«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ոչինչ, որ ՀՀ-ն աղքատ է, կարևորն ինքն է՝ պաշտոնյան

Ոչինչ, որ ՀՀ-ն աղքատ է, կարևորն ինքն է՝ պաշտոնյան
08.04.2016 | 00:13

Նորանկախ Հայաստանի տնտեսավարական ու տնտեսագիտական միտքը 2000-ականների սկզբին սթափվելու ինչ-որ տրամադրություններ դրսևորեց ու լծվեց երկրում հասունացած աղքատության հաղթահարման գործընթացին: Այն ամրագրվեց շուրջ երկու տարվա քննարկումների ու բազմաբնույթ միջոցառումների արդյունքում ձևավորված մի փաստաթղթում, որն անվանվեց «ՀՀ-ում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր»: ՀՀ կառավարությունն այն հաստատեց 2003 թ. օգոստոսի 8-ին, ռազմավարության ժամկետի ավարտ հայտարարվեց 2015 թվականի տարեվերջը: Ծրագրի շահառուները ՀՀ քաղաքացիներս էինք, ինչով էլ պայմանավորված է թվերի ու գործողությունների վրա հիմնված այդ փաստաթղթին շարքային շահառուիս անդրադարձը:

190 էջից բաղկացած փաստաթղթի նախաբանում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գրում է. «ՀՀ կառավարությունը հաստատեց աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որը համարում ենք քաղաքացիական հասարակության, իշխանության տարբեր թևերի և դոնոր հանրության ավելի քան 2 տարվա արդյունավետ համագործակցության արդյունք: Մենք կարծում ենք, որ հաջողվել է լուծել կարևոր խնդիր՝ ստեղծվել է իրատեսական և իրագործելի ծրագիր, որն առաջիկա տարիների մեր գործողության ուղենիշն է դառնալու: Մենք հետևողական ենք լինելու…»: Ինչպես ընդունված է, խոստումների ու պարտավորությունների թվարկում, որն ավարտվում է «մեզ կհաջողվի լուծել առկա խնդիրները և հասնել դրված նպատակներին» խոսքերով:
Իսկ նպատակները վեհ էին առավել քան: ՀՀ բնակչության թվաքանակի առկա 46,2 տոկոս աղքատությունը 2015-ի ավարտին հասցնել 19,7 տոկոսի, բնակչությունը՝ 3,014 մլն-ից 3,196 մլն-ի: Թեև զգում եմ ընթերցողի տրամադրվածությունը՝ մեկ հակիրճ պարբերությամբ ամփոփելու ծրագրի հանդեպ գնահատականը, այսուհանդերձ, հակված եմ հարց հնչեցնելու, թե ինչու հարկատուներիս միջոցներով պահվող պետական հսկայածավալ պաշտոնյաների բանակը, ունենալով դոնոր հանրության աջակցությունը, Հայաստան երկիրը մոտ 50 տոկոս աղքատության կարգավիճակի է հասցրել: Պաշտոնյաների այն արդարացումները, թե գիտենք, որ խնդիրներ կան, դրանք շատ հաճախ կախված են արտաքին գործընթացներից, լուրջ չեն, անգամ անլուրջ են, նույնիսկ նվազագույն հիմնավորում չունեն: Ինչո՞ւ եմ նման գնահատական հնչեցնում, որին, վստահ եմ, կմիանան ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնց համար անբացատրելի ու անհասկանալի է ինչ-որ առումներով մեզանում ծավալված գործընթացների տրամաբանությունը: 30 միլիարդ քառակուսի մետր տարածքի վրա կյանքը կարծես կանգ է առել, եթե երբեմն ինչ-ինչ շարժում էլ արձանագրվում է, ապա միայն եղածը պահել-պահպանելու, այլ ոչ առաջ շարժվելու նպատակով: Իսկ հարկ է, որ աշխատեն յուրաքանչյուր քառակուսի մետրը, դրանցում տեղադրված հաստոցն ու շարժիչը, հարահոսն ու ամբարձիչը, փորձասենյակն ու գիտկենտրոնը, ծառն ու թուփը, այն ամենը, ինչին պատրաստ է հայաստանցին, մարդ-արարածի մեր տեսակը: Անհարկի չի ասված, թե ով ուզում է աշխատել, փնտրում է միջոցներ, ով չի ուզում աշխատել, փնտրում է պատճառներ: Որ անելանելի վիճակներ չկան, ապացուցվել է բազմիցս, բոլոր երկրների ու հանրությունների կողմից, ուր պարտադիր չեն քաղաքական արհավիրքներն ու դրանց տխուր հետևանքները, այլ ընդամենը պահանջվում է ելքեր գտնելու փորձեր իրականացնել, արտակարգ իրավիճակներին համապատասխան արտակարգ լուծումներ կիրառել: Ասենք, հանրահայտ է, որ նորանկախ Հայաստանը պարենային ապահովության ու պարենանվտանգության առումներով լրջագույն խնդիրներ ունի, մեզ չի հաջողվում ոչ միայն ցորենի պահանջվող մի քանի հարյուր հազար տոննա կազմող արտադրություն իրականացնել, այլև հազիվ մի քանի բեռնատարի բեռ կազմող սոխի ու սխտորի մշակում ապահովել, առանց որոնց տանտիրուհիներն իրենց վարպետությունը ցուցադրել չեն կարող: ՀՀ գյուղոլորտի պատասխանատուների պատասխանը հետևյալն է. երկրի 340 հազար գյուղացիական տնտեսություններից յուրաքանչյուրը տնօրինում է 0,4 հա կազմող հողակտոր, ամբողջը՝ 1,2 մլն հողակտոր, ինչն էլ լրջագույն խնդիր է: Որ սա հիմնավոր պատճառ չէ, բազմիցս ներկայացվել է ՀՀ բարձրաստիճան այրերին, բերվել Ճապոնիայի օրինակը: Ըստ «Ճապոնիա» տեղեկատուի մի հրապարակման, երկրի 2,2 մլն գյուղացիական տնտեսությունների 59 տոկոսն ունի մինչև 1 հա հողատարածք, 17 տոկոսը՝ 1,5 հա: Սակայն այս մասնատվածությունը երկրի պարենապահովության պատասխանատուներին չի խոչընդոտում յուրաքանչյուր տարի կազմակերպել ճապոնացիների սննդակարգի հիմնական մաս հանդիսացող 9-11 մլն տոննա բրնձի արտադրությունը: Եվ սա այն պարագայում, երբ Ճապոնիայում 1 բնակչի հաշվով վարելահողը 350 քառակուսի մետր է, ՀՀ-ում՝ 1600 քառակուսի մետր:
Լավ: Ընդունենք, որ ինչ-ինչ պատճառներով մեզանում արդյունավետ աշխատանք չի ստացվում, տեսադաշտում էլ չկան նրանք, ովքեր կարող են խնդիրը լուծել, արտադրություն ծավալել, պարենապահովությունը իրողություն դարձնել, մարդկանց անհանգստությունը փարատել: Բայց չէ՞ որ հիշողությունից դեռ չի ջնջվել 2008-ի օգոստոսյան եռօրյան, երբ վրաց-ռուսական առճակատման հետևանքով մեզ սնուցող երկաթուղին փակվեց, համապետական մտահոգություն սկսվեց: Խնդիրը չտեսնելը թե չտեսնելու տալը, երբեմն ինքնագովքի տրվելը, իմա՝ արտահանման նպատակով խաղող ու ծիրան ենք արտադրել, երբ հայաստանցու առօրյա սննդակարգը հիմնականում ներմուծված հումքից է պատրաստված, առավել քան չարդարացված գործելաոճ է, եթե այլ գնահատական չտանք: Պարզ է, որ Երկիրը սննդով անգամ նվազագույնս ապահովել չի հաջողվում, ներկրվում են վտանգավոր չափանիշներով հացահատիկ ու հատիկաընդեղեն, միս-մսամթերք, կաթ-կաթնեղեն, բուսական ու կենդանական յուղեր, շաքարավազ ու չորացրած մրգեր, այն ամենը, ինչի արտադրությունը երկիր մոլորակում խնդիր չի համարվում, եզակի բացառությամբ, թերևս, Հայաստանի Հանրապետության: Որ ասվածն օդից վերցրած խոսքեր չեն, հաստատում են վերջին տարիներին աշխարհի առնվազն 40-50 պետություններում հայտնված մեր համերկրացիները. ամենօրյա սնունդը, դրա որակն ու մատչելիությունը երբևէ խնդիր չեն, մարդկանց սննդակարգը պարզ ու հասանելի առօրյա է, զերծ որևէ խոչընդոտից, ինչին ՀՀ-ում հանդիպում ես յուրաքանչյուր ժամ ու օր, տարին տարվա վրա: Դեռ լավ է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն արգելել է մանկական հաստատություններում տեղական արտադրության երշիկեղենի օգտագործումը, քանզի այն հիմնականում պատրաստվում է արտերկրից ներմուծված, ինչ-ինչ միջոցներով խոր սառեցման ենթարկված հումքից:
Հայաստանաբնակներս իրոք շփոթված ենք: Այն առավել է խորանում հատուկենտ ընդվզողների խոսքն ու գործը լսել-տեսնելով, որոշ ստեղծագործողների էլ հուսահատ ճիչերն ունկնդրելով. Տեր Աստված, օգնիր մեզ` զորանանք, հզոր Հայաստան դառնանք: Բայց չէ՞ որ Արարիչը տվել է հող, ինչքան հարկն է, որն ամբողջությամբ չենք օգտագործում, ջուր՝ հրաշք Սևանում ամբարված ու չկառուցված ջրամբարների արդյունքում հարևանների կողմը հոսող, ջերմացնող արևային եղանակ, որը շատերի երազանքն է: Այս ամենը նվազագույնս ունեցող երկրները կայացել ու ամրացել են, բարգավաճել ու հզորացել, մեզանում ընդունված է միայն արդարացումներ փնտրել: Պարոնայք, շարքային քաղաքացիներս ձեր կողքին ենք ապրում, հարևանությամբ ենք գտնվում, տեսնում ու զգում ենք ձեր արածն ու չարածը, ճիշտն ու սխալը, միլիոնավոր դրամներով ձեռք բերված համարանիշերն ու միլիարդավոր դրամներ կազմող առանձնատները: Եվ սա աղքատ համարվող երկրի պայմաններում, քանզի 1 բնակչի հաշվով կառավարական բյուջեից տարեկան հազիվ 600 դոլար կազմող գումարին այլ գնահատական տալ հնարավոր չէ: Գրաճանաչության 80 տոկոս մակարդակ ունեցող Կոնգոյի հանրապետությունում ցուցանիշը 1200 դոլար է, ոչ վաղ անցյալում խորհրդային Էստոնիայում՝ 8000 դոլար, ՀՀ տարածքն ունեցող 10 մլն բնակչությամբ Բելգիայում՝ 25000 դոլար... Էլ ի՞նչ է պետք համոզվելու համար, որ պատճառաբանելը անգործությունը հիմնավորելու միջոց չէ, այլ ինչ-որ ժամանակահատված պատասխանատվությունից խուսափելու պարզունակ հնարք: Այսպես չեն վարվել անգամ կարծրամիտ հայտարարվող համայնավարները, որի մի ապացույցի հանդիպում ենք Ա. Միկոյանի «20-ական թվականների սկզբին» հուշագրությունում: Հեղինակը գրում է. «1922 թվականին ՌՍՖՍՀ կառավարության և «Ֆրիդրիխ Կրուպ Էսսենում» ընկերության միջև կոնցեսիոն պայմանագիր կնքվեց «ռացիոնալ գյուղատնտեսություն վարելու համար» Դոնի նահանգում 25 տարով 50000 դեսյատին հող օգտագործման հանձնելու մասին: Այդ պայմանագրով կոնցեսիատերը պարտավորվում էր տնտեսությունն ապահովել ինվենտարով, նյութերով, անհրաժեշտ կառուցվածքներով և որպես կոնցեսիայի դիմաց վճար սովետական կառավարությանն ամեն տարի հանձնել ընդհանուր բերքի 20 տոկոսը: Մենք այդ ժամանակ շահագրգռված էինք այդ կոնցեսիայով, քանի որ ինքներս հնարավորություն չունեինք յուրացնելու բոլոր հողերը: Տեղում կար բավականաչափ աշխատուժ: Նախկին խոպան հողերում աշխատանք գտան սովետական շատ բանվորներ, որ այն ժամանակվա գործազրկության պայմաններում մեզ համար բավականին կարևոր էր»:
Որքան նման է մեր այսօրվա իրականությանը: Հիմնական տարբերությունն այն է, որ պատասխանատվություն ստանձնած մեր նորօրյա կառավարիչներն իրենց անզորությունը փոխարինել են հազիվ ինչ-որ շարժ արձանագրելու ցանկությամբ: Կարծրամիտների մի այլ օրինակ է ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարի տեղակալ Ն. Սմելյակովին ԱՄՆ գործուղելը, գերհզոր այդ երկրի տնտեսության նրբություններին ծանոթանալու պահանջը, քանզի համայնավար տնտեսավարումը ցանկալի արդյունքներ չէր երաշխավորում: Մերոնց էլ չի հաջողվում ոչ միայն գերբարդ հեծանիվ, այլև անգամ պարզ ու հասարակ էլեկտրական լամպ արտադրել, երբ գործարան ու կադրեր ունենք, էլլամպերի էլ մեծ պահանջ, որը գերադասում ենք ներմուծելով բավարարել: Փոխարենն ինչպիսի հպարտությամբ ենք հռչակում «Մերն ուրիշ է» կարգախոսը, որն այլ բան չի հիշեցնում, եթե ոչ «Բակլան իմն է, խաշած եմ ցանում» գործելաոճը: Այն արդարացված կլինի, եթե ցանքսը ծիլ տա, իսկ այդպիսի փաստ մարդկությունն առայժմ չունի: Մերոնք համառորեն իրենցն են պնդում, հասնում նրան, որ հայոց հողում առվույտի ու կորնգանի ցանքսն են խթանում, թե որ երկրի փորձով, պարզ չէ: Հետո էլ տարերային աղետներից են դժգոհում, չնկատելու տալով, որ դրանք ոչ այնքան օդերևութաբանական երևույթներ են, որքան երկնային նախազգուշացումներ: Հեղինակիս սնահավատության մեջ մեղադրողներին սթափության խոսքեր չէ որ ուղղելու եմ, այլ պարզից էլ պարզագույն մի հարց. ինչո՞ւ հայոցս հողը արդյունք չի երաշխավորում: Պատասխանը թերևս մեկն է. հողին այն սերմը չէ, որ ի պահ է տրվում, ինչն առավել մատչելի հետևյալ ձևակերպումն ունի՝ պետք չէ կառչած մնալ ավանդական գործընթացների պահպանման հնացած մոտեցումներից:
Համաշխարկային տնտեսավարական միտքն այսկերպ վարվեց իր թիվ 1 մշակաբույս ցորենի հանդեպ, նախորդ դարի կեսերից գերակա մշակաբույս դարձնելով հատիկի նպատակով եգիպտացորեն աճեցնելը: Գիտե՞ք ինչու, որովհետև ցանքսի, բերքատվության և այլ արժեքներով հիմնավորապես շահութաբեր է ցորենից, լավագույնս է օգտագործվում անասնակերի նպատակով: Արդյունքում՝ եգիպտացորենի հատիկի համաշխարհային արտադրությունն այսօր արդեն անցնում է 1 մլրդ տոննան, երբ ցորենը հազիվ 700 մլն տոննա է: Թեև մի շարք ժողովուրդներ եգիպտացորենի ալյուրից են իրենց հացը թխում, այսուհանդերձ, այս մշակաբույսի 100 միլիոնավոր տոննաներն արտադրվում են մարդկանց լավագույնս սնելու կոչված կենդանատեսակների կերի լիարժեք ապահովման նպատակով: Այստեղ առաջատարը ԱՄՆ-ն է՝ 350 մլն տոննա, Չինաստանը՝ 220 մլն տոննա, Բրազիլիան՝ 80 մլն տոննա արտադրությամբ: Ոչ մեծ Սերբիայում այն 6 մլն տոննա է, նույնքան՝ Թուրքիայում, որն այն թռչնաբուծությունում օգտագործելու արդյունքում հավի մսի արտադրությունը հասցրել է 2 մլն տոննայի: ՀՀ-ում հատիկի արտադրությունը հազիվ 20 հազար տոննա է կազմում, որը հիմնականում սպառում է բնակչությունը:
Մի փոքրիկ դիտարկում մեզանում հաճախ հիշվող Սինգապուրի առումով: Մոտ 6 մլն բնակչությամբ այս երկիրը Երևանի հազիվ 3 տարածքն ունի, գյուղնշանակության հող, որպես այդպիսին, չունի: ՈՒնի անսպառ ֆինանսներ, կարող է գնել ինչ ցանկանա և ինչքան ցանկանա, սակայն գերադասում է հնարավորինս ինքնաբավություն ապահովել, այդ թվում՝ սննդի ոլորտում: Երկիրն արտադրում է, ասենք, խոզի մսի ՀՀ-ում արտադրվողի գրեթե քառակապատիկը՝ 20 հազար տոննա, հավի մսի էլ 20-ապատիկը՝ մոտ 100 հազար տոննա: Նկատենք, որ Սինգապուրում գյուղատնտեսության նախարարություն... պարզապես չկա: Այդ խնդիրն իրականացնում է ազգային զարգացման նախարարության մի համեստ բաժին:
Ընդունված գնահատական կա, ըստ որի, պետական ծառայության ձգտում են մասնավոր հատվածում իրենց տեղը չտեսնող մասնագետները, թեև վերջինում վարձատրությունը շատ ավելին է: Կարծես տխուր պատկեր է ստացվում. երկիրը պահանջվող մակարդակով չի կայանում, բայց դա էական չէ, քանզի կարևորն ինքն է՝ պաշտոնյան:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ