«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք կյանքում, եթե ինչ-որ բան պատահի` չլացեք»

«Հիշեք մեզ այնպիսին, ինչպիսին եղել ենք կյանքում, եթե ինչ-որ բան պատահի` չլացեք»
15.04.2016 | 00:53

Սա տոհմով, ցեղով, արյունով, տեսակով, մտածելակերպով, կենսակերպով հայիս՝ իմ բալիկի, իմ Քնարիկ քրոջ Աննա դստեր բալիկի` Վիտյայի, Վիկտոր Յուզիխովիչի վերջին գրառումն է` նահատակվելուց կես ժամ առաջ արված, ում լրատվամիջոցներից մեկը՝ արյան կեսը, բայց ոչ մտածելակերպն ու կենսակերպը, կենսադիրքորոշումը հաշվի առած, շտապեց ներկայացնել որպես Արցախի համար նահատակված ուկրաինացի:
Բալիկիս գրառման վայրը Թալիշն է` ազերիի հետ սահմանի անմիջական բերանը:
Իմ տղան մա՞հն է զգացել` զգուշացնելով արցունք չթափել հիմա ու երևի ընդմիշտ, ես պատասխան չունեմ, սակայն երկրի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, թե «հակառակորդի հարձակման մասին մենք հետախուզական տվյալներ ունեինք», մինչդեռ տղաները դիրքում եղել են ընդամենը ութ հոգով, իմ մեջ հարցերի անխուսափ մի ամբողջ շարան է ծնում:
Կարծում եք` ինձ համար անպատասխա՞ն:
1992-94 թթ. արցախյան պատերազմում ու մասնավորապես Շուշիի ազատագրման գործում Սեյրան Օհանյանի ունեցած վաստակը ես վայրկյան իսկ կասկածի տակ չեմ առնում, սակայն հայտարարության տեսքով արված նրա տեղեկացվածությունից, կներեք, սիրտս խառնում է:
Պարոն նախարար, չեմ խնդրում, պահանջում եմ իմ ու ազգի առաջ պատասխանել` գիտեիք ու հրահանգել էիք դիրքը ութ զինվորո՞վ պահել:
Ատամներս սեղմելով, որ ցավիս հետ ուրիշ բաներ չհորդան, պատշաճությունը պահպանում եմ ու ավել բան չեմ ասում: Միայն ավելացնում եմ՝ դու ու քո խիղճը:
Մենք գիտեինք ու գիտենք, որ ազգին զինվոր ենք տվել:
Մենք գիտեինք ու գիտենք, որ պատերազմական իրավիճակներում անխուսափ կորուստներ էլ են լինում:
Այդ թվում՝ նաև մարդկային:
Սակայն մենք մեզ սփոփված կզգայինք, եթե այդ ութից գոնե մեկը փրկված լիներ, որ գնայինք նրան գրկեինք որպես մեր բալիկ, որպես մեր սփոփանք ու մխիթարություն:
Հիմա Դուք, որ այս պահին գոնե ինձ համար արդեն կոնկրետ անձ չեք, այլ երկրի ապահովության, անվտանգության հարցերով զբաղվողների համքարության ներկայացուցիչ, սահմանին տիրող իրավիճակից Ձեր տեղեկացվածությունը իմանալով՝ չեմ խնդրում, պահանջում եմ ասել` մենք Ձեզ մատաղացունե՞ր էինք տվել…
Իսկ Դուք գիտե՞ք, թե՞ նման մանրուքները Ձեզ համար հաշվի մեջ չեն, որ Ձեզ համար մատաղացու, մեզ համար հայրենիքի պաշտպան զինվորը դին դնելու տեղ էլ չուներ, որովհետև նրա հայրական տանն անգամ երեք մարդ չի կարող իրար կողքի կանգնել (կենցաղային այս ծայրահեղ ծանր վիճակից անգամ տուն այցելած քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն էին կարկամել-մոլորվել):
Իսկ Դուք գիտե՞ք, որ գործ չունենալու, ընտանիքի օրվա հացը հոգալու մտահոգության պատճառով էր Ձեր զինվորի հայրը հերթական անգամ մեկնել արտագնա աշխատանքի ու նրան որդուն վերջին հրաժեշտին մասնակից դարձնելու համար ինչպես ենք բերել-հասցրել Հայաստան, թե՞ պետականաշինության կարևորագույն հարցերի մեջ խրված-խրվածներիդ մոտ նման բաները հաշվի մեջ չեն:
Դուք գոնե ի վիճակի՞ եք հաշվի առնելու, որ այդ տանն ապագա զինվորացու է բնակվում, ով այդպես էլ չէր հավատում եղբոր զոհվելուն, թե՞ մեծահոգաբար նրան կզրկեք երկրում բնակվելու հոգսից՝ մղելով արտագաղթի ելքի փնտրտուքների, ինչպես որ Ձեր զինվորի տատիկին եք «գործուղել» արտերկիր, որ այնտեղ վաստակելիք կոպեկներով ընտանիքի հոգսը թեթևացնի, ու ով այդպես էլ չկարողացավ իր առաջնեկ թոռնիկի հուղարկավորությանը մասնակցել: Դուք չե՞ք մտածում, որ սեփական երկրի սեփական քաղաքացու հետ այսպես վարվելը պետական դավաճանությանը հավասարազոր բան է:
Դուք գիտե՞ք, որ երեխային զինվորական պանթեոնում հուղարկավորելուց Ձեր զինվորի ընտանիքը հրաժարվում էր, ինչ է թե քաղաքային իշխանությունները մի երկու մեռել թաղելու հավելյալ տեղ էին տալիս, ու միայն «շնորհիվ» հուղարկավորության նախնական տեղն ընտանիքի տնօրինմանը թողնելու քաղաքապետի խոստմանը «գործարքը» կայացավ:
Դուք գիտե՞ք, որ Ձեր նահատակված զինվորը անգամ մեռնելուց հետո էլ էր մասնակից մնացել ընտանիքի հոգսերին՝ բեռ չդառնալու տագնապով, որքան էլ այս պարագայում այսպես ասելը սրբապիղծ է հնչում:
Կնճռոտ կամ անհաճո հարցե՞ր եմ տալիս:
Այն էլ ոչ տեղին ու Ժամանակի՞ն:
Չէ՜, բարեկամս, նախարարս, եղբայրս, հոգիս:
Ես ո՛չ խղճմտանք եմ հայցում, ո՛չ էլ գութ եմ աղերսում: Ես Ձեզ վերից վար պարզ ու հստակ ասում եմ` հայրենիքի՛ զինվոր է անվերադարձ գնացել այս աշխարհից ու սակավամարդ, արտագաղթողների ահռելի հոսք ունեցող այս երկրի պաշտպանությունը, մեր պապենական ժառանգություն ՀԱՎԱՏՔ-ՄՇԱԿՈՒՅԹ պահողների շարքը մեկով էլ է պակասել:
Ես ասում եմ` ԵՐԿԻՐ պահող մի սյուն էլ է փլվել, այդ երկիրը երկիր դարձնող, նրա ամրությունը պայմանավորող ու պահող տունը կորցրել է ընտանիքի գոյատևման օրվա հացը վաղը վաստակող միավորը:
Ես ասում եմ` մի չծլարձակած սերմ էլ այս աշխարհից անդարձ հեռացավ, որ կարող էր ու պիտի ծիլ տար իր նման զորավոր զինվորի, քաղաքացու, հայրենիքի պաշտպանի տեսքով, ով, հավանաբար, իր ընտանիքի ծայրահեղ ծանր վիճակը նաև նկատի ունենալով, թաղման օրը «համակցեց» մոր ծննդյան օրվան: Միայն թե, աղաչում եմ, Ձեզ լկտիություն չվերապահեք՝ մտածելով` ինչ է եղել, երկու ծախս համատեղվեց:
Ես ասում եմ…
Իմ մեծ ընտանիքը սարսափելի կորուստ է ունեցել:
Իմ բալիկն իր կռիվը մինչև վերջին շունչն է տվել ու թե անսացել է իրավիճակի ողջ անհուսալիությունը գիտակցած հրամանատարի նահանջելու հրամանին, անսացել է նրան չլքելու համար:
Իմ բալիկին` վիրավոր ու արնաքամ, կարողացել են լռեցնել միայն ականով պայթեցնելով: Անասնակերպներն այնքան են սարսափած եղել իմ անշնչացած բալից, որ դիակի վրա էլ են կրակել:
Իմ Վիտյան, ում անվան մեջ իսկ ՀԱՂԹԱՆԱԿ բառն էր, իր երկրի, իրեն ծնած հողի մեծ սիրահարն ու նվիրյալն էր: Հայոց եռագույնը նրա պատվին վեր է բարձրացել ոչ միայն մայր հողում, այլև արտերկրում: Եվրոպայի առաջնությունում եզրափակչից հետո Լեհաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչը տասնչորսամյա պատանյակի համար առաջարկել էր ոսկե սարեր, սակայն իմ բալիկը չէր համաձայնել Եռագույնը մեկ այլ երկրի դրոշի հետ փոխելուն:
Իմ բալիկն այս աշխարհին հրաժեշտ տվեց ԵՌԱԳՈՒՅՆՈՎ ծածկված:
Ինքն այս աշխարհից հեռացավ ԵՌԱԳՈՒՅՆԻ հետ ներդաշնակված:
Դա նրա ընտրությունն էր:
Այդ ինքն էր կամովին ընտրել Արցախում ծառայելը, ու Արցախը նրա համար մեծ հայրենիքի ազատագրման սկզբնաքայլն էր:
Դա ընտանեկան դաստիարակությամբ նրան փոխանցված ՀԱՎԱՏԱՄՔՆ էր, ու մենք, անգամ մեր անմարդկային վշտի մեջ, հպարտ ենք երկրին տված մեր զավակով, հայրենիքը կանգուն պահելու համար ողջ մնացած մեր բոլոր զավակներով, հայրենիքի համար մարտիրոսված մեր հավաքական բոլոր զավակներով: Այդ նրանք են ցեղի իսկական Տեսակը, Երկրի իրական տերերը ու ոչ թե մեր զոհերին, մեր տղաներին իրենց կապիտալ սարքող, Հայրենիքից ու Երկրից բարբաջող օսլայված լրբերն ու նրանց լակոտները, որոնց ո՛չ կարեկցանքի, ո՛չ էլ օգնության կարիքն ունենք:
Եվ, այնուամենայնիվ, այսքանից հետո թույլ տվեք Ձեր ընտանիքին անարցունք գոյություն մաղթել:
Աստված Ձեզ հետ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ