Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պետք լինի, մեր երեքմիլիոնանոց բնակչությունը երեքմիլիոնանոց մահապարտների անպարտելի բանակ կդառնա

Պետք լինի, մեր երեքմիլիոնանոց բնակչությունը երեքմիլիոնանոց մահապարտների անպարտելի բանակ կդառնա
08.04.2016 | 09:53

Ընթերցողների շրջանում լայն արձագանք գտած «Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ» հոդվածաշարի հրապարակումը ստիպված եմ ժամանակավորապես դադարեցնել, որպեսզի մեր ուշադրությունը կենտրոնացնենք միայն Ղարաբաղում շարունակվող հայրենական պատերազմի վրա: Պատրաստ եմ իմ մասնագիտական ու ֆիզիկական նպաստը բերելու այդ հաղթանակի համար: Այդ մասին ես արդեն հայտնել եմ իմ ուսանողական ժամանակների ընկեր, 1965 թվականի եղեռնի ցույցի կազմակերպիչ-ընկեր ու պարզապես ընկեր, գեներալ Սամվել Սաֆարյանին: Ժամանակն է, որ մենք էլ, Ռուսաստանի օրինակով, բանակի կամ երկրապահների միության կազմում բացենք մանկական ու երիտասարդական գիտական գումարտակներ, որտեղ գիտահետազոտական աշխատանքներ ծավալվեն ոչ ստանդարտ ռազմական տեխնիկայի ստեղծման ու արդիականացման ուղղությամբ: Ժամանակները փոխվել են, փոխվել ու շարունակելու են փոխվել պատերազմներ վարելու տեխնիկական ու տակտիկական միջոցները: Ժամանակները չեն փոխում միայն թուրքին ու թուրքի թրքությունը, մեծ մեղք գործած կլինենք, եթե նրանց մուսուլման անվանենք: Մուսուլմանները պատիվ ունեցող, ազնվություն, կարգ ու կանոն հասկացող մարդիկ են: Սրանք մուսուլման են անունով, բայց թուրք են: Գնալով զարգանալու է հեռակառավարվող համակարգերի օգնությամբ թշնամու տեխնիկական միջոցների ու զինատեսակների չեզոքացման մարտավարությունը: Հայկական ԶԼՄ-ներում մենք հաճախ ենք անդրադարձել ակադեմիկոս Հերունու, ակադեմիկոս Գուրզադյանի, Համազասպյանի արևային ու ոչ այնքան արևային ծրագրերի հիմնահարցերին, բայց երբեք չենք խոսել նրանց երկակի նշանակության մասին: Հելիոֆիկացիայի ծրագրի իրականացման պարագայում Հայաստանը այսօր կարող էր ռազմաճակատի իր խնդիրները լուծել քիչ զոհեր տալու ճանապարհով: Օրինակ, թշնամու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման խնդիրը հեշտությամբ կարելի է լուծել ավտոմատացված համակարգերի միջոցով՝ առանց զինվորի մասնակցության: Հայաստանի իշխանությունների, մասնավորապես, ՀՀ ԱԺ, էներգետիկայի, կրթության ու գիտության, էկոնոմիկայի նախարարությունների հասցեին արված իմ բոլոր քննադատական ելույթներին ես այսօր կարող եմ միայն մեղադրական նոտաներ ավելացնել՝ դանդաղաշարժության, ժամանակակից գիտության ու տեխնիկայի զարգացման դինամիկան չընկալելու, գիտության ու տեխնիկայի ոլորտներում կոնկրետ ծրագրեր չունենալու, հայկական գիտական ներուժը երկրի հրատապ խնդիրների լուծման մեջ չընդգրկելու, գիտական, ինժեներական ու բանվորական կադրերի պատրաստման ու վերապատրաստման հարցերում թերացումների ու այլ բացթողումների համար: Այսօր, սակայն, քննադատական ու մեղադրական ելույթները կորցրել են իրենց իմաստը, միևնույն է, դրանք տեղ չեն հասնում, նախարարները գալիս ու գնում են, բայց արդյունքները զրոյից չեն բարձրանում: Հայաստանում պետք է նոր պայմաններ ստեղծել գիտատեխնիկական առաջընթացը ապահովելու համար՝ ստրատեգիական ոլորտների զարգացման պատասխանատվությունը դնելով կոնկրետ անձանց վրա, ինչպես դա արվում է Ռուսաստանի Դաշնությունում: Պուտինը ստեղծել է գլխավոր կոնստրուկտորների ինստիտուտը՝ ոլորտների զարգացման պատասխանատվությունը դնելով ՌԱՀ-ի ճանաչված ու փորձված մասնագետների վրա: Պրոֆեսիոնալ մասնագետներ, ժամանակ ու հնարավորություններ մենք ևս ունենք, կարող ենք փորձել: Քննադատության և նույնիսկ մեղադրանքի են արժանի նաև մեր գործարարներից շատերը: Չէր կարելի մի քանի տարում քամուն տալ պատերազմի մեջ ներքաշված Հայաստան երկրի ժամանակակից էլեկտրոնային, ռադիոէլեկտրոնիկայի ու ճշգրիտ մեքենաշինության գիտատեխնիկական բազան՝ իր ավելի լավ հնարավորություններով, քան դա ուներ Ռուսաստանը: ՈՒ այդ ամենը հանուն մի փոր դոլարի, թուրքիաներում հանգիստներ ու տարբեր նշանակության քեֆեր կազմակերպելու համար: Աններելի է, որ մեր գործարար աշխարհը, քաղաքական կուսակցություններն ու իշխանության պատկան մարմինները մինչ օրս ժամանակ չեն գտնում անգամ լսելու մեր գիտության ու տեխնիկայի հեռանկարային խնդիրները, լսելու, թե ինչ ուղղությամբ են, օրինակ, երկու տասնամյակ շարունակ Հայաստանում զարգանում մեր արևային ծրագրերը: Երկրի հաշվին հարստացած բազմաթիվ հայորդի օլիգարխների գրպաններից մեկ ցենտ անգամ դուրս չեկավ Հայաստանի գիտության զարգացման վրա ծախսելու համար: Մեր ազգային անվտանգությունը հայկական գիտությունից է գալու: Ռուսաստանը, Ամերիկան շատ լավ գործընկերներ են, մեզ մշտապես օգնել ու օգնում են, բայց մեր թշնամու հարցում մեր ցավերին միայն մենք ենք դարման անելու: Հոգ չէ, մեր երկրի տնտեսության ու բանակի համար անհրաժեշտ բոլոր գիտապրակտիկ գործերը մենք կանենք առանց օլիգարխների փողերի, մեր խելքի ուժով, մեր ոգու ուժով: Այստեղ է ի հայտ գալու մեր հիմնական առավելությունը Ադրբեջանի նկատմամբ: Հայոց ոգու մասին խոսելն ավելորդ է: Ողջ աշխարհը տեսավ, թե ծանր պահերին հայ ժողովուրդն ինչպես է կարողանում միավորվել ու թշնամու դեմ միասնական բռունցք դառնալ: Պետք լինի, մեր երեքմիլիոնանոց բնակչությունը երեքմիլիոնանոց մահապարտների անպարտելի բանակ կդառնա, դրա համար էլ մեզ հայ են ասում: 1915 թիվ այլևս մենք թույլ չենք տա: Պարզից էլ պարզ է, որ մեր պատերազմում համոզիչ հաղթանակներ տանելու համար Հայաստանը պարտավոր է.
ա) ունենալ ժամանակակից ռազմական արդյունաբերություն,
բ) ունենալ երկնիշ տեմպերով աճող տնտեսություն,
գ) սոցիալական արդարություն հաստատել երկրում՝ վերջ դնելով կաշառակերությանն ու կեղծված ընտրություններին,
դ) ժամանակակից արդյունաբերություն ստեղծել ու զարգացնել սփյուռքում և այլն:
Իմ հոդվածաշարն էլ, ի վերջո, ավարտվելու է նույն տրամաբանությամբ. պետք է աշխատել ու սեփական աշխատանքով հզոր երկիր ստեղծել, հզոր իր տնտեսությամբ, հզոր իր բանակով: Եղեռն տեսած հայ ժողովուրդը չի կարող թույլ լինել:
-Աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին, վա՛յ թույլերին։
Նժդեհի խոսքերն են:

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր,
երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ