Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էկզոտիկ, անսովոր ու բնական

Էկզոտիկ, անսովոր ու բնական
08.04.2016 | 09:40

Ապրիլի 1-12-ին, «Լոտոս» ՀԿ նախագահ Մարինե Պապյանի նախաձեռնությամբ և «Էյր Արաբիայի» աջակցությամբ, տարբեր ոլորտների մի խումբ մասնագետներ (այդ թվում՝ լրագրողներ և հանրային կապերի պատասխանատուներ) կգտնվեն Հնդկաստանում՝ ծանոթանալու այս երկրի մշակույթին, առանձնահատկություններին։
Առաջին կանգառը Ջայփուրն էր՝ Հնդկաստանի կենտրոններից մեկը։ Մոտ 7 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը բաղկացած է հին ու նոր մասերից։ Այն համարվում է վարդագույն քաղաք, քանի որ ներկված է վարդագույնով, իսկ այս երանգը, ըստ հնդկական ավանդության, համարվում է հյուրընկալության խորհրդանիշ։ Ջայփուրը տնտեսական, մշակութային ու տուրիզմի կենտրոն է, առևտրատրանսպորտային հանգույց։ Կան բամբակե գործվածքների, կաշվի-կոշիկի, խեցեգործական, սննդի արդյունաբերություն, երկաթուղային և ավտոնորոգման արհեստանոցներ, տնայնագործություն։ ՈՒնի համալսարան, գեղարվեստական արհեստների դպրոց։ Ջայփուրը հիմնադրվել է 1728 թվականին։ Շրջափակված է պատերով, բաժանված է ուղղանկյուն թաղամասերի։ Կենտրոնում պալատական համալիրն է (18-րդ դար), որն ընդգրկում է այգիներ, ջրավազաններ, շատրվաններ։
Հյուրընկալ քաղաքը հյուրերին ցուցադրելու շատ բան ունի։ Մահարաջաների պալատն արքայական նստավայրն է, որի մի մասը վերածվել է թանգարանի, փոքր հատվածը մինչ այժմ զբաղեցնում է Ջայփուրի արքայական ընտանիքը։ Այստեղ է գտնվում Ջանթար Մանթարը, որն աշխարհի խոշորագույն և հնագույն աստղադիտարաններից է, որտեղ հաշվարկներ են կատարում մարմարե քարերի օգնությամբ։ Այստեղ ներառված են 17 խոշոր գործիքներ, որոնց միջոցով մինչ այժմ էլ ամենատարբեր աստղագիտական չափումներ են իրականացվում։
Ասում են՝ Հնդկաստանում շատ են կարևորում, թե աստղակերպի որ նշանի տակ է ծնվում երեխան։ Հատկապես կարևոր են ծննդյան ճշգրիտ ժամն ու րոպեն։ Ըստ այդ տվյալների հաշվարկներ են կատարվում, և որոշվում է, թե ինչ անուն պետք է կրի նորածինը։
Ջայփուրում շատ են աղավնիները, այստեղ ամենուրեք կերակրում են աղավնիներին։ Սա խորհրդանշում է՝ ինչպես մարդիկ հոգ են տանում երկրային թռչունների, այնպես էլ Աստված հոգ է տանում նրանց մասին։
Ջայփուրի Ամբեր ամրոցը հայտնի է իր փղերով։ Այստեղ փղերն «աշխատում են» մինչև կեսօր՝ հազարավոր զբոսաշրջիկների հասցնելով բարձունքում գտնվող ամրոցը։ Միջնադարյան բերդի պատերը նկարազարդված են ամենատարբեր տեսարաններով՝ պատերազմից մինչև խրախճանքի, անգամ Կամա սուտրայի պատկերներ։
Ջայփուրում զարգացած է գորգագործությունը։ Կառավարության աջակցությամբ 2000 ընտանիք աշխատում է գորգագործության ոլորտում՝ հյուսելով հնդկական զարդանախշերով բրդե, բամբակե և մետաքսե գորգեր։ Նման մի ընկերություն էր Jaipur Handicrafts-ը, որտեղ հայաստանցի հյուրերին ծանոթացրին հնդկական գորգագործության ավանդույթներին, ցուցադրեցին գորգ գործելու, կտորը ներկելու գործընթացները, ներկայացրին իրենց ապրանքը գովազդելու, հանրությանը համոզելու նրբությունները։ Ի դեպ, այդ ամենը մեծ սիրով անում էր հենց ընկերության ղեկավարը՝ հատ-հատ բացելով ու ներկայացնելով իր վարպետների ձեռագործ աշխատանքները։
Կանայք այստեղ ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Կանանց կյանքի միջին տևողությունը 71 տարի է, տղամարդկանցը՝ մոտ 65։ Հնդկաստանում մարդիկ չափազանց բարյացակամ են, համբերատար ու հյուրամեծար, անգամ երջանիկ՝ իրենց հոգս ու կարիքով հանդերձ։ Նրանք գոհ են այն ամենից, ինչ Աստված շնորհել է իրենց։ Երբեք չեն տրտնջում, համարում են, որ եթե այս կյանքում ինչ-որ բան այն չէ, ապա մյուս կյանքում ճակատագիրն ավելի բարեհաճ կլինի իրենց նկատմամբ։
Տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում Ջայփուր՝ հիանալու հնդկական կոլորիտով։ Իսկ այդ կոլորիտը ամեն կերպ պահպանվում է, և հենց այդ էկզոտիկ, անսովոր, բնական միջավայրն է, որ գրավում է զբոսաշրջիկներին։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ