Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Միակողմանի պատժամիջոցների ամերիկյան քաղաքականությունը գոռոզության և պարզունակ սահմանափակության անմխիթար հետևանք է

Միակողմանի պատժամիջոցների ամերիկյան  քաղաքականությունը գոռոզության և պարզունակ սահմանափակության անմխիթար հետևանք է
15.04.2016 | 00:39

(սկիզբը՝ այստեղ)

Սակայն Իրանը ՈՒկրաինա չէ, և այնտեղ դեռ 2015-ի դեկտեմբերի վերջին, այսինքն՝ հակաիրանական «միջուկային պատժամիջոցների չեղարկման հռչակումից և նոր «բալիստիկհրթիռային պատժամիջոցների» սահմանումից դեռ շատ առաջ աշխարհին բացատրել էին, որ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքի էությունը ատոմը կամ բալիստիկ հրթիռները չեն: Հիշենք. չէ՞ որ նույնիսկ Վիեննայի ԳՀՀՊ-ի ստորագրումը ամերիկացիներն ընկալում են որպես իրենց «հաղթանակ Իրանի նկատմամբ»: Օրինակ, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախընտրական հայտարարությունները, որը հենց իրեն էր վերագրում հակաիրանական պատժամիջոցների անշեղ կիրառման ու, հետևաբար, «Իրանի նկատմամբ հաղթանակի վաստակը». իբր Արևմուտքի հաստատակամությունը այաթոլլահներին ստիպեց զիջել և զիջել անվերջ: Դա նույնպես վկայությունն է այն բանի, որ Վաշինգտոնը բանակցությունների հետաձգման հույս ունի ու, երևի, նաև, որ նոր բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, կստիպի իրանցիներին ընդունել թելադրանքը և ռազմավարական կապիտուլյացիա ստորագրել: Այսինքն, համաձայնել գահին ամերիկյան դրածոյի նստեցնելուն: Այստեղից էլ Քլինթոնի մյուս թեզիսը՝ իբր, պետք է շարունակել Իրանի «պատժումը»: Իսկ Թեհրանը 2015-ի դեկտեմբերի 30-ից ասում է աշխարհին՝ ԱՄՆ-ը չի փոխվել, այդ երկիրն ուղղակի երազում է տապալել Իրանի իշխանությունը և ոչնչացնել նրա պետական կարգը: Այն ժամանակ Պարսից ծոցում «Հարի Տրումեն» ավիակրի հետ կապված ամերիկյան սադրիչ գործողությունները հանգեցրին այն բանին, որ նախագահ Հասան Ռոհանիին հասցեագրված հունվարի 1-ի նամակում Իրանի Իսլամական Հանրապետության պետական շահերի ասամբլեայի քարտուղար, նախագահի նախկին թեկնածու և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Մոհսեն Ռեզային կոշտ արտահայտություններ արեց Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ու նոր սադրանքների առնչությամբ. «Ամերիկյան իշխանությունները չեն ուզում պաշտոնապես ընդունել Իրանի անկախությունն ու հզորությունը և, իրենց իմպերիալիստական սովորության համաձայն, միջամտում են Իրանի ներքին գործերին: Երևում է՝ ինչպես 20 հազար ցենտրիֆուգները ամերիկացիներին ստիպեցին նստել բանակցությունների սեղանի շուրջը և ապացուցել Իրանի միջուկային իրավունքը, այնպես էլ այս դեպքում մենք հույս ունենք, որ շուտով իրանական հրթիռների գործողության շառավիղը կհասնի 5000 կիլոմետրի»: Նա պարզաբանեց. «Ամերիկացիները կարծում էին, թե ԳՀՀՊ-ի իրագործման միջոցով իրենք կկարողանան չարաշահել տնտեսական դարպասի բացումը և թափանցել Իրան: ԱՄՆ-ը Իրանին պատասխանեց ապտակով, սահմանելով նոր պատժամիջոցներ: Սակայն... այդ դավը խեղդվեց դեռ սաղմնային վիճակում»: Ընդգծենք, Ռեզային հակաիրանական նոր պատժամիջոցների մասին խոսում է որպես արդեն որոշված բանի մասին, թեև դա եղել է միայն հունվարի 1-ին:

Դա ապացուցում էր, որ Թեհրանում շատ վաղուց գիտեին, որ հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու մասին ԱՄՆ-ի բոլոր խոսակցությունները «ամենաժողովրդավարական երկրի» ամոթալի բլեֆ են: Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, մարտի 10-ին հանդես գալով Փորձագետների խորհրդի նոր կազմի առջև, հայտարարեց, որ ԱՄՆ-ը ծրագրում է փոխել Իրանի պետական կարգը, սակայն նրան չի հաջողվի հեղաշրջում կազմակերպել: «Մենք,- հայտարարեց երկրի բարձրագույն հոգևոր առաջնորդը,- չպետք է մոռանանք, թե Արևմուտքն ինչ է արել մեզ հետ, և միշտ պետք է հիշենք, թե ում հետ գործ ունենք»: Համաշխարհային ընկերակցությունը միայն Արևմուտքը չէ՝ ամփոփեց Խամենեին, իր երկրի թշնամիներին նախազգուշացնելով, որ նրանք դեռ պետք է հերթ կանգնեն Թեհրանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Մարտի 23-ին հենց նա էլ Իրանի պետական հեռուստաալիքով հայտարարեց. «Ամերիկայի նախագահի պոստի բոլոր թեկնածուները իրար հետ մրցակցում են մեր երկիրը վարկաբեկելու հարցում, իսկ հակաիրանական կոշտ արտահայտությունները թշնամության բացահայտ նշաններ են: Նրանք բոլորն Իրանի թշնամիներ են»: ՈՒ խոսեց նաև Իրանի վրայից Արևմուտքի պատժամիջոցների կեղծ հանման մասին. «Քանի որ արևմտյան բոլոր երկրները գտնվում են Վաշինգտոնի ազդեցության ներքո, երկրի տնտեսությունը և, առաջին հերթին, բանկային ոլորտը, շարունակում են խնդիրների բախվել: Մեր բոլոր բանկային գործառնությունները դժվարացել են, ու մեր միջոցները վերադարձնելն էլ հեշտ չէ: Ակնհայտ է, որ այս ամենի թիկունքում կանգնած են ամերիկացիները, որոնք պատժամիջոցները չեղարկել են միայն թղթի վրա»: Իսկ թե ինչպես է Իրանն արձագանքում թշնամիների պլաններին, աշխարհը կարող էր տեսնել թե՛ Սիրիայի, թե՛ համաշխարհային քաղաքականության ուրիշ շատ խոշոր հարցերի առնչությամբ: Զուգահեռաբար Իրանն ամրապնդում ու զարգացնում է ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ, շարունակելով պատրաստվել, ինչպես բխում է այաթոլլահ Խամենեիի և գեներալ Ռեզայիի խոսքերից, ԱՄՆ-ի հետ կոշտ դիմակայության նոր փուլերին:

Կուբացիներին էլ չխաբեցին Օբամայի ժպիտները, ամերիկա-կուբայական հարաբերությունների «նոր դարաշրջանի» մասին Սպիտակ տան և պետդեպարտամենտի ճոռոմ հայտարարությունները: Թեկուզ և իշխանությունից հեռացած, բայց Ազատության կղզում անվիճելի հեղինակություն վայելող կուբայական հայրենասիրական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրո Ռուսը արդեն արձագանքել է Վաշինգտոնի բոլոր ծամածռություններին: Իր «Օբամա եղբայրը» բաց հոդվածում, որից արդեն մեջբերումներ են անում նաև արևմտյան երկրներում, Ֆիդելն ընդգծում է. «Կուբան իմպերիալիզմի նվերների կարիքը չունի, ժողովուրդը չի ուրանա այն փառքը, իրավունքներն ու հոգևոր հարստությունը, որ ստացել է կրթության, գիտության ու մշակույթի զարգացման շնորհիվ»: Դա ցույց է տալիս, որ Կուբայում էլ ոչ ոքի չի զարմացրել ու չի հիացրել Հավանայում Օբամայի արած հայտարարության այս տողը. «Ես եկել եմ թաղելու ամերիկյան մայր ցամաքում սառը պատերազմի վերջին մնացորդները»: Այսպիսով, կուբացիները հասկացել են, որ նույնիսկ 2014-ի դեկտեմբերին Օբամայի խոստովանությունը, թե Հավանայի նկատմամբ Վաշինգտոնի նախկին քաղաքականությունը չի աշխատում, և նրա հայտարարությունը երկկողմ կապերի կարգավորման շարժում սկսելու և Կուբայի հանդեպ պատժամիջոցները մեղմացնելու մասին, ինչն ավարտվեց 2015 թ. հուլիսի 20-ին դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ և ԱՄՆ-ի նախագահի Հավանա կատարած ներկա այցով, չեն կարող խաբել իրենց: Եվ Կուբան կհիշի, որ պատժամիջոցները վերացնելու և Կուբայի տնտեսությանը պատճառած վնասը հատուցելու կուբայական իշխանությունների ոչ մի առաջարկության Վաշինգտոնը չի պատասխանել: Եվ, դատելով գալիք ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների պահվածքից, չի էլ պատասխանի:

Հասկանալի է, թե այստեղ ինչ կապ ունի Քերիի այցը Մոսկվա: ԱՄՆ-ի պետքարտուղարը, իհարկե, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով չէ, որ եկել էր. նա հազար ու մի խնդիր ունի, որտեղ ԱՄՆ-ը ի վիճակի չէ գործելու առանց Մոսկվայի, ասենք, նույն Սիրիան կամ էլ Եվրոպայում «Իսլամական պետության» ահաբեկիչներին հակազդելու ձգտումը և այլն, և այլն: Բայց եկեք հիշենք, թե ինչու ԱՄՆ-ը, նրա ցուցումով նաև Եվրամիությունը պատժամիջոցներ սկսեցին կիրառել Ռուսաստանի դեմ. իբր՝ Ղրիմի պատճառով: Հետո Արևմուտքը սկսեց զբաղվել հակառուսական պատժամիջոցների երկարացման խնդրի լուծմամբ՝ արդեն ասես թե «լռելով» Ղրիմի մասին, իբր՝ առայժմ չենք հանում: «Ռուսաստանը չի կատարի ՈՒկրաինայի վերաբերյալ Մինսկ-2 համաձայնագրերը»: Հիմա Քերին Մոսկվայում կրկնեց նույնը. «Ամեն ինչ կախված է Ռուսաստանից և Մինսկ-2-ի կատարումից»: Ճիշտ է, փորձեց այստեղ խցկել նաև «Սավչենկոյի հարցը», թեև, իհարկե, Մինսկ-2 համաձայնագրերի Դոնբասի վերաբերյալ տեքստի (ոչ թե ՈՒկրաինայի կամ Ռուսաստանի) ոչ մի կետում չի խոսվում այն անձանց ճակատագրի մասին, ովքեր այս կամ այն հանցավոր մտադրությամբ ապօրինաբար թափանցել են ՌԴ-ի տարածք: Ռուսները մի ասացվածք ունեն. «Մահը կգտնի պատճառ»: Հիմա այս կամ այն երկրի դեմ ուղղված ամերիկյան պատժամիջոցներն են. չցանկանալով բացահայտորեն խոստովանել, որ նույն Ռուսաստանի, Իրանի կամ Կուբայի նկատմամբ թշնամանքի պատճառը ոչ թե «ղրիմներն» են, «ամերիկյան դեսպանատան գրավումը» կամ տնտեսության կարևորագույն ճյուղերի ազգայնացումը, այլ Վաշինգտոնի սևեռուն ցանկությունը աշխարհի բոլոր մայրաքաղաքներում իշխանության գլուխ տեսնելու բացառապես ամերիկամետ խամաճիկների, ԱՄՆ-ն սկսում է իր «պատժամիջոցային խաչակրաց արշավանքն» ընդդեմ այդ պետությունների:

Հիմա քչերը կարող են հիշել, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքը միակողմանի պատժամիջոցներ էին սահմանել նաև Չինաստանի դեմ՝ այն բանից հետո, երբ ՉԺՀ-ի իշխանությունները կոպտորեն ճնշեցին ամերիկամետ խամաճիկների ապստամբությունների փորձերը երկրում, հատկապես 1989 թ. Տյանանմինի հրապարակի իրադարձություններից հետո: Չինական տնտեսությունը հաղթահարեց «խեղդամահ անող միջոցները», և Արևմուտքը փոխեց մարտավարությունը, սկսեց ընթանալ ՉԺՀ-ն իր ֆինանսական և բանկային ոլորտների կառուցվածքային սխեմաների մեջ ներգրավելու, չինական տնտեսության մեջ ներդրումների սահմանափակումները վերացնելու ուղիով: Արևմուտքի հարվածներին, ընդհանուր առմամբ, դիմացավ նաև Իրանի տնտեսությունը, հակառակ դեպքում ինչպես գնահատել այն փաստը, որ հենց պատժամիջոցների բեռան տակ իրանցիները չտեսնված նվաճումներ ունեցան միջուկային հետազոտությունների, ուռուցքային հիվանդությունների բուժման գործում ատոմային տեխնոլոգիաների օգտագործման, ազգային ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման, տիեզերքի նվաճման և այլ ոլորտներում: Հիմա, այս կամ այն վերապահումով, Ռուսաստանի տնտեսությունն էլ է «դիմանում հարվածին», համենայն դեպս, արևմտյան փորձագետներն իրենք են խոստովանում, որ, ի զարմանս իրենց, ռուսական տնտեսությունը շատ ավելի հեշտորեն ընտելացավ պատժամիջոցների ռեժիմին և լավ էլ առաջ է գնում: Եվ, ինչպես ցույց տվեցին պատերազմական գործողությունները Սիրիայում, պարզվում է՝ ՌԴ-ում արդյունաբերությունն էլ է աշխատում, ՌԱՀ-ն էլ է զարգանում և այսպես շարունակ: Ի դեպ, Չինաստանինն է հերթը ԱՄՆ-ի պատժամիջոցների գծով, եթե չմոռանանք, որ ԻՊ խմբավորումից, Ռուսաստանից ու Իրանից հետո վերջերս հենց Չինաստանը Պենտագոնի կողմից հայտարարվեց իբրև Ամերիկայի հնարավոր թշնամի:

Ցավոք, ԱՄՆ-ի նախագահները պատշաճ դաս չեն քաղում իրենց ագրեսիվ «պատժամիջոցների փորձից» ու դեռևս ի վիճակի չեն հասկանալու, որ այն երկրները, որոնք այս կամ այն ժամանակահատվածում ենթարկվել են ԱՄՆ-ի այդ կարգի էքսպանսիոնիզմի կամ գլոբալիզմի, նույնպես կարողանում են միավորվել: Եվ հասկանալի է, թե ինչի դեմ. ԱՄՆ-ի գերիշխող դերի պայմաններում նույնիսկ լավ տարփողված ու հռչակված միաբևեռ աշխարհակարգի ժամանակը անկասելիորեն մոտենում է իր վախճանին: ՈՒ եթե այսօր Վաշինգտոնը սոսկ մասամբ ու հազվադեպ է «հիշում», որ ինչ-որ տեղ ինչ-որ հարց ինքն ի վիճակի չէ լուծելու առանց Իրանի (ասենք, Սիրիան ու Եմենը), իսկ մեկ այլ երկրում մի երրորդ հարց (օրինակ, ԿԺԴՀ-ի միջուկային և հրթիռային ծրագրերը) չի կարողանում լուծել առանց Չինաստանի և Ռուսաստանի, իսկ ամբողջ մոլորակի ընդգրկմամբ մի չորրորդ հարց (պայքարն ընդդեմ համաշխարհային ահաբեկչության) չի կարողանում լուծել և դարձյալ առանց Չինաստանի և Ռուսաստանի, ապա արդեն հեռու չէ այն օրը, երբ ամբողջ աշխարհը ԱՄՆ-ին միաձայն կհամարի բռնակալ, որը վնասակար է մոլորակի համար և արգելակում է երկրների ու մայր ցամաքների զարգացումը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ