Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միջազգային մամուլը` Լեռնային Ղարաբաղի մասին

Միջազգային մամուլը` Լեռնային Ղարաբաղի մասին
08.04.2016 | 02:05

«Ցանկացած հրադադար ժամանակավոր է, և մենք միշտ պատրաստ ենք լինելու ռազմական գործողությունների վերսկսմանը», - Ջաբրայիլի շրջանի Մարջալու գյուղում ծառայող շարքային Նվեր Գրիգորյանի խոսքերն է այսօր մեջբերում The New York Times-ը: The Washington Post-ը անդրադառնում է Ադրբեջանի օգտագործած անօդաչու թռչող սարքերին` ընդգծելով դրանց իսրայելական ծագումը: Պարբերականի կայքում զետեղված հոդվածը վերլուծում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տեսանյութը, որում պատկերված են անօդաչու սարքի` Մարտակերտի շրջանում երկու օր առաջ իրականացված գործողությունները: «Երեքշաբթի օրը հայ - ադբեջանական տարածքային վեճի առարկա հանդիսացող Լեռնային Ղարաբաղում արված այս տեսանյութում, ըստ ամենայնի, պատկերված է իսրայելական արտադրության ինքնաոչնչացվող անօդաչու թռչող սարքը: Սա կարելի է համարել մարտական պայմաններում նման զենքի կիրառման առաջին դեպքերից մեկը», - նշում է The Washington Post-ը` մանրամասնելով. - «Թևերի բացվածքից և դիմային հատվածից դատելով` սա Israeli Aerospace Industries ընկերության արտադրության HAROP տեսակի անօդաչու թռչող սարքն է: Ի տարբերություն Predator մակնիշի անօդաչուներից, որոնք ի վիճակի են Hellfire տեսակի հրթիռներ կրել, HAROP-ը զենք է ինքնին: Այն ոչնչացնում է թիրախը` հարվածելով դրան»: Ամերիկյան պարբերականը մանրամասնում է, որ ադրբեջանական կողմի օգտագործած անօդաչու թռչող սարքը կարող է թե հեռակառավարվել և թե ինքնավար գործողությունների դիմել: «HAROP-ը կարող է ինքնուրույնաբար թիրախ գտնել` որսալով ռադիոաալիքները», - գրում է ամերիկյան պարբերականը:
Լեռնային Ղարաբաղում է աշխատում նաև BBC-ի տարածաշրջանային թղթակից Ռեյհան Դեմիտրին: Նրա առաջին կարճ ռեպորտաժը Լաչինից էր: «Ես ցանկանում եմ ձեզ ցույց տալ ռազմավարական նշանակության մի ճանապարհ, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք: Այս ճանապարհի ընդհանուր երկարությունը 10 կիլոմետրից քիչ է, բայց սա կյանքի ճանապարհ է, սա այն միակ ճանապարհն է, որ միմյանց է կապում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Միջազգային հանրությունն այս տարածքները ճանաչում է որպես Ադրբեջանի մաս: Երբ Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղին հարող յոթ գրավյալ շրջանների մասին, նկատի ունի նաև Լաչինը», - նշում է BBC-ի թղթակիցը:
Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի Եվրասիայի հարցերով ավագ փորձագետ Յուջին Չաուսովսկին ևս տարածաշրջանում է: «Դաշտային նոթեր. վերծանելով սահմանային պատերազմը» խորագրի ներքո ամերիկացի հետազոտողը իր զրույցն է ներկայացնում երևանցի տաքսիստներից մեկի հետ:
«Վարորդը գովում էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին` 1994-ին հրադադարի մասին համաձայնագիրը կնքելու և պատերազմին վերջ տալու համար: Դրա հետ մեկտեղ, իմ նոր երևանցի ծանոթը դժգոհում էր, որ կրտսեր Ալիևը իր հոր նման խելամիտ չէ և դիմում է չմտածված քայլերի: Ադրբեջանցիների նոր սերնդին հակամարտության փաստը շատ ավելի է քիչ է անհանգստացնում, քան նրանց հայրերի սերնդին», - երևանցի վարորդի խոսքերն է մեջբերում Stratfor-ի վերլուծաբանը:
Ռուսական մամուլը ևս անդրադառնում է Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին ծավալվող իրադարձություններին: "Коммерсантъ"-ի թղթակիցը զրուցել է Բաքվի բնակիչների հետ: «Իմ երազանքը վերջին մարտում մեռնելն է», - նշում է թերթի զրուցակից Իլհամ Աղալարովը` շտապելով բացատրել. - «Այն, ինչ տեղի ունեցավ [այս մի քանի օրերին], վերջին մարտը չէր, պարզապես պոռթկում էր: Դրանով հարցը չի լուծվում, սակայն այդ պոռթկումը ցույց է տալիս Երևանին, որ մենք վճռական ենք տրամադրված», - նշում է թերթի զրուցակիցը:
"Медуза"-ի թղթակից Իլյա Ազարն էլ` լրագրողների մեծ խմբի հետ, այցելել է Լեռնային Ղարաբաղի հարավային շրջաններ, զրուցելով նաև խաղաղ բնակչության հետ: «Ադրբեջանցիներին թվում է, թե հարցը կարելի է ռազմական ճանապարհով լուծել, բայց դա այդպես չէ: Ոչ մենք ենք մի օր վերանալու, ոչ էլ նրանք: Եթե այս հարցը վերջնական լուծում չստանա, 15-20 տարին մեկ մենք պարզապես սպանելու ենք միմյանց», - "Медуза"-ի թղթակցին ասում է Հադրութի բնակիչ Նելսոնը:

Դիտվել է՝ 1946

Մեկնաբանություններ