Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ոչ մի խաղաղապահ զորամիավորում չի կարող 100 տոկոսով անվտանգություն ապահովել»

«Ոչ մի խաղաղապահ զորամիավորում չի կարող 100 տոկոսով անվտանգություն ապահովել»
12.04.2016 | 00:29

Մի քանի օր է՝ ակտիվ քննարկվում է Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հարցը: Ոմանք դա դավաճանական քայլ են որակում, մյուսները` հակամարտության լուծման տարբերակ: ՀՀԿ խմբակցության անդամ, ղարաբաղցի ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում հայրական տունը Մարտունու սահմանամերձ գյուղերից մեկում է, Ղարաբաղի անվտանգության հարցում կողմ է ցանկացած ճիշտ լուծման, այդուհանդերձ, ապավինում է մեր պաշտպանական բանակի ուժերին:

-Ի՞նչ կարծիք ունեք խաղաղապահների տեղակայման հարցում: Արժե՞ գնալ այդ քայլին:
-Անկեղծ ասած, ցանկացած քայլի, որը կնպաստի Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը, կողմ եմ: Եթե, իհարկե, դա չի հակասում մեր պետական շահերին:
-Ձեր կարծիքով, ո՞ր շրջանում պետք է տեղակայվեն այդ ուժերը:
-Ռազմաճակատի գիծը ես շատ լավ գիտեմ: Ադրբեջանի և Ղարաբաղի շփման գծում պետք է միջանցք տրամադրեն, որտեղ կարող են լինել խաղաղապահ ուժեր: Սակայն սրանք բանակցությունների արդյունքում լուծվելիք հարցեր են: Աշխարհի տարբեր երկրներում խաղաղապահ զորքեր կան: Բայց ժամանակին, հիշում եք, այդ «խաղաղապահ» ուժը` «օմօն»-ը, ինչ բերեց Ղարաբաղի գլխին, եթե այդպիսին են լինելու, մեզ խաղաղապահ ուժեր պետք չեն, մենք մեզ կարող ենք պաշտպանել:
-Ո՞ր երկրի ուժերը կարող են երաշխավորել ղարաբաղցու անվտանգությունը:
-Ինձ համար առավել կարևորն այն է, որ հայրենիքը պաշտպանելու համար մեր միջոցները բավարար լինեն: Հայոց պատմության գիտակ լինելով, կարող եմ փաստել, որ երբեք ոչ մեկը ճակատագրական պահերին մեզ չի օգնել: Հետևաբար, կարելի է ասել, որ ոչ մի խաղաղապահ զորք չի կարող 100 տոկոսով անվտանգություն ապահովել: Դրա համար էլ շատերն արդարացիորեն պնդում են, որ նրանց մուտքը Ղարաբաղ սխալ է:
-Այսօրվա զարգացումները Ձեզ ի՞նչ են հուշում, իրավիճակի հանգուցալուծման ի՞նչ տարբերակ է հնարավոր:
-Ադրբեջանի վերջին ագրեսիան, բոլոր պայմանավորվածությունների խախտումը լավատեսություն չեն ներշնչում: Կարծում եմ՝ այս ամենը դեռ շարունակվելու է, Ադրբեջանը փորձելու է ուժի դիրքերից հարցը կարգավորել և ցանկացած բանակցային գործընթաց վիժեցնել: Պետք է նշել, որ մենք շատ սխալ պատկերացում ունենք Ադրբեջանի ներքին քաղաքականության մասին: Հաճախ մեր քաղաքական գործիչները թյուրիմացաբար կարծում են, որ մեր հասարակությունն առաջ է, իսկ նրանք` հետ: Այնինչ Ադրբեջանի հասարակությունը պաշտպանում է Ալիևին, նրա ռազմատենչ նկրտումները: Կոչ կանեի իմ գործընկերներին, որ անընդհատ չթմբկահարեն, որ Ադրբեջանում հասարակական միասնություն չկա, իսկ մեզանում կա: Այնտեղ էլ կա, և հասարակության զգալի հատվածը պաշտպանում է Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը:
-Օրերս Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեցին: Ի՞նչ եք կարծում, իրավիճակն այդքան լո՞ւրջ է, որ գործող նախագահը, հաղթահարելով ներքին տարաձայնությունները, գնացել է առաջին նախագահի տուն:
-Սրանից լուրջ վիճակ էլ ե՞րբ է եղել: Ոչ միայն առաջին, երկրորդ նախագահի հետ էլ պետք է հանդիպել, նաև՝ գործընթացի հետ առնչություն ունեցող բոլոր անհատների, ովքեր ղարաբաղյան հակամարտության գործում ավանդ ունեն, հայրենիքին օգտակար մարդ են: Մինչդեռ շատերը չեզոքացված են:
-Այդ հանդիպումից հետո տեսակետներ հնչեցին, թե գործող նախագահն այսուհետ առաջնորդվելու է Լևոն Տեր-Պետրոսյանի` տարածքները հանձնելու «թեզիսով»:
-Ոչ, չեմ կարծում, որ գործող նախագահը նման օրակարգով հանդիպում կունենար առաջին նախագահի հետ: Կարծում եմ՝ օգտակար հանդիպում է եղել, և հազիվ թե տարածքները հանձնելու շուրջ խոսակցություններ եղած լինեն: Ախր, այդ տարածքների զիջման մասին անընդհատ խոսում են, լավ, բա նրանք` ադրբեջանցիներն ի՞նչ են խոստանում: Ադրբեջանը ոչ մի պայմանի չի համաձայնում, նրա նպատակն Արցախն իր հարակից շրջաններով գրավելն է: Ես ծանոթ չեմ Ալիևի կլանից որևէ մեկին, որն այլ տարբերակ առաջարկի: Ի վերջո, Ադրբեջանը և Թուրքիան այս տարածաշրջանում հայ ժողովրդի գոյատևմանն են դեմ: Ի՞նչ տարածքներ հանձնելու մասին է խոսքը, երբ այդ երկիրը ոչ մի տարբերակի չի համաձայնում: Համոզված եմ, որ եթե մի բան զիջենք, մեկ տարի հնարավոր է զինադադարը պահի, հաջորդ տարի նորից սկսելու է: Այս տարածաշրջանում հայ ժողովրդի ֆիզիկական գոյատևման խնդիրն է դրված:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1692

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ