Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երբ երկիրը պետություն է (լավատեսական տրագիֆարս)

Երբ երկիրը պետություն է (լավատեսական տրագիֆարս)
08.04.2016 | 09:49

Ամայի ու հեռու դաշտերում
ռումբերը ձագարներ բացեցին,
հարսների երակներն ի վեր
արյան բնազդները ելան
ու ընկան։
«Պատերազմ», Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

ԹՈՆՐԻ ԿՐԱԿՆ ՈՒ ՄՈԽԻՐԸ
(ֆելիետոն-նախերգանք)
Օրեր առաջ մոխիրը գահավիժեց լուրթ երկնքից հայոց ազատագրված և դեռ գերեվարված ու գարնան կենսաբեր շնչով բեղմնավորվող զմրուխտ դաշտերի վրա։ Ազերբայջանա-սելջուկյան (կամ՝ էրդողանաիլհամյան) նենգադավը հազարամյա կացնահարող քաղաքակրթության արդյունք է, մեր համաժողովրդական զորականչը թերևս նաև «այլոց դանակը հայոց ոսկորին» հասնելու արձագանքը։ Օրեր առաջ և՛ հպարտ էի անսահման, և՛ անարգված էի անսահմանափակ, քանզի, երբ կրնկակոխ բաց էին հայրենիքի պահպանությանն ուղղված դարպասները, յոթ կնիքով և կողպեքով զմռսված էին պետականության կերտման դուռն ու պատուհանը։ Եվ այս բարդ ժամանակ սևահանդերձ երգչախումբն ավելի անողորմ է գուներգում մեր պետականության կորստի օրատորիան։ Այո՜, պատվարժան իմ ընթերցողներ, եկեք վերջապես սահմանենք մեր զարթոնքի և զարհուրանքի սահմանների իրական պաշտպանությունը՝ նախ խոնարհվելով մեր նահատակ զինվորների, մեր խաղաղ-ստեղծագործ ժողովրդի և անմեղ մանկանց հիշատակի առաջ։ Խոնարհվենք՝ իմաստնացած ոտքի կանգնելու առաքելությամբ։ Եվ ծնրադիր վիճակում փորձենք մեր հոգում քարագրել ԵՐԿՐԻ և ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ սահմանները, զի հայրենիքն ու երկիրը հոգեղեն արժեքներ են, պետականությունը նախ հերկած հող է և հետո միայն առասպել է, սկսած Ծովինար թագուհու երկունքից և վերջացրած բրաբիոն ծովածոց ծաղկի դյութանքով։
Այլ կերպ ասած՝ հայրենիք-երկիրը (անշուշտ, նաև Էրգիրը) երկնային լեգենդ ու ասք են, այնինչ պետականությունը երկրային գոյն է։ Միով բանիվ 2016-ի ծանր գարունը հերոսական էր ոչ միայն հայ զինվորի և սպայի նվիրումով, այլև ազգի, ժողովրդի, հանրության, միով բանիվ՝ հայության, գաղափարական գոտեպնդմամբ։
Է՜հ, մի՞թե անհնար է մինչև գալիք ոսկենախշ աշնան հմայիչ մուտքը հայոց լեռնաշխարհ բռունցքվել՝ հանուն Հայկական պետության արարման։
Է՜հ, մի՞թե սառը մոխիրը սողուն ոսոխի բորենաուղեղ գլխին շաղ տալով՝ չենք վառելու մեր հեթանոս թոնրի սրտում շիկակարմիր կրակներ։

ՍԻՐԻԱՑԻՆԵՐԻ ԾՆՈՒՆԴԸ ԳԱԼԻՔ ԱՇՆԱՆԸ
(պամֆլետ-բացահայտում)
Է՜հ, մի՞թե սառը մոխիրը սողուն ոսոխի բորենաուղեղ գլխին շաղ տալով՝ չենք վառելու մեր հեթանոս թոնրի սրտում շիկակարմիր կրակներ։ Վառելու ենք, հարկավ, և նույն խնկանուշ ծուխն է բարձրանալու հայոց բոլոր օջախներից, և սա անկախ նրանից՝ օջախի տերը իշխանավո՞ր է, թե՞ ռանչպար, նախարա՞ր է, թե՞ նախրապան, պետա՞յր է նա, թե՞ այրի կին։ Զի մենք ազգովին ապացուցեցինք աշխարհին, որ, այո՛, մենք ԱՐԻԱՑԻ ենք հոգով, սրտով, մտքով։ Եթե... դա հույժ պետք է։

Էրդողանաիլհամյան, նաև սրանց ակնհայտ և գաղտագողի սատարողների հաշվարկը լմնցավ խանձարուրում։ Այո՜, դրանք համոզված էին, որ Հայաստանի իշխանության և ժողովրդի միջև խոր տարաձայնություններ կան, քանզի ամենուր առկա են տնտեսական բազում խութեր, աղանդավորներն ու ԼԳՏԲ-ականները ՀՀ-ում պաշտպանված են, ինչպես նորածինը մոր գրկում և այսպես շարունակ։ Այո, մենք սայթաքում ենք մեր անտեսանելի վրիպումների մերկասառույցի վրա։ Վրիպում ենք, և դանդաղում է հայոց պետականության կայացումը։ Այո, էրդողանաիլհամյան երկգլխանի դևի երկու գլուխն էլ բարոյապես գլխատվեցին, զի մեր դռանը կրկին չոքել էր Ավարայրի խրոխտ ուղտը։ (Սարդարապատի զանգերն էին հնչում, և օգնության կանչեր էին լսվում Երասխավանից)։ Լավ, բավ է, եկեք կրկին ծուռ նստենք և անհոգ հոգով շիտակը գտնենք։ Տեսեք, մենք այդպես էլ չենք զանազանում աղն ու մատաղը և շարունակ ապավինում ենք երրորդ ուժին, չորրորդ «փրկչին» և տասներեքերորդ փրկօղակին։ Բա եղա՞վ։ Իսկ նման բաներն աննկատ չեն մնում, զի մարդը նախ իր ծառն է ջրում, քանզի յուրաքանչյուր շապիկ, ուզի, թե չուզի, սեփական տիրոջ մաշկն է գուրգուրում։ Իսկ մենք շարունակ աշխարհից սեր ու ջերմություն ենք պահանջում։ Ինչո՞ւ։ Դե մի՞թե պարզ չէ, ակնկալում ենք սեր և ջերմություն, զի թուրքն ու ազերին ի բնե բարբարոսներ են, իսկ մենք մարդկության և քաղաքակրթության բարեկամն ենք, դաշնակիցն ենք և այլն ենք։ Ինչ մեծ բարեբախտություն էր, որ վերջին օրհասին հայերս վերջապես մի կողմ թողեցինք աշխարհի կարծիքն ու արկածախնդիր հարևանին դիմավորեցինք արիական աքացիով։
Լավ, դարձյալ բավ է, և ճիշտ ժամն է գիտակցելու, որ սա մեր վերջին մարտը չէր, սելջուկաց հետնորդների ժանիքները, այո, մղկտում են, բայց դեռ կարող են խածել և խայթել։ Հիմա պահն է հասունացել հանդես գալու առնվազն մի քանի նոկդաունային հայտարարություններով։ (Այս հայտարարություններն ինքնանոկդաուն են, այսինքն՝ ունեն սթափեցնող և բուժիչ հատկություն։ Այնպես որ, չզլանանք և գոնե մեկ շաբաթ շարունակ անխոնջ ինքնախարազանվենք։ Ես արդեն սկսել եմ և, հավատացնում եմ, որ սա բավականին օգտաշահ զբաղմունք է)։
ա) Մի՞թե բնական և բարոյական է, որ Արցախի հերոսամարտը շահած հայ արիացի էթնոսի և ազերբայջանցի պարտված բարբարոսի կենցաղը գրեթե նույնն է, նրանք էլ մեզ պես խիստ դժգոհ են իրենց կյանքից։ Եվ նրանք էլ, մենք էլ արտագաղթում ենք։ (Ի դեպ, աշխարհը զարմացավ, նաև զմայլվեց և բերկրանքով արձագանքեց՝ հայերը միակ ժողովուրդն են աշխարհում, որոնք խաղաղ օրերին արտագաղթում են, օրհասի պահին իսկույն ներգաղթում և ուս ուսի են կանգնում այն իշխանության աջ կողմում, որը նրա արտագաղթի գլխավոր դրդիչն է)։
բ) Մի՞թե բնական է և բարոյական, որ շարունակ դնգստելով ոսոխին, քարոզչական պատերազմում թիակներս հպում ենք գետնին։ Օրեր առաջ համայն Ռուսիո կենտրոնական հեռուստաեթերով բուռն քննարկում էր. պետք էր պարզել, թե ով է իրավատեր «Կարաբախի» թնջուկում։ Ռուսիո իսլամական կոմիտեի ղեկավար Հայդար Ջեմալը (ի դեպ, ծագումով քոչվոր ազերի), շատ լավ ճանաչելով հայերիս քարոզչական ամլությունը, բարբառեց, որ «Կարաբախում» հայերը հայտնվել են մի երկու-երեք օր առաջ, լուսավորիչ Գրիբոյեդովի և Պասկևիչ Երևանցու (Ջեմալի բնորոշումն է) ջանքերով։ Այսինքն` Արցախը բուն ազերիական բնօրրան է, իսկ հայերը եկվոր են։ Չկասկածեք, իսկույն ևեթ մեր լճերում նա արժանացավ «Информационная падла» պատվատիտղոսին, սակայն չէ՞ որ նշյալ քննարկման լսարանն անբավ էր, շուրջ 100 մլն ռուսախոս հանրույթ, և նրանցից մի 50 միլիոնը (անշուշտ, սեփական անտեղյակությանը զոհ գնալով) հաստատ կուլ տվեց վերոնշյալ թունավոր կուտը։
գ) Մի՞թե բնական և բարոյական է, որ ավազակաբարո Ազերբայջանում և վերակերտյալ Երկիր Նաիրի-Հայաստանում տնտեսությունը օլիգարխիկ է, ամենուր խաղատներ են, կիսաքաղց մանուկներ և վարչական ահարկու բյուրոկրատիա։
դ) Մի՞թե բնական և բարոյական է 1988-89 թվականների մեծ զարթոնքի ուղեցույցից շեղվելը։ Հուշում եմ և թախանձում, որ հիշեք, շուրջ 1 մլն հայ էր ելել հրապարակ, նրանք անվերջանալի երթերում էին վասն ազգային-պետական արժանապատվության խարիսխ Արցախի ազատագրման։ Նրանք լքել էին աշխատավայր ու տուն, նրանք մի հոգի էին և մեկ մարմին։ Եվ ցնցվեց աշխարհը, զի հսկայական գույք և հարստություն էին մատնվել անտերության, բայց և այնպես չջարդվեց անգամ մի պատուհան, չասպատակվեց որևէ գրպան։ Քանզի համազգային մեծ զարթոնքին միաբանվել էին բնակարանագողերն ու գրպանահատները։ Կեցցե՞նք մենք։ Անշուշտ։

Լավ, բավ է, մի պահ հանդարտվենք և ի մի գանք մի գերագույն խնդրի շուրջ և կոչենք հայ հանրությանը, ժողովրդին ու ազգին՝ եղբայրներ և քույրեր, տիկնայք ու տիարք, պատգամավորներ և անպատգամներ, արևմտամետներ և այլք, մի՞թե ժամը չէ հայոց պետական տուն-տաճարի կառուցմամբ այսօր ցնցելու աշխարհը։
Մի խոսքով, վեհանանք, և մեր նահատակ զինվորի ու սպայի, կամավորի ու խաղաղ բնակչի սուրբ հիշատակը խնկարկելով, կառուցենք մեր իրական հայրենիք 3-րդ հանրապետությունը։ Այսինքն, արդեն գալիք աշնանը համաժողովրդական արտագաղթը լքի մեր տան շեմը և ներգաղթի առուները թող որ հորդառատ գետեր դառնան։ Հնարավո՞ր է։ Վստահաբար։

ՎԵՐՋԱՊԵՍ ԿԱՌՈՒՑԵՆՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՆԸ
(սարկաստիկ վերջնագիր)
Էհ, անխոնջ գործիչ և աննման պոետ Արևշատ, ե՞րբ կգա այն օրը, երբ ռումբերի ձագարներում լճակներ կգոյանան և կարմրախայտերը կլողան։ Հուսանք՝ շուտով։ Զի մի քանի օր է, որ ուս ուսի և սիրտ սրտի են իշխանությունն ու ժողովուրդը։ Ասա՛, բարեկամս, ի՞նչն է մեզ խանգարում, որ պահպանենք վերոնշյալ խորհուրդը խորին և կառուցենք մեր պետական տուն ու տաճարը։ Կարծես թե ոչինչ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Եթե մեր պետականությունը կայացած լիներ նախորդ քառորդ դարում, ապա դժվար թե Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Հայաստանի կերպարում տեսներ օլիգարխ Ծառուկյանին և նրա հետ շարունակեր տնտեսաքաղաքական իր անվերջ սիրախաղը։ Անշուտ, սպասելի է, որ արգո Ծառուկյանը համարժեք պատասխան կտա Լուկաշենկոյի բացահայտ ազերբայջանամոլ գնահատականին։ Ի վերջո, նա, հանդիսանալով ուղղափառ քրիստոնյա, զարմանալի եռանդով ջրում է սուննի մահմեդականների թունավոր ծառը։ Է, ետքը՞...

Դիտվել է՝ 3028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ