Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աշխարհն օգնում է նրան, ով ինքն իրեն է օգնում

Աշխարհն օգնում է նրան, ով ինքն իրեն է օգնում
08.04.2016 | 00:09

Բոլորս էլ հավատացած էինք, որ անհապաղ վերջ կտրվի հարևան պետության զինված ուժերի նախահարձակ գործողություններին, և այդպես էլ եղավ։
Մենք պաշտպանեցինք մեր պետությունը, մեր հայրենիքը, մեր օջախը, մեր հողը, քանզի այդ հողի վրա է ծնվում մեր երեխան, իրենց «հանգիստն» են գտնում մեր ծնողները: Դաժան է եղել մեր ճանապարհը, սակայն հաղթեցին ոգու միասնությունը, ուժը, հավատը, մեր բնավորությունը: Քանի որ մենք ծնվել ենք ապրելու և արարելու համար: Փառք ու պատիվ քեզ, հայրենիքի զինվոր: Շնորհակալություն, որ առանց վարանելու կրակի բերան գնացիք ու նահատակվեցիք:
Սակայն վերջին դեպքերից մենք պետք է լուրջ դասեր քաղենք, եթե չենք ուզում կրկին փորձության առջև կանգնել: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցան նաև նողկալի, բարբարոսական դեպքեր` սպանված զինվորին գլխատելու, 80-90 տարեկան մեծահասակներին սպանելու, ականջը կտրելու սարսափելի իրողություններ, երբ ադրբեջանցի «զինվորը» պարծենում էր ու հրճվում...
Մի՞թե հայ զինվորն այդպիսի ոճիր կգործեր, հետն էլ կպարծենար։ Երբե՛ք: Նման ստահակը կարժանանար մեր արհամարհանքին և նույնիսկ ատելությանը:
Եզդի Քյարամի մայրը արցունքները աչքերին ոչ ոքի չէր անիծում, ընդամենը Աստված էր կանչում, որ պատերազմը վերջանա, որ ոչ ոք այլևս իր որդուն չկորցնի, ոչ մի մայր որդեկորույս չդառնա: Միայն աղերսում էր Աստծուն ներել իրեն, որ սիրտը չի դիմանում որդու կորստյան ցավին, որդուն գլխատողներին հանձնում էր Աստծո դատաստանին:
Մենք հաղթեցինք, որովհետև ատելությունը, այլատյացությունը, բարբարոսությունը մեզ հատուկ չեն, մեզ միավորում է հայրենիքին պաշտպան կանգնելու միասնական կամքը: Չէ՞ որ միայն հզոր և ինքնիշխան պետությունն է մեր կյանքի երաշխավորը:
Զինտեխնիկայով ու հրեշներով մեզ չեն կարող հաղթել: ՈՒժը տանկերի թվի մեջ չէ, ուժը հավատի մեջ է, ինչպես նշեց ՀՀ նախագահը:
Հավատը հաղթեց, եկել է ժամը շարունակելու կառուցել մեր երազած պետությունը:
Աշխարհն օգնում է նրան, ով ինքն իրեն է օգնում, իմ սիրելի հայրենակիցներ:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի
նախագահ

Դիտվել է՝ 1927

Մեկնաբանություններ