«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Զորավարը կարողացավ գոնե երկու-երեք ժամով համախմբել մեր պառակտված ուժերը»

«Զորավարը կարողացավ գոնե երկու-երեք ժամով համախմբել մեր պառակտված ուժերը»
08.04.2016 | 10:12

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ օրերս է վերադարձել Բեյրութից` իր հետ բերելով նաև անվանի բեյրութահայ մտավորական Լևոն Վարդանի արխիվը: «Իրատեսի» հետ զրույցում Կարո Վարդանյանն ասաց, որ այցի առաջնային նպատակը Զորավար Անդրանիկին նվիրված միջոցառումն էր:


-Սա իմ երկրորդ այցելությունն էր Լիբանան,- տեղեկացրեց պարոն Վարդանյանը:- Անցյալ տարի Բեյրութի «Ծաղիկ» հանդեսը նախաձեռնել էր բանախոսությունների շարք` նվիրված Զորավար Անդրանիկի 150-ամյակին: Բանախոսություններն իրականացնելու պատիվն ինձ էր վերապահված: Հավանաբար համացանցով հետևել էին վերջին տարիներին Զորավարի վաստակը լուսաբանելու իմ ջանքերին: Բանախոսությունը տեղի ունեցավ Հայկազյան համալսարանում, նաև հանդիպումներ եղան մի շարք վարժարաններում: Պետք է ասեմ, որ հաջողվեց մեծ խանդավառություն առաջացնել թե՛ վարժարանի սաների շրջանում, թե՛ Հայկազյան համալսարանում: Բանախոսություններին ներկա էին նաև սփյուռքի մեր ավանդական երեք կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք, գաղտնիք չէ, բարեհաճ չեն միմյանց նկատմամբ: Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով` ես իմ խոսքում շեշտադրեցի Զորավար Անդրանիկի գործունեության համախմբիչ, միավորիչ դերը: Զորավարի 30-ամյա հագեցած գործունեությունը` մարտական, հետո նաև սփյուռքում` հասարակական, բարեգործական, ուղղված էր ոչ միայն մեր դարավոր թշնամու, այլև մեր քաղաքական ուժերի պառակտվածության, հատվածայնության դեմ: Արդյունքը ոգևորիչ էր: Հայկազյան համալսարանում տեղի ունեցած բանախոսությունը և դրան հաջորդած հարցուպատասխանը հետագա օրերին լուսաբանեցին վերոնշյալ երեք կուսակցությունների պարբերականները («Ծաղիկ» հանդես, «Արարատ» օրաթերթ, «Զարթոնք» թերթ, «Սևան» ռադիոկայան և այլն): Հազվադեպ է լինում, որ ազգային որևէ խնդրի մասին երեք կուսակցություններն էլ համակարծիք լինեն: Ես մեկնաբանեցի այսպես` Զորավարը կարողացավ գոնե երկու-երեք ժամով համախմբել մեր պառակտված ուժերը: Շատ կարևոր էր դաշնակցության «Ազդակ» թերթի բարեհաճ հրապարակումը, որովհետև այդ կուսակցությունը քիչ բան չի արել ու անում Զորավարի վաստակը խեղաթյուրելու գործում: Այդ բացառիկ բարեհաճ հրապարակումը ես վերագրում եմ թերթի բարեխիղճ խմբագրի` Շահան Գանդահարյանի շրջահայացությանը, ով իր մի խումբ կուսակիցների հետ ներկա էր երեկոյին:
-Ենթադրաբար Ձեր այս այցը Բեյրութ շաղկապված է հոբելյանական տարվա միջոցառումների և դրանց արձագանքների հետ:
-Այո, այդ բարերար արձագանքներն էին պատճառը, որ որոշվեց այս տարի ևս կազմակերպել բանախոսություն՝ նվիրված Զորավարին: Այս անգամ նախաձեռնությունը ռամկավար ազատական կուսակցությանն էր, և բուն բանախոսությունը տեղի ունեցավ կուսակցության «Պայքար» ակումբում: Բնականաբար, պատասխանատվության զգացումը շատ մեծ էր նախորդ տարվա արձագանքների բերումով, ես փորձեցի մեկ այլ, ավելի ինքնատիպ ձևաչափով ներկայացնել Զորավարին: Ընտրեցի և շեշտադրեցի Զորավար Անդրանիկի այն առանձնահատկությունները, որոնցով նա ոչ միայն առանձնանում է մեր պատմության բազմաթիվ երևելի հերոսներից, այլև դառնում անհամեմատելի ու անհասանելի: Դարձյալ արդյունքը գոհացուցիչ էր: Եթե նման բանախոսությունները սովորաբար անցկացվում են 30-40 րոպե տևողությամբ, այս անգամ լսարանի պահանջով բանախոսությունը ձգվեց 2 ժամ, որին հաջորդեց հարցուպատասխանը:
-Գրականության և արվեստի թանգարան տեղափոխված Լևոն Վարդանի արխիվի մասին ի՞նչ կասեք:
-Այդ առիթով դեռևս ամիսներ առաջ պայմանավորվածություն ունեինք պատմաբան, գրող, բանաստեղծ Լևոն Վարդանի այրու հետ, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում: Նրա տարիքը, միջոցները թույլ չէին տալիս հոգալ արխիվը Հայաստան հասցնելու խնդիրը:
-Արխիվը նվիրաբերվե՞լ է:
-Մեր ֆոնդերում պահվող 1200 հեղինակների արխիվները հիմնականում գոյացել են նվիրատվությունների շնորհիվ: Գրականության, երաժշտարվեստի, թատրոնի, կինոյի գործիչների արխիվների վերջնական հասցեն մեր թանգարանն է: Եթե դա գիտակցում են իրենք կամ իրենց ժառանգները, հոգ են տանում տեղափոխման մասին: Բայց շատերը չգիտեն այդ մասին ու արդյունքում` տասնյակ, հարյուրավոր մասունքներ փոշիանում են, մանավանդ սփյուռքում: Դասախոսությունների պատեհությունը օգտագործելով` թե վարժարաններում, թե «Պայքար» ակումբում ես պատմում էի մեր թանգարանի մասին ու կոչ անում տներում պահվող մի նամակ կլինի, մի լուսանկար, անպայման հոգան, որ հասնի գրականության և արվեստի թանգարան: Մեր թանգարանի հավաքածուի զգալի մասը կազմում են արևմտահայ գրական գործիչների արխիվները. թե՛ անվանի եղեռնամահ գործիչների` (Զոհրապ, Վարուժան, Սիամանթո, Զարդարյան...), թե՛ սփյուռքահայ գործիչների, ովքեր, կրկնում եմ, ողջախոհ են եղել ու ժամանակին հոգացել են, որ դրանք տեղափոխվեն ԳԱԹ: Ապրիլին, բնական է, Ցեղասպանության տարելիցի առիթով շատ այցելություններ կլինեն Հայաստան, ես բոլորին հրավիրեցի թանգարան, որ իրենց աչքով տեսնեն, թե ինչպես են պահպանվում այդ արխիվները, ինչն իր հերթին կնպաստի, որ իրենց մոտ պահվող մասունքները տեղափոխեն թանգարան:
-Ո՞վ է Լևոն Վարդանը, կարծում եմ, ոչ բոլորին է հայտնի նրա անունը:
-60-70-ականներին հայկական շատ համայնքներում, մասնավորապես Լիբանանի համայնքում, մենք ունեինք շատ ակտիվ գրական մշակութային կյանք, գործում էին տասնյակ պարբերականներ: «Շիրակ» ամսագրի եռանդուն խմբագրապետ, լուսահոգի Օնիկ Սարգսյանը ամսագրի շուրջ համախմբել էր տասնյակ երևելի գործիչների, որոնցից մեկը Լևոն Վարդանն էր, ով ունի արժանավոր ժառանգություն և՛ պատմագրության ասպարեզում, և՛ գրականության: Արխիվը բաղկացած է նրա ստեղծագործությունների ձեռագրերից, նամակներից: Եթե աչքի անցկացնեք արխիվը, կտեսնեք, թե ինչ երևելի մարդկանց հետ է նամակագրություն ունեցել: Կան նաև որոշ անձնական իրեր: Մոտ օրերս, երբ արխիվը մշակվի, համարակալվի, կստեղծվի հերթական ֆոնդը, որը կկոչվի Լևոն Վարդանի ֆոնդ:
-Ի՞նչ է արվում արխիվային նյութերը երևան հանելու համար, որ դրանք մոռացության չմատնվեն:
-Արխիվը մոռացության ենթակա է, եթե գտնվում է Սփյուռքում կամ թեկուզ Հայաստանում, Արցախում` մասնավոր մարդկանց ձեռքում, տներում: Ասեմ ավելին` դրանք կործանման, փոշիացման են ենթակա: ԳԱԹ-ում առաջին հերթին մշակում են գիտական բաժինները` ըստ ոլորտների, այնուհետև մշակված արխիվը պահպանում են ֆոնդերում: Հաջորդ կարևոր գործառույթը, որը մեր կանոնադրական պարտավորությունն է` հանրահռչակումն է: Նշածս չորս ասպարեզներում` գրականության, երաժշտարվեստի, թատրոնի, կինոյի, ցանկացած ուսումնասիրող (ուսանող, ասպիրանտ, գիտաշխատող և այլն) առաջին հերթին բախում է մեր թանգարանի դռները: Մենք ինքներս էլ, հնարավորությունների սահմաններում, հատկապես հոբելյանական տարեդարձերի շրջանակում ցուցադրություն, ցերեկույթներ ենք կազմակերպում: Սա ամենօրյա պրոցես է: Մեր լրատվամիջոցներն էլ ակտիվորեն համագործակցում են թանգարանի հետ: Ամեն ինչ արվում է` ֆոնդերում պահպանվող գանձարանը հանրությանը հասու դարձնելու համար: Իսկ եթե հովանավոր ենք ունենում կամ պետական միջոցներ են հատկացվում տպագրական աշխատանքների համար, փորձում ենք տարեկան գոնե երեք-չորս գիրք կամ գրքույկ լույս ընծայել: Դրանք հիմնականում առնչվում են այս կամ այն գործիչների անտիպ գործերին: Իսկ այդպիսիք հազարներով են մեր ֆոնդերում` դեռևս չլուսաբանված, չհրատարակված:
-Արխիվի ո՞ր մասն է թվայնացված: Հնարավո՞ր է նյութերին ծանոթանալ թվային տարբերակով:
-Առայժմ քիչ են թվայնացված նյութերը: «Շտեմարան» ծրագիրը, որ իրականացնում է մշակույթի նախարարությունը, նոր է մեկնարկել: Նպատակը մեր հանրապետության բոլոր թանգարանների հավաքածուների թվայնացումն է:
Եվ եթե այլ թանգարանների համար, մանավանդ փոքր հուշային թանգարանների, իրենց ամբողջ հավաքածուն թվայնացնելը մեկ տարվա գործ է, մեր թանգարանի պարագայում, ծավալի առումով, դա ոչ թե տարիների, այլ տասնամյակների խնդիր է: Մենք գործ ունենք մեկուկես միլիոն միավոր նյութի հետ, ընդ որում, միավորը կարող է լինել մեկ ձեռագիր տետր՝ բաղկացած 500 էջից կամ մեկ այլ փաստաթուղթ, որ հազարից ավելի էջ ունի: Պատկերացրեք՝ ինչ ահռելի ժառանգության մասին է խոսքը, որը գրեթե ամեն օր համալրվում է: Մենք, ելնելով մեր հնարավորություններից, պարտավորվել ենք տարեկան 15 հազար միավոր թվայնացնել, ինչը մեր թանգարանի պարագայում շատ քիչ է, կաթիլ է օվկիանոսի մեջ: Աշխատանքներ տարվում են, ընդ որում` համակարգված: Դա մշակույթի նախարարության ծրագիրն է, որ համակարգում է հենց նախարարությունը:


Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ