Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուսական խումարից մինչև իրանական խուրմա (հեռագիր բարձր խավին)

Ռուսական խումարից մինչև իրանական խուրմա (հեռագիր բարձր խավին)
15.04.2016 | 09:37

Մենք ձեր ցավը
տանենք, տղե՛րք,
Սահմաններին՝ չորս օրվա մեջ
Դարձաք լեգենդ ու
դարձաք երգ
Եվ պատմության հրեղեն էջ։
«Քաջերին», Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ





ԽՆԿԱՐԿՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԶԳԱՅԻՆ-ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
(ֆելիետոն-նախերգանք)


Այս ապրիլյան օրերի ցավը պուտ-պուտ կաթում է մեր երակներից և մակարդվում է դեռ հողին չհասած։ Սա է հայի տարաբախտ բախտը, սկսած Նոյի ժամանակներից և վերջացրած հայոց հին ու նոր հեղափոխական կարմիր ու ճերմակ նահատակներով։ Այսինքն, մեր բախտի անիվը շատ հաճախ է դուրս ընկնում սռնուց, մի պահ շունչ է քաշում ու կրկին հետ է պտտվում։ Սա է մեր ճակատագիրը, սակայն եկեք ճիշտը խոսենք. մի՞թե մեր ճակատի գիրը հենց ինքներս չենք գրում, հաճախ մեր ձախ ձեռքով։ Սակայն ժամն է սթափվելու։ Եվ ճշտելու մեր ուղին. ո՞ւր ենք գնում, դեպի ազգային-պետական բարոյականությո՞ւն, թե՞ մնում ենք որպես ժողովրդավարական խանություն։ Խնկարկում է Հայաստանում և Արցախում։ Խնկարկում ենք և խոնարհվում։ Սակայն կանցնեն օրերը սքանչելի և վերստին մեր դռան շեմին կչոքի ժողովրդավարական խանության հիվանդ ուղտը։
Այո՜, գեղեցկության և մայրության տոնն էր երկրում, երբ Երևան ժամանեց (երկիր ու երկինք սասանեց) Ռուսիո համեստափայլ վարչապետը, Մեդվեդև խիստ խորհրդանշական ազգանունով։ Ժամանեց, և գազի գինը նվազեց 15 դոլարով։ Այդ օրերին ժպտուն¬ուրախ էր հայոց վարչապետը, ոչ պակաս (ես կասեի շատ ավելի) խորհրդանշական ազգանունով՝ Աբրահամյան։ Մի՞թե առաջ չեն մղվում զուգահեռները, թեկուզ այս ձևաչափում՝ «Հայր Աբրահամ», «Գառն Աբրահամի»։ Ինչ խոսք, հայոց վարչապետը մի քիչ խեղճ էր Ռուսիո տիրակալի առջև, քանզի որքան էլ ինքը կամենա, սպառողներիս հասնող գազի սակագինը որոշվելու է ռուս¬հայկական «գազային պատերազմի» քրմապետ Միլլերի և նրա հայկական նմանակների բիրտ և հակահայկական ողորմածությամբ։ Այնպես որ, գերակա խնդիրը դույզն-ինչ չի շեղվել իր ընթացքից, այո՛, պետք է մեր տարաբախտ երկրի տեսությունն ազգայնացվի, դառնա պետական սեփականություն։ Եվ այդ ժամանակ հայոց ներկա ու ապագա վարչապետերն իրենք կորոշեն աշխարհաքաղաքական մոլեխաղի յուրաքանչյուր դրույքը։ Թե չէ, ինչի նման է. ռուսներն անսպասելի շրջադարձվում են (արդյո՞ք անսպասելի) և հավատարմահպատակ հայերիս խնջույքի հրավիրելով՝ առաջին, երկրորդ և տասներեքերորդ թասով խմում են ռուս¬օսմանական և ազերբայջանա¬ռուսական բազմադարյա (նաև բավականին բուրավետ) «յոլդաշության» կենացը։ Իսկ մենք, այս խնջույքում ծոմ պահելով, ընկնում ենք ծանր խումարի մեջ։ Աշխարհը գիտի, մենք առավել ևս, որ այս կենացներն արյունով են բուրում։ Սակայն ինչ փույթ, հայերս մեր միջհայկական¬ներազգային հավատարմությունը ցիր ու ցան անելով, հավատարմահպատակային տողանի ենք կանգնում Ռուսիո առջև։ Կանգնում ենք, ծառայակամ ժպտում ենք, ծառայում ենք ինքնամոռաց, մոռանալով, որ Ռուսիան կայսրություն է, իր բազմաթիվ հպատակ ցեղերով և ժողովուրդներով, հոգսերով և այլնով։ Մոռանալով, հարկավ, խռովում ենք։ Խռովում ենք այն մանկան նման, ում ծնողն անտեսել, խոստացված գնդակը չի գնել։ Եվ, խնդրեմ, ռուսն ու ազերբայջանցին վերջերս միջպետական սեղան նստեցին, մի լավ հարբեցին, բայց խումարաթող ենք լինում մենք։ Ծանր ու դաժան խումարաթող։
Կներեք, բայց Պուտինը բնավ էլ ազերբայջանա¬օսմանյան դաշինքի խաչքավորը չէ։ Նա ընդամենը Ռուսիայի ազգային շահերի երդվյալ պահապանն է։ Կներեք, իսկ ինչո՞ւ ենք մենք ինքնակամ խցկվում քաղաքական անելանելի փակուղի, անտեսելով, թերևս, միակ հեռանկարային աշխարհաքաղաքական գործընկեր Իրանի մեկնած աջը։ Համաշխարհային աղետի դեմ հաջողությամբ, նաև արժանապատվորեն մարտնչող Իրանի զորեղ աջն ահա 25 տարի օդում է մնում։ Այսինքն, մենք, ռուսական խումարով տարված, չգիտես ինչու, չենք կամենում մեր քիմքը քաղցրացնել իրանական խուրմայով։ Ասացեք, պաղատում եմ, մի՞թե պատահական է մեր պարանոցին վերջերս իջած ռուսական ձախ ձեռքի շոյիչ բամփը։ Է՜, բավական չէ՞։
Մի խոսքո՜վ, այս դաժան և սքանչելի ապրիլ ամիսը մեծագույն խորհուրդ ունի՝ մեր համազգային քայլարշավը դեպի ազգային¬պետական բարոյականություն։

ՊեՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒՆՔԸ ԴԱՐԻ ՀՐԱՀԱՆԳՆ Է
(պամֆլետ-բացահայտում)
Այո, այս դաժան և սքանչելի ապրիլ ամիսը մեծագույն խորհուրդ ունի։ Եվ այստեղ պետք է մատնանշեմ հետևյալը. ժամանակն է, որ մեր վերին խավն ու ներքնախավերն ապրեն հանուն միևնույն գաղափարի, հանուն պետության կայացման։ Առայժմ պետությունն իշխանությունն է։ Իշխանությունն էլ իշխանական երես և ընդդիմադիր դարձերես ունի։ Իշխանությունն առայժմ իրեն և՛ դրոշ է համարում, և կարծում է, թե ինքն ու ՀՀ զինանշանը երկվորյակ եղբայրներ են, միաժամանակ նա վստահ է, որ հանրապետության օրհներգը կեսգիշերին հնչելով՝ բարի գիշեր է մաղթում հենց իրենց։ Ցավոք, հաճախ մեր շատ իշխանավորներ օրհներգը հոտնկայս լսելուց հետո լուսացնում են գիշերը, դե, կռահեցիք, թե որտեղ։ Մի խոսքով, արդյո՞ք նման իշխման պարագայում կշահենք այս նոր Ավարայրում։ Կշահենք, զի իշխանություններն ու ժողովուրդը (իմա՝ տիտղոսակիր գեներալն ու դեռ պատանի զինվորը, ազատամարտի տանջված վետերանն ու բազմահոգս ռանչպարը ոտքի ելան վասն երկրի, նաև պապերի զորականչի և եկեղեցիներից հնչող սրբազնաերկյուղ ղողանջի), դիմակայեցին հանուն պետական տան պահպանության։ Իսկ առանց կոչի և զորակոչի արյուն հանձնող քաղաքացի կամավորների վսեմ հե՞րթը։ Սակայն երկնեց երկինքը, և որդառատ անձրևներ տեղացին Հայոց լեռնաշխարհում։ Ի՞նչ պտուղ կտա մեր սևահողը գալիք աշնանը։
Երկնեց երկինքը, և կիսալուսնից կայծակներ թափվեցին հայոց սևահողին և շամփրեցին մեր միտքն ու հոգին։ Հանկարծ պարզվեց, որ մենք պատերազմեցինք խորհրդային բանակի ութսունականների զենքով։
Երկնեց երկինքը և հյուսիսից ներխուժած ամպերից բիրտ կարկուտ տեղաց Արարատյան դաշտավայրում։ Սակայն սույն ամպը երկնագույն երանգներ ստացավ և ծիածան կապեց Ապշերոնում։ Մի խոսքով, մի կողմ դնելով ցավ ու դավ, փորձենք հասկանալ, թե ինչու Պերմյակով հրեշը ոճրագործեց հենց Կումայրիում, շրջանցելով Սումգայիթը։ Առհասարակ այս օրերին հասկանալու շատ բան ունենք։ Տեսեք, հայոց բանակի բարձր սպայակազմի հաղթական, վեհանձն ու առնական ներկայացուցիչները կարծես շքանշանների, տիտղոսների, դղյակների, միաժամանակ հայրենանվիրական բորբ ճառերի համապետական խորհրդապատկերներ են, երբեմն էլ, կարծես, քայլող քրմեր են։ Սակայն մեր բանակը «կիսաքաղց» է՝ ռազմական տեխնիկայով հագեցվածության տեսանկյունից։
Անշուշտ, շատ տեղին կլիներ, որ այսօր մենք օրհնեինք հայոց հաղթող բանակի վսեմ նիստ ու կացը։ Այսինքն, հպարտանայինք մեր զինվորի և գեներալի ներդաշնակ կեցությամբ։
Տե՜ր իմ Երկնավոր, ինչպե՜ս չոռնաս ցավի ու դավի այս հեղեղից. զոհված զինվորների և կամավորների շարքում չարքաշ ընտանիքների զավակներն էին, հաճախ ընտանիքի միակ հույսն ու ապավենը։ Սակայն քաջատեղյակ եք, որ հայոց լճերում չարախնդություն չիք։ Եվ խնդուն սրտով հռչակագրում եմ հետևյալը. գալիք սեպտեմբերի 21¬ն ազդարարելու է 3-րդ հանրապետության կայացման քառորդ դարը։ Եվ պետք է սկսել երկրի տնտեսության լայնածավալ քիմմաքրումը։ Մի՛ վախեցեք, սարսափելի ոչինչ չկա, առանց արյուն թափելու և առանց ողբ ու կականի հարգարժան ԱԺ-ն պետք է ընդունի ազգային-պետական տնտեսության ազգայնացման մասին օրենքը։ Ի դեպ, շատ ցանկալի կլինի, որ նշյալ օրենքին թև ու թիկունք կանգնեն մեր բոլոր մականունակիր-մանդատավորները։

ՀՐԵՂԵՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՐԳԸ
(սարկաստիկ վերջնագիր)

Է՜հ, պատվելի պոետ և պատվական ընկեր Էդվարդ, և այն էլ Միլիտոնյան, հարկավ մեր լեգենդը բազմաճյուղ է, ունենք հրեղեն էջեր, որոնց երեսին հայոց ավանդական հուրն է, դարձերեսին, սակայն, նորահայոց ներկա մուրը։ Բայց դեռ ոչինչ կորած չէ։ Չէ՞ որ Սասունցի Դավիթ-Մսրա Մելիք պատերազմում, չմոռանանք, հաղթեց մեր ծուռ Դավիթը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ