին։
Տիբեթի բնակիչները գերազանցապես հին բուդդայականներ էին, որոնք մյուսներից տարբերվում էին իրենց մոլեռանդությամբ, դաժանությամբ, անմատչելիությամբ, ծիսաավանդապաշտությամբ։ Նրանց կրոնապետը` Դալայլաման, ով երկրի վրա համարվում էր Բուդդայի մարմնացումը, ապրում էր Տիբեթի անառիկ լեռնագագաթներից մեկին կառուցված Բեթոլա վանքում։ Նրա գերիշխանությունը տարածվում էր մի քանի թեմերի բաժանված լամաների վրա, որոնք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում էին անհանգստացնում Դալայլամային։
Սադհուն այդ թեմերից մեկը եկավ, Թալիքանի գյուղը, ուր նրան հյուրընկալեց 400 ենթալամաների տեսուչը։ Նա, հրավիրվածների մեծ բազմության ներկայությամբ լսելով Սադհուի քարոզչությունը, ճիշտ թե կեղծ, համենայն դեպս, հավանություն տվեց նրա խոսքերին և անվտանգության հանձնարարական գրելով` դեպի մյուս գյուղերը ճանապարհեց Սադհուին։ Բայց միշտ չէ, որ լամայի հանձնարարականն օգնում էր Սադհուին։ Ոչ միայն չարչարանքների, հալածանքների միջով, այլև մահվան եզրագծով անցնելիս անգամ ապավինում էր իր Ընկերոջը` Քրիստոսին։
Տիբեթի խորքերում գտնվող Ռասարի ¥կամ Ռազա¤ գյուղաքաղաքում քարոզելու հենց սկզբում մի քանի կրոնամոլներ հարձակվեցին Սադհուի վրա և տեղի լամային ներկայացնելով` ամբաստանեցին, թե առանց թույլտվության մտել է իրենց երկիրը և ինչ-որ նոր վարդապետություն է քարոզում։ Առանց իսկությունը քննելու լաման մահապատժի հրաման արձակեց։ Սադհուին նետեցին դիակներով լի մի ջրհոր և կափարիչով ամուր փակեցին։ Այդ նողկալի իրավիճակում նա կանչեց Աստծուն։ Սունդարի սիրտը լցվեց աստվածային խաղաղությամբ։ Երրորդ օրվա կեսգիշերին Սադհուն հանկարծ լսեց բացվող կափարիչի ճռռոցը։ Մեկը վերևից պարան կախեց և ասաց. «Սունդա՛ր, պարանը մեջքիդ կապիր, ես դուրս կքաշեմ քեզ»։ Նա մի կերպ հավաքեց ուժերն ու պարանը վեր ձգելու նշան տվեց։ Երբ դուրս եկավ, փորձեց շնորհակալություն հայտնել ազատիչին, բայց ոչ ոք չկար։ Մի կերպ հասավ մոտակա իջևանատունը, ուր նրան ջուր և կերակուր տվեցին։ Առավոտյան լրիվ ապաքինված ու զորացած, կրկին գյուղ մտավ և սկսեց քարոզել։ Բոլորը սարսափած էին։ Սունդարի ազատության լուրը հասավ լամային։ Նա կատաղած փնտրում էր հորի բանալին և հարցնում, թե ով կարող էր այն բացել։ Բայց բանալին սովորականի պես կախված էր իր տեղում` լամայի գաղտնասենյակում, ուր, լամայից բացի, ոչ ոք մուտք չուներ։ Լաման գունատված խնդրեց Սադհուին, որ պատմի եղելությունը։ Ինչն էլ առիթ դարձավ, որ Սադհուն վկայի Քրիստոսի մասին։

Տիբեթի գյուղերից մեկում քարոզելու համար գյուղացիները նրան հալածելով ու քարկոծելով դուրս արեցին։ Գյուղից քիչ հեռանալով` նա պատսպարվեց մի փոքր քարայրում` առավոտյան կրկին գյուղ վերադառնալու մտադրությամբ։ Գյուղացիներից մեկը նկատեց, որ Սադհուն քարայր մտավ։ Անմիջապես իրազեկեց գյուղի կրոնապետին։ Երեկոյան Սադհուն, քարայրի մուտքի առջև նստած, հիանում էր մայրամուտով։ Գյուղի կողմը նայելով նկատեց, որ ահագին բազմություն, զինված բահերով, սրերով և բրերով, դեպի իրեն է շարժվում։ Սադհուն հասկացավ` հարձակումն անխուսափելի է։ Սկսեց աղոթել հոգին Տիրոջն ավանդելու համար։ Քարայրը պաշարելու մտադրությամբ համակված ամբոխը նախ երեք մասի բաժանվեց, ապա, զենքերն առաջ պարզած, աղաղակելով, գոռում-գոչյունով մոլեգնորեն դեպի Սադհուն ուղղվեց։ Նա ծնկի իջած, գլուխը խոնարհած և աչքերը փակ աղոթք էր անում։ Հանկարծ տարօրինակ բան կատարվեց։ Ամբոխը պապանձվելով միանգամից կանգ առավ։ Սադհուն աչքերը բացեց։ Նրանք նախ կանգ առան, ապա զարմացած ու վախեցած հայացքներով Սադհուի կողմը նայելով ու իրար հրմշտելով դանդաղ հետ քաշվեցին։ Սադհուն շուրջը նայեց և ոչինչ չտեսնելով` հասկացավ, որ նրանց հոգևոր աչքերը բացվել են, և նրանք ինչ-որ բան են տեսնում հոգևոր աշխարհում։ Նա սիրտ առավ, ոտքի կանգնեց և առաջ գալով հարցրեց` ինչ է պատահել։ Մեկը համարձակություն առավ և փորձեց ճշտել. «Ո՞վ է փայլուն հանդերձով կողքիդ կանգնած այդ հսկան, և ովքե՞ր են ձեզ շրջապատողները»։ Սադհուն շուրջը նայելով, խոնարհությամբ պատասխանեց, որ ինքը մենակ է։ Մի քանի համարձակներ պնդեցին, թե քարայրի մուտքը շրջապատված է ճերմակ հագած զինվորներով։ Այս անգամ Սադհուն պատասխանեց. «Կողքիս կանգնածը իմ քարոզած Տիրոջ հրեշտակն է, իսկ մյուսները` Նրա զորքը»։ Մի քանի վայրկյան անց, երբ հավաքվածները դեռևս ապշած նայում էին, տեսիլքն անհետացավ։ Մարդիկ, քիչ-քիչ ուշքի գալով, երկյուղածությամբ մոտեցան Սադհուին, այս անգամ արդեն զենքերը վայր դրած և առանց բարկության։ Սադհուն մի քանի օր գյուղում մնաց, պատմեց Աստծո թագավորության, Նրա Որդու և Նրա զորքերի մասին, ապա շարունակեց ճանապարհը։
Տիբեթի Չինկհամ գյուղում Սադհուն ծանոթացավ քրիստոնյա դարձած մի սպայի հետ, ով սիրով ընդունեց և հյուրընկալեց նրան։ Սադհուի այն հարցին, թե ինչպես է քրիստոնյա դարձել, սպան պատմեց նույն գյուղի բնակիչ, քրիստոնյա դարձած Քարտեր Սինգհի մասին, ում մահապատիժն ինքն էր իրականացրել` ենթարկվելով լամայի հրամանին։ Նա պատմեց, որ երիտասարդին փաթաթել են թարմ մորթու մեջ, ձիգ կապել և կիզիչ արևի տակ գցել։ Մորթին չորացել ու խեղդամահ էր արել երիտասարդին։ Երիտասարդը մինչև վերջին շունչը փառաբանել էր Քրիստոսին։ Այնուհետև սպան Սադհուին Քարտերի հոր` Հայրամ Սինգհի տուն տարավ, ով նույնպես քրիստոնյա էր և դարձի էր եկել որդու մահից հետո։ Նա, Սադհուին տեսնելով, նրա կյանքի պատմությունը լսելով, որդուն հիշեց, շատ հուզվեց և պատմեց, որ Քարտերը նույնպես հայտնի և հարուստ ընտանիքում էր մեծացել, տոհմի միակ ժառանգն էր, այնուհետև պատանի տարիքում քրիստոնյա էր դարձել և իր կյանքը նվիրել Քրիստոսին` մարտիրոսվելով հանուն իր հավատքի։ Հայրամ Սինգհը Սադհուին նվիրեց որդու` Քարտերի Նոր կտակարանը, որի առաջին էջին գրված էր. «Քրիստոսի մահը փրկություն բերեց ողջ մարդկությանը։ Ես ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե իմ մահը գեթ մեկ հոգու փրկության պատճառ դառնա»։ Նա այս խոսքերը գրել էր հենց մահից առաջ և Նոր կտակարանը հանձնել էր մահապատիժն իրականացնող սպային։ Սադհուն հուզվեց և խոստացավ, որ Քարտերի Նոր կտակարանը` որպես կենդանի մարտիրոսության լուռ վկայի, կհանձնի Շիմլայի եկեղեցուն։

Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 12751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ