Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մոսկվայի և Անկարայի հակամարտությունը՝ Հայաստանի աչքերով

Մոսկվայի և Անկարայի հակամարտությունը՝ Հայաստանի աչքերով
15.04.2016 | 01:44

(սկիզբը` այստեղ)

Ո՞ՒՄ ՄՈՏ Է ՄԱՔՍԱՏԱՆ ԲԱՆԱԼԻՆ


Երբ երկուհազարականների վերջին հալոցքի նշաններ երևացին հայ-թուրքական հարաբերություններում և բանը նույնիսկ գնում էր սահմանի բացմանը, հայերը ապագա աշխույժ առևտրի ուրախության ակնկալիքով նույնիսկ հսկայական մաքսատուն կառուցեցին: Շենքն այդպես էլ դատարկ մնաց, իսկ հենց նրա հետնամասում փողփողում է թուրքական դրոշը և արևի շողերի տակ ցոլցլում է Արարատի ճերմակափառ գագաթը: Բայց մոտենալ հնարավոր չէ, դրա համար պետք է անցնել փշալարով ցանկապատված բակով, որի դռան վրա մի մեծ կողպեք է կախված:
Այգում աշխատող մարդը թողնում է բահը և, ուշադրությամբ զննելով մեզ, մոտենում է.
-Ի՞նչ է պետք, բարի մարդիկ,- հարցնում է:
-Հեչ բան, ուղղակի ուզում էինք լուսանկարվել սահմանի ֆոնի վրա:
-Էդ կարելի է,- ասում է:- Լավ մարդկանց հեռվից էլ եմ տեսնում, զուր չէ, որ 25 տարի բանտում պահակ եմ եղել:
-Դրա համար էլ կողպե՞ք եք դրել սահմանին:
-Որ երևանցի տաքգլուխ ջահելները չգան: Մոտենում են սահմանին ու սկսում գոռալ. «Է՜յ, թուրքեր, էստեղ եկեք, սպանելու ենք ձեզ»: Մեկ լաց կլինեն, մեկ կհայհոյեն բոլոր լեզուներով: Իսկ ապրիլի 24-ին (Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը) էդ խելառների ձեռքից պրծում չկա: Իսկ ինձ այստեղ ղալմաղալ պետք չէ:
Լուսանկարն արված է: Եվ Զավենը (մեր կամավոր ուղեկից սահմանապահը) մեզ հրավիրում է սուրճի: Բայց և խորամանկ աչքով է անում: Դե, սուրճ, թող լինի սուրճ: Համեստ, բայց շատ մաքուր տանը Զավենի կինը՝ Սվետան (կիսով չափ ռուս, կիսով չափ հայ), արագ սեղան է գցում. թթու-կծու, մուրաբա, տնական պանիր, երշիկեղեն... Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպես են հայերը, անգամ ոչ հարուստ, կարողանում բառացիորեն տասը րոպեում սեղան գցել անսպասելի հյուրերի համար: Աշխարհի ամենահյուրընկալ ազգն է: Հարևանի տնից էլ խաղողի շատ թունդ (60 աստիճան) օղի բերեցին: «Խմելիս շունչդ պահիր»,- սովորեցնում է Զավենը:
-Ես ուրախ կլինեմ, եթե ռուսները գան թուրքերի վրա, ես էլ հետները կգնամ,- անսպասելիորեն ասում է Սվետան:- Այնտեղ, փշալարից այն կողմ, թուրքական հող չէ: Գիտեմ, որ կորուստներ կլինեն: Ի՞նչ անենք: Իմ տղան ադրբեջանական սահմանի մոտ է ծառայում, Շահումյանի շրջանի մոտ, որտեղ ամեն օր կրակում են: Տղամարդը վտանգից չպիտի վախենա: Իսկ թուրքից ես չեմ վախենում: Լավ էլ կրակել գիտեմ:
-Իսկ քո ամուսին Զավենն ասում է, որ ինքը պատերազմ չի գնա,- հոգու հետ եմ խաղում ես:
-Պահ, չէ մի՝ չի գնա: Ես որ գնամ, ինքն էլ կգա:
-Հա, եթե Սվետայի քեֆը լավ է՝ կգնա, եթե չէ՝ չի գնա, կմնա սահմանը պահպանելու: Նա կարող է: Իսկ որ խաղաղություն լինի, թուրքերի հետ առևտուր կանենք:

«Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ՝ ՄԵՆՔ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ»


Երևանի հնաբնակները հիշում են, որ 1941-ի հունիսի 22-ին, երբ պատից կախված բոլորաձև ռադիոն պատերազմի լուրը հասցրեց հայկական Արագած լեռան բարձունքները, մարդիկ վերևում իրարով անցան: Զինկոմիսարիատի ներկայացուցիչները լեռան վրա զորահավաքի ժամանակավոր կետ կազմակերպեցին: Հանկարծ տեսնում են, որ վերևից մարդիկ են իջնում թոզուդումանի մեջ՝ ձեռքներին հրացաններ, եղաններ, դագանակներ: «Էս ո՞ւր, այ ժողովուրդ»: «Ո՞նց թե ուր, պատերազմ չի՞ սկսվել»,- զարմանում են սրանք: «Բայց եկեք նախ գրանցվեք, հետո ճակատ կուղարկենք»: «Բայց մինչև դուք գրանցեք, թուրքը Երևանը կվերցնի: Ընդամենը 40 կիլոմետր է սահմանից»: «Ի՞նչ թուրք, այ մարդ: Հիտլերի հետ է պատերազմը»: «Ախ, Հիտլերի՞: Դե լավ, Գերմանիա դեռ կհասցնենք հասնել»:
-Հայերը, ի տարբերություն ռուսների, երբեք պատրանքներ չեն ունեցել թուրքերի առումով,- ասում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:- Դեռ անցյալ դարի 70-ական թվականներին էր Հայաստանը պնդում. Թուրքիան Ռուսաստանի թշնամին է: Բայց ո՞վ էր մեզ ականջ դնում: Օսմանյան կայսրությունը ստեղծվել է արյան շաղախով, և մտածել, թե Թուրքիան երբևէ կհրաժարվի Մեծ Թուրանի գաղափարից, կարող են միայն պարզունակ քաղաքական գործիչները: (Մեծ Թուրանը աշխարհագրական և գաղափարաբանական հասկացություն է: Տարածություն՝ Իրանից հյուսիս, Կովկասից մինչև Սիբիրի հարավի Սայանյան լեռներ, բնակեցված թյուրքական ժողովուրդներով ու միավորված պանթյուրքիզմի գաղափարով: Թուրանը (հակադրվում է Մեծ Իրանին՝ պարսկալեզու տարածությանը) որպես նախագիծ առաջինն առաջադրել են Վոլգայի ու Ղրիմի թաթարները-Դ. Ա.):
Միակ երկիրը, որ Թուրքիային խանգարում է միանալ իր արյունակից հարազատներին՝ ադրբեջանցիներին, ապա Հյուսիսային Կովկասով անցնել Թաթարստան ու Բաշկորտոստան, Ղազախստան, այնուհետև՝ Չինաստան՝ իր 140-միլիոնանոց ույղուր բնակչությամբ, փոքրիկ քրիստոնյա Հայաստանն է, որը ոսկոր է Թուրքիայի կոկորդում: Ո՞վ է շահագրգռված, որ ռազմական ու տնտեսական առումով Հայաստանը զարգանա և ամրանա: Առաջին հերթին Ռուսաստանը, հետո՝ Չինաստանը: Վերջերս Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան պետք է ամեն կերպ նպաստի ղարաբաղյան հողերի ազատագրմանը: Որովհետև թուրքերի համար այդ հողերը սրբազան են: Մուսուլմանական ընկալումով, դա ջիհադի հայտարարում է: Բայց մեր արտգործնախարարությունը լռեց:
Հիմա ինչն է, իմ կարծիքով, վտանգավոր: Սիրիական զորքերն իրանցիների հետ մեկտեղ ԻՊ զինյալներին կքշեն Թուրքիա, որտեղ նրանց համար անվտանգ գոտի է: Իսկ նրանց ո՞ւր կուղարկի Թուրքիան, որը շատ է ուզում Ռուսաստանի քթից բերել: Մենք տեղեկություն ունենք, որ Թուրքիան մոտ 3000 սպառազեն պրոֆեսիոնալ զինյալներ կուղարկի Վրաստան, որտեղ ինքն ուժեղ ազդեցություն ունի: Իսկ Վրաստանն իր հերթին կթողնի, որ նրանք անցնեն Պանկիսի կիրճ: Այդտեղից նրանք կմեկնեն Հյուսիսային Կովկաս:
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ևս վտանգավոր է համարում Վրաստանի և Թուրքիայի համագործակցությունը:
-Սաակաշվիլու օրոք տնտեսական և ռազմական ինտեգրացիան ընթանում էր կատաղի արագությամբ: Ավելին, Թուրքիայի ժողովրդագրական էքսպանսիան ապագայում կարող է հանգեցնել այն բանին, որ Վրաստանը կորցնի Բաթումն ու ամբողջ Աջարիան: ՈՒ չէ՞ որ հենց Թուրքիան 2008 թ. զինեց, հանդերձավորեց վրացիներին ու դրդեց Ռուսաստանի հետ պատերազմի:
Պետք չէ ռուս-թուրքական հարաբերությունները համարել սովորական և գնահատել զբոսաշրջության և առևտրի ոլորտներով: Հիշեք Չեչնիան, երբ Թուրքիան իր մոտ թաքցնում ու բուժում էր չեչեն վահաբականներին, հիշեք Հյուսիսային Կովկասը, իմամների հավաքագրումը, մուսուլմանական դպրոցները ամբողջ Բաշկորտոստանում, Թաթարստանում ու Դաղստանում, Ղրիմի թաթարներին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը: Իսկ ինչպիսի՜ պայմաններ էր Թուրքիան Հայաստանին առաջադրում սահմանը բացելու համար: Հանել ռուս սահմանապահներին, վերացնել ռուսական ռազմական բազան, փակել ատոմային էլեկտրակայանը: Իբր, այդ դեպքում մենք լավ հարաբերություններ կունենանք: Դավութօղլուն մի գիրք է գրել՝ «Ռազմավարական խորություն» վերտառությամբ, որտեղ հայտարարել է. եվրոպական քաղաքակրթությունը փակուղի է մտել, նրան կփոխարինի իսլամականը, սակայն Եվրոպայում իսլամը թուրքական կարգի կլինի: Այդ խնդիրը Թուրքիան լուծում է ԴԱԻՇ-ի միջոցով (նույնն է, ինչ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը- խմբ.):
Իսկ հիմա տեսնենք, թե ինչ «մատրյոշկա» է ստացվում Սիրիայում: Ստորագրվել է զինադադարի համաձայնագիր: Այն մեզ անհրաժեշտ է: Ռուսաստանն ու Իրանը համատեղ գործողություններով հասել են մեծ տարածքների ազատագրման: Ցանկացած պատերազմում վաղ թե ուշ հարց է առաջանում. մինչև վերջ ոչնչացնե՞լ, թե՞ գնալ բանակցությունների: Ո՞Ւմ է զինադադարը ձեռնտու: Անկասկած, Ասադին: Ընդդիմության ցանկացած թուլացում նշանակում է, որ նա փնտրելու է բանակցային ուղիներ: Որքան շատ են խմբավորումները, այնքան վատ ու դժվարին է պատերազմը: Հիշեք Չեչնիան: Եթե քեզ մոտ տասը բանդա է հաշտության բանակցություն վարում, նշանակում է մի քսանն էլ հեռանկար են տեսնում հաշտության գործընթացում: Ինչ կարիք կա կռվելու, եթե կարելի է մի կտոր քեզնով անել: Մեկին կկաշառեն, մեկ ուրիշին մի ինչ-որ բան կխոստանան: Ի՞նչ է սա տալիս: ԴԱԻՇ-ի թուլացում և Ասադի ուժեղացում: Երբ դու գոնե որևէ մեկի հետ պայմանավորվածության ես գալիս, ուրեմն քեզ մոտ ուժեր են ազատվում: Ի՞նչ հայտարարեց Ռուսաստանը, երբ Սիրիա էր մտնում: Առաջնահերթ անելիքներն էին. վերջ դնել սպանդին և բոլորին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Այդ նպատակները կատարվեցին: (Հետաքրքիր է, որ այս հարցազրույցը տեղի է ունեցել Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին Ռուսաստանի հայտարարությունից երեք շաբաթ առաջ-Դ.Ա.):

ԻՐԱՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ


Հայաստանը Ռուսաստանի դաշնակից միակ երկիրն է, որ ուղիղ ելք ունի Իրան: Ավելին, իրանցիները մեծ համակրանքով են վերաբերվում հայերին: Նրանք շատ ջերմ հարաբերություններ ունեն: (Դա չի նշանակում, թե դրանք միշտ են ջերմ եղել): Եվ որպես Ռուսաստանի հետ բանակցողների իրանցիները նախընտրում են հայերին, ովքեր բնածին արևելյան խորամանկությամբ կարողանում են ներկայանալ թե իբրև եվրոպացիներ, թե իբրև կովկասցիներ, թե իբրև տիպիկ մերձավորարևելցիներ: Պարսիկները Ռուսաստանի վաղեմի թշնամիներն են: Կարո՞ղ է, արդյոք, մեր հին թշնամին դառնալ մեր երկարաժամկետ հեռանկարի հուսալի դաշնակիցը:
-Պատմականորեն Ռուսաստանն ու Իրանը միշտ էլ լարված հարաբերություններ են ունեցել,- ասում է քաղաքագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ (իրանագետ- խմբ.), որը հիանալի գիտի այդ երկիրն ու հրաշալի տիրապետում է պարսկերենին:- Բայց... Իրանցիները երբեք չեն լքի Ասադին: Նրանք հանուն նրա ում կոկորդն ասես կկրծեն: Սիրիայում Ռուսաստանի և Իրանի շահերը պատերազմի ժամանակ հարյուր տոկոսով զուգադիպում են: Ասադը Իրանի համար ելք է դեպի Միջերկրական ծով, դեպի Լիբանան, «Հըզբոլլահ»: Դեպի շիական աշխարհ: Իսկ շիականությունը իրանցիների համար ոչ թե մակերեսային գաղափարախոսություն է, այլ տարածքային ամբողջականության երաշխիք, պետության ամրության գրավական: Իրանը շարունակ ընդգծում է, որ մտադիր է դառնալ իսլամական աշխարհի առաջատար, նկատի ունենալով շիական աշխարհը: Եթե, Աստված մի արասցե, Ասադը Քադաֆիի բախտին արժանանա, Իրանի ղեկավարությունը կկորցնի իր հեղինակության մեծ մասը, նախ և առաջ՝ երկրի ներսում:
Ռուսաստանը կարող է հենվել Իրանի վրա, եթե նրան վերաբերվի որպես տարածաշրջանային գերտերության: Իրանի ղեկավարները իսկական պետական մտածողության տեր մարդիկ են: Նրանք նույնիսկ Անկախության օր չունեն. «Իսկ ե՞րբ ենք մենք մեր պատմության մեջ կորցրել անկախությունը»: Իրանցիներն ամենալավ բանակցողներն են: Նրանք երբեք չեն շտապում: Երկրագունդը պտտվում է, մի տարի էլ կսպասենք: Բոլորին թվում է, թե Արևելքում մարդիկ խորամանկ են: Դա մենթալիտետի տարբերությունն է: Երբ իրանցիներն ասում են «լավ» կամ «իշալլահ», եվրոպացին կարծում է, թե դա համաձայնություն է: Ամենևին: Դա պարզապես բարեկրթություն է, քաղաքավարություն: Բայց երբ իրանցին «այո» է ասում, նա իր խոսքի տերն է լինում: Ահա այստեղ Հայաստանը Ռուսաստանին շատ պետք կգար որպես հիանալի միջնորդ: Պաշտոնապես Իրանը Հայաստանն անվանում է «բարեկամական ու եղբայրական պետություն»:
-Կարելի՞ է, արդյոք, վստահել պարսիկներին: Տարօրինակ հարց: Նրանք իրենք էլ ոչ ոքի չեն վստահում,- ասում է քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ:- Նրանք խորամանկ ազգ չեն: Նրանք կայսրական ազգ են և հստակորեն գիտեն, որ կայսրությունը գոյատևում է միայն այն պատճառով, որ ոչ ոքի չի վստահում: Մենք խոսում ենք անգամ ոչ թե պետության, այլ առանձին քաղաքակրթության մասին, որն ավելի քան հինգ հազար տարվա պատմություն ունի: Իսկ եթե քննության առնենք Իրանի ու Ռուսաստանի դաշինքը, ապա այն երկարաժամկետ է: Քանի դեռ Թուրքիան չի վերացել...
Հ. Գ. Մարտի 15-ի գիշերը ես մի հուսահատական նամակ ստացա թուրքական Դիարբեքիրից՝ Էրոլ անունով իմ քուրդ թարգմանչից. «Շտապ հաղորդագրություն: Ես ու ընտանիքս՝ տասնյակ հազարավոր քաղաքացիական անձանց հետ փակված ենք տներում պարետային ժամին, և ծուղակի մեջ ենք հայտնվել: Բազմաթիվ անմեղ մարդիկ սպանվեցին ու վիրավորվեցին անցած գիշեր, երբ բախումներ սկսվեցին քրդերի ու թուրքական բանակի միջև: Չկա էլեկտրականություն, չկա ջուր: Մեր շուրջբոլորը ծանր մարտեր են ընթանում: Աղոթեք մեզ համար»: Էրդողանը շարունակում է քրդերի պլանաչափ ոչնչացումը Թուրքիայի ամբողջ տարածքում:
-Վաղ թե ուշ Թուրքիան վերանալու է,- ասում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:- Առաջին գործոնը քաղաքացիական պատերազմի թափն է: Երկրորդը՝ տարաձայնություններն են թուրքական հանրության մեջ, որն արդեն հասկանում է, որ Էրդողանը երկիրը դեպի աղետ է տանում: Երրորդը՝ Էրդողանի սիրիական արկածախնդրության շարունակումն է: Նա կանգ չի առնի:
Թուրքիայի երկրորդ փլուզումը (առաջինը տեղի ունեցավ Առաջին աշխարհամարտից հետո) կտևի առնվազն տասը տարի և կհանգեցնի այն բանին, որ նրա արևելյան մասը կդառնա ոչ թե օկուպացված գոտի, այլ Ռուսաստանի և Իրանի ազդեցության գոտի: Փլուզումը կնշանակի նաև, որ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը կկորցնեն իրենց ուժը: Եթե Թուրքիան չլինի, էլ ո՞ւմ, օրինակի համար, պետք է անցնի Կարսի մարզը: Այստեղ առնվազն երկու ժառանգորդ կա. կամ Ռուսական կայսրությունը, որի իրավահաջորդը Ռուսաստանն է, կամ Հայաստանը:
-Իսկ ո՞ւր գնան մարդիկ այդ հողերից:
-ՈՒր ուզում են գնան: Իսկ ո՞ւր գնացին հայերը: Կամ հույները: Կամ բուլղարները:
-Դուք ուզում եք ասել՝ մարդկանց կքշե՞ն:
-Իրենք կհեռանան: Չէ՞ որ երբ հայերին էին տեղահանում, ոչ ոք չէր հարցնում: Բնականաբար, կլինեն երկարատև, բազմամյա բանակցություններ: Օսմանյան կայսրության փլուզումից հետո, երբ բարձրացավ ջարդերի ու սպանությունների առաջին ալիքը, տեղի ունեցավ բնակչության փոխանակություն. հույները թուրքերին հանեցին Էգեյան կղզիներից, իսկ թուրքական հույներին վերցրին իրենց մոտ: Անխուսափելիորեն կլուծվի Կիպրոսի հարցը՝ հետևյալ հստակ բանաձևով. մեր թուրքերը մնում են, իսկ ովքեր տեղափոխվել են մայր ցամաքից՝ գնում են: Դա աբխազական տարբերակի նման մի բան է, երբ աբխազները չդիպան պատերազմին չմասնակցած վրացի-մեգրելներին: Թուրքիայի փլուզումը կլինի արյունոտ, սահմռկեցուցիչ, բայց անխուսափելի:
Հ. Գ. Վերջին լուրեր. իմ թարգմանիչ Էրոլի տան վրա ռումբ է ընկել, բայց, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
«Մեր շուրջբոլորն իսկական Սիրիա է: Ես, մայրս ու մեր կատուն դրսում անձրևի տակ ենք: Մենք դիակներ ենք տեսնում, պայթյուններ ենք լսում: Մենք ամեն ինչ կորցրել ենք»:

Դարյա ԱՍԼԱՄՈՎԱ
«Комсомольская правда»-ի հատուկ թղթակից, «КП» 23.03.2016 թ. N30

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ