Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

«Գնացել եմ եկեղեցի, 100 մոմ եմ վառել, 100 անգամ ներողություն եմ խնդրել»

«Գնացել եմ եկեղեցի, 100 մոմ եմ վառել, 100 անգամ ներողություն եմ խնդրել»
15.04.2016 | 00:43

Արցախին սպառնացող վտանգի պահին սփյուռքն արագ ինքնակազմակերպվեց ու բոլոր միջոցներով փորձեց օգնել հայկական երկու պետություններին: Ինչպիսի՞ ներկայացվածություն ունեցավ սփյուռքը ապրիլյան դժնդակ օրերին, ո՞ր համայնքն առավել մեծ օգնություն ցուցաբերեց հայրենիքին: Այս և այլ հարցեր «Իրատեսն» ուղղեց սփյուռքի փոխնախարար ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԻՆ, ով սփյուռքահայ կամավորների թվային տվյալները չէր կարող տրամադրել, որովհետև, ըստ պաշտոնյայի, դա ռազմական գաղտնիք է:


Նման արտակարգ իրավիճակների համար սփյուռքի և պաշտպանության նախարարություններն ունեն համատեղ մշակած ծրագիր, որն անմիջապես գործի է դրվել, 18 հազար համահայկական կառույցների շուրջ 30 հազար մասնաճյուղերի ուղարկվել է մոտ 40 հազար նամակ: Ապրիլի 2-ից մինչ այսօր հինգ կոչով նախարարությունը դիմել է շուրջ 100 երկրում ապրող մեր հայրենակիցներին: Սկզբում նախարարությունն իրադարձությունների վերաբերյալ տեղեկություն է տրամադրել և ասել, թե ինչի կարիքն ունի հայրենիքը: «Ապրիլի 2-ի երկրորդ կեսից ողջ սփյուռքը եռում էր, ստանում էինք բազմաթիվ նամակներ: Բոլորի հարցը մեկն էր` ինչո՞վ օգնենք, ի՞նչ ուղարկենք Հայաստան: Բոլորն առաջարկում էին հագուստ, սնունդ, դեղորայք: Եթե պայմանականորեն դրա դեմը չառնեինք, (քանի որ երկրի ղեկավարությունը քանիցս հայտարարեց, որ դրա կարիքը չկա), այդ խառնակ օրերին լրացուցիչ խնդիրների առաջ կկանգնեինք»,- պատմեց Սերժ Սրապիոնյանը` հընթացս հավելելով, որ բազմաթիվ սփյուռքահայեր ցանկություն են հայտնել գալու Արցախ, մասնակցելու պաշտպանությանը: Սակայն նախարարությունը վերջիններիս տեղեկացրել է, որ դրա կարիքն առայժմ չկա, քանի որ այդքան մեծ մարդկային կուտակումները ևս խնդիրներ կստեղծեին: «Պատկերացրեք, տարբեր երկրներից մարդիկ ոտքի են կանգնում ու հայտարարում, որ գնում են Հայաստան` կռվելու այսինչի դեմ: Դա միջազգային սկանդալ կլիներ: Ի պատիվ մեր երկրի ղեկավարության, ամեն ինչ հանգիստ կարգավորվեց»,- նշեց պաշտոնյան` միաժամանակ ընդգծելով, որ սփյուռքին հավուր պատշաճի տեղեկացվել է, թե ինչ կարգի օգնություն է պետք: Այս հարցում Սրապիոնյանը կարևորեց նաև հայաստանյան մամուլի աշխատանքը: «Մամուլը ցույց տվեց ժողովրդի ճիշտ համախմբվածության մակարդակը: Առաջին չորս-հինգ ժամվա ընթացքում մեր մամուլն այնքան հմտորեն ու պրոֆեսիոնալ աշխատեց, որ փակեց ադրբեջանական ապատեղեկատվության ճանապարհները: Ամբողջ աշխարհի ԶԼՄ-ները տարածում էին հայկական աղբյուրների ճիշտ տեղեկությունները: Սա մեծ առավելություն տվեց մեզ, աշխարհը հասկացավ, թե ով է հարձակվել, ով է դաժանություններ արել Թալիշում»,- վստահեցրեց մեր զրուցակիցը` նկատելով, որ ինքն անձամբ մինչ այս իրադարձությունները ևս կասկածներ է ունեցել հայ զինվորի մարտունակության ու նվիրումի առնչությամբ:
«Գնացել եմ եկեղեցի, 100 մոմ եմ վառել, 100 անգամ ներողություն եմ խնդրել մեր երիտասարդությունից, զինվորներից, բոլոր նրանցից, ում նվիրումի հանդեպ թեկուզ մտքում կասկածանք եմ ունեցել: Լավ զինված, անխիղճ թշնամու հետ գործ ունենք, բայց սա ոչ մի հուսահատություն չծնեց: Ոչ մի անգամ այսպիսի միատարր սփյուռքի չէինք հանդիպել»,- ասաց պաշտոնյան, հավաստիացնելով, որ բոլորը մեկ մարդու նման ուզում էին մինչև վերջին թելն ուղարկել Հայաստան:
Սփյուռքի նախարարությունը համայն հայությանը կոչ է արել օգնել բանակին և վնասված գյուղերին գումարի տեսքով: «Հայ դատի» գործունեության շնորհիվ առավել ակտիվ է եղել ԱՄՆ-ի հայ համայնքը, հասկանալի պատճառով որոշակի պասիվություն է ցուցաբերել Մերձավոր Արևելքի հայությունը: Ռուսաստանի հայերի պարագայում օգնությունը լիովին այլ «երանգ» է ունեցել: Ճիշտ է, ՌԴ-ի հայ համայնքը քարոզչական առումով զիջել է մյուսներին, բայց ամենաշատ դրամական օգնությունն է ցուցաբերել Արցախին: «Երբ նախարարն ասում է, որ կա 10 մլն հայության համախմբում, չափազանցություն չկա դրանում, բուն իրողությունն է: Այսօր մենք շարունակում ենք ստանալ «պահանջկոտ» նամակներ` մեզ տվեք ցուցակ, մեզ ուղղորդեք, ի՞նչ անենք, ո՞նց անենք: Նրանց այդ «պահանջատիրությունը» շատ հաճելի է, քանի որ համարում են՝ որտեղ էլ ապրեն, միևնույն է, իրենց երկիրն այստեղ է, իրենք այս երկրի տերն են ու պատասխանատուն»,- ընդգծեց փոխնախարարը, փաստելով, որ հիացած են նաև իրենց նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների զինվոր որդիների հանգստությամբ, ովքեր թեժ օրերին առաջին գծում էին:
Անդրադառնալով սփյուռքում կազմակերպված բողոքի ակցիաներին, Սերժ Սրապիոնյանը մի նկատառում արեց. «Սփյուռքի մեր հայրենակիցները տարբեր երկրների քաղաքացիներ են, և մենք չենք ուզում, որ այդ երկրներում տարերային շարժումներ լինեն, որովհետև դրանք կվնասեն հենց մեր համայնքին: Պետական քաղաքականությանն ընդդեմ ցանկացած քայլ ճիշտ չի ընկալվում: Հայ համայնքի կանոնավոր, օրինապահ կեցվածքով է տվյալ երկիրը գաղափար կազմում հայության և Հայաստանի մասին»: Իսկ պատերազմական օրերին սփյուռքի նախարարությունն ինչպե՞ս աշխատեց, ի՞նչ բացթողումների հանդիպեց՝ հարցադրմանն ի պատասխան փոխնախարարն ասաց. «Առաջին մի քանի ժամում կազմակերպական թերություններ կային, ընդհուպ կարգապահական տույժերի կիրառում: Կային նաև օպերատիվության, տեխնիկական խնդիրներ: Մեզ շատ օգնեց պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը: Պատերազմական իրավիճակում սփյուռքի նախարարության խնդիրը չէ ռազմաստրատեգիական քաղաքականության մշակումը: Սա պետք է շտկել, որովհետև դրա հետևանքով ևս խնդիրներ առաջացան: Էքստրեմալ այս վիճակը մեզ ապացուցեց, որ մենք ոչ աշխատանքային օր չպետք է ունենանք: Ոչ մի վայրկյան ծուլանալու, հանկարծակիի գալու իրավունք չունենք: Սփյուռքը միշտ պետք է պատրաստված լինի: Կարծում եմ՝ մենք նախօրոք պետք է իմանայինք, թե նման դեպքերում ինչ ցուցումներ պետք է տրվեն սփյուռքին»,- հստակեցրեց սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, այն դիտարկմանն էլ, թե շատերը պնդում են, որ աշխարհը վախենում է ավելի շատ հայկական սփյուռքի, քան Հայաստանի ներուժից, ավելացրեց, որ իր կազմակերպվածությամբ ու լծակներով սփյուռքը հարգանք է ներշնչել տարբեր երկրների ղեկավարներին: «Այսօր առանց մեր սփյուռքի հետ հաշվի նստելու այդ երկրներում ինչ-ինչ քաղաքական խնդիրներ չեն կարող լուծել: Վկան Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքն էր տարբեր երկրներում և այն մոտեցումը, որ դրսևորվեց Հայաստանի նկատմամբ: Սփյուռքը հիրավի հզոր ուժ է»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ