Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
10.04.2016 | 15:16

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Ռուսաստանի Դաշնության կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքին նպաստելու շարունակական գործողությունների մասին

2016 թ. ապրիլի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում բաժանարար գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից լայնածավալ գործողությունների հետևանքով, և որպես դրանց ի պատասխան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի գործողությունների արդյունքում հակամարտող կողմերը կրեցին հարյուրից ավելի մարդկային կորուստներ՝ զոհվածներ, անհայտ կորածներ։ Ռազմական գործողությունների վերսկսմանը նախորդեց հակամարտության գոտում վերջին երեք-չորս տարիների ընթացքում սպառազինությունների աննախադեպ մրցավազքը, որին անթաքույց և հրապարակավ նպաստում էին Ռուսաստանի Դաշնության իշխանությունները:

Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր, Ռուսաստանի Դաշնության իշխանությունները նման քաղաքականությամբ խախտեցին հակամարտության կարգավորման երեք կարևոր սկզբունքներից մեկի՝ խաղաղ կարգավորման և ուժի չգործադրման սկզբունքի բուն բովանդակությունը։ Ըստ էության, լրջորեն վտանգվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման ուղղությամբ երկար տարիներ գործադրված ջանքերը, համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության ոչ համարժեք գործողությունների հետևանքով: Միջազգային հանրության և հակամարտության կողմերի առջև բազմիցս բարձրացրել ենք սպառազինությունների մրցավազքի, ԵԱՀԿ սովորական սպառազինությունների պայմանագրի սկզբունքների և չափորոշիչների խախտման մասին մեր մտահոգությունները: Հաշվի չառնելով 2016-ի ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների հետևանքով մարդկային կորուստները՝ զոհվածներ, անհետ կորածներ, ռազմագերիներ, Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչները շարունակում են հայտարարել հակամարտության կողմերին սպառազինություն վաճառելու և տրամադրելու մասին։ Մարդկանց ճակատագրերի, նրանց կյանքի անվտանգության հանդեպ նման աննախադեպ, անպատասխանատու վարքագիծը այսուհետ պետք է լրջորեն մտահոգի միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին։

Ռուսաստանի Դաշնությունը չի հրաժարվում սպառազինությունների մրցավազքի, ռազմականացման մակարդակի բարձրացմանն ուղված իր գործողություններից, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն հակամարտության գոտում լարվածության հետագա մեծացմանը, ռազմական գործողությունների վերսկսմանը և նորանոր մարդկային զոհերին:

Հաշվի առնելով, որ իրադարձությունների զարգացումը սպառնալիքներ է պարունակում տարածաշրջանում բնակվող մարդկանց մարդու հիմնարար իրավունքների, նրանց խաղաղության իրավունքի նկատմամբ՝ կարծում ենք, որ միջազգային հանրությունը, հանձինս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵՄ-ի, պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը անկանխատեսելի զարգացումներից զերծ պահելու ուղղությամբ:

Սույն հայտարարությամբ դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության իշխանությունների անհամարժեք և անպատասխանատու վարքագիծը, միաժամանակ դիմում ենք միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ, անհապաղ միջոցներ ձեռնարկել կոնֆլիկտի գոտում Ռուսաստանի Դաշնության կողմից սպառազինությունների իրացման գործողությունները միջազգային օրակարգի քննարկման հարց դարձնելու, դրանք դատապարտելու և կասեցնելու նպատակով:

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Միանալ ցանկացողները կարող են ուղարկել իրենց տվյալները հետևյալ էլ. փոստի հասցեին՝ nyeganyan@hcav.am:

Դիտվել է՝ 1665

Մեկնաբանություններ