Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Փա՜ռք Քեզ, Տեր, փա՜ռք Քո ամենահաղթ սուրբ Խաչին»

«Փա՜ռք Քեզ, Տեր, փա՜ռք  Քո ամենահաղթ սուրբ Խաչին»
08.04.2016 | 10:07

Ոչնչով աչքի չընկնող նախկին կամավոր ազատամարտիկի հետ վաղուց էի ծանոթ, բայց երբ մի առիթով նա խոնարհաբար այս վկայությունը պատմեց, որը քիչ հետո կկարդաք, հասկացա՝ թաքնված ալմաստի թանկագին հոգի է կանգնած առջևս:

ԶՂՋՈՒՄՈՎ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՑ ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑԻ
Երբ Երևանից գնացած կամավորներս Արցախում իջանք ուղղաթիռից, մեզ հետ պարենամթերք էին դրել, բայց երբ դատարկում էինք, սխալմամբ մի ուրիշ արկղ տարանք հետներս, ու երբ հետո բացեցինք, տեսանք՝ գրպանի փոքրիկ ավետարաններ էին: ՈՒրախացած մի-մի հատ վերցնելով՝ պահեցինք մեր ծոցագրպաններում: Անցավ մի քանի տարի, Աստված պահում, պահպանում էր Իր մեծ ողորմությամբ:
Խաչի հետ կապված մի դեպք եմ հիշում: Կրասնոսելսկի մատույցներում էինք, Ճամբարակ-Արծվաշեն ճանապարհին: 1993 թիվն էր: Ազերիների հետ շատ անգամ էինք «բոյ» մտել, բայց այս անգամ այն, ինչ տեսանք, գերազանցեց մնացածներին: Ինչպես կինոներում էի տեսել, այդպես էլ նրանք էին մեզ վրա գալիս. տանկերով ու «պեխոտայի» մեծ բազմությամբ: Մենք էլ քանակով տասնյակ անգամ զիջում էինք նրանց, փամփուշտներն էլ հաշվված էին: Ինչ երկարացնեմ, մարտն անհավասար էր, ու ինչպես ասում են՝ արդեն մահվան հոտ էր փչում մեզնից: Մոտ քսան հոգի էինք, երկուսը չդիմանալով մարտի թեժությանը, զենքերը ցած գցելով, վախկոտ նապաստակների նման մոտիկ անտառը փախան, կորան. այդպիսի բաներ էլ են պատահում: Կողքներիս երբեմն-երբեմն պայթող ռումբերի բեկորներն էին թշշոցով խրվում հողի մեջ, ու քանի նրանք մոտեցան, այնքան մեր կորուստները շատացան: Իսկ երբ արդեն մնացինք երեք հոգով, հասկացանք, որ դիմադրելն անօգուտ է, ու մեզ մնաց միայն մարդավայել մեռնելը: Այդ ժամանակ ինչ-որ գետի խորխորատում էինք, երբ ուզեցինք դուրս գալ ու մոտակա բլրի հետևը անցնել, մի քսան քայլի վրա ավտոմատները առջևում պատրաստ պահած ազերիների «զվոդին» դեմ առանք: Վերջ: Որոշեցինք սուտմեռուկ ձևանալ, իրար կողքի պառկած մնալ, մինչև մեր սպանված զինվորների դիակները թալանելով կմոտենան մեզ: Կողքներիցս կախած «լիմոնչիկի» օղակը քաշելով, ափներիս մեջ պատրաստ պահեցինք, որ նրանցից մի քանիսին հետներս պայթեցնելով գնայինք այն աշխարհ: Մինչ նրանք կմոտենային, ես ձախ ձեռքով աննկատ ծոցիցս հանեցի կնունքիս խաչը, ու վերջին անգամ կարոտով համբուրեցի այն և զղջումով, անսպասելի հայտնված արցունքներով Հիսուս Քրիստոսից մեղքերի թողություն խնդրեցի. մարդ էինք, ու արդեն չորս տարի էր՝ կռվում էինք, ինչե՜ր ասես չարեցինք:
Աչքներս կիսախուփ ու լարված ականջ էինք դնում: Քայլերը մոտեցան, մոտեցան ու մեզնից ընդամենը մի քանի մետր այն կողմ կանգ առան: ՈՒրեմն նկատեցին, մտածեցի ես, ու նռնակը պահած ձեռքիս մատները մի քիչ թուլացրի, որ թեկուզ և հասցնեն վիրավորել, գոնե մատներս չկծկվեն ու նռնակը կարողանամ բաց թողնել: Տանջալի վայրկյաններ էին անցնում, բայց նրանք, չգիտես ինչու, չէին մոտենում, մեր ու նրանց միջև կարծես անտեսանելի պատնեշ էր գոյացել: Նռնակը ձեռքումս քրտնել էր. անպատմելի պահ էր, կարծես կյանքի ու մահվան կիզակետում լինեինք: Հանկարծ նրանցից մեկը բարձր-բարձր, ադրբեջաներեն ասաց ընկերոջը. «Բուղ օլդա յոխլար»: Ես որ Արևմտահայաստանից գաղթած մորիցս սովորել էի թուրքերեն, իսկույն հասկացա, որ ասում է, թե այս կողմում չկան: Սկզբում կարծեցի, թե ռազմական հնարք են բանեցնում, որ տեսնեն՝ մենք կենդանի՞ ենք, թե՞ մեռած, որ նոր մոտենան, բայց երբ լսեցինք նրանց հեռացող քայլերի ձայնը, զարմանքից ապշել էինք ու չէինք հավատում, որ մահից ազատվեցինք: Զգուշության համար էլի մի քանի րոպե սպասելուց հետո, կամացուկ նորից հեղեղատը սողացինք և դեպի մեր ճակատը ուղղվեցինք:
Երբ մի քանի ժամ հետո վերջապես տեղ հասանք, տղաների զարմանքին չափ ու սահման չկար, նախ նրա համար, որ արդեն լուր էին տվել, որ մենք էլ ենք այն տասնյոթի հետ զոհվել, հետո մի այլ հրաշքի համար ևս. դու մի ասա ամբողջ հեղեղատը մերոնք ականապատել էին, բայց մեր Տերը, Իր զարմանահրաշ զորությամբ, մեզ պահել էր նաև այդ ականներից ու ողջ ու առողջ տեղ հասցրել:
Իսկ ձեռքիս նռնակը, որ արդեն 4-5 ժամ ափիս մեջ էր, ամբողջ ճանապարհին չէի կարող մի կողմ նետել, որ ինքներս մեզ չմատնեինք, բայց երբ տեղ հասանք, մտածում էի՝ ինչպես ազատվեմ այդ բեռից, որովհետև մատներս կարկամել էին լարվածությունից, ու վախենում էի, որ չեմ կարողանա մահաբեր այդ բեռն ինձնից բավարար տարածությամբ հեռու նետել: Տղաներից հեռու, մի կողմ քաշվելով, նորից Տիրոջ անունը տալով, նռնակը ինձնից հեռու գցելով կծկվեցի մի թմբի տակ ու... լսվեց պայթյունը:
Առաջինը, որ դրանից հետո արեցի, այն էր, որ լարվածությունից ջղաձգված մատներս իրար հպելով մի կերպ երեսիս խաչ հանեցի ու ասացի. «Փա՜ռք Քեզ, Տեր, փա՜ռք Քո ամենահաղթ սուրբ Խաչին»:


ԱՂՈԹՔ ԶԻՆՎՈՐՅԱԼ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Լարված այս օրերին բոլորս էլ ինչ-որ բանով կուզենայինք օգտակար ու զորավիգ լինել մեր զինվորներին։ Բայց ինչ առավել բան կարող ենք անել, եթե ոչ նրանց համար աղոթել ու Ամենակարող Աստծուց նրանց համար օգնություն խնդրել։ Այդ նպատակով զետեղում ենք այս կարճ և օգտակար աղոթքը մեր հայ զինվորների համար։
«Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր՝ Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության, լսիր իմ այս աղոթքը որդուս (ասեք ձեր որդու կամ այլ զինվորյալների անունը, ում համար ուզում եք աղոթել), որ այժմ ծառայում է Հայոց բանակում։
Մարդասեր Տեր, նախ խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մեղքերը, որ գործել է Քո առջև, տրվելով իր երիտասարդական ցանկություններին։ Այժմ տուր նրան խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանա ընտրել, և քաջություն շնորհիր՝ հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին, որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։ Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից և դիվական ազդեցություններից։
Շնորհիր քաջառողջություն և հնազանդություն նրա հրամանատարական անձնակազմին և զինվորական կարգ ու կանոնին, իսկ նրա հետ ծառայող զինակիցների հետ՝ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն։
Մեր հաղթող Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, ընդունիր այս աղոթքս հավատքի բարի պատերազմում Քո զինվորյալ հաղթական սրբերի` սուրբ Սարգսի, սուրբ Գևորգի, սուրբ Վարդան Մամիկոնյանի ու նրա քաջ զինակից նահատակ սրբերի պահպանիչ բարեխոսությամբ. ամեն»։


Հրապարակման պատրաստեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ