Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Թուրքիայի հայերը տեսանելի ապագայում դեռ էլի մնալու են «պատանդի» կարգավիճակում»

«Թուրքիայի հայերը տեսանելի ապագայում դեռ էլի մնալու են «պատանդի» կարգավիճակում»
15.04.2016 | 00:23

Սահմանային լարվածության այս օրերին Թուրքիայում տիրող տրամադրությունների և հնարավոր զարգացումների մասին է մեր զրույցը Ermenihaber.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր, թուրքագետ ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:

-Կարելի է ենթադրել, որ տեղի հայերի մտահոգությունը մեծ է, սակայն որևէ կերպ արձագանքո՞ւմ են կամ կարող են արձագանքել Հայաստանի համար օրհասական այս խնդիրներին:
-Թուրքիայի հայերը եղել են, կան ու, ցավոք, տեսանելի ապագայում դեռ էլի մնալու են «պատանդի» կարգավիճակում: Խնդիրը բնավ թուրքահայերի, նրանց հայրենասիրական մղումների, կամ ազգանվեր պատրաստակամության բացակայությունը չէ, այլ այն պայմանները, միջավայրը, իսկ շատ դեպքերում՝ նաև հետևանքները, որոնց մեջ գտնվում են նրանք: Իհարկե, կան առանձին անհատներ, որոնք Թուրքիայի պայմաններում անսովոր համարձակություն են դրսևորում՝ արտահայտելու իրենց բողոքը, հնչեցնելու իրենց քննադատությունը, դատապարտելու իշխանությունների պահվածքը: Բայց նրանք կամ հայտնվում են բանտում, կամ այլ եղանակներով հնարավորինս մեկուսացվում: Գալով հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում Բաքվի սանձազերծած քառօրյա պատերազմին՝ պիտի ասել, որ թուրքահայ համայնքի որևէ զանգվածային միջոցառում չի արձանագրվել: Փոխարենը Իգդիրում, Ստամբուլում, մի քանի այլ տեղերում տեղի են ունեցել ադրբեջանցի ուսանողների բողոքի ցույցեր, որոնք ընթացել են թուրքերի լիակատար աջակցությամբ: Բողոքի այդ ակցիաները շատ հաճախ ուղեկցվել են հայկական դրոշի հրկիզմամբ: Ցուցարարները հայտարարում էին, որ 300-միլիոնանոց թյուրքական աշխարհը անգամ մի հատիկ քար չի զիջելու 3-միլիոնանոց Հայաստանին:
-Մեր հայրենակիցների լռությունը, ասել է թե, պարտադրվա՞ծ է:
-Թուրքահայ համայնքի լռությունը բացատրվում է զուտ անվտանգության նկատառումներով: Բռնապետական ռեժիմով կառավարվող այդ երկրում խիստ դժվար է գիտակցված կերպով ընդառաջ գնալը հետապնդումների, բռնաճնշումների, կամ, որ էլ ավելի վատ է, հայատյացության մթնոլորտի թեժացմանը: Հայանպաստ որևէ պայքար միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից: Տեսեք, նույնիսկ պահպանված լռության դեպքում քաղաքական որոշ շրջանակներից կոչեր հնչեցին, որ իշխանությունները պիտի անհապաղ արտաքսեն իրենց հաշվարկներով մոտ 100000 անլեգալ բնակվող հայաստանցիներին: ՈՒ համարվում էր, որ դա զորակցություն կլինի Ադրբեջանին:
-Թուրքիայի հայկական մամուլը նույնպե՞ս լուռ է:
-Թուրքիայի հայկական մամուլը լռություն չի պահպանել և, ի պատիվ իրեն ու ի տարբերություն թուրքական բազմաթիվ լրատվամիջոցների, ղարաբաղյան դեպքերը ներկայացնում էր նաև հայկական տեղեկատվության հիման վրա: Մասնավորապես ներկայացնում էին և ադրբեջանական, և հայկական պաշտոնական աղբյուրների հայտնած տեղեկությունները՝ այդ կերպ զերծ մնալով իրադարձությունները միակողմանիորեն ներկայացնելու արատավոր գործելաոճից:
-Ինչպե՞ս էր իրեն դրսևորում Թուրքիան Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին:
-Թուրքիան հենց սկզբից, ողջ ընթացքում ու մինչև հիմա գրեթե ամեն գնով ու ամեն կերպ սատարում է ադրբեջանական կողմին: Օրինակ՝ Ղարաբաղում ռազմական ագրեսիա սանձազերծած Բաքվին աջակցություն են ցուցաբերել նաև թուրք հաքերները՝ մասնակցելով Հայաստանի դեմ իրականացվող կիբեռհարձակումներին: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Aslan Neferler Tim» («Առյուծ զինվորների թիմ») թուրքական հաքերային խմբին, որը մի շարք կիբեռհարձակումներ է գործել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, էներգետիկայի և գյուղատնտեսության նախարարությունների պաշտոնական կայքերի վրա: Այս մարտերի հենց առաջին օրը՝ ապրիլի 2-ին, Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնապես հանդես եկավ գրավոր հայտարարությամբ, որտեղ զորակցություն էր հայտնվում Բաքվին, իսկ մեղադրանքներ ու քննադատություններ՝ Երևանին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին: Հաջորդող օրերի ընթացքում Թուրքիան՝ իր առաջին, երկրորդ դեմքերի մակարդակով, նույնպես իր աջակցությունը հայտնեց Ադբեջանին՝ հավաստիացնելով, որ բոլոր հնարավոր միջոցներով «նպաստելու են ադրբեջանցիների արդար պայքարին»: Նրանք պահանջում են, որ Ղարաբաղի կարգավորմամբ զբաղվեն ոչ միայն եռանախագահները, այլև Մինսկի խմբի բոլոր անդամ երկրները, այսինքն նաև՝ Թուրքիան:
Էլ չեմ խոսում խիստ հավաստի աղբյուրներից ստացված այն տեղեկություններից, որ ադրբեջանական հարվածային ուժերը վերապատրաստվում են թուրք ռազմական հրահանգիչների կողմից: Թուրքական իշխանությունները բացահայտ ասում են, որ Ղարաբաղի հարցը որքան Ադրբեջանինն է, նույնքան ու ոչ պակաս իրենցն է: «Ադրբեջանի ամեն մի զոհը մեր զոհն է,- այդ օրերին ասում էր վարչապետ Դավութօղլուն: - Մենք 78 միլիոն ժողովրդով Ադրբեջանի հետ ենք ու նրա կողքին ենք լինելու մինչև օկուպացված հողերի հետ գրավելը: Ողջ աշխարհը պիտի իմանա, որ Թուրքիան մնալու է Ադրբեջանի հետ ուս ուսի տված՝ ընդդեմ Հայաստանի ագրեսիայի»:
Ակնհայտ է, որ Հայաստանի ու ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանից ոչ պակաս թշնամաբար է տրամադրված հարևան Թուրքիան:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ