Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խաղաղապահների թեման ի հայտ բերեց քաղաքական տհասությունը

Խաղաղապահների թեման ի հայտ բերեց քաղաքական տհասությունը
09.04.2016 | 14:47

Deutsche Welle հեռուստաընկերությանը հարցազրույցում, անդրադառնալով հակամարտ ուժերի միջև խաղաղապահների, օրինակ, ռուսական ուժերի տեղակայմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասաց. «Մենք երբեք չենք խնդրել խաղաղապահների տեղակայում, բայց դեմ էլ չենք եղել առաջարկին»: Ինչու՞ էր գերմանացուն հետաքրքրում ռուսական խաղաղապահների տեղակայումը, պարզ է, Մինսկի խմբում ՌԴ միակ երկիրն է, որ համաձայն չէ շփման գծում տեխնիկական միջոցների տեղակայմանը, նպատակ ունենալով ռուս խաղաղապահների պարտադրել: Հարց, որ Ռուսաստանը ոչ խաղաղ, ոչ ռազմական ճանապարհով չի կարողանում լուծել: Խաղաղապահների թեման միշտ է եղել: 1994-ին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում որոշվել ստեղծել Բարձր մակարդակի պլանավորման խումբ՝ անսահմանափակ ժամկետի մանդատով։ Խումբը պետք է ԵԱՀԿ գործող նախագահին առաջարկություն ներկայացներ Ղարաբաղում ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի թվաքանակի, կառուցվածքի, հրամանատարության, նյութատեխնիկական մատակարարման մասին, եթե կողմերն ընդունեն խաղաղապահներ ենթադրող որևէ տարբերակ։ 22 տարի հարցը արդիական չի եղել, այսօր է դարձել արդիական: Ցանկացած տարածքում որևէ երկրի խաղաղապահ ուժի տեղակայումը միշտ նշանակել է այդ երկրի ուղիղ ազդեցություն: Միջազգային փորձը ցույց է տվել, որ խաղաղապահների տեղակայումը կրակի դադարեցմանը կամ զոհերի թվի նվազմանը չի նպաստում: Ինչի՞ հասան միջազգային խաղաղապահ ուժերը Լիբանանում, Ռուանդայում, նախկին Հարավսլավիայի տարածքում: Կանխեցի՞ն նրանք, որ Բոսնիայի սերբերը Սրեբրենիցայում մուսուլմաններին չսպանեն, կամ ալբանացիներին՝ չսպանեն ու տեղահան չանեն սերբերին Կոսովոյից։ Ոչ, որովհետև խաղաղապահները ներկայացնում են իրենց երկրների շահերը։ Ուրեմն՝ ի՞նչ խաղաղապահների մասին է խոսքը, եթե կա հայկական բանակը և հայկական բանակը այսքան տարի ապացուցել է, որ կարողանում է սահմանը պահել: Ակնհայտ է, թե ինչ առաքելություն են իրականում խաղաղապահները իրականացնելու՝ ոչ թե զոհերի՝ զինվորների ու խաղաղ բնակչության կանխում, այլ տարածքի բռնազավթում և տեղաբնակների արտաքսում: Խաղաղապահների տեղակայումն իմաստ կունենա, երբ որոշված լինի ԼՂՀ-ի կարգավիճակը, երբ ԼՂՀ-ն դառնա ճանաչված պետություն, և Մինսկի խմբի համանախազահ պետությունները, որ երաշխավորելու են ԼՂՀ-ի անվտանգությունը, կազմեն խաղաղապահ գումարտակներ՝ Արցախի սահմանները ոտնձգություններից պաշտպանելու համար։ Քանի դեռ ԼՂՀ-ն ճանաչված պետություն չէ, որևէ խաղաղապահ՝ ինչ ազգի էլ պատկանի, լրացուցիչ վտանգի աղբյուր է լինելու: Առավելևս, որ իր սահմանին խաղաղապահների տեղակայմանը միշտ իրավացիորեն դեմ է եղել Իրանը:
Բայց Հայաստանի քաղաքական ուժերը նորից տրվել են անթաքույց պոպուլիզմի: Ոմանց թվում է, որ խաղաղապահների տեղակայումը այն համադարմանն է, որ փակելու է բոլոր վերքերը: ՀՀԿ-ականները ՀՀԿ նախագահի մի քանի բառն են միայն լսել և չեն խորացել նրա ասածի շարունակության մեջ ու, որքան էլ տարօրինակ է, մրցակցում են ՀԱԿ-ի հետ՝ հիմնավորելու խաղաղապահների անհրաժեշտությունը: Իսկ ՀԱԿ-ը, պատմական էյֆորիայից մեջ ընկնելով՝ հիշեցնում է, որ խաղաղապահների թեման 1990-ականներից է քննարկվում՝ իրենց իշխանության տարիներին խոսքը հարցի կարգավորման դեպքում ԵԱՀԿ-ի կողմից ստեղծված բազմազգ խաղաղապահ զորքերի տեղակայման մասին էր: ՀԱԿ-ը դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը, գտնելով, որ երաշխիք է ռազմական գործողությունների չվերսկսման համար: Իրականում, սակայն, նրանք փորձում են իրենց հավատարմությունը հավաստել Ռուսաստանին, գոնե այդ կերպ՝ հաստատելով, որ խաղաղապահների թեման պաշտպանում են՝ իմանալով, որ խաղաղապահների տեղակայումը Կրեմլի ծրագիրն է: Քայլ առաջ տեսնելը, նպատակը հասկանալը շատ հեռու է նրանց քաղաքական ու մտավոր հնարավորություններից: Միայն ՀՅԴ-ն է, որ խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում՝ վստահ, որ հայկական բանակը կարողանում է իրավիճակը վերահսկել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մենք արդարացի բողոքում ենք, որ միջազգային կառույցներն ու գերտերությունները մշտապես անում են պարիտետային հայտարարություններ ու հավասարության նշան են դնում հարձակվողի ու պաշտպանվողի կարգավիճակների միջև: Մենք սովորել ենք դա համարել համարյա թե համաշխարհային դավադրություն մեր դեմ, որի հիմքում ադրբեջանական նավթն ու գազն են և համաշխարհային տնտեսական շահերը: Իհարկե, կան տնտեսական շահերը և շատ ազդեցիկ գործոն են: Բայց մենք երբևէ փորձե՞լ ենք գնահատել մեր պահվածքը: Միջազգային ասպարեզում իրականությանը համարժեք գնահատական ստանում են այն պետությունները, որ իրենց դրսևորում են որպես միջազգային իրավունքի սուբյեկտներ և ապացուցում են իրենց ինքնիշխանությունը: Մեր ինքնիշխանության սահմանները Ռուսաստանին ռևերանսներ անելիս շատ կամ քիչ խոնարհվելու մեջ են: Երբ միջազգային կառույցներում Հայաստանը քվեարկում է հօգուտ Ռուսաստանի, իսկ Ռուսաստանը՝ հօգուտ Ադրբեջանի, և ոչինչ չի հետևում, նույն այդ միջազգային հանրությունը անում է իր եզրակացությունները և այդ եզրակացությունների հիման վրա կառուցում իր քաղաքականությունը: Իսկ հետո մենք բողոքում ենք՝ ինչու՞ համարժեք չեն գնահատում իրավիճակը: Չեն գնահատում, որովհետև մենք էլ համարժեք չենք պահում մեզ՝ մեր շահերից ելնելով, այլ պաշտպանում ենք մեր ռազմավարական դաշնակցին, որի համար Հայաստանն ու Ադրբեջանը կարևորվում են ըստ իրենց շահերի, բայց չեն դիտվում որպես ինքնիշխան պետություններ: Նախապատվությունը տրվում է Բաքվին, որովհետև կան տնտեսական շահեր ու աշխարհաքաղաքական հաշվարկներ, իսկ Հայաստանը դիտվում է տարածք՝ Հարավկովկասյան կայունությունը Գյումրիի ռազմաբազայի միջոցով ապահովելու համար: Շատ վիրտուալ նպատակ, որը Հայաստանի հետ ոչ մի կապ չունի: Բայց մենք ուզում ենք Ղարաբաղի հարցում մեր արտաքին քաղաքականությունից լիովին առանձին վերաբերմունք ստանալ աշխարհից: Այդպես չի լինում, ու որքան շուտ հասկանանք, այնքան մեր օգտին է:

Դիտվել է՝ 2266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

«Իրատես» թերթի արխիվից

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »