Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արցախի և Հայաստանի 520 ՀԿ դիմել է Եվրոպական խորհրդարանին

Արցախի և Հայաստանի 520 ՀԿ դիմել է Եվրոպական խորհրդարանին
12.04.2016 | 11:05

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը ապրիլի 11-ին համատեղ կոչով դիմել է Եվրոպական խորհրդարանին: Կոչում անդրադարձ է կատարվել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններին և չորս հիմնական պահանջ է ներկայացվել: Եվրոպական խորհրդարանին ուղղված համատեղ կոչը ստորագրել են Արցախի և Հայաստանի ավելի քան 520 հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրներ, որ պատերազմական գործողությունների ընթացքում աշխատել են շփման գծում, ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների ղեկավարներ: Ներկայացված ծավալուն փաստաթուղթը Եվրախորհրդարանի պատգամավորների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաների ու պարտավորությունների կոպտագույն խախտումների վրա` հատուկ ընդգծելով ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի կանխամտածված և հարձակողական բնույթը, ուղղված քաղաքացիական բնակչության դեմ` ներառյալ երեխաների և ծերերի: «Անհնար է պատկերացնել որևիցե հիմնավորում, որը կարող է արդարացնել խաղաղ բնակչության նկատմամբ նման վայրենի վերաբերմունքը»,- ասված է փաստաթղթում, որում նաև նշված է ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի, և ևս երկու վիրավորված դպրոցականների մասին։ Նշվում է նաև Արցախի Թալիշ գյուղում ադրբեջանցի զինվորների կողմից խոշտանգված, խեղված և սպանված Խալափյան ընտանիքի երեք անդամների դեպքը:
«Ի դեմս այլ վայրագությունների՝ ԼՂՀ պաշտպանական բանակի զինվորներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը և Քյարամ Սլոյանը գլխատվեցին և ենթարկվեցին ԴԱԻՇ-ին արժանի սահմռկեցուցիչ կտտանքների: Ադրբեջանական բանակի գործողությունները կոպտորեն խախտում են մարդասիրական կոնվենցիաները, հակասում պատերազմի օրենքներին և սովորույթներին, դուրս են ամեն տեսակի քաղաքակրթական նորմերից»,- վկայակոչում է փաստաթուղթը:
Համատեղ կոչով հանդես եկած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմը, որը ներկայացված է տարբեր հասարակական-քաղաքական ճամբարներից 215 ՀԿ-ներով, ցուցաբերել են աննախադեպ միասնականություն իրենց դիրքորոշման հարցում, հայտարարելով իրենց անվերապահ աջակցության մասին: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի՝ ընդդեմ ԼՂՀ-ի և ԼՂՀ բնակչության իրականացրած վայրագությունները և պատերազմական հանցագործությունները, նրանք Եվրոպական խորհրդարանից պահանջել են.
-«խստորեն դատապարտել Ադրբեջանի՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և վերջինիս բնակչության իրականացրած վայրագությունները և պատերազմական հանցագործությունները,
-խստորեն դատապարտել Թուրքիայի և Իսլամական համագործակցություն կազմակերպության կոչերը ուղղված Ադրբեջանին, որով նրանք հորդորում են շարունակել ռազմական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության,
-վերահաստատել, որ հակամարտության կարգավորման միակ ընդունելի ճանապարհը խաղաղ բանակցություններն են և
-կոչ անել ԵԱՀԿ Մինսկի խմբին վերականգնել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կարգավիճակը որպես բանակցությունների լիիրավ կողմ»,- ասված է փաստաթղթում: Հայաստանի եվրոպացի բարեկամներ (ЕuFoA) միջազգային կազմակերպությունը հպարտ է այս նախաձեռնության մասը լինելու համար և պատիվ ունի փոխանցելու այս կոչը Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ ապրիլի 12-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին լսումներին ընդառաջ։

Դիտվել է՝ 1952

Մեկնաբանություններ