Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞վ է Ալիևի համար «Բաքվի գարուն» պատրաստում

Ո՞վ է Ալիևի համար «Բաքվի գարուն» պատրաստում
08.04.2016 | 01:19

(եթե Ադրբեջանի նախագահին այդքան աղմուկով ու աղտոտաբար «գցել են», ապա ո՞վ կարող է նրան փոխարինել)

Փորձագիտական հանրությունն այսօր փոթորկված է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի բուռն իրադարձությունների վերաբերյալ վարկածներով ու վերլուծություններով: Հավաստի լրատվությունը հաճախ է կուլ գնում զգացմունքների հորձանուտին, ինչպես նաև բացահայտ կոնյունկտուրային մեկնաբանություններին, որոնք դառնում են լրատվական պատերազմների անքակտելի մասը: Անհրաժեշտ է լիարժեք պատմական անդրադարձ և ոչ թե անտարբերություն այն սարսափելի իրադարձությունների նկատմամբ, որոնց զոհերն են դառնում արցախյան գյուղերի խաղաղ բնակիչները, ԼՂՀ-ի անկախության պաշտպանները, ինչպես նաև, չգիտես ինչու, արյունոտ մսաղացի մեջ նետված ադրբեջանական բանակի զինվորները:
Հենց այս վերջին պարագան էլ հատուկ պարզաբանում է պահանջում. հանուն ինչի՞ են զոհաբերվում հարյուրավոր ջահել կյանքերը, սկսելով անմիտ ու վտանգավոր հարձակումը: Այս հարցը շատ շուտով և բարձրաձայն կտրվի Ադրբեջանի այսօրվա նախագահ Իլհամ Ալիևին: Սակայն համաձայն քաջատեղյակ տարբեր աղբյուրների վարկածների, գոյություն ունի հավանականություն, որ Ալիևը կապ չունի լիարժեք ռազմական գործողության սկսման հետ: Թեկուզ և այն պատճառով, որ նա այդ պահին երկրում էլ չէր գտնվում: Կարելի՞ է նորմալ կառավարչական դրվածք համարել, երբ լրջագույն ռազմական գործողությունը պատրաստվում և սկսվում է առանց գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարման: Այլ մայր ցամաքից հեռախոսով ռիսկի նման մակարդակով հարձակողական գործողությունները չես կառավարի: ՈՒրեմն, հանգիստ կարելի է ենթադրել՝ ինչ-որ գեներալներ իրենք են սկսել պատերազմը, սադրանք հրահրելով ապրիլի 2-ի գիշերը: Եվ երբ արդեն հրդեհը բռնկեց, երկրի պաշտոնական ղեկավարը ստիպված էր ինչ-որ ձևով լրատվականորեն ներգրավվել իրավիճակի մեջ:
Եթե իրոք այդպես է, ապա կարելի է խոսել Բաքվի վերնախավի խոր պառակտման մասին, քանզի դրա պատճառով, ինչպես ասում են, ջինը բաց էր թողնվել ադրբեջանական ամենամեծ շշից՝ նավթադոլարներով սրսկված բանակից: Այն բանակից, որը ծանր կորուստներ է կրում, և որը հենց այնպես զորանոց չես վերադարձնի: Ապրիլյան գիշերն սկսված մարտերը անողոք հուսահատության բնույթ ձեռք բերեցին. մարտական տակտիկան փոխարինվեց 20 տարում կուտակված թանկարժեք հրթիռներով ու արկերով արցախցիներին հետ մղելու փորձերով: Զուգահեռաբար լրատվացանցերում փայլատակում են ադրբեջանական ԶԼՄ-ների հաշվետվությունների հաղթական վերնագրերը փաստերի անպատեհ կեղծումներով և, մեղմ ասած, հերթական բնագծերը գրավելու վերաբերյալ չափազանցրած հաղորդագրություններով: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ երկրի ղեկավարությունը ոչինչ չի կարող ներկայացնել արդարացնելու համար հարյուրավոր զավակների, եղբայրների, ամուսինների ու հայրերի մահը: Իսկ նման ռազմական արդյունք միանգամայն կանխատեսելի էր, նույնիսկ հարկ չկար բաց թողնել անօդաչու սարքեր իմանալու համար, որ ԼՂՀ-Ի ԲԱՆԱԿԸ (ընդգծումը հեղինակինն է) արդի աշխարհի ամենաարդյունավետ ու ամենակոփված կազմավորումներից է: Եվ եթե այդպես է, ուրեմն կարելի է և խոսել Ալիևի հեղինակազրկման ու հետագա իշխանափոխության գիտակցված և նախապես մտահղացված քայլերի մասին:
Յուրօրինակ «Բաքվի գարուն»՝ անդրադարձված արցախյան խաղաղ գյուղերից: Այս պահից կարող է սկսվել ամենատագնապալի հարցերի հոսքը, որոնցից առաջինը կհնչի այսպես՝ եթե Իլհամ Ալիևին այդքան աղմուկով ու աղտոտաբար «գցել են», ապա ո՞վ կարող է նրան փոխարինել: Իսկ ավելի կոնկրետ՝ ո՞ւմ են պատրաստում այդ դերի համար, և գլխավորը՝ ո՞վ: Ցավոք, մտքովդ տխուր պատասխաններ են անցնում, քանի որ նման մասշտաբի ռազմական անհաջողություններն ինքնին հանգեցնում են առանց այն էլ քարոզչությամբ ու սոցիալ-տնտեսական խնդիրներով շիկացած հասարակության արմատականացման: Շատ արագ կարող է պարարտ հող ստեղծվել այն բանի համար, որ իշխանության գլուխ գան ամենագարշելի անձինք, ովքեր տարօրինակ հանգամանքների բերումով խիստ կհիշեցնեն «բարեկամ Էրդողանի» առևտրական գործընկերներին՝ ինքնահռչակված որպես «Իսլամական պետություն»: Եվ այդ դեպքում Ռուսաստանը, այնուամենայնիվ, ստիպված կլինի թեկուզ և ոչ մեծ, սակայն արագ ծավալվող ռազմաբազա տեղաբաշխել Ստեփանակերտի օդանավակայանի մոտ: Անշուշտ, այս ամենը սոսկ դատողություն է «թեմայի» շուրջ, սակայն դրանք ավելի երևակայական չեն, քան այն փորձագետների կարծիքները, ովքեր այսօր փորձում են հանցավոր բռնություններն արդարացնել «տարածքային ամբողջականության վերականգնմամբ»:


Դենիս ԴՎՈՌՆԻԿՈՎ
REGNUM լրատվական գործակալություն

Դիտվել է՝ 2054

Մեկնաբանություններ