Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եվ Նալբանդյանն ասաց

Եվ Նալբանդյանն ասաց
15.04.2016 | 00:28

Այս օրերին բոլորն են համակվել հարցեր տալու համաճարակով: Պատասխանների համաճարակ չկա: Նույնիսկ հարցերը բովանդակային չեն այն դեպքում, երբ իրավիճակը թելադրում է, որ արդեն պատասխանների ժամանակն է: Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրին տված հարցազրույցով արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնվեց հարցերի ու պատասխանների միջակայքում՝ նրա պատասխաններից ավելի շատ հարցեր են առաջանում, որոնց պատասխանը, պարզ է, որ մեկն է լինելու. «Դիվանագիտության մեջ գլխավորը ճառ ասելը չէ, այլ զանգ կախելը», իմա՝ պետք չէ ամեն ինչ բարձրաձայնել չթիրախավորելու ու հակաքայլեր չհարուցելու համար: Միանշանակ այդպես է, բայց աշխարհի բոլոր իմաստուն մտքերն ավելորդ կդառնային, եթե մարդիկ գոնե այդ իմաստնության տասը տոկոսն իրենց գործունեության հիմքում դնեին: Ընդհանրապես նույնիսկ զարմանալի է, թե համատարած հարցերի այս օրերին ինչո՞ւ հենց արտաքին գործերի նախարարը որոշեց կրակն իր վրա վերցնել, երբ հարցերի գերակշիռ, եթե ոչ որակական մեծամասնությունն ուղղված է պաշտպանության նախարարությանը: Գուցե երկու նախարարություններն էլ ստեղծված իրավիճակին նույն բացատրություննե՞րն ունեն: Արտաքին գործերի նախարարը կարծում է, որ Ադրբեջանը նախահարձակ եղավ, որովհետև հեռանկար չէր տեսնում բանակցություններում. «Ասել, որ բանակցային սեղանին հայտնված փաստաթուղթն այդքան էլ շահեկան չէ հայկական կողմի համար, իսկ Ադրբեջանը ստիպված ռազմական գործողություններ է սկսում, մի փոքր տարօրինակ է հնչում: Դա դիլետանտիզմ է»: Բայց դա գիտեն բոլորը, ու Բաքուն էլ գաղտնիք չի դարձնում, որ ինքն է հարձակվել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարում են, որ իրենց մանդատի մեջ չի մտնում պարզել՝ ո՞վ է սկսել, իրենց խնդիրը բանակցությունները վերականգնելն է: Մինչև չպարզվի՝ ո՞վ և ի՞նչ նպատակով է սկսել չհայտարարված պատերազմը, հնարավոր չէ բանակցությունների վերադառնալ, որովհետև ակնհայտ է, որ այլևս ստատուս քվոն չի գործում, և բանակցող կողմերը նախկինից տարբեր պայմաններ ունեն: Թե Երևանը, թե Բաքուն, թե Ստեփանակերտը: Այո, Նալբանդյանը ճիշտ է, մենք ընտելացել էինք Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը, շփման գծում մշտապես հնչող կրակոցներին, բայց Բաքուն աստիճանաբար առաջ էր շարժվում այդ ուղղությամբ՝ չէր հանդիպում ՄԽ համանախագահներին, հրաժարվեց Վաշինգտոնում նախագահների հանդիպումից, կրակում էր ծանր զինատեսակներով, իսկ մենք սպասում էինք, որ հանկարծ կվերադառնա երեք սկզբունքների քննարկմանը՝ միայն տարածքային ամբողջականությունը տարփողելու փոխարեն ու կցանկանա հարցը լուծել՝ բանակցային սեղանին դրված առաջարկների համաձա՞յն: Ո՞վ էր իրավունք տվել այդքան բարձր կարծիք ունենալ Իլհամ Ալիևի ու նրա վարած քաղաքականության վերաբերյալ: Քաղաքացին ու զինվորը պատասխան տվեցին հարցերին, որոնց չէր պատասխանել իշխանությունը: Չէր էլ նկատել, չէր էլ հասկացել, չէր էլ ձևակերպել: Այսօր արտաքին գործերի նախարարը պատմում է իր տասնյակ զանգերի ու տենդագին աշխատանքի մասին, որոնց արդյունքում միջազգային կառույցներն արագ արձագանքեցին իրավիճակին, նույնիսկ փակագծեր է բացում ու ներկայացնում արձագանքման մեխանիզմները՝ տեղեկատվության ճշտում երկու կողմերից, համադրում այլ աղբյուրների հետ, եզրակացություններ, բայց ո՞ւմ է դա պետք: Խոհանոցի կահույքն ու սպասքը ոչ մեկին չեն հետաքրքրում, գնահատվում է խոհարարի եփածը: Իսկ մեզ մատուցվածը կամ անհամ էր, կամ աղի: Նույն պարիտետային կոչերը՝ կրակը դադարեցնելու, զսպվածության, հարցի խաղաղ լուծման, բանակցային սեղան վերադառնալու մասին: Չկա նախկին սեղանը, ո՞ւր վերադառնան:
Արտաքին գործերի նախարարը բոլոր հոռետեսներին հանգստացնում է՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի գլխավոր էությունն այն է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սա կարմիր թելով անցնում է բոլոր փաստաթղթերի միջով»: Իսկ դա նշանակում է, որ փոխարենը Հայաստանը պիտի տարածքներ հանձնի, որի մասին արտաքին գործերի նախարարը լրացուցիչ հիշեցնելու կարիք չունի՝ տարիներ շարունակ բանակցվել են պայմանները. ինչ՝ ինչի դիմաց: Խնդիրն այն է, որ Բաքուն համաձայն չէ, հենվելով իր ռազմական գերակշռության վրա՝ ուզում է և Ղարաբաղն ունենալ իր կազմում, և վերջ: Եթե արտաքին գործերի նախարարն ուզում էր ակնարկել, որ կան նոր սկզբունքներ, նոր տեսակետներ, նոր առաջարկներ, որոնք չեն կրկնում մադրիդյան, մադրիդյան նորացված, կազանյան կամ այլ քաղաքով հայտնի տարբերակներում, հազիվ թե ընկալվեց:
Իհարկե, «Բոլոր ռազմական գործողություններից հետո ամբողջ պատմության ընթացքում կողմերը վերադառնում են բանակցային սեղանին և նորից սկսում են բանակցությունները: Որևէ մեկը կարիք չունի ռազմական նոր գործողությունների, նոր պատերազմների»: Այս հարցում արտաքին գործերի նախարարը ճիշտ է, բայց նրա հետ համաձայն չեն ոչ Էլմար Մամեդյարովը, ոչ Իլհամ Ալիևը: ՈՒ ի՞նչ:
Հարցազրույցում՝ Ռուսաստանի այս օրերին դրսևորած վերաբերմունքի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու մասին հարցին Էդուարդ Նալբանդյանը պատասխանում է. «Ադրբեջանը չէ, որտեղ տեղակայված է ռուսական ռազմական բազան, Ադրբեջանը չէ, որ ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը չէ, որ ի տարբերություն Հայաստանի՝ ունի տասնյակ պայմանագրեր Ռուսաստանի հետ, որոնք վերաբերում են պաշտպանության, ռազմարդյունաբերական ոլորտներին: Ադրբեջանը չէ, որ ստորագրել է Ռուսաստանի հետ հայտնի 5-րդ արձանագրությունը, և այս շարքը կարելի է շարունակել»: Այդպես է, բայց դա Հայաստանի տեսակետն է, ոչ Ռուսաստանի: Իսկ ինչո՞ւ այդպես: Թերևս հարցը պետք է ուղղել Սերգեյ Լավրովին, բայց նա չէ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, ու նրա պատասխանը բխելու է ՌԴ շահերից: ՀՀ շահերի պաշտպանությունը այլ պետության հանձնելու քաղաքականությունն է բոլոր հարցերի պատասխանը: Թեկուզ՝ պայմանագրերով ամրագրված: Պայմանագրերը կարող են չգործել, իսկ պետությունը դադարներ չունի, պետության ու պետականության զգացողության բացակայությունը ոչնչով չես թաքցնի: Եթե նույնիսկ դու քողարկես, թշնամիդ ի հայտ է բերում անպայման:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Շրջադարձին ձիերին չեն փոխում: Ի՞նչ է փոխվելու, եթե հենց այսօր հրաժարական տան վարչապետը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը: Քաղաքականությունը պիտի փոխվի, նրանք կատարողներ են՝ ավելի կամ պակաս խարիզմատիկ, համոզիչ ու անհամոզիչ, տպավորիչ ու դժգույն: Ընդունված քաղաքականության սահմաններում Էդվարդ Նալբանդյանը լավագույն տարբերակն է՝ աշխատանքային կենսագրության մեջ ունենալով առաջին նախագահի օրոք արված առաջին նշանակումը, մինչև Ֆրանսիայում դեսպան ու ՀՀ արտաքին գործերի նախարար: Պարզապես՝ շրջադարձ տեղի չի ունենում. հակառակ տրամաբանության ու իրավիճակի՝ շարժվում ենք նույն ուղղությամբ ու նույն կառքով: ՈՒ քանի դեռ այդպես է, մշտապես օրակարգում են մնալու ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին, ԵՄ-ին, ՌԴ-ին ու առաջին հերթին Հայաստանի Հանրապետությանը վերաբերող հարցերը:

Տեսանյութ

ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի հարցազրույցը Հ1-ի «Հանրային օրակարգ» հաղորդաշարին
Դիտվել է՝ 1227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ