USD481.93
EUR569.16
RUB8.37
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Փեթարա Իսրոն

Փեթարա Իսրոն
12.04.2016 | 10:01

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Ձորը բերնեբերան լցվել էր տագնապով։ Քարանձավը թեև սարսռում էր արյունոտ լուրերից, բայց իր տաք շնչով գրկել էր ֆիդայի Իսրոյին։ Փեթարա արծիվը քարանձավի հետ էր խոսում, և նրան ականջ էր դնում 1935-ի արևագալի պաղ քամին։
-Է՜, իմ խեղճ քարանձավ, իմ շեն Էրգիր թողի, էկա, որ քեզի՞ գիշերներ տիրություն էնիմ։ Իմ տուն էս երեք տարի դու ես ու էն գետնափոր գաղտնի սենյակ... Էրգրի սարերում ֆիդայի էի, բոլշևիկի երկրում` ձորերի ղաչաղ։ Կարո՞ղ է՝ բոլշևիկն էլ թուրքի տեսակ է. հայն էլ ունի թուրք, ռուսն էլ, վրացին էլ, թուրքն էլ ունի թուրք։ Իմ թշնամին թուրքի միջի թուրքն է, մյուս ազգերի միջի թուրքն է։ Էստեղ էդոր բոլշևիկ կկանչեն։ Է՜, Էրգիր թուրք ու քուրդ կսպանեի, ու իմ սիրտ կհովնար։ ՈՒ Էրգրում թուրքին զարկելու համար սովետի երկրում բոլշևիկ ինձնից վրեժ կլուծի. էդպես մենակ ախպեր ախպոր թասիբին կկանգնի։ Հըյլե՜, էսօր սովետական Թալինի չոլերի ղաչաղ եմ դարձե... Երևի Աստված սասունցու տառապանքով մարդու համբերության սահման կչափե։
Իսրոն ցավից մռնչաց։ Ձորն իր գիրկն առավ մռնչոցը ու Այնալուի (Դավթաշենի) ձորից տարա՜վ-տարավ հասցրեց Աշնակի ձոր, այնտեղից սահելով հասավ մինչև Արաքսի ափ ու զգուշորեն անցավ սահմանը, հետո քսվեց Մասիսի փեշերին, Թոնդրակ սարի մոտ խառնվեց գաղթի ճամփեքին, ցերեկը թաքնվեց, քարանձավ ու ձոր մտավ, գիշերը գնա՜ց ու գնաց, արևպատոցին հասավ Սասունի ու Մշո դաշտի խաչվանք՝ Փեթար։ Մռնչոցը մտավ Իսրոյենց ավերված թոնրատուն. թոնրի մեջ հացահոտ չկար։
Իսրոն գազազած քամուց արյան հոտ առավ, աչքերը արտի կողմը թեքվեցին։ Մատը զենքի ձգանին՝ դեպի իրեն էր դանդաղ ու զգուշավոր գալիս Թալինի շրջանի միլպետը։
«Սա հաստատ մենակ չէ։ Թե որ սրան խփեմ, մեկ է՝ սրանցից հիմա պրծում չի լինի, համ էլ Տեր-Քաջի Ադամին ու Վարդանին էլ կխփեն։ Տեսնիմ՝ էդքան ուժ կունենա՞ ինձ վրա կրակելու»,- ելք էր փնտրում Իսրոն՝ մատի վրա հանգիստ խաղացնելով մաուզերը։ Միլպետը ցնցվեց՝ «Իսրոն որ տեղից չշարժվեց, ուրեմն մի բան կա. երևի ծուղակ է սարքել մեզ համար։ Էս ղաչաղը Էրգրում ահ ու սարսափ էր թուրքին։ Հաստատ մի բան մտածել է՝ մատով մաուզերն է խաղացնում, աչքն էլ չի թարթում...»։ Միլպետի ձեռքը ակամա սկսեց դողալ. «Որ էնկավեդեի տղերքին օգնություն կանչեմ, Իսրոն առաջին գնդակն իմ ճակտին կզարկի։ Ավելի լավ է ողջ հետ գնամ։ Թե որ պատմեմ էս մասին, ինձ գործից կհանեն, հաստատ կգնդակահարեն հակասովետական ղաչաղից վախենալու համար։ Ավելի լավ է սուսուփուս հետ դառնամ, քանի Իսրոն բարի է»։ Միլպետը մատը ձգանից դանդաղ հեռացրեց և զգուշորեն հետ գնաց։ ՈՒզեց ինչ-որ խորամանկ բան ասել համարձակ ֆիդայու սիրտը մի քանի վայրկյան շահելու համար, բայց դողացող շրթունքները կպել էին իրար, և չասված բառերը մոլորվել էին բերանում։ Իսրոն նույն հեգնական ժպիտով մաուզերն էր խաղացնում։ Երբ Իսրոյի տեսադաշտից դուրս եկավ, գունատված միլպետի լեզուն բացվեց ու յուրայիններին գոռաց՝ «Տղե՛րք, Փեթարա Իսրոն էս կողմերում չի՛, հե՛տ գնացեք»։
Իսրոն զգուշորեն հասավ արտի քարախուչը, որի տակ իր ու ընկերների՝ Տեր-Քաջի Ադամի և Վարդանի գետնափոր թաքստոցն էր։ Գաղտնի դռան քարը զգուշորեն մի կողմ հրեց և ներս մտավ։
-Թալինի միլպետն էր եկել։ Խումբը մյուս կողմն էր գնացել։ Ես մաուզերի հետ էի խաղում, քթի տակ ժպտում։ Մենակ էր, ուժ չունեցավ ինձ վրա կրակելու։
Իսրոն թեքվեց խսիրին։ Թաքստոցում մութ էր, միայն դրսից լսվում էր Չաթինդաղի սարերում չափչփող անդարդ քամու թեթև շվշվոցը։
-Ադա՛մ, սուլթան 1907 թվականին ինձ, Իշխան Պետոյին ու Պողոսին 101 տարվա բանտարկության դատապարտեց։ Իմ հոգուն մեղք չենիմ՝ Բիթլիսի բերդի խուց էլ թաքստոցից լավ էր։ Մի քանի ամիս հետո փախա թուրքական բանտից, մեկ տարի հետո՝ Պետոն, երեք տարի հետո՝ Պողոսը։ Սուլթանից պրծում եղավ, համա սովետի բոլշևիկից չկա՛... Ո՞Ւր փախնիմ, իմ կին ու չորս էրեխեք իմա՞լ թողիմ։ Յոթ տարի Մեհրիբանում (Կաթնաղբյուրում) իմ տան մեջ շինած թաքստոցում ապրա, գիշեր թաքուն կելնեի, էրեխեքիս, իմ մոտիկներին կտեսնեի ու նորեն կփակվեի։ Էդ թաքստոց մեր Սասնա Պստիկ Մհերի Ագռավաքարու պես էր։ Մի օր իմ ընկերներից մեկ գինի բերեց, գավաթ լցրեց ու ինձ պատիվ արեց. «Իսրո՛ ջան, խմի մեր ախպերության կենացը»։ ՈՒր աչքերու մեջ ես վախ տեսա, մտածեցի՝ գինին հաստատ թունավորված է։ Բաժակը հետ հրեցի՝ «Դո՛ւ խմի էս գինին»։ Իր հեր գլխի ընկավ ու ձեռք ձգեց բաժակին. «Տան մեծ ես եմ, տվեք ես խմեմ»։ Խմեց ու երկու օր հետո մեռավ։ Իմ գաղտնիք բացվավ, ու ձեր հետ եկա Չաթինդաղի էս ձորեր։ Երկու տարի էս բնի մեջ ենք։ Իմալ կտեսնիմ՝ պրծում չկա։ Երևի ես էլ Մուրուք Կարոյի պես զիմ գլուխ առնիմ, անցնիմ Պարսկաստան, գոնե իմ ընտանիքին հանգիստ թողնին։ Ախր օտար հողի մեջ իմա՞լ ապրիմ. էդպես ապրիլ մեռնելուց ծանր է։
-Իսրո՛, էս կարմիր բոլշևիկ էն սև սուլթանից վերան է, խոսքեր մեկ են արել։ Էն բոլշևիկներու մեծին՝ անհող մեռելին իմա՞լ ախպերացան։ ՈՒր ձեռքեր ու դրոշակ արնոտ են,- շշուկով խոսում էր Ադամը։-Կգոռան, թե ազատ երկիր է, բայց էս չոլի մե՞ջ էլ մարդ շշուկով խոսի. առանց էն էլ ժողովրդի կես ձայնազուրկ է։
Վարդանը թաքստոցի քարը կամաց մի քիչ հետ հրեց. «Իսրո՛, արևմտոց է, ուր որ է քու աղջիկ Զորինազ կերևա, էսօր հաց բերելու օր է»։ Իսրոն մաուզերը լիցքավորեց և զգուշորեն դուրս եկավ գետնափոր թաքստոցից, հասավ գյուղից եկող նեղ կածանի ավարտին գտնվող քերծին։ Նստեց նշանաքարին, վառեց ջղարան։ Ձորը գողացավ Իսրոյի միտքն ու աչքերը, տարա՜վ- տարավ մինչև Սմբատասար, ուր ֆիդայիների հետ տասնհինգ թվականին մեկ ոսկով մեկ հայ որբ երեխա էին գնում քրդերից։
...Իսրոն նստած էր Սմբատասարի քերծին, չզգաց, թե վերջացող ջղարան ինչպես էր վառում ձախ ձեռքի մատները։ Մոտեցողը քուրդ էր, թևի տակ երկու-երեք տարեկան հայ որբուկ։
-Փեթարա Իսրոն դո՞ւ ես, հայի որբ երեխա եմ բերել մեկ ոսկով,- ասաց քուրդն ու ոտքերի արանքում ամուր պահեց երեխային։
-Ես՛ եմ,- վեր կացավ Իսրոն և գրպանները տնտղեց։ -Մնացել է ընդամենը կես ոսկի, էսքանո՛վ պիտի տաս։
-Չէ՛, միայն մեկ ոսկով։ Մյուսներին էդքան եք տվել։ Երեխային հետ կտանեմ,- համառեց քուրդը։
Իսրոն հերսոտեց, բայց ձեռքը մաուզերին չտարավ. «Թե որ սրան զարկեմ, քրդեր կխառնվեն իրար ու որբերին չեն բերի։ Մտնեմ վրան, Փաշի մոտ կլինի...»։
-Իսրո՛, հերսոտած կերևաս,- Փեթարա արծվին նայեց Անդրանիկ Զորավարը։
-Փաշա՛, մի քուրդ հայ որբ է բերել ու մեկ ոսկի կուզե։ Իմ մոտ կես ոսկի է։
Զորավարը քրքրեց գրպանները։ Ոչինչ չէր մնացել, բոլորը տվել էր որբեր բերած քրդերին։
-Էս մեկը կես ոսկով տուր,- փորձեց երկյուղած քրդին համոզել Զորավարը։ Քուրդը թեև արդեն դողում էր, բայց ակամա համառեց։
-Ալադին Միսա՛կ, մոտ արի։ Երգիր քրդերեն ամենահուզիչ երգը՝ «Խուլնգոն»,- կարգադրեց Զորավարը։
Երգը կռունկի մասին էր, կարոտի. ցավոտ էր։ Ալադին Միսակը ցավի լեզվով կռունկի հետ էր խոսում։ Երգն ավարտվեց, Զորավարը հոնքերը դանդաղ վեր բարձրացրեց։ Քրդի աչքերից արցունքի կաթիլներ էին իջնում երեխայի մազերին։
-Փաշա՛, ներո՛ղ եղիր, ինձ ոսկի հարկավոր չէ,- մեղայով շշնջաց քուրդն ու երեխային տարավ Զորավարի մոտ։ Հետո խոր շունչ քաշեց. կարծես ուսերից ծանր բեռ ընկավ։ Քուրդը հանգիստ քայլերով դուրս եկավ Զորավարի վրանից։ Իսրոն երեխային դրեց իր նախշուն խուրջինի մեջ ու բռնեց Մշո ճամփան՝ երեխային բարերարների որբանոց հանձնելու։
...Իսրոն սթափվեց, Չաթինդաղի ձորաբերանով զգուշորեն գալիս էր Զորինազը՝ ձեռքին հացի կապոցը։ «Տե՛ր Աստված, է՞ս է մեր խնդրածը՝ «...տուր զհաց մեր հանապազորդ»... Քանի՜-քանի հայի էրեխա փրկեցի թուրքից մեկ ոսկով, բա հիմի իմ էրեխեքին իմա՞լ փրկիմ, ումի՞ց փրկիմ»,- ատամները սեղմեց Իսրոն ու գրկեց Զորինազին։
-Բաբո՛, Էրգրի էս նախշուն խուրջին ո՞ւմ կթողիս,- ժպտաց Զորինազն ու հացը մեկնեց հորը։
Իսրոն աղջկան տեղավորեց խուրջինի մեջ, ինչպես որբ էրեխեքին, դրեց ուսին ու ծանր քայլերով գնաց քարանձավի կողմը։ Հին ֆիդայուն թվաց, թե քրդի բերած հայ որբուկն է խուրջինում, շուրթերը դնդնում էին Ալադին Միսակի երգը՝ «Խուլնգո՜, խուլնգո՜...»։ Իսրոյի աչքերը մշուշվեցին. ինքը արդեն Մշո ճամփին էր, երեխային տանում էր որբանոց հանձնելու, որ հետո իրենցով Ռուսահայաստանում հայի շիթիլ անեն...
-Բաբո՛, հասանք, թող իջնեմ,- հոր գլուխը կարոտից գրկել էր Զորինազը։
-Հըյլե՜, էս հողում հայի շիթիլ շատ դժվար ծիլ կտա,- մեջքը ուղղեց Իսրոն։- Զորինազ, լա՛ո, հանկարծ էս ճամփեքին քզի օտար մարդ հարցնի, կասես, որ ծաղիկ է ման գիկաս, բրաբիոն ծաղիկ։
-Բրաբիո՞ն, էդ ի՞նչ ծաղիկ է, բաբո՛, մեր չոլերում չկա՞։
-Լաո՛, էդ ծաղիկ Մարութա սարին ու Ծովասարին կաճեր։ Մուրազով ջահելներ իրար կնվիրեին,- աղջկա ձեռքերը համբուրելով՝ պատմում էր Իսրոն։
Քարանձավ մտան Տեր-Քաջի Ադամն ու Վարդանը։
-Մի մատ աղջիկ էրեխեն չոլերով մեզի հաց կբերի. Էս հաց իմա՞լ ուտինք,- գլուխը տարուբերեց Ադամը՝ ծանր կուլ տալով լավաշի կիսածամ պատառը. կարծես քար էր կուլ տալիս։
Իսրոյի աչքերը մեխվեցին հացը փաթաթած «Սովետական Հայաստան» թերթի երկու նկարներին՝ Լենինն ու Ստալինը իրար կողքի։ Մռայլվեց, զայրույթով թքեց. «Թո՛ւ, էս սուրբ լավաշ հաց հարամ եղավ։ Լա՛ո, էս անհող մեռելն ու էս դահիճն են մեզի քարանձավ բերե։ Ադա՛մ, էս լավաշ փռե արևու տակ՝ թող մաքրվի հալալվի, իսկ էդ նկարներով գազեթը պահի՝ ուրիշ բանի պետք գիկա...»։ Իսրոն անհանգիստ շարժում արեց. «Զորինա՛զ, էս շներու նկարներից էլ զգույշ մնացեք, իրենց նկարն էլ մարդասպան է. քու մեր Թութիային էլ ապսպրե՝ էդ նկարներով գազեթից հեռու մնան՝ չճմռթեն, բան սրբեն ու դեն նետեն։ Բոլորին Սիբիր կքշեն։ ՈՒր որ է մութ կընկնի, իմ խորոտ ու հերոս աղջիկ, շուտ հասի տուն։ Մերոնց ասա՝ վաղ գիշեր տուն գիկամ»։ Իսրոն քարը կամաց հետ հրեց, նայեց չորսբոլոր ու աղջկան դուրս հանեց թաքստոցից։ Զորինազը վազում էր մայր մտնող արևի ուղղությամբ։ Իսրոյին թվաց, թե աղջիկը ձուլվեց արևին ու գնաց արևի հետ։ Կարմիր մայրամուտ էր իջել Մեհրիբանին։
...Կեսգիշերն անց էր, հանգել էին ձեթի ու նավթի ճրագները։ Իսրոն սարսուռով էր անցնում իր հիմնադրած գյուղի մութ փողոցներով։ Հեռվից իրենց շունը մի թեթև մարդահաչով հասկացրեց, որ ճանաչել է տիրոջը։ Մոտ վազեց։ Տերը ձայն չհանեց, շունը գիշերային այդ թաքուն հանդիպումներին հոտով էր ճանաչում տիրոջը։ Կինը զգուշորեն կպցրեց ձեթի ճրագը։ Երեխաները փաթաթվեցին հորը։ Թութիան, որ Իսրոյի հետ Էրգրում սար ու ձոր ձիավոր էր արշավել, ձեռքերը կրծքին խաչած, վիզը ծուռ՝ կանգնած էր։ Հետո հացաշորը քրքրեց, կորեկհացի վերջին պատառը դրեց սեղանին, հետն էլ վերջին գլուխ սոխը։
-Ես կուշտ եմ,- ձևացրեց Իսրոն՝ հացի պատառն ու սոխը հրելով երեխաների կողմը։
-Իսրո՛, անցած անգամ որ եկար, քո գնալուց հետո գյուղսովետի նախագահը առավոտյան մեր բակում իբր ինչ-որ կորած բան էր փնտրում։ Նրա փնթփնթոցից մենակ Սիբիր բառը լսեցի։ Առավոտ չուրի իրիկուն մեր էրեսով կիդան. «Իսրոն ժողովրդի թշնամի է, իբր քո պատճառով կոլխոզի բերք փչացավ, սով ընկավ մեր գեղ։ Ախր դու թուրքի՛ թշնամին ես, բա էս բոլշևիկներ ի՞նչ հաշիվ ունին քու հետ։ Էն խեղճ Մուրուք Կարոն էլ ճարահատ իր քոչ թողեց էստեղ, անցավ Պարսկաստան»։ Իսրոն մռայլվեց. «Ա՛յ կնիկ, տան մեջ էլ էդ մասին բարձր մի խոսա. հիմի պատերն էլ ականջ ունին»։ Ծանր մի կասկած սողոսկեց Իսրոյի սիրտը, երկար նայեց խսիրի վրա կուչ եկած չորս երեխաներին։ Ճրագի թրթռացող աղոտ լույսի մեջ Թութիան տեսավ Իսրոյի աչքերից գլորվող ցավի կաթիլները։ Հին ֆիդային անզորությունից անձայն լալիս է։
Լիալուսինը շաղվել էր Չաթինդաղ տանող արահետին։ Իսրոն ծանր էր գնում։ Իրեն թվաց, թե մինչև ծնկները ոտքերը խրվում են հողի մեջ. հողը էլ չի դիմանում իր ցավին։ Ադամամութը նահանջում էր։ Նստեց ձորաբերանին։ Աչքերը որսացին դիմացի լանջին հանգիստ բարձրացող գայլին։ Առավոտյան պաղ քամին մարդկային ձայներ հասցրեց Իսրոյի ականջին։ ՈՒզում էր ազատությունը վայելող գայլին երանի տալ, չհասցրեց։ Թալինի, Հոկտեմբերյանի և Աշտարակի շրջանների միլիցիայի տասնյակ աշխատողներ շրջապատել էին տարածքը։ Վազեց քարանձավ, ոտնաձայնից վեր թռան Ադամն ու Վարդանը։
-Շրջապատված ենք, մեզ մատնել են,- գոռաց Իսրոն՝ քարերի արանքից վերցնելով մաուզերի վերջին փամփուշտները։ Ձորաբերանի ժայռին դիրք բռնեցին։ Իսրոն առջևից եկողին նշան բռնեց։ Մատը երկար մնաց ձգանին. «Ես իմա՞լ կրակեմ հայի վրա։ Ով գիտի՝ սրանց մեջ չկա՞ մեկ ոսկով իմ փրկած որբերից։ Կարմիր բորենի, դու ո՞ր մեղքի համար հային հանիր հայի դեմ»։
-Հանձնվի՛ր, ժողովրդի թշնամի,- հեռվից գոռաց հարևան Եղնիկ գյուղի նախագահը։ Օպերացիան ղեկավարող Թալինի միլպետը շտապ հրահանգեց. «Առաջին զարկը Իսրոյին կտաք։ Որ կենդանի մնաց, մեզնից ոչ մեկը ողջ չի մնա»։ Իսրոն օդի մեջ էր կրակում. «Ես կմեռնիմ, բայց հայասպան չե՛մ դառնա»։ Համազարկի գնդակներից մեկը խոցեց Իսրոյի գլուխը։ Փեթարա արծիվն ընկավ մեջքին՝ մաուզերը սեղմած ափի մեջ։ Ընկավ նաև Տեր-Քաջի Ադամը, Վարդանը վիրավորվեց։
-Սրանց հողով ծածկենք, որ կոլխոզի անասունները համաճարակ չընկնեն,- կարգադրեց ղեկավարը։- Քանի որ երկուսն էլ կոլխոզին դեմ էին, իրար հակառակ թաղենք՝ ոտուգլուխ։
Մեկ ժամ հետո խումբը հաղթական անցավ գյուղի գլխավոր փողոցով՝ Իսրոյի տան մոտով։
Գիշերը Իսրոյի հարազատներից մի քանիսը թաքուն բարձրացան Չաթինդաղի սարալանջ։ Ձորաբերանին փոս փորեցին, ֆիդայու պատաններով փաթաթեցին գնդակներից բզկտված հին ֆիդայիների մարմինները և կողք կողքի հողին հանձնեցին Էրգրի արծիվներին։ Առավոտյան նրանց գերեզմանին գյուղացիները մի գրություն տեսան՝ ԵԿԱՆՔ ՈՒ ԳՆԱՑԻՆՔ...



Դիտվել է՝ 61780

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ