«Որքան երկար տևի ուկրաինական ճգնաժամը, այնքան Եվրոպային և աշխարհին ավելի մեծ վնաս կհասցվի»,- Ֆրանսիա իր այցի կապակցությամբ Չինաստանի կառավարության կայքում և ֆրանսիական Le Figaro պարբերականում գրել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։ Ըստ Ֆրանսպրեսի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր առաջնահերթությունը Սի Ծինպինի Փարիզ այցի ընթացքում լինելու է վերջինիս զգուշացնելը, թե որքան վտանգավոր է Ռուսաստանին ՈՒկրաինայի դեմ պատերազմում աջակցելը։               
 

Ժողովրդագնացություն առ Պուտին

Ժողովրդագնացություն առ Պուտին
15.04.2016 | 00:51

2001-ի դեկտեմբերի 24-ից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շրջանառության մեջ դրեց ուղիղ կապը նախագահի հետ և տարեցտարի ավանդույթը պահպանեց: Ռեկորդայինը տևողությամբ դարձավ 14-րդը՝ ապրիլի 14-ին, միլիոնից ավելի հարցերին հնչեց հիսունմեկ պատասխան: Ռուսաստանի քաղաքացիները հարցեր են տալիս նախագահին ու ստանում րոպեական լուծումներ հարցերին, որ տարիներով չեն լուծել տեղական իշխանությունները՝ սա ուղիղ կապի առաջին առանձնահատկությունն է, որ արձանագրել են իրենք՝ ռուսները: Հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը նույնիսկ առաջարկում է բոլորին ուղարկել թոշակի ու թողնել միայն Պուտինին և ուղիղ կապը նրա հետ: Առաջարկն արդիական է՝ միևնույն է, բոլոր հարցերը Պուտինն է լուծում: Այս անգամ էլ նրան ուղղված հարցերը նույն թեմաներով էին՝ կաշառակերության, ճանապարհների և սոցիալ-տնտեսական իրավիճակի ու գների, ԱՄՆ-ի ու Սիրիայի, բանակի ու նավթի, անձնական խնդիրների ու արտաքին քաղաքականության: Ապրիլի 14-ին նրան հարցրին՝ ամուսնացե՞լ է Լյուդմիլա Պուտինան և ե՞րբ է երկիրն առաջին տիկին ունենալու: Նա պատասխանեց, որ նախկին կնոջ հետ հիանալի հարաբերություններ ունի, երբեմն հանդիպում են, ու նա գոհ է կյանքից: Առաջին տիկնոջ հարցով չխոստացավ ոչինչ: 2018-ի նախագահական ընտրություններին մասնակցության հարցը համարեց շուտ: «Հիմա մենք պետք է մտածենք ոչ թե որտեղ ու ինչ ենք աշխատելու ապագայում, այլ՝ ինչպես արդարացնել մարդկանց վստահությունն այսօր»: Որոշումը կընդունի ըստ իրավիճակի: Իսկ հիմա նա ռուսաստանցիներին խորհուրդ է տալիս չսպասել ոսկե ձկնիկի, այլ աշխատել, որ չհայտնվեն կոտրած տաշտակի առաջ:
12-ամյա Վարյա Կուզնեցովան նախագահին հարցրեց՝ անցյալ տարի ասացիք, որ խեղդվող Օբամային կփրկեիք, իսկ եթե հիմա Պորոշենկոն ու Էրդողանը խեղդվեին, ո՞ւմ առաջինը կփրկեիք: Պուտինը ինքնատիպ էր՝ «Վարյա, դու ինձ վատ վիճակի մեջ ես դնում: Նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասեմ: Եթե ինչ-որ մեկը որոշել է խեղդվել, նրան հնարավոր չէ փրկել: Մենք, իհարկե, պատրաստ ենք օգնության ձեռք մեկնելու մեր ցանկացած գործընկերոջ, եթե ինքը ցանկանա»:
«Անցյալ տարվա սեպտեմբերին Ռեջեփ Էրդողանը Ձեր ընկերն էր, իսկ Թուրքիան քիչ էր մնում ռազմավարական գործընկեր դառնար: Դուք միասին բացեցիք Մոսկվայի նոր մզկիթի դռները, հիմա ընկերությանն ու բարեկամությանը վե՞րջ: Եվ ընդհանրապես՝ ՈՒկրաինա, Մոլդովա, Վրաստան, Թուրքիա, էլի երկրներ, այն տպավորությունն է, որ մենք հայտնվում ենք թշնամական օղակում: Այդ պայմաններում Ռուսաստանը կարո՞ղ է հաջողությամբ զարգանալ» հարցին ՌԴ նախագահը պատասխանեց. «Մենք թշնամական օղակում չենք հայտնվի, դա լիովին բացառված է: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք աշխարհի երկրների ճնշող մեծամասնության հետ: Ես արդեն չեմ ասում՝ ինչքան արդյունավետ է աշխատում Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որն ընդլայնվում է մեծ պետությունների հաշվին, մեր ինտեգրացիոն կազմավորումները՝ ԵԱՏՄ-ն, БРИКС-ը: Մենք հարևանների հետ հիմնականում լավ հարաբերություններ ունենք: Թուրքիային մենք համարում ենք մեր ընկերը, իսկ թուրք ժողովրդին՝ մեզ բարեկամ ժողովուրդ, որի հետ, անկասկած, կառուցելու ենք ամենալավ ու բարիդրացիական հարաբերություններ: Մենք խնդիրներ ունենք որոշ քաղաքական գործիչների հետ, նրանց վարքագիծը համարում ենք ոչ ադեկվատ և համապատասխանաբար արձագանքում ենք: Բայց մենք աշխատում ենք հանգիստ, առանց թռիչքների: Վստահ եմ, որ այդ գիծը՝ Ռուսաստանի նկատմամբ ոչբարեկամական գործողություններին արձագանքելու, ճիշտ է: Անպայման պետք է արձագանքել, այլապես կնստեն վզներիս ու մեզ կքշեն, մեր նորագույն պատմության մեջ այդպես շատ է եղել: Թույլ չենք տա հետդարձ: Մեր շահերը հաշվի առնելով, իհարկե, կզարգացնենք հարաբերությունները մեր բոլոր գործընկերների, այդ թվում՝ հարևանների հետ»: Ի դեպ, այս հարցի պատասխանում ԵԱՏՄ-ի միակ հիշատակումն էր: Իսկ ընդհանրապես Թուրքիայի տեղում դրեք ցանկացած պետության անուն (նաև Հայաստանի) ու կստանաք ռուսական քաղաքականության բանաձևը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ Ղարաբա՞ղը: Եղավ հարց, հնչեց պատասխան՝ Ռուսաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ։ «Շատ զգայուն թեմա է, և ինձ թվում է, որ պետք է շատ զգույշ մոտենանք այդ թեմային։ Դա վաղեմի խնդիր է, վաղեմի հակամարտություն է, որ սառեցված վիճակում էր: Ցավոք, տեղի ունեցավ բռնության այդ պոռթկումը, և մենք կանենք ամեն ինչ, որ կարգավորենք, գտնենք երկու կողմերի համար ընդունելի լուծում։ Իհարկե, այստեղ հարկավոր են Ղարաբաղի վերաբերյալ երկարաժամկետ լուծումներ, որ կարող են ձեռք բերվել, ցանկանում եմ ընդգծել, բացառապես քաղաքական միջոցներով: Հարկավոր է գտնել փոխզիջում: Ինձ թվում էր, որ մենք մի քանի տարի առաջ մոտեցել էինք այդ փոխզիջումը գտնելուն, սակայն, պարզվեց, որ ցավոք, այդպես չէ»: Ռուսաստանը կաշխատի միջազգային կառույցների շրջանակներում, կշարունակի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով գործունեությունը երկկողմ կարգով. «Ռուսաստանը, ով ինչ էլ ասի, շահագրգռված է այդ խնդրի լուծման հարցում, որովհետև մենք ցանկանում ենք լիարժեք աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ»: Պուտինը հիշեցրեց, որ Ռուսաստանում ապրում են մեծ թվով հայեր և ադրբեջանցիներ:
«Ավելին, ես գիտեմ և հայերի, և ադրբեջանցիների, ովքեր, չնայած ողբերգական իրադարձություններին, շարունակում են պահպանել շատ լավ միջանձնային հարաբերություններ, և կարծում եմ, որ դա շատ ճիշտ է: Ռուսաստանը կներդնի իր ողջ ջանքերը, բայց, իհարկե, վերջնական որոշումը պետք է կայացնեն հայ և ադրբեջանցի ժողովուրդները»: Այսքանը: Ռուս-հայ-ադրբեջանական եղբայրություն, ու՝ վերջ: Ով ինչպես է հասկանում, իր ներքին քաղաքականության խնդիրն է:

Դիտվել է՝ 872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ