ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Թուրք-ռուսական բարեկամության գինը

Թուրք-ռուսական բարեկամության գինը
12.04.2016 | 00:33

Ո՛չ, «բազարը» նոր է սկսվում: «Հետքերը» նոր են նշմարվում: Ճյուղավորումներն անչափ շատ են, սկսենք ներքաղաքականից:
Տեղի ունեցավ բեկում, ափսոս, որ «այս» առիթով: Չնայած լավ է ուշ, քան երբեք: Այո, խոսքը Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին է: Ի՞նչ են խոսել՝ որևէ արտահոսք, ի հավելումն պաշտոնական տեղեկատվության, չկա: Էական էլ չէ: Հանդիպման փաստն ինքնին, որպես նախադեպ, ուղղակի «պատմական» է: Իրական շերտում, եթե անկեղծ, փոքր-ինչ անհանգստացնող, որովհետև նշանակում է` իրավիճակը հեշտերից չէ, սպասումներն էլ շատ լավատեսական լինել չեն կարող, չնայած հայոց ոգու միասնանալու, վեր հառնելու աննախադեպ դրսևորմանը:
Բայց քանի որ կա քարեր հավաքելու և քարեր նետելու ժամանակը, և ռեալ-պոլիտիկն ու դիվանագիտությունը վաղ թե ուշ պետք է հաջորդեն միմյանց, ավարտելով ներքաղաքական դիտարկումները, արձանագրենք. ինչպես փոթորկալից ու հախուռն կարողացանք գնալ առաջին գիծ, այդպես կազմակերպված էլ պետք է կարողանանք հետ քաշվել` թույլ չտալով ներքաղաքական կյանքում մեծը փոքրի տեղ օգտագործել, սեփական ամբիցիաների համար օգտագործել իրավիճակը, ինչի միտումներն արդեն իսկ նկատելի են:
Ընդ որում, Սերժ Սարգսյանը կարողացել է շրջափակել ներքաղաքական «դավաճանության» այդ հարթակը (թշնամին շատ լավ գիտե, որ պետք է ներսից քանդել հայոց կերպը), մի դեպքում` իրապես գաղափարական ուժ դաշնակցության հետ համագործակցությամբ, մյուս դեպքում` Տեր-Պետրոսյանի հրավերով` նրա տուն այցելությամբ:
Բաց է մնում, ինչպես միշտ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «պարագան»: Մենք այն նույնպես «բաց» թողնենք` եզակի անգամ նրան բացակա չդնելով ու հուսալից հավատալով, նաև աղոթելով, որ նրա դեպքում ևս այս օրերին «հուսո» դռները բացվեն թե՛ ոգու, թե՛ իրական առումներով, և նա ուժ գտնի իր մեջ մասնակիցը լինելու երկու նախագահների սկսած երկխոսության:
Աստված երրորդություն է սիրում:
Իսկ, այ, արտքաղաքական «դռների» մասով եզրակացության հանգելն ուղղակիորեն անհնար է։ Ոչ միայն այն պատճառով, որ դիվանագիական գործընթացները, որպես օրինաչափություն, գորգի տակ են ընթանում, այլ որ այս դեպքում դրանք «ստորգետնյա» են` խաղի անտեսանելի շերտերով: Ռազմականի մի շերտը երևաց. Ադրբեջանը չկարողացավ կատարել իր առջև դրված «բարձր առաջադրանքը»՝ բլիցկրիգով որոշակիորեն առաջ գալ, գեթ մեկ-երկու գյուղ ու տարածք գրավել, փոխել ռազմական ստատուս քվոն, որպեսզի միջազգային հանրությունն էլ ըստ այդմ նստի բանակցային սեղանի շուրջ` նոր ճանապարհային քարտեզով: Ասել է` Ալիևն իր անկարողությամբ խառնեց նաև «միջազգայինների» հաշվարկները, ու հիմա վերջիններս փորձում են արագ վերադասավորվել:
Վերադասավորումներից ամենաէականը, թերևս, թուրք-ռուսական սկսվող «մեղրամիսն» ու Չավուշօղլուի նախորդ օրվա` առ Ռուսաստան քնքշանքով լի հայտարարությունն է: Սիրիայում կենաց-մահու թշնամիները բարեկամանում են Արցախում ընկած հայորդիների արյան գնով: Մինչ ուր կհասնի թուրք-ռուսական այդ «գինը», դեռ կերևա, որովհետև Ռուսաստանը, բացի մեր տղերքի` իր զենքով նահատակված դիերից, առարկայական ոչինչ չի ստացել, պարտիան բաց է ու խիստ անհայտ։ Բարեկամացող թուրք-ռուսական տանդեմը կմղի՞ Ալիևին երկրորդ բլիցկրիգի, թե՞ հնարավոր կլինի պայմանավորվել` առանց նոր արյան: Համենայն դեպս, հայոց համար կրկին ու կրկին «ճշմարտության պահ» է՝ մեկ վատ, մեկ լավ արձանագրմամբ՝ Հայաստանն այս փուլում ոչ մի դաշնակից չունի: Հայաստանը մեկ անգամ` 1994-ին, մեկ անգամ էլ այս օրերին արդեն իսկ հաղթել է պատերազմում:
Իսկ Մովսեսին Աստված ասել է` քո ձեռք բերած ոտնատեղը քեզ եմ տալու հավիտյան:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ