Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ԱՊՀ-ն ոչ միշտ է արդարացրել սպասելիքները»

«ԱՊՀ-ն ոչ միշտ է արդարացրել սպասելիքները»
08.04.2016 | 23:27

Իր գոյության տարիներին ԱՊՀ-ն դերակատարություն է ստանձնել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ գործընթացներում, սակայն ոչ միշտ է արդարացրել սպասելիքները: Չի հաջողվում կանխել մի շարք բացասական երևույթներ, որոնք առկա են բազմաթիվ հիմնարար հարցերում, այդ թվում` անվտանգության ոլորտում: Դրա վառ դրսևորումներից մեկը ղարաբաղյան հիմնահարցն է: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Մոսկվայում ելույթ ունենալով ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստում:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին, ՀՀ ԱԳ նախարարը շարունակել է. «Վերջին օրերի իրադարձությունները ոչ միայն հանգեցրին մարդկային կորուստների և ճգնաժամի խորացման, ոչ միայն հղի են երկարաժամկետ ապակայունացմամբ, այլև կարող են նոր մարտահրավեր դառնալ միջազգային, այդ թվում` մարդասիրական իրավունքին, ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի դրույթներին, այլև ԱՊՀ-ի կանոնադրությանը, որում նույնպես ամրագրված է վեճերի և հիմնախնդիրների խաղաղ կարգավորումը»:
«Այս իրադարձությունները տեղի ունեցան այն պատճառով, որ ոչ բոլորն են ԱՊՀ-ում գործնականում համամիտ այս մոտեցմանը: Արցախի դեմ վերջին օրերին Բաքվի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունները խախտում են Ադրբեջանի ստորագրած հրադադարի 1994 թվականի և հրադադարի ամրապնդման 1995 թվականի եռակողմ անժամկետ համաձայնագրերը. ի միջի այլոց, առաջին համաձայնագիրը նախաձեռնվել էր հենց ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Սանձազերծված հարձակման առաջին իսկ ժամերից միտումնավոր և բացահայտ թիրախավորվել էին քաղաքացիական օբյեկտներ, տուժեցին քաղաքացիական անձինք, այդ թվում` երեխաներ և ծերեր»,- ընդգծել է Նալբանդյանը: «Խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերը Ադրբեջանի կողմից բացարձակապես ոտնահարվեցին: Ակնհայտ է, որ այս ամենը լուրջ վնաս է հասցնում բանակցային գործընթացին և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը: «Մենք բազմիցս հրավիրել ենք միջազգային հանրության ուշադրությունը և կոչ ենք արել կանխել Բաքվի ռազմատենչ նկրտումները` նկատի ունենալով իրավիճակի հենց նման զարգացումը, որի ականատեսը եղանք այս օրերին»: Նալբանդյանի համոզմամբ, «առավել հրամայական են դարձել ապագայում տեղի ունեցածի կրկնության բացառումը, խնդրի ռազմական լուծման վտանգավոր փորձերից հրաժարումը, հնարավոր լուծումներ գտնելուն ուղղված ջանքերը»։ Խոսելով ԱՊՀ-ի հնարավոր բարեփոխումների և կազմակերպության արդյունավետության բարձրացման մասին՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է. «Ցանկալի է, որ ԱՊՀ-ում բոլորը հավասարապես գիտակցեն իրենց պատասխանատվությունը այս տարածքի՝ որպես համագործակցության և գործընկերության միջավայր պահպանման և կազմակերպության ապագայի գործում։ Այդ խնդրին կծառայեր նաև ԱՊՀ-ի գործունեության կատարելագործումը: Կարևոր է կողմնորոշվել, թե ինչպիսին ենք մենք ցանկանում տեսնել ԱՊՀ-ն: Բազմակողմ կառույցը գրավիչ է, երբ գործունակ է` հասկանալի փոխադարձ պարտավորություններով, հստակ առաջնահերթություններով և ոչ ուռճացված կառույցներով, որոնք չեն կրկնում ճյուղային համագործակցային մարմինների գործառույթները»։
«Մենք կարծում ենք, որ այս կամ այն ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված որոշումների ընդունումը նպատակահարմար է դիտարկել՝ հաշվի առնելով մասնակից պետությունների իրական հետաքրքրվածության աստիճանը: Ցանկանում եմ ընդգծել` իրական փոխգործակցության, այլ ոչ թե ձևական պատրաստակամության։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մասնակից պետություններից մեկը ստորագրում է ընդունվող փաստաթղթերի միայն 10 տոկոսը, դրանցից 90 տոկոսը` վերապահումներով»,- շեշտել է Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով. «Երբ այս կամ այն հարցում համագործակցության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերվում միայն որոշ մասնակից երկրների կողմից, որոնք միաժամանակ հանդիսանում են նաև ինտեգրացիոն և համագործակցության այլ միավորումների անդամներ, ԱՊՀ-ի ձևաչափում որևէ հարցի ներառումը պետք է առավել մանրամասն քննության առնվի»։ «Ցանկանում եմ կրկին ընդգծել, որ ԱՊՀ-ում Հայաստանը ունի դրական օրակարգ: Մենք անում ենք հնարավորը, որ կուտակված դրական փորձն օգտագործելով գործնական հունի մեջ դնենք և ապահովենք ԱՊՀ-ի ադապտացումը ժամանակակից իրողություններին»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը: ԱՊՀ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել ու հավանություն են տվել ԱՊՀ-ի շրջանակում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծերի:

Դիտվել է՝ 1609

Մեկնաբանություններ