«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Երկրի ձայնը՝ առանց խոսափողի

Երկրի ձայնը՝  առանց խոսափողի
15.04.2016 | 01:13

Ինչ արագ է անցնում ժամանակը՝ 5-օրյա պատերազմի և 10-օրյա խաղաղության ժամանակը: Չհայտարարված պատերազմի և պայմանական խաղաղության: Այս օրերի տեղեկատվական հոսքերում ամենակարևորը՝ Գյումրիում ծնվել է 2 կիլոգրամ 800-գրամանոց տղա: Մայրը՝ Արմինե Խաչատրյանը, պատմում էր, որ որդու անունը Տիգրան են դրել՝ գյումրեցի հերոս Տիգրան Աբգարյանի հիշատակին, որ երեք տանկ է շարքից հանել ու իրեն պայթեցրել՝ սպանելով գրոհող տասնյակ ադրբեջանցիների: Հայրն ասում էր, որ գնալու են ու գտնեն Աբգարյաններին, ասելու են՝ ձեր վիշտը մեր վիշտն է, մեր զավակը՝ ձեր զավակը: Երեք զավակների հայրը ասում էր, որ անսահման երջանիկ է որդի ունենալու համար՝ մեծանա, զինվոր է դառնալու, իսկ եթե կռիվը շարունակվի՝ գնալու է ինքն էլ, որովհետև մեր հողն է, մեր երկիրը, մենք պիտի պաշտպանենք: Վերապատմում եմ՝ դժգույն է ստացվում, նորածին Տիգրան Խաչատրյանի հայրը խոսում էր կցկտուր, իր անձնական երջանկությունից ամաչելով, բայց հաստատուն ու համոզիչ, աներկբա, որ նրա խոսքին քաղաքական ու ռազմական ամենակարևոր նշանակությունն էր տալիս այս օրերին: Երկրի ձայնն էր խոսում՝ առանց խոսափողի, անսեթևեթ, պարզ, անբեկանելի:
Ինչ-ինչ՝ տեղեկատվության պակաս չունեցանք: Ոչ էլ իրադարձությունների: Եթե թվարկեմ, միայն վերնագրեր եմ գրելու և մեկ էլ՝ հետգրություն:
Եվրախորհրդարանի նիստը միայն առանձին թեմա է՝ երբ հայտարարվեց ու չհերքվեց, որ Ադրբեջանը ագրեսոր է, ինչպես ագրեսոր է եղել 24 տարի, Ռամիլ Սաֆարովին հերոսացնող երկրից ի՞նչ եք ուզում, Մինսկի խումբը ոչնչի չհասավ, ելքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է: Ժամանակն է, որ Ռուսաստանը իսկապես օժանդակի խաղաղության հաստատմանը, բայց ինչպե՞ս կարող է դա անել, երբ երկու երկրներին զենքի հիմնական մատակարարն է: Պետք է դադարեցվի կրակը և բանակցային գործընթացը վերսկսվի, շփման գծում պետք է տեղակայվեն հետաքննության մեխանիզմներ: Հայաստանը համաձայն է, Ադրբեջանը՝ ոչ: Պետք է պարտադրել Բաքվին: Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցային սեղան: Պատժամիջոցներ պետք է սահմանվեն Ադրբեջանի նկատմամբ, ԵՄ-ն պիտի օժանդակի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ պայքարում է իր ազատության համար, Եվրոպան չի կարող մենակ թողնել մի ժողովրդի, որ ենթարկվում է սպանդի: ԼՂ հակամարտության էսկալացիան կարող է տարածվել Արևելյան հարևանության երկրներում, պետք է ավելի ակտիվ աշխատել հրադադարի պահպանման ուղղությամբ: Մենք բոլորս գիտենք՝ այս ժողովուրդը ինչքան է տառապել: Հայաստանը անվտանգության առանձնահատուկ իրավունք ունի, մենք չպետք է նրանց մոռանանք: Մենք տեսանք՝ ինչ ճնշման տակ էր Հայաստանը, երբ Ռուսաստանը պահանջեց ԵԱՏՄ-ին միանալ: Ինչքան մենք այնտեղ շատ ներկա լինենք, այնքան տարածաշրջանն ավելի անվտանգ կլինի: Եվ վերջապես՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքը. «Մեծածավալ բախումներից զերծ մնալու համար փոքր քայլ էր ընդամենը պակասում, մենք ավելացնում ենք մեր ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Չափազանց մեծ տառապանք են մարդիկ կրել. հակամարտությունը շարունակում է վտանգ սպառնալ մեր հարևանությանը և խոչընդոտում է երկու երկրների ու ողջ տարածաշրջանի զարգացմանը»: Իտալուհին հիշեց, որ Հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է Եվրոպայի համար, խաչմերուկ է, մեծ ներուժ ունի, որը կասեցվում է անկայունության և պատերազմների պատճառով: «Ե՛վ Բաքվի, և՛ Երևանի հայտարարությունից պարզ է դառնում, որ լուրջ վտանգներ կան, եթե իրավիճակը արագորեն չհանդարտեցվի:

Ապրիլի 2-ին կոչ եմ արել դադարեցնել կրակը և պահպանել հրադադարը, զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են էսկալացիայի հանգեցնել: Վերահաստատել եմ օժանդակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին որպես հակամարտության կարգավորման համաձայնեցված ձևաչափին»: ԵՄ հատուկ ներկայացուցիչը հենց այս շաբաթ կայցելի տարածաշրջան: Հակամարտությունը ռազմական լուծում չունի:
ՈՒ ի՞նչ, ոչինչ:
Նույն օրը՝ ապրիլի 12-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնաց Մոսկվա՝ ԵԱՏՄ վարչապետների խորհրդի նիստին մասնակցելու: Ինչո՞ւ գնաց: Սիրտը ուղտի կա՞թ էր ուզում, որ ԱՄԷ-ն պատրաստվում է ԵԱՏՄ-ին մատակարարել: Մեդվեդևի՞ն էր կարոտել: Նավթի շուկայի հարցերում իր տիրական խո՞սքը պիտի ասեր: Ապրիլի 8-ից՝ կգնա-չի գնա հարցը ալիքի վրա էր: Թեև պարզ էր, որ իբրև պետական բարձրաստիճան պաշտոնյա վարչապետը պետք է հարգի պայմանավորվածություններն ու պարտավորությունները արտաքին քաղաքականության մեջ, բայց նույնքան հարց էր՝ պայմանավորվածություններն ու պարտականությունները հարգելը ԵԱՏՄ-ում միայն Հայաստանի՞ առանձնաշնորհն է, միայն Հայաստա՞նն ունի պարտականություններ ու չունի իրավունքներ: Իր ինքնիշխանությունը հարգելու իրավունք: Իր պետական շահը: Ստեղծված իրավիճակում իր վերաբերմունքն ունենալու իրավունք: Հովիկ Աբրահամյանը հարցի պատասխանը միայնակ չէր տալու, նա կատարող էր այս դեպքում, բայց նրա գնալ-չգնալը շարքային նիստի մասնակցել-չմասնակցել չէր նշանակում: Նշանակում էր՝ Հայաստանը ի լուր աշխարհի հայտարարում է՝ շարունակո՞ւմ է մնալ Ռուսաստանի կցորդը, թե՞ դասեր է քաղել ու պատրաստ է ինքնուրույն քայլերի: Հայաստանը մնում է տարածաշրջանի հիվանդ երեխան, որին թույլ չեն տալիս ապաքինվել, որովհետև նրա հիվանդությունը ավելի կարևոր է, քան ինքը ընդհանրապես: Չարեց Հայաստանն այդ քայլը: Բայց իբրև հիվանդ, թնկթնկան ու հիվանդությանն ավելի կապված, քան առողջությանը հավատացող՝ շարունակելու է տրտնջալ՝ Արևմուտքը մատը մատին չի տալիս: Տալիս է, ձեռքը բռնող չկա:
Էլի նույն օրը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Ադրբեջանին ծանր զինատեսակների և սպառազինության վաճառքի մեղադրանքներն անվանեց «словесный понос» և շատ զարմացավ, որ անհեթեթ խոսակցություններ վարող հայերը չեն հասկանում՝ երբ Ռուսաստանը դադարեցնի վաճառքը, ԱՄՆ-ն է մտնելու զենքի շուկա: Նրան մեղադրեց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ իբր սխալ քաղաքականության պատճառով Ռուսաստանը կորցրել է վստահությունը Հայաստանում, ռուս-հայկական հարաբերությունները ակնհայտորեն վատացել են, բայց խոսքը շատ տպավորիչ էր ավարտել. «Հայաստանի պաշտպանության ողջ ենթակառուցվածքը 100 տոկոսով կապված է Ռուսաստանի հետ, մոտակա տասնամյակներին Ռուսաստանին այլընտրանք չկա և չի կարող լինել»: Ռուսաստանի (ինչպես ցանկացած երկրի) պաշտոնական տեսակետն արտահայտում են նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը, արտաքին գործերի նախարարը, բոլոր մյուս տեսակետները կարող են որակվել անձնական և մասնավոր: Բայց Ռուսաստանի դեպքում պաշտոնական տեսակետն ու անձնական-մասնավորները մեկն են և չեն կարող տարբեր լինել միմյանցից՝ այդպես են տարակարծությունն ու խոսքի ազատությունը դրսևորվում երկրում ու երկրից դուրս:
Մինչ Եվրախորհրդարանն Ադրբեջանին իր տեղն ու դերն էր բացատրում, Բաքուն գտել էր իր բենեֆիսի բեմը՝ Ստամբուլում, «Իսլամական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 13-րդ գագաթնաժողովում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և հայտարարեց. «Քանի դեռ Ղարաբաղը մնում է հայկական օկուպացիայի տակ, բախումների ռիսկը շարունակվելու է», իսկ հետո բառ առ բառ շարադրեց, ինչ մշտապես կրկնում է Բաքուն՝ խնդիրը պետք է անհապաղ լուծում ստանա ՄԱԿ-ի ընդունած բանաձևերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Չավուշօղլուն առաջարկեց նախաձեռնություն ցուցաբերել և Լեռնային Ղարաբաղի հարցով կոնտակտային խումբ ձևավորել: Հայտնի չէ՝ ինչ մանդատով, բայց ակնհայտ է, որ Մինսկի խմբի իսլամական կրկնօրինակը լինելու նպատակով: Խմբին միանալ ցանկացողներին նա առաջարկեց հայտ ներկայացնել: Հայտ ներկայացրեց Էլմար Մամեդյարովը՝ հայտարարելով, որ «հայկական կողմը շարունակում է խախտել զինադադարի ռեժիմը` ուշադրությունը շեղելով խնդրի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ հարցերից», և կոչ արեց «Հայաստանից պահանջել դադարեցնել ադրբեջանական հողերի անօրինական օկուպացիան, դուրս բերել զորքերը գրավյալ տարածքներից և կառուցողական մոտեցում ցուցաբերել կարգավորման գործընթացում` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումների և միջազգային իրավունքի սկզբունքների»: Նոր ոչինչ, ինչպես տեսնում եք: Փոխարենը Բաքուն շատ արագ լիզեց վերքերն ու օրեցօր հաստատակամ է հայտարարում իր հաղթանակը: Գոնե այդ արդյունքը պիտի ունենա՝ սոցիալական բողոքի ալիքը ճնշելու համար: Ազգային-ազատագրական-հայրենասիրական պոռթկումների իրական լինելու համար հայրենիք պիտի ունենաս՝ չի ստացվում Ղարաբաղի դեպքում: Ռուսական հեռուստաալիքները Բաքվում պեղում են փախստականների, որ պատմում են Աղդամում, Քելբաջարում (հավելեք մյուս շրջանները) մնացած իրենց տան մասին, ուր երազում են վերադառնալ, բայց չեն ասում, թե Թալիշ մտած նրանց հայրենակիցները ինչ են արել իրենց տանն ապրող ու փախչել չհասցրած ծերունիների հետ: Հիգիենիկ չէ կտրված գլուխներ ու ականջներ ցույց տալը հեռուստադիտողին: Բայց «ռազմավարական գործընկերոջ» մասին կամ լավը, կամ ոչինչ, ինչպես սահմանել են Հին Հռոմում հանգուցյալի մասին խոսելիս: Անիմաստ է Ռուսաստանից սպասել, որ միջազգային կոնվենցիաների խախտման մասին հիշի, պատերազմ վարելու կանոնների, պատերազմի ¥նույնիսկ եթե հայտարարված չէ¤ ժամանակ խաղաղ բնակչության նկատմամբ գործադրված բռնությունների համար պատժի: Մենք, չգիտես ինչու, սպասում ենք, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պիտի ԱՄՆ-ն ու ԵՄ-ը հայտարարեն, ինչո՞ւ նման պահանջ Ռուսաստանին չենք ներկայացնում, առավել ևս, որ կատարված անմարդկային ոճրագործությունների անմիջական պատասխանատվություն ունի՝ և՛ իբրև ՄԽ անդամ, և՛ զենք վաճառող, և՛ Հարավային Կովկասում իր ազդեցությունը ամրապնդել ցանկացող: Նկատեցի՞ք, որ Կրեմլը միջնորդական առաքելություն նախաձեռնեց, երբ դիմեց Բաքուն: Բաքուն դիմեց, երբ ԼՂՀ պաշտպանության բանակը գրոհում էր: Մեկնաբանություններ պե՞տք են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. ՈՒ ի՞նչ անել: Բանակցել նոր սկզբունքներով: Բանակցության տասնամյակների ընթացքում քննարկվող դրույթները վաղուց չեն համապատասխանում իրականությանը, դոգմատիկ են ու կաղապարված: Ավելորդ է այլևս հանրաքվեի դրույթը: Հայկական կողմի առավելագույն փոխզիջումը կարող է լինել միայն երկու շրջանի հանձնումը (բացառյալ՝ Լաչինը), հրադադարի նոր համաձայնագիրը պիտի ստորագրեն Ստեփանակերտն ու Բաքուն: Հարցի լուծումը ԼՂՀ-ի ճանաչումն է, որին, անցած օրերն ու քննարկումները հստակ ցույց տվեցին, պատրաստ է Արևմուտքը, իսկ խանգարում է Մոսկվան, ու՝ Կրեմլին հոժարակամ ծառայող Երևանը, որ հարկադրված է պորտալարը Ռուսաստանից կտրել, եթե գոյատևելու հարցին «այո» է պատասխանում ու առաջին քայլը պետք է լինի հրաժարումը Հայաստանի տարածքում երրորդ կողմի ռազմական ենթակառուցվածքները բացառող անվտանգության պայմանագրից, գոնե 2000-ականների զենք գնելու համար: Հանուն Տիգրան Խաչատրյանի, որ շարունակում է Տիգրան Աբգարյանի կյանքը: Այլ ելք կյանքը չի թողնում:

Դիտվել է՝ 1274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ