Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ով ասաց` «սկսիր», նա էլ կասի` «ստոպ»

Ով ասաց` «սկսիր», նա էլ կասի` «ստոպ»
05.04.2016 | 00:47

Ինչքան էլ Ադրբեջանը հայտարարի հրադադարի մասին, այն իրականություն կդառնա, երբ Ադրբեջանին ասեն` «ստոպ»։ Իսկ «ստոպ» կասի նա, ով Ադրբեջանին հրահանգեց` «սկսի՛ր»։ Իսկ ո՞վ է նա, այս հարցը, թերևս, ամենաշատն է հետաքրքրում հանրությանը։
Այն, որ Ադրբեջանն ինքնագլուխ պատերազմ չէր սկսի, ինչքան էլ հայտարարեր այդ մասին, փաստ է, քանի որ տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող Ադրբեջանին այդ պատերազմը բոլորովին ձեռնտու չէր։ Այն ձեռնտու էր տնտեսապես և քաղաքականապես հզոր երկրին։ Եթե հետևենք «Միջուկային զենքի չտարածման խնդիրների մասին» համաժողովում ընթացող գործընթացներին, ապա կարելի է ենթադրել, թե ում է ձեռնտու եղել հրադադարի խախտումը։ Ո՛չ, խոսքը, իհարկե, Թուրքիայի մասին չէ, բայց գործընթացն առանց շան գլխի չէր իրականանա։
Համաժողովում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բավականին կոշտ դիտարկումներ արեց Թուրքիայի հասցեին, սակայն, միևնույն ժամանակ շատ սրտաբաց ընդունեց Ադրբեջանին։ Սա, ըստ էության, կարելի է թաքնված մեսիջ համարել ԼՂՀ շփման գոտում պատերազմական գործողությունների վերսկսման համար։ Պատահական չէ, որ այդ գործողությունները սկսվեցին նիստի հաջորդ օրը։ Նման քաղաքականությունը բնորոշ է Միացյալ Նահանգներին։ Չի բացառվում, որ այս մեսիջի մասին նախապես պայմանավորվածություն լիներ կողմերի միջև։
Ասել, որ ԱՄՆ-ի նպատակն է ճնշում գործադրել ԼՂՀ-ի վրա, ճիշտ չի լինի։ Ավելին, դա նրան պետք չէ, սակայն ԼՂՀ-ի միջոցով խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, դա արդեն այլ խաղ է, որը ձեռնտու է և՛ ԱՄՆ-ին, և՛ Թուրքիային։ Այդպիսով, Ամերիկան, մի կողմից, քննադատելով Թուրքիայի որոշ մոտեցումներ, աշխարհին ցույց տվեց, որ ինքը կիսում է Ռուսաստանի մտահոգությունը ևս, սակայն, մյուս կողմից, լարվածություն ստեղծելով ԼՂՀ-ի սահմաններում, փորձում է իր ազդեցությունը ցուցադրել Ռուսաստանին, տակից հովանավորելով Թուրքիային։
Որքան կտևի այս իրավիճակը, չենք կանխատեսի, սակայն այս պահին փաստ է, որ ադրբեջանական կողմը առանձնապես գոհ չէ մարտական գործողությունների վերսկսմամբ, ինչը բնական է։ Աշխարհում գնալով նվազում է «սև ոսկու» գինը, ինչից տուժում է Ադրբեջանի տնտեսությունը, հատկապես եթե նկատենք, որ գնալով բնական պաշարներն այդ երկրում նվազում են։ Մարտական գործողություններն այն դաշտը չէ, որ ձեռնտու լինի ներդրումների համար, որոնց սպասում է Ադրբեջանը։
Այս ֆոնի վրա ամենահետաքրքրականը, թերևս, միջազգային քաղաքական կառույցների ղեկավարների հայտարարություններն են, որոնք իրենց ափսոսանքն են հայտնում մարտական գործողությունների վերսկսման առնչությամբ և հորդորում են կողմերին դադարեցնել կրակը, ինչից հետո Ադրբեջանը, հավատարիմ իր քաղաքականությանը, ապատեղեկատվություն տարածեց իր կողմից հրադադար հաստատելու մասին։ Այս ցինիկ հայտարարությունը, կարելի է ասել, ինչ-որ տեղ համարժեք է եվրոպական կառույցների հայտարարություններին։ Հայտարարություններ, որոնք երբևէ իրենց նպատակին չեն ծառայել։ Այսօր, երբ օտարերկրյա միջազգային կառույցները խնդրի կարգավորման հարցում կարևորում են ԵԱՀԿ գործոնը, ինքնաբերաբար հարց է առաջանում` իսկ որտե՞ղ են այս պահին Մինսկի խմբի ներկայացուցիչները։ Ինչո՞ւ են սպասում Հայաստանից կամ Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ինչո՞ւ շփման գոտում չեն և տեղում չեն փորձում հասկանալ խնդիրը։ Գուցե մարտական գործողությունների վերսկսումը ձեռնտո՞ւ է շատերին։ Համոզված ենք, որ մեր պաշտպանողական պայքարն արդարացի է և Աստված մեզ հետ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ